110934358 612x612

Համաներումը, որը սովորաբար ներկայացվում է որպես կառավարության կողմից բացառիկ մարդասիրական քայլ, գերազանցապես կիրառվում է այն երկրներում, որտեղ դատական մարմինները թաղված են կոռուպցիայի մեջ, որտեղ չկա օրենքի գերակայություն, որտեղ դատավորները պարբերաբար ենթարկվում են ճնշումների, իսկ օրենքը կիրառվում է ընտրողաբար:

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների իրադարձություններից հետո, որոնք հայտնի են ոչ բռնի, թավշյա հեղափոխություն անվամբ, և որոնց արդյունքում տապալվեց Սերժ Սարգսյանի մեկ տասնամյակ տևած նախագահությունը, համաներման վերաբերյալ հանրային սպասելիքները վերածնվեցին: Թեև կարծիք կա, որ համաներումը չի լուծում առանցքային խնդիրը: «Ուզում եմ հավատալ, որ համաներումը հայտարարվում է վերջին անգամ, որովհետև Հայաստանում, որտեղ օրենքի գերակայություն է, համաներման կարիք այլևս չի լինի»,— ասում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Միջազգային պրակտիկան փաստում է, որ համաներում կիրառվում է աշխարհի տարբեր մասերում՝ Լատինական Ամերիկայից մինչև Արևելյան Եվրոպա, և կիրառման ծավալը յուրաքանչյուր դեպքում տարբեր է: Հայաստանը, ինչպես և հարևան Վրաստանը, Թուրքիան կամ Ադրբեջանը, համաներում շնորհելու մեծ փորձ ունի. սովորաբար դա տեղի է ունենում է համազգային տոներից ու տարելիցներից առաջ: Անկախությունից ի վեր Հայաստանում համաներում շնորհվել է ինը անգամ, որոնցից մեկը՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (PACE) պահանջով, այն է՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին*, որոնք բանտարկվել էին 2008 թվականի վիճելի նախագահական ընտրությունների դեմ ցույցերից հետո: Վերջին և սպասված համաներումը հայտարարվեց 2018 թվականին՝ Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-րդ տարելիցի առիթով: 

read in English  

2018 թվականի հոկտեմբերին արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտարարեց Հայաստանի երրորդ Հանրապետության ամենախոշոր համաներման մասին, որը տարածվելու էր մոտ 6500 անձի վրա. որոշումը խորհրդարանում վավերացվեց հոկտեմբերի 31-ին: Այս խմբում ներառված էին ոչ միայն կալանավորները, այլև քաղաքացիները, որոնց մեղադրանք էր առաջադրվել և որոնք սպասում էին դատարանի վճռին. նաև նրանք, ում նկատմամբ հետաքննություն էր իրականացվում տարբեր մեղադրանքների հիմքով: Օրինագիծը խորհրդարանում ներկայացնելիս Զեյնալյանը պարզաբանեց, որ համաներման պատճառը քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածությունը չէ, իսկ համաներումը ներկայացվեց որպես մարդասիրական ակտ և բարի կամքի դրսևորում: Նա նշեց, որ Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում կա ընդհանուր առմամբ 2888 դատապարտյալ, մինչդեռ առկա մահճակալների քանակը 5346 է:

Իշխանյանը համաձայն է, որ վերջին համաներման դեպքում խնդիրը գերծանրաբեռնվածությունը չէ, ինչպես նախկինում, բայց նշում է, որ քրեակատարողական հիմնարկներից գրեթե ոչ մեկը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, ընդհանուր և անձնական տարածքներն առանձնացված չեն միմյանցից (բացի Արմավիրի քրեակատարողական հիմնարկից, որը վերջերս է բարեփոխվել): Եվրոպայի խորհրդի բռնությունների կանխարգելման կոմիտեն սահմանել է նվազագույն տարածքը, որով յուրաքանչյուր բանտարկյալ պետք է ապահովված լինի խցում. բնակելի տարածություն (ներառյալ սանհանգույցը)՝ 6 քառ. մ, միտեղանի խցի դեպքում, կամ յուրաքանչյուր բանտարկյալի հաշվով 4 քառ. մ (ներառյալ ամբողջությամբ առանձնացված սանհանգույցը)՝ մի քանի հոգու համար նախատեսված խցերում:

Իշխանյանն ասում է, որ համաներման օրինագծի մասին հայտարարելիս Զեյնալյանը նշում էր, որ այն կազմվել ու պատրաստ էր ամիսներ առաջ, դեռևս մայիսից: Այս համատեքստում տրամաբանական ու արդարացված է հարցականի տակ դնել օրինագծի մարդասիրական բնույթը, երբ, ըստ էության, դատապարտյալների տառապանքն արհեստականորեն երկարաձգվել է: «Ես սա համարում եմ հստակ հաշվարկված քաղաքական որոշում»,— նշում է Իշխանյանը:

Օրինագծի քննարկումները համընկան արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ քննարկումների հետ, ինչը վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդարացնում էր ասելով, որ որոշումը բխում է հայ ժողովրդի և հնարավոր ներդրողների ակնկալիքներից: «Համաներման ժամանակի ընտրությունը ցույց է տալիս, որ նոր կառավարության նպատակը այն բանտարկյալների ու նրանց հարազատների աջակցությունը ստանալն էր, որոնց վրա տարածվելու էր օրենքը»,— պնդում է Իշխանյանը: Նույն տրամաբանությամբ նա կարծում է, որ եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսված լինեին 2019 թվականի մայիսին, համաներման մասին օրինագծի ընդունումն ամենայն հավանականությամբ կհետաձգվեր:

Ըստ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանի՝ համաներման մասին նոր օրենքը նման է 2009, 2011 և 2013 թվականներին ընդունվածներին, և կառավարության այն պնդումները, որ 2018 թվականին հայտարարված համաներումն ունի աննախադեպ սոցիալական երաշխիքներ, մոլորեցնող են: Ուշադրության արժանի փոփոխություններից մեկն այն է, որ նոր համաներումը տարածվում է անձանց վրա, որոնք դատապարտվել են առավելագույնը վեց տարվա ազատազրկման և ունեն երեք կամ ավելի անչափահաս երեխա, մինչդեռ 2013 թվականին այդ պայմանը չկար:

Օրենքի մեկ այլ դրույթ առնչվում է «Սասնա ծռերին»՝ զինված խմբին, բաղկացած ավելի քան 30 անդամից, որը 2016 թվականի հուլիսին գրավել էր Երևանի Էրեբունի համայնքում տեղակայված ոստիկանության գունդը, այն երկու շաբաթ պահել իր հսկողության տակ, ապա զենքը վայր դրել ու հանձնվել: Մեկ ոստիկան սպանվել էր հարձակման սկզբում, մեկ սպա՝ գնդի գրավման օրերին:

Նշենք, որ իշխանության զինված զավթման մեկ այլ փորձ արձանագրվել էր 2015 թվականին, Արթուր Վարդանյանի գլխավորած հանցագործ խմբի կողմից՝ հայտնի «Նորքի խումբ» անունով: Ինչպես Սասնա ծռերը, այս խումբը ևս անօրինական ճանապարհով ձեռք էր բերել, պահել ու տեղափոխել մեծ քանակությամբ զենք, զինամթերք ու պայթուցիկ նյութեր, ենթադրաբար հարձակումներ էր ծրագրել բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում և նախագահ Սերժ Սարգսյանի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հնարավոր գործարքը խափանելու և իշխանափոխություն իրագործելու նպատակով: Բայց ի տարբերություն Սասնա ծռերի՝ հատուկ ծառայությունների քննիչները բացահայտեցին Նորքի խմբի ծրագրերը, ինչի արդյունքում խմբի անդամները կալանավորվեցին, և նրանց մեղադրանք առաջադրվեց: Գասպարյանի համոզմամբ՝ այն հանգամանքը, որ համաներման մասին օրենքը տարածվում է Սասնա ծռերի վրա, բայց ոչ Նորքի խմբի անդամների, ունի քաղաքական դրդապատճառ: «Քաղաքական է այն առումով, որ հեղափոխության արմատները հասնում են մինչև 2016 թվականի հուլիսի իրադարձություններ, որոնք բարձրակետին հասան 2018-ի ապրիլին,— ասում է նա:— Դա բացատրվում է նաև հանրային լայն աջակցությամբ, որ վայելում են Սասնա ծռերի անդամները»:

Օրենքը ենթադրում է, որ համաներումը կտարածվի Սասնա ծռերի անդամների վրա միայն այն դեպքում, եթե խմբի գործողություններից ֆիզիկապես տուժածները չառարկեն, իսկ այդ մարդկանց թիվը, ըստ Գասպարյանի, հասնում է մոտ 50-ի: Ոստիկանության երկու սպայի մահվան պատասխանատուները չեն ազատվի համաներմամբ: Օրենքը, սակայն, չի մասնավորեցնում, թե ինչ կլինի, եթե տուժածները դեմ լինեն խմբի այս կամ այն անդամի ազատ արձակմանը, ինչը, ըստ Գասպարյանի, խնդրահարույց է: Իրավական տեսանկյունից այս դրույթը հակասական է, որովհետև Սասնա ծռերի անդամներին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, մինչդեռ համաներման մասին օրենքում դրանք ընկալվում են որպես մեկ հոդված: Սա ենթադրում է, որ եթե նույնիսկ 50 տուժածներից մեկն առարկի խմբի թեկուզ մեկ անդամի ազատ արձակմանը, դա կազդի ողջ գործընթացի վրա:

Մյուս մտահոգությունը, որի մասին Գասպարյանը բարձրաձայնում է, ինստիտուցիոնալ խեղաթյուրումն է: «Համաներում շնորհելուց առաջ կառավարությունը չի հարցնում տուժողների համաձայնությունը և խնդիրը թողնում է անհատների հայեցողությանը»,— ասում է նա՝ ավելացնելով, որ Սասնա ծռերի դեպքում դա տեղի չի ունեցել:

Համաներման առանցքային առանձնահատկությունն այն է, որ միայն պետությունն է լիազորված համաներում շնորհել մի խումբ դատապարտյալների, որոնք մեղադրվում են հատուկ հանցանքների մեջ, և համաներման նպատակը պետության և արդարադատության համակարգի նկատմամբ դրական վերաբերմունք ձևավորելն է:

«Տուժողների կարծիքը հարցնելով մենք աղավաղում ենք համաներման ինստիտուտը,— պնդում է Գասպարյանը:— Եվ եթե պետությունը ցանկանում է հաշվի առնել տուժողների կարծիքը, սա ցուցիչ է, որ պետությունն ինքնին վստահ չէ իր որոշման մեջ»: Բացի այդ, տուժողներն ու շահագրգիռ անձինք գրեթե միշտ ցանկանում են մեղադրյալին տեսնել պատժված, ինչը բարդացնում է արդար և տրամաբանական պատժի գործընթացը:

Տուժողների իրավունքների մասին ընդհանրապես շատ է խոսվում, երբ համաներում է հայտարարվում, և եթե արդարադատության համակարգը չի գոհացնում շահագրգիռ կողմերին՝ ազատ արձակելով մեղադրյալներին: Իշխանյանի խոսքով՝ պետությունը չպետք է մտահոգվի տուժողներով՝ կիրառելով ծայրահեղ պատժի միջոցներ, որոնք հարցականի տակ են դնում դատական գործընթացները, այլ պետք է ձեռնարկի միջոցներ, որոնք կմեղմեն հասարակության սոցիալապես և տնտեսապես մեկուսացած հատվածների կողմից կատարվող հանցագործությունների հետևանքները։ Բացի այդ, տրամաբանական կլիներ ձևավորել պայմանական ազատազրկման մեխանիզմներ և վաղաժամկետ ազատման ծրագրեր, ինչպես նաև հիմնել սոցիալական ծառայություններ, որոնք կաշխատեն թե՛ տուժողների, թե՛ դատապարտյալների հետ՝ երաշխավորելով, որ նրանք կարող են ապրել միասին, նույն հասարակության մեջ:

Իշխանյանի խոսքով՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ Հայաստանը պարտավոր էր բարելավել դատական գործերի վարման անկախությունն ու արդյունավետությունը, արդարադատության ընդհանուր հասանելիությունը, ուստի ֆորմալ առումով ձևավորվել են վաղաժամ ազատման մեխանիզմներ, որոնք հազվադեպ են կյանքի կոչվել։ «Վստահ եմ, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրան հաջորդած Սերժ Սարգսյանն էին որոշում, թե ում շնորհել համաներում,— պնդում է Իշխանյանը:— Եվ դա գործնականում կիրառվում էր երկու հիմնական պատճառով. լուծել քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության՝ նախկինում առկա խնդիրը և անդրադառնալ քաղբանտարկյալների հիմնախնդրին. երկուսն էլ եվրոպական հաստատությունների պահանջներն են»:

Գասպարյանն ավելացնում է, որ համաներումն ամենահեշտ ճանապարհն է եղել քողարկելու իշխանությունների սխալները՝ քրեակատարողական հիմնարկների անմարդկային կամ նվաստացուցիչ պայմանները և վերականգնողական ծրագրերի բացակայությունը: Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների մեծ մասում համաներման պրակտիկան օրենսդրորեն անվավեր է ճանաչվել: Փոխարենը դատարաններն անկախ են, դատական գործընթացները երաշխավորում են արդար դատավարություն, որն ամրապնդում է հանրային վստահությունը դատական որոշումների նկատմամբ:

Ինչպես համաներման մասին նախորդ օրենքներում, նոր օրենքում նույնպես չի շոշափվում ցմահ դատապարտյալների հիմնախնդիրը, ինչը հանրային դժգոհության ալիք է բարձրացրել: Իշխանյանը սպասում է, որ համաներումը կտարածվի ցմահ բանտարկյալների առնվազն որոշակի խմբի վրա: Նա ասում է, որ 2003 թվականին, երբ Եվրոպայի խորհուրդը պահանջեց դե յուրե վերացնել մահվան դատավճիռը, Հայաստանում կար 42 բանտարկյալ, որոնք սպասում էին մահապատժի: Այն ժամանակ Քրեական օրենսգրքում կատարվեցին լրացումներ, և նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով 42 բանտարկյալների դատավճիռը փոխարինվեց ցմահ բանտարկությամբ: «Սա իրավական գործընթաց էր, քանի որ նախագահն իրավունք ուներ ներել դատապարտյալներին, և ոչ թե որոշել նրանց պատիժը,— պնդում է Իշխանյանը:— Փոխարենը, հիմնվելով ներման ակտի վրա, դատարանները պետք է դատավճիռներ կայացնեին անհատապես՝ յուրաքանչյուր բանտարկյալի համար առանձին»:

Բանտարկյալների երկրորդ խումբը, որի վրա, ինչպես Իշխանյանն է ակնկալում, պիտի տարածվի համաներումը, նրանք են, ովքեր դատապարտվել են ցմահ ազատազրկման 21-ից ցածր տարիքում։ «Նրանց մեծամասնությունը դատապարտվել է զինված ուժերում կատարված հանցագործությունների համար: Այս հանցագործությունների համար, ի թիվս այլ գործոնների, պատասխանատու են նաև մեր քայքայված և անառողջ հասարակական բարքերը,— ասում է նա:— Բացի այդ, խիստ կասկածելի է, թե բանակում կատարված դեպքերն ինչպես են հետաքննվել նախորդ կառավարությունների օրոք»:

2019 թվականի փետրվարին Արդարադատության նախարարությունը վերջնական գնահատական կտա համաներման օրենքի իրագործման վերաբերյալ: Բայց հետագայի համար կարևոր է հիշել, որ պատիժն ունի հինգ նպատակ՝ կանխարգելում, անիրավունակություն, վերականգնում, արդարացի պատիժ և փոխհատուցում, և այս հինգից միայն մեկին առաջնություն տալը լի է վտանգներով: Այս համատեքստում պետք է վերաձևակերպել քրեակատարողական հիմնարկների նպատակը, իսկ խնդիրը պետք է լինի ոչ թե համակարգի զարգացումը, որն է՛լ ավելի ագրեսիվ կդարձնի դատապարտյալներին, այլ անհրաժեշտ ծառայություններով ապահովումը, որպեսզի մարդը, որին համաներում է շնորհվել, կամ որը պատիժը կրել է բանտում, հեռանա հաստատությունից՝ հասարակությանը վերաինտեգրվելուն պատրաստ:

 

* Պաշտոնական ներում նրանց, ովքեր դատապարտվել են քաղաքական հանցանքների համար:

 

 

 

Աթոռները կարգավիճակ չեն ճանաչում...

Կրթություն ստանալը մարդու անքակտելի իրավունքն է, որը, անկախ հանգամանքներից, չպետք է որևէ կերպ սահմանափակվի: Այնինչ, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առանձնակի կարևորվում է կրթության իրավունքի իրացումը։ Միևնույն ժամանակ, այս խնդիրը շարունակաբար դուրս է մղված քաղաքականությունների մշակման շրջանակից:

Ընտանեկան բռնություն․ անկատար օրենքն ու հասարակության կարծրատիպերը կանանց սպանությունների պատճառ են շարունակում մնալ

Ամուսնու կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով կնոջ մահվան հերթական բոթը Հայաստանում կրկին ստիպեց խոսել հայ հասարակության կողմից այդքան չսիրված ընտանեկան բռնության դեպքերի ու չհանգուցալուծվող խնդիրների մասին։

Իրավունքահենքությունը գործնականում․ զրույցներ որոշում կայացնողների հետ

Զրույց շխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի, ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի հետ իրավունքահենք պետական քաղաքականության ձևավորման վերաբերյալ:

Պալիատիվ խնամք. արժանապատիվ կյանքի իրավունքը

Արդի պալիատիվ շարժման հիմնադիր Սիսելի Սոնդերսը մի անգամ ասել է. «Տառապանքն անտանելի է միայն, երբ խնամող չկա»: Բայց բացի օգնելու ցանկությունից, կարևոր է հասկանալ, թե ինչպես օգնել: Այս մոտեցումը ստեղծում է մի իրավիճակ, երբ մենք պայքարում ենք ոչ թե «կյանքը փրկելու», այլ «արժանապատիվ կյանքի» համար: Իսկ ի՞նչ է նշանակում «արժանապատիվ կյանք»: Եկեք քննարկենք պալիատիվ խնամքի մի քանի խնդիր:


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team