Աթոռները երկուսն էին, միշտ նույն տեղում, դասավորվածությունը երբեք չէր փոխվում։ Առաջինն ավելի բարձր էր, «փափուկ», տեղ-տեղ անհարթ, բայց միշտ կոկիկ։ Երկրորդը՝ ավելի սովորական, հին ու մաշված, տեղ-տեղ ցցված փայտի սև կտորներով, երևի շատ պատմություններ լսած, շատերի հուսալքությունն ու անտարբերությունը տեսած։
Ես կրթության մասնագետ եմ․ համոզված եմ, որ կրթություն ստանալը մարդու անքակտելի իրավունքն է, որը, անկախ հանգամանքներից, չպետք է որևէ կերպ սահմանափակվի: Աշխատում եմ նաև ռիսկային ու խոցելի խմբերի, այդ թվում՝ ազատությունից զրկված անձանց հետ, աշխատում ու «ապրում» նրանց չգրված պատմություններով։
Սերվանտես, Ուայլդ, Բրոդսկի, Փարաջանով ու Չարենց… Ես էլ, Ձեզ նման, դպրոցական տարիներին քիչ թե շատ լսել եմ նրանց մասին, թեև նրանք այսօր բոլորովին այլ արտացոլանք ունեն իմ աչքերում։ Նրանցից յուրաքանչյուրը կյանքի ինչ-որ փուլում, տարբեր պատճառներով, զրկվել է ազատությունից, սակայն շարունակել ստեղծագործել ու արարել անազատության մեջ, շարունակել հասարակության կողմից մնալ ընդունելի։
Կրթության քաղաքականություն մշակողների և ոլորտային հասարակական կազմակերպությունների խոսույթում բավական հաճախ եմ ականատեսը լինում կրթության մատչելիության և հասանելիության ջատագովության, բանտերում կրթություն կազմակերպման կարևորության շեշտադրման։ Միևնույն ժամանակ, ազատազրկված անձանց կրթության խնդիրը շարունակաբար դուրս է մղված քաղաքականությունների մշակման շրջանակից. դեռևս չեն մշակվել կալանավայրերում կրթության կազմակերպման ընթացակարգեր, չկան քարտեզագրված մեխանիզմներ, չի իրականացվել առկա ռիսկերի, հնարավորությունների գնահատում, չկան զարգացման ամրագրված ուղղություններ, չկա ինստիտուցիոնալ մոտեցում։ Այնինչ, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առանձնակի կարևորվում է կրթության իրավունքի իրացումը, որը ավանդական՝ գիտելիքների ուսուցման և հմտությունների ձեռքբերման գործառույթից զատ, ունի նաև սոցիալական, վերականգնողական գործառույթ։ Այն նպաստում է կրկնահանցագործությունների նվազեցմանն ու կանխարգելմանը, օգնում ազատազրկվածների վերասոցիալականացմանն ու արտաքին աշխարհի հետ կայուն կապի պահպանմանը։
Յուրաքանչյուրի՝ անկախ նրա բնակության վայրից, տարիքից, կարգավիճակից, կրթության իրավունքն ամրագրված է պետական և միջազգային հիմնարար մի շարք փաստաթղթերում, որոնք վավերացված են Հայաստանի Հանրապետության կողմից- ՀՀ Սահմանադրություն, «Կրթության մասին» ՀՀ օրենք, «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիա, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի արձանագրություն և այլն․ Ցանկը երկար կարելի է շարունակել։
Թիրախավորելով անչափահաս ազատազրկվածների կրթության իրավունքի իրացման հիմնախնդիրները՝ «Անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու մասին ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնները» (Պեկինյան կանոններ) առանձնակի են շեշտում իրավախախտում կատարած անչափահասներին հասարակությունում վերաինտեգրելու և հետագա հանցավորությունը կանխելու գործում սոցիալական կառույցների (ընտանիք, դպրոց, համայնք և այլն) ներգրավման, կրթության ու աշխատանքի կազմակերպման կարևորությունը:
Ի՞նչ ունենք մենք իրականում
Քաղաքականության և մոտեցումների համակարգային անտարբերության արդյունքում հայ հասարակությունը, իր տարբեր սոցիալական ինստիտուտներում՝ ընտանիք, դպրոց, համալսարան, համայնք, չունենալով աջակցող, կարիքներին արձագանքող ծառայությունների ամբողջական համակարգ, այսօր «հեղինակում է» չգրված պատմություններ։