evn report 1strepublic
 Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:

Հայաստանի առաջին Հանրապետության գոյության երկուսուկես տարիների պատմությունն առավելապես դիտարկվում է կառավարության գործունեության ծիրում։ Ռազմական գործողություններ, պետության պաշտպանություն, սոցիալական և առողջապահական խնդիրներ, արտաքին քաղաքականություն. այս ամենն իրականացնում էին վարչապետերն ու կառավարության անդամները։ Հայաստանը 1918-20թթ. խորհրդարանական կառավարում ունեցող պետություն էր, որտեղ քաղաքական կյանքի առանցքային դերակատարությունը կուսակցություններինն էր, սակայն Հայաստանի խորհրդարանական համակարգը, ընտրությունները, հասարակական տրամադրությունները ուշադրության քիչ է արժանանում։ Հայաստանի ընտրական գործընթացներն ունեցել են ուշագրավ դրվագներ, որոնք, որոշ դեպքերում նմանություններ ունեն անգամ մերօրյա իրականության հետ։

1918թ. մայիսի 28-ին անկախության հռչակումից հետո Հայաստանը խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ժամանակ ու հնարավորություն չուներ՝ չավարտված պատերազմը, սովը, լիակատար շրջափակումն ու անկայունությունն ընտրությունների համար լավագույն ժամանակը չէին։ Որպես անցումային լուծում՝ որոշվում է Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի կազմը համամասնորեն եռապատկել և ձևավորել Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմինը՝ Հայաստանի Խորհուրդը։

Խորհուրդն ուներ 46 պատգամավոր. 18-ը ՀՅԴ-ից, 6-ը՝ սոցիալ-դեմոկրատական, 6-ը՝ Հայ ժողովրդական, 6-ը՝ սոցիալիստ-հեղափոխականների (էսէռների) կուսակցություններից։ Եվս երկու պատգամավոր անկուսակցական էին։ Բացի այդ, Հայաստանի Խորհրդում ներկայացված էին նաև Հայաստանի տարածքում ապրող ազգային փոքրամասնությունները՝ 6 պատգամավոր թաթարներից, 1 ռուս և 1 եզդի։ Հայաստանի Խորհրդի առաջին նախագահը Ավետիք Սահակյանն էր։

Հետագա ամիսներին ակնհայտ է դառնում, որ Խորհուրդն ամբողջությամբ չի արտահայտում Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական տրամադրությունները, և որոշվում է անցկացնել ընտրություններ, որոնք տեղի են ունենում 1919թ. հունիսին։ Առաջին հայացքից սովորական թվացող քաղաքական իրադարձությունը վեր է հանում այն բազմաթիվ ներհայկական հակասությունները, որոնք ձևավորվել էին երկար տարիների ընթացքում։

Դրանց թվում առաջին հերթին հարկ է նշել հայ ժողովրդի երկու հատվածների՝ արևմտահայերի և արևելահայերի աշխարհաքաղաքական և մշակութային տարբերությունները, որոնք անկախության հռչակումից հետո ավելի ու ավելի սուր դրսևորում էին ստանում։ 1915 թվականի Հայոց ցեղասպանության և հետագա իրադարձությունների բերումով Արևելյան Հայաստանում հազարավոր հայեր էին հաստատվել։ Նրանք կորցրել էին ամեն ինչ՝ հարազատներ, տունուտեղ, ունեցվածք և մազապուրծ հասել էին Անդրկովկաս։ Չնայած բարեգործական կազմակերպությունները, հանրությունը նյութական և բարոյական աջակցություն էին ցուցաբերում տեղահանվածներին՝ այնուամենայնիվ, որոշակի հանրային անջրպետ ձևավորվել էր։ Անկախության հռչակումից հետո արևմտահայերը գրեթե լիովին կտրված էին երկրի հասարակական-քաղաքական կյանքից։ Նրանք չէին մասնակցում պետության կառավարմանը, չէին ծառայում բանակում, ներկայացված չէին խորհրդարանում։ 1919 թվականի սկզբին Փարիզում գումարվել էր խաղաղության խորհրդաժողովը, որտեղ Հայկական հարցը ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունն Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ պատվիրակություն էր ուղարկել։ Արևմտահայերը գտնում էին, որ այդ պատվիրակությունը չի կարող հավուր պատշաճի պաշտպանել իրենց դատը և աջակցում էին Պողոս Նուբար փաշայի գլխավորությամբ գործող Ազգային պատվիրակությանը։ Փաստորեն՝ Հայկական հարցը Եվրոպայում փորձում էին պաշտպանել հայկական երկու՝ հաճախ էական տարաձայնություններ ունեցող մարմիններ։

Սակայն գլխավոր հակասությունը վերաբերում էր հենց Հայաստանին. Անդրկովկասում ստեղծված Հայաստանի Հանրապետությունն արևմտահայերի կարծիքով չէր ներկայացնում ողջ հայ ժողովրդին։ Դաշնակից պետությունների խոստացած անկախ Հայաստանը պետք է լիներ Արևմտյան Հայաստանում, ոչ թե՝ Անդրկովկասում։ Այնտե՛ղ էր իսկական Հայաստանը, այնտե՛ղ էր Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ այն, ինչ ստեղծվել էր Արաքսի ձախ ափին, արևմտահայերն անվանում էին «Արարատյան հանրապետություն»։

«Հայաստանի Հանրապետության գոյության սկզբի շրջանում արևմտահայությունը իրեն մեկուսացած էր պահում պետական կյանքից: Այդ արտահայտվում էր շատ բաներում. պետական հիմնարկություններում համեմատաբար քիչ արևմտահայ պաշտոնյաներ կային, արևմտահայ երիտասարդությունը պարտադիր զինվորակոչից խուսափում էր: Ուրիշ պետական պարտավորությունների հանդեպ էլ արևմտահայությունը վերապահ էր և, առհասարակ, հարազատ չէր զգում իրեն հանրապետության մեջ: ...Ազգային պատվիրակությունը Փարիզում Պողոս փաշա Նուբարի գլխավորությամբ ավելի հեղինակություն էր վայելում արևմտահայերի մեջ, քան Հայաստանի Հանրապետության կառավարությունը»,— գրում է Սիմոն Վրացյանը:

 

Համագումարը 

Արևմտահայության խնդիրները քննարկելու և ընդհանուր դիրքորոշում մշակելու նպատակով 1919թ. փետրվարին Երևանում հրավիրվում է արևմտահայերի 2-րդ համագումարը, որի կազմակերպչական խմբում էին Բուլղարացի Գրիգորը, Վարազդատ Տերոյանը, Արսեն Կիտուրը և ուրիշներ։ Հունվարին տարածված հայտարարության մեջ համագումարի կազմկոմիտեն նշում էր, որ «Արևմտյան Հայաստանի տարագիր հայությունը դեռ չի կարողանում իր նպատակների և իդեալների ամփոփված ձևակերպումը հրապարակել և ինքն էլ մասնակից լինել նրանց իրականացմանը»։

«Շատերը մեր անունից խոսելու իրավունք ունեն, բայց, եթե որևէ ձայն պետք է լսվի մեր արդար դատի և իրավունքների պաշտպանության ի խնդիր, այդ էլ մեր ձայնը պետք է լինի: Մեր քաղաքական իդեալների ձևակերպումն ու ներկայացչությունը մեր առջև կդրվի ճիշտ այս օրերին, ճիշտ այս րոպեին: ...Մեր հերթական բոլոր խնդիրները մնացին ապառիկ և այժմ ժամանակ է, որ մենք մոռանանք այդ բոլորը, որպեսզի կարողանանք տեսնել պատմության մեծ խնդիրը, որ մեր առջևն է դրված և մեզ համար պետք է լուծվի»:

Արևմտահայերի երկրորդ համագումարն ընդունում է քաղաքական բանաձև, որով հայտարարում է Ազատ և Միացյալ Հայաստանի անկախությունը։ 2-րդ կետով վստահություն է հայտնում «Ազատ և Միացյալ Հայաստանի Պողոս Նուբար փաշայի անդրանիկ դահլիճին»։ 5-րդ կետով հանձնարարում էր համագումարի գործադիր մարմնին Արարատյան Հանրապետության կառավարության և խորհրդարանի հետ հայտարարել Միացյալ Հայաստանի անկախությունը, և իր «մասնակցությունը բերելու գոյություն ունեցող պետական և օրենսդրական հաստատությունների մեջ համազգային միությունը իրականացնելու համար»։

Համագումարը, ինչպես տեսնում ենք, չէր լուծում հայության երկու բևեռների միավորման խնդիրը. արևմտահայերը շարունակում էին վստահել Պողոս Նուբար փաշային, թեև, կարծես թե, պատրաստակամություն էին հայտնում համագործակցել նաև պետական մարմինների հետ։

* * *

Քիչ չէին հակասությունները նաև Հայաստանի Խորհրդում. Հայ ժողովրդական կուսակցությունը, սոցիալ-դեմոկրատները, էսէռները ընդդիմադիր հիմնական ուժն էին և Դաշնակցությանը քննադատում էին գրեթե ամեն ինչի համար։ 1919թ. փետրվարի 28-ին՝ երեկոյան նիստում խորհրդարանի դահլիճում ներկա գտնվող քաղաքացիները սկսում են աղմկել, իրենց բողոքն արտահայտել օրենսդիրի աշխատանքից։ «Նիստը բաց հայտարարելուն պես հասարակության միջից լսվում են բացականչություններ. «Չենք ուզում այսպիսի խորհրդարան», «Մենք պահանջում ենք ընտրովի խորհրդարան», «Դո՛ւրս ինքնակոչ պատգամավորները»,— գրում է «Զանգ» թերթը:

Read in English 

The 1919 National Elections

politic 7 small copy

Վերջին հինգ տարիների ընթացքում արդեն երրորդ անգամ հայ ընտրողները կքվեարկեն խորհրդարանական ընտրություններում: Այս ընտրություններն անցկացվում են երկրի համար ճգնաժամային ժամանակաշրջանում ՝ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո: Հատկանշական է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում ընտրությունների և նախընտրական քարոզարշավների անցկացման կարքը փոփոխությունների են ենթարկվել: Քվեատուփերի լցունումների փաստագրված դեպքերը մնացել են անցյալում, քանի որ հաշվետվողականության նոր միջոցները, ինչպիսիք են ընտրողների նույնականացումը, սկանավորված ցուցակների հրապարակումը և տեղամասերի տեսանկարահանումը թափանցիկության նոր որակ են բերել։

2015 թվականի սահմանադրությամբ նախագահականից խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուց ի վեր, 2017 և 2018 թվականների ընտրությունների արդյունքները չբողոքարկվեցին փողոցային ցույցերով։ Թվում է, թե հունիս ամսվա ընտրությունները երկրի պատմության մեջ ամենամրցակցայինն են լինելու: 

EVN Report-ի մայիս ամսվա թողարկումը` վերնագրված «Քաղաքական մշակույթ», հայացք է նետում Հայաստանում ժողովրդավարական դրսևորումների զարգացման պատմությանը` 1919 թվականի խորհրդարանական ընտրություններից մինչև մեր օրեր:

Խորհրդայինից մինչև անկախություն. Ծաղրանկար

Հայկական մամուլը ծաղրանկարի լավ ավանդույթներ ունի. 19-րդ դարի վերջին և 20-ի սկզբին աշխարհի տարբեր ծայրերում տպագրվում էին հայկական երգիծական թերթեր՝ «Մեղու», «Ցախավել», «Միմոս», «Կիկո», «Մախլաս», «Սև կատու», «Լեպլեպիճի» և այլն: Երգիծական հանդեսներից բացի, ծաղրանկարներով հարուստ էին օրաթերթերն ու ամսագրերը:

Խորհրդի նախագահը հրաժարվում է այդ պայմաններում նիստը շարունակել և նրան փոխարինում է փոխնախագահ, էսէռ Դավիթ Զուբյանը։ Քաղաքացիները, սակայն, չէին հանդարտվում, մոտենում են ամբիոնին և «թևից բռնած ցած բերում» Զուբյանին։ Նիստը տապալվում է։

Խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի համար էսէռները մեղադրում են Դաշնակցությանը՝ ասելով, թե «ՀՅԴ-ն երկար տատանումներից հետո վերջապես պարզեց իր իսկական դեմքը... քաջություն ունեցավ բաց կռվի մեջ մտնելու Պառլամենտի սոցիալիստական թևի հետ»։ Դաշնակցության Երևանի կոմիտեն, իհարկե, հերքեց այս մեղադրանքը, սակայն միջադեպը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ Խորհուրդն իրեն ամբողջովին սպառել է։ 

1919թ. մարտի 31-ին ընդունվում է Հայաստանի Հանրապետության ընտրական նոր օրենքը, որով նախատեսվում էր անցկացնել առաջիկա ընտրությունները։ Համաձայն օրենքի՝ Հայաստանի նոր խորհրդարանն ընտրվելու էր փակ, գաղտնի, ուղիղ ընտրություններով՝ համամասնական սկզբունքով։ Ձայնի իրավունք ունեին 20 տարին լրացած քաղաքացիները՝ առանց սեռային խտրության։ Նոր խորհրդարանն ունենալու էր 80 պատգամավոր։

Ընտրությունները վարելու համար ստեղծվում էին կենտրոնական գավառական, շրջանային, քաղաքային, գյուղական և թաղամասային ընտրական հանձնաժողովներ. կենտրոնական հանձնաժողովը նշանակվում էր Հայաստանի Խորհրդից, իսկ մնացածները՝ իրենցից գերադաս հանձնաժողովներից:

1919թ. ապրիլի վերջին Հայաստանի Խորհուրդը մեկ ամսով դադարեցնում է աշխատանքը՝ իր լիազորությունները հանձնելով Հայաստանի կառավարությանը։ Ընտրական հանձնաժողովը կազմում է ընտրությունների նախապատրաստական շրջանի ժամանակացույցը, համաձայն որի՝ մինչև մայիսի 12-ը պետք է հրապարակված լինեին ընտրողների, իսկ մինչև մայիսի 22-ը՝ թեկնածուների վերջնական ցանկերը։ Կառավարությունն այս միջոցառումների անցկացման համար 200 հազար ռուբլի գումար է հատկացնում ընտրական հանձնաժողովին։

Հայաստանի խորհրդարանը, որ առժամյա հիմնարկություն էր, իր վերջին նիստերում քվեարկեց և ընդունեց ընտրական օրենքը պառլամենտի կազմության մասին։ Միաժամանակ, նա որոշեց ընտրության օրը — հունիս 21 — և անվանեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ընկ. Ս. Խաչատրյանին։

 

image 1

 

Մայիսի 28-ի ակտը և հասարակական պառակտումը 

1919թ. ապրիլին որոշվում է մեծ շուքով նշել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տարեդարձը։ Միաժամանակ, մայիսի 28-ին պետք է ընդունվեր հատուկ հայտարարություն, որը պետք է հստակեցներ կառավարության դիրքորոշումը Հայաստանի անկախության հարցում և բավարարություն տար արևմտահայության մտահոգություններին։

1919թ. մայիսի 27-ին կառավարությունը որոշում է մայիսի 28-ին հատուկ նիստ հրավիրել, որին մասնակցելու էին նաև խորհրդարանի պատգամավորները և Արևմտահայերի 2-րդ համագումարում ստեղծված Գործադիր մարմնի 12 անդամները։ Անկախության օրը, հանդիսավոր արարողությունից հետո, վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը ընթերցում է հայտարարությունը, որը հայտնի է «Մայիսի 28-ի ակտ» անունով։ Այս հռչակագրով Հայաստանի կառավարությունը հայտարարում էր, որ ստանձնում է միացյալ, անկախ Հայաստանի, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի շահերի պաշտպանությունը։

«Այժմ, Անդրկովկասում և Օսմանյան կայսրության սահմաններում գտնված պապենական հայկական երկրների միացման և անկախության այս ակտը կատարելով՝ Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ ինքը հանդիսանում է միացյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։ Հայտարարությունից հետո արևմտահայ Գործադիր մարմնի 12 անդամները նստում են Հայաստանի Խորհրդի պատգամավորների կողքին, որպես հայության երկու մասերի միավորման վկայություն։

* * *

Թեև Սիմոն Վրացյանը գրում է, որ միացման այս արարողությունը «հասարակությունը ողջունեց ոգևորված ծափերով», սակայն իրականում այն առաջացրեց քաղաքական որոշ ուժերի խորը դժգոհությունը, էլ ավելի պառակտեց հանրությունը՝ ազդելով նաև խորհրդարանական ընտրությունների ընթացքի վրա։

 

«Բարի ճանապարհ» 

1919թ. հունիսի 4-ին Խորհուրդը հրավիրում է իր վերջին նիստը, որտեղ սոցիալ-դեմոկրատները քննադատում են Դաշնակցությանը, և Մայիսի 28-ի ակտը որակում խորհրդարանի դեմ ուղղված պետական հեղաշրջում։ Ըստ նրանց՝ մայիսի 28-ին արդեն լրացել էր խորհրդարանի կողմից կառավարությանը տրված լիազորությունների ժամկետը, հետևաբար՝ հռչակագիրը կարող էր ընդունել միայն խորհրդարանը և ոչ մի դեպքում՝ կառավարությունը։ Սոցիալ-դեմոկրատները հայտարարում են, որ կառավարությունը «հենված Դաշնակցության վրա, բռնակալ է, օրենքներից չի ակնածում, գործում է սահմանադրական ոգու դեմ», ապա ցուցադրաբար լքում են դահլիճը։ Դահլիճից հնչում են «բարի ճանապարհ» հեգնական բացականչություններ։

Այնուհետև Խորհրդում հայտարարություն է անում Հայ ժողովրդական կուսակցությունը, որը ևս Մայիսի 28-ի ակտը և արևմտահայ 12 պատգամավորների մուտքը խորհրդարան համարում էր «պետական հեղաշրջում, սահմանադրական խախտում և մեծ հարված սահմանադրությանը»։ ՀԺԿ-ն հայտարարում է, որ միայն Փարիզի հայ համաժողովի և Հայաստանի խորհրդարանի խառը նիստը իրավունք ուներ նման հռչակագիր ընդունելու։ Հայ ժողովրդական կուսակցությունը հետ է կանչում իր նախարարներին, դուրս է գալիս դահլիճից և հայտարարում, որ չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։ 

Սիմոն Վրացյանը գրում է, որ Անկախության հռչակման օրը Հայ ժողովրդական կուսակցության «Ժողովուրդ» թերթը ոգևորված գրում էր «Կեցցե՛ Միացյալ, Անկախ և Ազատ Հայաստանը», սակայն մի քանի օր անց փոխում է դիրքորոշումը։ Ըստ նրա՝ մայիսյան տոնակատարության օրերին ՀԺԿ-ական Սամսոն Հարությունյանը Երևանում չէր և նրա վերադառնալուց հետո է կտրուկ փոխվում կուսակցության դիրքորոշումը։ «Շուտով հայտնի է դառնում, որ ժողովրդականների քայլը թելադրված էր Փարիզից»,— գրում է Վրացյանը։

Թիֆլիսում Հայ ժողովրդական կուսակցության թերթը՝ «Ժողովրդի ձայնը», հունիսի 11-ին տպագրում է «Բողոքում ենք, լսեցեք» վերնագրով դիմումը, որի բովանդակությունից առավել հասկանալի է դառնում, թե ինչու էին ժողովրդականները որոշել բոյկոտել խորհրդարանական ընտրությունները: Արևմտահայերի անունից գրված այս տեքստում մանրամասն անդրադարձ կար 1917-19 թվականների իրադարձություններին և դատապարտվում էր Դաշնակցության «անկարողությունն ու անհեռատեսությունը»: Միաժամանակ, հույս էին հայտնում, որ ՀԺԿ-ն վերանայի ու հստակեցնի իր դիրքորոշումը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների և Մայիսի 28-ի ակտի հանդեպ:

«Համաձայն մայիսի 28-ի ակտի լոզունգին միացյալ և անկախ Հայաստանի համար պետք է ստեղծեք ժամանակավոր միացյալ կառավարություն: Այդ նպատակով Կովկասյան Հայաստանի կառավարությունը անմիջապես պետք է բանակցության մտնե Պողոս Նուբարի պատվիրակության հետ և փոխադարձ համաձայնությամբ կազմե միացյալ ժամանակավոր կառավարություն և պառլամենտ, որոնց և հանձնելու է ընթացիկ գործեր վարելու իրավունքը, մինչև որ Միացյալ Հայաստանի ժողովուրդը հնարավորություն ունենա ստեղծելու իր օրինական իշխանությունը»,— գրում էր թերթը:

Պողոս Նուբարի գլխավորած Ազգային պատվիրակության հետ միացյալ կառավարություն կազմելու առաջարկը Դաշնակցությունը մերժում է, որից հետո՝ հունիսի սկզբին ՀԺԿ-ն հայտնում է իր բողոքը և դուրս գալիս կոալիցիայից: Ժողովրդականների նախարարները նույնպես լքում են կառավարությունը: 1919թ. հունիսի 8-ին ՀԺԿ-ի Երևանի պաշտոնաթերթ «Ժողովուրդ» թերթը հայտնում էր, որ իրենք չեն մասնակցելու խորհրդարանական ընտրություններին և բնակիչներին կոչ էր անում չգնալ ընտրատեղամաս:

«Քաղաքացիներ, մի մասնակցեք առաջիկա պառլամենտական ընտրություններին և այդպիսով արտահայտեցեք ձեր բուռն բողոքը Դաշնակցության Մայիսի 28-ի ակտի դեմ, որով մեծ հարված ստացան օրենքի և ժողովրդական ներկայացուցչության սկզբունքները: Կեցցե ազատ և միացյալ  Հայաստանը, կեցցե պառլամենտարիզմը, կորչի դաշնակցական օլիգարխիան»,— գրել էր թերթը:

zhoghovurd 1 1
zhoghovurd 1 2
zhoghovurd 2 1
zhoghovurd 2 2

 

Արևմտահայերի մի մասը նույնպես դժգոհ էր Մայիսի 28-ի ակտից և Գործադիր մարմնի 12 անդամների խորհրդարան մտնելուց։ Խնդիրն այն էր, որ փետրվարյան համագումարից հետո բազմիցս քննարկվել էր խորհրդարանական ընտրություններին արևմտահայերի մասնակցության հարցը, և գրեթե միշտ հանգել էին այն եզրակացության, որ իրենք չեն ներկայացնում ողջ արևմտահայությանը։ Գործադիր մարմնի 12 անդամներին ծանր մեղադրանքներ են ներկայացվում։ 1919թ. հունիսի 12-ին «Վան-Տոսպ» թերթը նրանց անվանում էր «հացկատակ»՝ գրելով, որ գործադիր մարմինը չցանկացավ լսել ժողովրդի բողոքը և «դիմեց այս պառլամենտին, որ իրեն համար ևս տաքուկ անկյուն մը շնորհվի»։ Մի քանի օր շարունակ «Վան-Տոսպի» էջերում մեծ տառերով տպագրված էր «Կորչին բարլամենտ մտած թուրքահայ 12 հացկատակները»։ Շուտով խորհրդարանական ընտրությունները բողոքելու կոչին միանում են նաև հայ ռամկավարներն ու արևմտահայ մի շարք կազմակերպություններ։

Փաստորեն, արևմտահայերի երկրորդ համագումարը և Մայիսի 28-ի ակտը չկարողացան համախմբել հասարակությունը, որոշ առումով նաև՝ ավելի խորացրին անջրպետը։
 

van tosp 12 1
van tosp 12 2
van tosp 12 3
van tosp 12 4

«Զավզականոցը»

1919թ. խորհրդարանական ընտրությունների մասին խոսելիս, թերևս, արժե անդրադառնալ այն հարցին, թե ինչպես էր ընդունում հայ հանրությունը ընդհանրապես, խորհրդարան հասկացությունը։ Պետք է ասել, որ օրենսդիրի գործունեությունը հանրությանը լավ հասկանալի չէր, և պատգամավորները հաճախ դառնում էին ծաղրի առարկա։ Ռուբեն Տեր-Մինասյանը գրում է, որ ժողովուրդը խորհրդարանն անվանում էր «զավզականոց», և միաժամանակ, նշում, որ այդ արհամարհանքի պատճառը ժողովրդի հետադիմությունը չէր։ Խնդիրն այն էր, որ հայ օրենսդիրներն ընդօրինակում էին եվրոպական երկրների գործելաոճը, որը հաճախ չէր համապատասխանում հայկական իրականությանը։

«Նա ընդօրինակում էր առաջադեմ երկրների սովորույթները և օրենքները, և դրանով բավականանում, քանի որ միջակ ուժերը թույլ չէին տալիս խորամուխ լինել և որոնել, թե այդ օրենքները կբխե՞ն ժողովրդական ոգուց ու ավանդույթներից, կհամապատասխանե՞ն ժամանակին, տեղին ու պայմաններին։ Եվ հաճախ այդ շատ գեղեցիկ օրենքները անհասկանալի, անմատչելի կմնային՝ գրված թղթերի վրա։ ...Նույնիսկ խորհրդարանի բեմից, շատ պատասխանատու անձեր, ինչպես Բյուրոյի անդամները, կառաջարկեին. «Վառեցեք ձեր այդ փտած օրենքները, ոչնչացրեք օրենսդրական գրքերը և հաստատեք հեղափոխական օրենքը»։

Ընտրություններում ՀՅԴ-ի հիմնական հակառակորդը կարող էր լինել Հայ ժողովրդական կուսակցությունը։ Բոլշևիկները, սոցիալ-դեմոկրատները, էսէռները և մյուս կուսակցությունները Հայաստանում չունեին այնպիսի ընտրազանգված, որը կարողանար մրցակցել Դաշնակցության հետ։ Ընտրություններին չմասնակցելու ՀԺԿ-ի դիրքորոշումը որոշ մասնագետներ բացատրում են այն գիտակցումով, որ նրանք շատ քիչ ձայներ կհավաքեին։ Պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը համամիտ է Վրացյանի այն տեսակետին, թե ՀԺԿ-ի բոյկոտը պայմանավորված էր «Փարիզի» ազդեցությամբ։ Նա գրում է, որ հունիսի 13-ին Պողոս Նուբարը հեռագիր է ուղարկում Գևորգ V կաթողիկոսին, որտեղ ասում է, թե ընդունում է տեղական և տարածքային ընտրություններ անցկացնելու Երևանի կառավարության իրավունքը, սակայն «մերժում է ամբողջական Հայաստանի խորհրդարանական ընտրությունների օրինականությունը»։

«Պողոս Նուբարը խորհուրդ էր տալիս Հանրապետության արևմտահայ բնակիչներին, որ նրանց մասնակցությունը ընտրություններին «տեղին չէր ըլլար» և որ նրանք ձեռնպահ մնան ընտրություններից։ Լիովին հավանական է, որ Նուբարի ընդդիմությունը Հայաստանում ընդհանուր ընտրություններին՝ վճռական դեր էր խաղացել ընտրապայքարից դուրս գալու ժողովրդականների ուշացած որոշման համար»։ Ռիչարդ Հովհաննիսյանի գնահատմամբ՝ ՀԺԿ-ի բոյկոտը վնասակար էր, քանի որ նրանք միակ ազատական, ոչ սոցիալիստական կուսակցությունն էին:

 

Քարոզչությունը 

Նախընտրական քարոզչությունն ընթանում էր հիմնականում Հայ հեղափոխական Դաշնակցության առաջ քաշած օրակարգով, որտեղ առաջնային էին սոցիալական խնդիրների լուծումը։ Դաշնակցությունը հանդես էր գալիս մի քանի հիմնական լոզունգներով՝ «Միացյալ և անկախ Հայաստան», «Ամբողջ իշխանությունը աշխատավոր ժողովրդին», «Հողը՝ աշխատավորին», «Գործը՝ գործազուրկին», «Հացը՝ ժողովրդին»։

Ի տարբերություն ՀԺԿ-ի և սոցիալ-դեմոկրատների՝ հայ էսէռները որոշում են մասնակցել ընտրությանը: Նրանք նույնպես քննադատում էին Դաշնակցությանը, և դարձյալ կարևորում սոցիալական խնդիրները: Էսէռները փաստում էին, որ 1917թ. հեղափոխություններից հետո «սոցիալիզմից բարբառող» ՀՅԴ-ն խոստանում էր հողային ռեֆորմներ անել, «բայց մինչև հիմա ոչ մի գործնական քայլ չեն արել այդ ուղղությամբ»: Էսէռները բնակչությանը կոչ էին անում ակտիվորեն ներկայանալ տեղամասեր և ձայնը տալ իրենց կուսակցությանը: 

«Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցությունը անխնա կռիվ է մղում այն բոլոր տարրերի դեմ, որոնք իրենց գործելակերպով ժողովուրդը տանում են դեպի կործանում: Աշխատավորությունն այսօր սթափված ու փորձված անցյալի կրթիչ օրինակներով, իր վստահության քվեն կտա Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցության N 3 ցուցակին, որ հավասարապես պաշտպանում է բոլոր կեղեքված ու ճնշված մասսաների շահերը և իր արտաքին քաղաքականության հիմնաքարն է դարձրել ժողովուրդների համերաշխության վեհ գաղափարը»,— գրում էր «Սոցիալիստ-հեղափոխական» թերթը 1919թ. հունիսի 22-ին:

Այսպիսով՝ նախընտրական շրջանում խորհրդարանական ընտրություններին ներկայացված էին հետևյալ կուսակցությունները.

N 1 — Հայ հեղափոխական Դաշնակցություն, 120 թեկնածու,

N 2 — Հայ ժողովրդական կուսակցություն, 65 թեկնածու,

N 3 — Սոցիալ-հեղափոխականների (էսէռ) կուսակցություն, 35 թեկնածու,

N 4 — Քրդական ցանկ, 2 թեկնածու,

N 5 — Ասորական ազգային խորհրդի ցանկ, 3 թեկնածու,

N 6 — Անկուսակցական աշխատավոր գյուղացիական միության ցանկ, 18 թեկնածու,

N 7 — Մուսուլմանական ցանկ:

image 5

Ընտրությունները

Ընտրությունները տեղի են ունենում 1919 թվականի հունիսի 21-ից 23-ը, որի արդյունքներով ստացվում է հետևյալ պատկերը՝ ՀՅԴ-ն ստանում է 230271 քվե և խորհրդարանում ունենում 72 պատգամավոր, էսէռները՝ 13239 ձայն, 4 պատգամավոր, մահմեդականները՝ 8187 ձայն, 3 պատգամավոր, գյուղացիական միությունը՝ 4224 ձայն, 1 պատգամավոր: Մյուս ուժերը չեն անցնում խորհրդարան: 

1919 թվականի հունիսի 28-ին ՀՅԴ Երևանի կենտրոնական և տեղական կոմիտեների օրգան «Հայաստանի աշխատավոր» թերթը գրում էր, որ ընտրություններում հաղթանակել է «ժողովրդական կամքը» և հայ ժողովուրդը, հակառակ բոլոր «սև, սպիտակ ու կարմիր ագռավների կռնչյուններին, գիտակցում է, թե ով է իր բարեկամն ու թշնամին»: «Աշխատանք»-ն ավելի հեռու էր գնում, նշելով, որ թշնամիները ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում ՀՅԴ-ն վարկաբեկելու համար, ընդհուպ՝ «ի գին հայկական պետության քայքայման, ի գին Անկախ Հայաստանի ոչնչացման», սակայն «անոնք իրենց ծոծրակը կտեսնեն, բայց իրենց սև նպատակի իրագործումը բնավ»:

Ընդդիմությունը, ինչպես միշտ, գրում էր, թե ընտրությունները կեղծվել են և Հայաստանի ժողովրդի մասին մտածող չկա: «Ժողովրդի ձայն» թերթի 1919թ. հուլիսի 27-ի խմբագրականի վերնագիրը «Ալյուրի ընտրություն» էր՝ ակնարկ, որ ընտրությունների ժամանակ մարդկանց ալյուր և այլ մթերք են բաժանել, առանց որի Դաշնակցությունը չէր կարող հաղթել: «Թող այս ընտրությունները լինեին իսկապես պառլամենտական և ոչ թե «ալյուրի» ընտրություններ, և այդ ժամանակ մենք կտեսնեինք, թե քանի աթոռ կշահեին մեր «ազգակործան փրկիչները» Հայաստանի պառլամենտում»:

 

* * *

Հունիսյան ընտրությունները 1918-1920թթ. հանրապետության պատմության միակ ընտրություններն էին, և ձևավորված խորհրդարանն իր գործունեությունը շարունակեց մինչև առաջին Հանրապետության վերջին օրերը՝ 1920թ. դեկտեմբերը։

 

 

Արխիվային պատկերները ՀՀ Ազգային արխիվից:


 

 

Մեր ամսագրի նախորդ թողարկումներից  

Diaspora issue
western armenian language
evn report diasporareturn
vahe sahakyan diaspora
thumbnail evn report diasporareflection
evn report post war diaspora
past cover
evn report գրերիգյուտ 1
evn report kilikia
evn report վերջինթագավոր 2
evn report կարսիանկումը
evn report genocide


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team