Ընտանիքն՝ անփոխարինելի միջավայր

Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքն ամրագրված է հայաստանյան և միջազգային իրավական փաստաթղթերով։ Այն առաջնահերթություն է դիտարկվում Երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թթ. ռազմավարական ծրագրով։ 

Միջազգային փորձը, ինչպես նաև երեխայի զարգացմանն ուղղված բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խնամքի շուրջօրյա հաստատությունները նպաստավոր միջավայր չեն ապահովում երեխայի լիարժեք զարգացման համար։ Այս առումով ընտանեկան միջավայրն ամենանպաստավորն է երեխայի խնամքի և պաշտպանության համար։ Բացի այդ, ըստ Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ֆինանսական վերլուծության՝ այն նաև ծախսարդյունավետ է ու կանխարգելիչ գործառույթ ունի՝ խթանում է երեխայի բնականոն զարգացումը և ծառայությունների հասանելիության պայմաններում երեխաներին պահում ընտանիքում և համայնքում։

Ապաինստիտուցիոնալացման արդյունքում երեխայի խնամքի կազմակերպման ամենանախընտրելի ձևն իր կենսաբանական ընտանիքն է, դրա անհնարինության դեպքում երեխայի խնամքը կազմակերպվում է այլընտրանքային ձևերով, որոնք են որդեգրումը, խնամակալությունը և հոգաբարձությունը, խնամատարությունը, երեխայի խնամքը սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնում, երեխայի խնամքը երեխաների աջակցության կենտրոնում, երեխայի խնամքը խնամքի գիշերօթիկ հաստատությունում, երեխայի խնամքը բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր և հատուկ (մասնագիտացված) հաստատությունում՝ նախապատվությունը տալով ընտանեկան տիպի հաստատություններին, իսկ հատուկ կարիքներ ունեցող երեխաների դեպքում՝ մասնագիտացված հաստատությանը։

Ընտանիքահենք են համարվում այլընտրանքային խնամքի առաջին 3 տեսակները, և առաջնահերթությունը տրվում է ըստ հերթագայության՝ որդեգրմանը, խնամակալությանը/հոգաբարձությանը և, այս երկուսի անհնարինության դեպքում միայն՝ խնամատարությանը։

 

Խնամատարությունը Հայաստանում

Ըստ ՀՀ Ընտանեկան օրենսգրքի (հոդված 137)՝ խնամատարությունը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի խնամքի և դաստիարակության ժամանակավոր կազմակերպումն է այլ ընտանեկան միջավայրում իրավասու մարմինների կողմից ընտրված, հաշվառված, վերապատրաստված, որակավորված անձի միջոցով՝ մինչև երեխայի ընտանիքում խնամատարության կիրառման հիմք հանդիսացած իրավիճակի վերացումը։

Հայաստանում խնամատարության կիրառմանը սկիզբ է դրվել 1999 թ.՝ Ֆրանսիայի և Հայաստանի Հանրապետությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում «Մանկատներում խնամվող 3-12 տարեկան երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպումը խնամատար ընտանիքում» ծրագրի շրջանակում 9 երեխայի խնամքը խնամատար ընտանիքներում կազմակերպելու միջոցով։ Սակայն միայն 2008 թ. խնամատարությունը պաշտոնական ճանաչում ստացավ Հայաստանում՝ կառավարության N 459 որոշումից հետո։

Ռազմավարական տեսանկյունից 2014 թ. շրջադարձային էր, քանի որ ՀՀ կառավարությունը փոփոխություններ կատարեց ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թթ. ռազմավարական ծրագրում, որով էլ առաջնահերթություն տրվեց երեխաների խնամքի և պաշտպանության խոշոր հաստատությունների բեռնաթափման ծրագրին և այդ գործընթացի շրջանակներում խնամատար ընտանիքի՝ որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի կազմակերպման այլընտրանքային ձևի խթանումը։

2016 թ. ՀՀ կառավարությունն ընդունեց հայեցակարգային փաստաթուղթ և միջոցառումների ծրագիր՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին այլընտրանքային խնամքի ծառայությունների տրամադրման վերաբերյալ։ 2017 թ. հուլիսի 13-ին ՀՀ կառավարությունն ընդունեց 2017-2021 թթ. երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը, որոնք ուղղված են երեխաների հիմնարար իրավունքներն ու ազատությունները պաշտպանելուն՝ ճանաչելով երեխայի լավագույն շահը և ընտանեկան միջավայրում երեխայի խնամքի ու զարգացման իրավունքը։

Խնամատարության շուրջ վերջին փոփոխությունները, որոնք ուղղված էին նաև ամբողջականացնելու և հստակեցնելու Ընտանեկան օրենսգրքով սահմանված ընդհանրական դրույթները, կատարվեցին 2019 թ. հունիսի 13-ի ՀՀ կառավարության որոշմամբ, որը ուժը կորցրած ճանաչեց 2008 թ. N 459 որոշումը։

 

Իրավիճակը՝ թվերով

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների՝ 2019 թ. հունիսի դրությամբ 835 երեխա շարունակում է խնամք ստանալ պետական և մասնավոր մանկատներում։ Ու թեև այս թվին հասել են տարիների ընթացքում (2018-ին՝ 835, 2008 թ. 975-ի համեմատ), սակայն նվազումը պայմանավորված է առավելապես հաշմանդամություն չունեցող երեխաների՝ հաստատություններից դուրս բերմամբ, մինչդեռ հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը շարունակում է գրեթե անփոփոխ մնալ։ 

Նույն աղբյուրի համաձայն՝ 835 երեխաներից 468-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ են։ Ավելին, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցի՝ 2015-2018 թթ. ընթացքում ծննդատներից մանկատներ տեղափոխված 181 երեխաներից 97-ը առողջական խնդիրներ ունեցող երեխաներ են։ 

Չնայած խնամատարությունը պաշտոնապես ամրագրվել է 2008-ին՝ 2018 թ. դրությամբ խնամատար ընտանիքում խնամք է ստացել ընդամենը 75 երեխա, որից միայն 5-ն են հաշմանդամություն ունեցել։

Որդեգիր ընտանիքների պարագայում հաշմանդամություն ունեցող երեխաներն ընդհանուր որդեգրվողների 15-20% են կազմում։ Հաշմանդամություն ունեցող երեխաների մեծ մասին օտարերկրյա քաղաքացիներ են որդեգրել (9-11 երեխա)։ Ավելին, 2016-2018 թթ. տվյալների համաձայն՝ հաշմանդամություն ունեցող ոչ մի երեխա չի որդեգրվել Հայաստանի քաղաքացիների կողմից, իսկ օտարերկրացի որդեգիրների կողմից գերակշիռ մեծամասնությամբ որդեգրվել են 1-6 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաները։

 

Հաշմանդություն ունեցող երեխաները ստվերում

Հաշմանդամություն ունեցող երեխաները Հայաստանում խնամվում են մասնագիտացված 3 մանկատներում` Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն, Խարբերդի մասնագիտացված մանկատուն և Գյումրու «Երեխաների տուն»։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հաստատությունների վերակազմավորման որոշումների մեջ մինչև այժմ 3 այս մանկատների վերաբերյալ ոչ մի հիշատակում չի եղել։ 

Մինչդեռ ՀՀ-ն միջազգային պարտավորություն ունի ապահովելու իրավունքների պաշտպանության հավասարություն, իսկ օրենսդրական վերլուծությունը ցույց է տալիս, որ գործող կարգավորումներում հաշվի չեն առնված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության առանձնահատկությունները։ 

Հատկանշական է, որ խնամատարությանն առնչվող իրավական ակտերում անգամ առանձին անդրադարձ չի կատարվում հաշմանդամություն ունեցող երեխաներին։ 

Չկան սահմանված հստակ մեխանիզմներ հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարության վերահսկողության համար։

Թեև 2019-ին ընդունված նոր կարգով սահմանվել է խնամքի և դաստիարակության համար հավելավճար, անհրաժեշտություն կա վերանայելու նաև խնամքի համար նախատեսված գումարի չափը՝ կախված երեխայի կարիքներից և առանձնահատկություններից։ Հաշմանդամություն ունեցող երեխայի խնամքը, ի տարբերություն հաշմանդամություն չունեցող երեխաների, կարող է ենթադրել հավելյալ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն։ Անհրաժեշտ է նաև նախատեսել հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի կազմակերպման և խնամատարության խթանմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ։ 

Ցավոք, խնամատարության ինստիտուտը Հայաստանում դեռևս բավական հեռու է կայացած լինելուց։ Խնամատարության և հոգաբարձության մարմինների՝ պարտականությունները թերի կատարելու մասին բազմիցս բարձրաձայնել են հասարակական կազմակերպությունները, խնամատար ընտանիքները և այլ շահագրգիռ կողմեր, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները։

Մասնավորապես, 2017 թ. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն իր եզրափակիչ դիտարկումների մեջ անհանգստություն է հայտնել հաշմանդամություն ունեցող մեծ թվով երեխաների՝ հաստատություններում խնամք ստանալու վերաբերյալ՝ հետադարձ հղում կատարելով նաև Երեխայի իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոմիտեի առաջարկություններին, ըստ որոնց առաջարկվում է առաջնայնություն տալ հաշմանդամություն ունեցող երեխաների ապաինստիտուցիոնալացմանը և ընտանեկան միջավայրում տեղավորմանը, տրամադրել աջակցություն, խթանել հաշմանդամություն ունեցող երեխաների դրական կերպարի ձևավորումը և այլն։

Այս խնդրին է անդրադարձել նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ առաջարկելով Հայաստանին ջանքերը կենտրոնացնել երեխաների աղքատությունը հաղթահարելու և կեցության պատշաճ պայմաններ ունենալու՝ երեխաների իրավունքը ապահովելու ուղղությամբ։  

 

«Թաքցված» երեխաները

Հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարությանը խոչընդոտող խորքային պատճառներից են նաև հասարակական ընկալումները։ Հաշմանդամություն ունեցող անձիք երկար տարիներ հասարակական հարաբերություններից օտարված են եղել։ Նրանք գրեթե «անտեսանելի» են եղել հասարակական վայրերում, շատ ցածր է եղել նրանց հասարակական, քաղաքական, տնտեսական մասնակցությունը։ Արդյունքում՝ հաշմանդամություն ունեցող անձանց միֆականացումն ստեղծել է անիրազեկվածության և անհավասարության մթնոլորտ, որում հաշմանդամության վերաբերյալ հանրային գիտակցության պակասը դրդել է հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին լքել նրանց կամ թաքցնել տան պատերից ներս՝ խուսափելով հասարակության կողմից խղճահարության, օտարման կամ մեղադրանքի դրսևորումներից։ 

Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ դիրքորոշումներն էականորեն տարբեր են հաշմանդամության ֆիզիկական և մտավոր տարանջատման ժամանակ։ Մարդիկ շատ ավելի հակված են հասարակական շփումներում տեսնել ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց, քան մտավոր խնդիրներ ունեցողներին։ Այսպես, «Սիվիլիթաս» հիմնադրամի հետազոտության համաձայն հարցվածների 95%-ը` գրեթե բոլորը, համամիտ են, որ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխան լիովին պետք է ներգրավվի հասարակության մեջ, սակայն 63%-ն է համակարծիք մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում։ Ավելին, հարցվածների 23%-ը մտավոր հաշմանդամություն ունեցող երեխային մանկատուն հանձնելը ընդունելի է համարում։ Այս թիվը ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների պարագայում կրկնակի պակաս է՝ 11%։

3 տարի անց իրականացված մեկ այլ հետազոտության համաձայն մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների մանկատուն կամ հատուկ հանրակրթական հաստատություն հանձնելու միտքը ընդունելի է հարցվածների միայն 12.9%-ի համար։ Այնուամենայնիվ, կտրուկ խզում կա հանրակրթությանն առնչվող դիրքորոշումների ժամանակ։ Նույն հետազոտության համաձայն՝ հարցվածների 40%-ն ընդունում է, որ մտավոր հաշմանդամություն ունեցող երեխան կարող է հաճախել սովորական հանրակրթական դպրոց, ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում ցուցանիշը 71% է։ Հարցվածների 25%-ը համաձայն է, որ մտավոր հաշմանդամություն ունեցող երեխան իրենց երեխայի հետ համատեղ սովորի նույն դասարանում, ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխայի դեպքում համաձայն է 40%-ը։

Ընդհանրական դատողություններում հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ հասարակական ընկալումները շատ ավելի ներառական են, մինչդեռ սեփական վարքագծին վերաբերող հարցերի ժամանակ արձագանքներն ավելի զգուշավոր են։ Այսպես, խնամատարություն ստանձնել պատրաստակամ է հարցվածների միայն 5.1%-ը, ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում՝ 3.2%-ը, մտավոր հաշմանդամություն ունեցողների դեպքում՝ 2.5%-ը։ Ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարություն ստանձնել չհամաձայնած չափահաս բնակչության միայն 8%-ն է պատրաստ հաշմանդամություն ունեցող երեխային խնամատար ծառայություն մատուցել, եթե համայնքում աջակցող/մասնագիտական, վերականգնողական ծառայություններ լինեն և վճարվի սահմանվածից բարձր գումար։

Իրավապաշտպան կազմակերպություններն իրավիճակի պատճառների մասին առանձնացնում են հաշմանդամության մասին իրազեկվածության լուրջ բացթողումները։ «Հյուման Ռայթս Ուոթչի» զեկույցում անհատական շատ դեպքեր անդրադառնում են հենց իրազեկվածության խնդիրներին։ Իրազեկվածության ցածր մակարդակը հաճախ է վկայակոչվում որպես երեխային ծննդատանը լքելու պատճառ։

Հաշմանդամության շուրջ իրազեկվածության բարձր աստիճանը կխթանի նաև խնամատարություն ստանձնող անձանց թվի ավելացումը։

EVN Report-ը ողջունում է այն գրառումները, որոնք նպաստում են առողջ քննարկման ծավալման և խթանում են իրազեկ բանավեճ։ Ցանկացած գրառում, որը ներառում է ատելության խոսք, անարգանք կամ անձնավորված վիրավորանքներ չի հրապարակվի: Չեն հրապարակվի  սպառնալից, ռասիստական, սեքսիստական, ագրեսիվ, մոլորեցնող կամ զրպարտիչ գրառումները։ Գովազդային բնույթի  մենկաբանությունները նույնպես չեն հրապարակվի։ Համապատասխան բովանդակությանը հղում կցելը թույլատրվում է, բայց հղումը պետք է լինի թեմային համապատասխան։ 

Thank you for your submission! We will review it soon.

Կարդալ նաև

Հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարության հեռանկարները Հայաստանում

Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքն ամրագրված է հայաստանյան և միջազգային իրավական փաստաթղթերով։ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում երեխաների ընտանիքահենք խնամքի ինստիտուտը կայացնելու ուղղությամբ։Այս վերլուծության նպատակն է ուսումնասիրել հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարության կազմակերպման հնարավորությունները և առաջարկներ ներկայացնել Հայաստանում այս ինստիտուտը զարգացնելու համար։

Իմ մեծ ու արտասովոր ընտանիքը․ ՍՕՍ մանկական գյուղեր

Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղը հիմադրվել է 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո` տրամադրելու անհապաղ օգնություն այն երեխաներին, ովքեր կորցրել էին իրենց ծնողներին: Այսօր ՍՕՍ մանկական գյուղերը շարունակում են աջակցել երեխաներին և նրանց ընտանիքներին Հայաստանի երեք վայրերում:

EVN Report-ը ողջունում է այն գրառումները, որոնք նպաստում են առողջ քննարկման ծավալման և խթանում են իրազեկ բանավեճ։ Ցանկացած գրառում, որը ներառում է ատելության խոսք, անարգանք կամ անձնավորված վիրավորանքներ չի հրապարակվի: Չեն հրապարակվի  սպառնալից, ռասիստական, սեքսիստական, ագրեսիվ, մոլորեցնող կամ զրպարտիչ գրառումները։ Գովազդային բնույթի  մենկաբանությունները նույնպես չեն հրապարակվի։ Համապատասխան բովանդակությանը հղում կցելը թույլատրվում է, բայց հղումը պետք է լինի թեմային համապատասխան։ 

Thank you for your submission! We will review it soon.

Thank you for your submission! We will review it soon.

Նախագիծը ֆինանսավորում է Միացյալ Թագավորության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամը։

Այս հրապարակման մեջ արտահայտված կարծիքները հեղինակինն են և կարող են չարտացոլել Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

cssf logo uk gov


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team