Տիգրանին հաճախ կարելի է տեսնել մետրոյում. գտնում է աշխատանքի: Ասում է, որ հաճախ մետրոյում մարդիկ սկսում են խոսեցնել իրեն. ո՞վ է, ինչո՞վ է զբաղվում, նա էլ սիրով պատասխանում է: Երիտասարդը վստահեցնում է, որ մարդիկ ավելի բարյացակամ ու սիրալիր են դարձել, փորձում են օգնել, ուրախանում են հաջողություններով: Մետրոյով աշխատավայր գնալ շատ է սիրում, քանի որ քաղաքային թոհուբոհից այն բավական հեռու է, բայց այդ փոխադրամիջոցը, Տիգրանի բնորոշմամբ, արագություն է պահանջում, այնպես որ, կես կատակ կես լուրջ մետրոյից օգտվողներին խորհուրդ է տալիս արագաշարժություն սովորել:
Մի քանի ամիս առաջ էր, երբ Տիգրանին «TMM» կենտոնի հիմանդիր Լենա Հարությունյանն առաջարկեց փորձել հատուկ մանկավարժի օգնական աշխատել՝ վստահ լինելով, որ նա կենտրոն հաճախող երեխաների կյանքը փոխելու է: Փորձեցին ու ստացվեց: Տիգրանը մտնում է «TMM», ողջագուրվում բոլորի հետ, համբուրում սրահում գտնվող բոլոր ներկաներին ու արհեստավարժ մասնագետին բնորոշ հմտությամբ անցնում աշխատանքի: Սկզբում թվերը, հետո գույները, կենդանիներն ու այսպես շարունակ: Երբեմն կարելի է լսել Տիգրանի բարձր ձայնը, երբեմն՝ հոգոցը, երբեմն՝ ուրախ բացականչությունը, սակայն ինչ էլ լինի, նա երեխաներին է սիրում, երեխաներն՝ իրեն:
Տիգրանը սիրած աղջիկ ունի, որի անունը չի ցանկանում հրապարակել: Վստահ է, որ մի օր ամուսնանալու են, մեկնելու են Լոնդոն հանգստի ու անպայման վերադառնալու են Հայաստան: Տիգրանը մեկ երազանք ունի, որ աշխարհի բոլոր մանկատներն ու ծերանոցները փակվեն ու որ մարդիկ ընտանիք ունենան: