soldier story

Ոսկեգույն ծածկոցով փաթաթված է զինվորական համազգեստով ու գլխարկով 19-ամյա երիտասարդի դին։ Հարազատները վերցրել են դագաղն ու վերջին հրաժեշտը տալու փոխարեն դուրս եկել փողոց։ Փետրվարյան սառը օրվա հետ սառել են մտքերը, ցասումը մեծ է։ Արդարության պահանջով հայրենի Հայթաղ գյուղից մարդիկ քայլում են մայրաքաղաք. մինչև Երևան 24 կմ է։

Արցախի պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում հունվարի 30-ին, ժամը 13:15-ի սահմանում մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 2000 թ. ծնված Վահրամ Ավագյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի՝ ինքնասպանության հասցնելու հոդվածն է հարազատների ցասման պատճառը։ 

«Չէր կարող որդիս ինքնասպան լինել, չէր կարող ինքն իր վրա ձեռք բարձրացնել»,- անզորությունից նվաղած ձայնով ասում է հայրը։ Երեք որդի է նա ճանապարհել բանակ, բորլորն էլ պատվով կատարել են պարտքն առ հայրենիք ու վերադարձել տուն։ Չորրորդ  որդին ծնողներին հավերժ սգավոր չէր թողնի, վստահ է հայրը, նա Աստծո պատվիրանը չէր խախտի, ձեռք չէր բարձրացնի Աստծո պարգևած կյանքի վրա։

Իրավապահները նման դեպքերում արագ են կողմնորոշվում. դեպքը ինքնասպանություն են որակել. ծնողների համար ամենից ցավոտ ու քրիստոնյային երբեք չներվող որակում։ Որակում, որի միակ մեղավորը մահացածն է, որակում, որից հետո ոչ ոք պարտք ու պահանջ չունի։

Զինվորի դին ձեռքներին փողոց դուրս եկած սգավորներին ընդառաջ է գալիս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը. մարդիկ անկոտրում են։ Կանանցից մեկը բղավում է՝ չենք նահանջելու, որ նոր զոհերը կանխվեն։

Եվ արի ու տես, որ ծնողի սիրտը չի խաբում։ Երևան հասնելու սպառնալիքից հետո տարածվում է ՀՀ քննչական կոմիտեի հայտարարությունը, որ Վահրամ Ավագյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել են նրա ծառայակիցներ Դավիթ Մովսիսյանը, Խաչիկ Գասպարյանը, Սպարտակ Ավետիսյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։

Հայտարարությունը փոխում է հարազատների քայլերի ուղղությունը, Վահրամի դին նրանք վերջապես հողին են հանձնում՝ հույս ունենալով, որ մեղավորները կպատժվեն օրենքի տառին համապատասխան՝ «շնորհքով»՝ ճիշտ այնպես, ինչպես գործով մեղադրվող Դավիթ Մովսիսյանի հայրը՝ Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն էր մեկնաբանում, երբ զենք-զինամթերք պահելու կասկածանքով նրա տունը խուզարկում էին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները։

Իսկ եթե մարդիկ փողոց դուրս չգայի՞ն․․․

Այս դեպքից ուղիղ տասը տարի առաջ՝ 2010-ի մարտի 15-ին հենց նույն զորամասում բավական կասկածելի պայմաններում մահացել էր ընդամենը 3 ամսվա զինծառայող, 19-ամյա Վալերի Մուրադյանը։

Տղայի մարմինը գտել էին զորամասի բակում՝ պտտաձողից կախված, ծնկները գետնին: Չնայած այս հանգամանքին՝ քննիչները եզրակացրել էին, որ նա ինքնասպան է եղել։ Ինքնասպանության պաշտոնական վարկածը՝ Վալերի Մուրադյանն իրեն կախել է 3000 դրամ պարտքի պատճառով:

Վալերիի մայրն այսօրվա պես հիշում է, թե ինչպես էր որդին պատմում, որ ականատես է եղել վառելիքի գողության. «Իմ տղան պլանավորել էր բանակից հետո էլ մնալ համակարգում։ Սակայն դեպքից 4 օր առաջ զանգեց տուն, ասաց, որ վառելանյութի գողության է ականատես եղել։ Ասաց, որ գումար են առաջարկել՝ 3.000 դրամ, բայց չի վերցրել։ Ասացի, Վալեր ջան, գործ չունես դրանց հետ։ 4 օր հետո իմ տղային սպանեցին։ Իմ երեխու պարանոցի վրա երկու պարանի հետք կա, ձեռքերին բազմաթիվ մատնահետքեր, որոնք հստակ երևում են, անգամ դատաբժշկական փորձաքննությամբ են հաստատվել»։

Վալերիի ծնողները որդու մահից չորս ամիս անց են միայն սկսում գիտակցել, որ ինքնասպանություն որակված դեպքի մեջ կասկածելի հանգամանքներ կան։ Ու արդեն տասը տարի, գրեթե ամեն օր՝ ինքնասպանության որակմամբ զինվոր կորցրած մյուս ծնողների հետ, տարբեր հարթակներից պատմում են այս մասին ու պահանջում արդար դատաքննություն։ «Էդ ո՞նց է լինում, որ բոլորը գնում են բանակ ու ինքնասպան են լինում։ Ի՞նչ եք անում այդ զինվորներին, որ ինքնասպան են լինում։ Ախր սա ավելի մեծ խայտառակություն է բանակի համար, իրենք այդքանը չեն հասկանում։ Ես համոզված եմ, որ այդ բոլոր դեպքերը սպանություններ են՝ ինքնասպանության տակ կոծկված։ Ես դուրս եմ գալիս փողոց արդարության համար, ես դուրս եմ գալիս, որ մյուս մայրերը երբեք չտեսնեն իմ ապրած ցավը։ Այս դեպքերը պետք է այնքան բարձրաձայնվեն, մինչև դրանց համար պատասխանատվություն սկսի կրել զորամասի սպայական կազմը։ Եթե անգամ զինվորը համարձակվում է նման քայլի, ուրեմն հենց սպաներն են այդ անպատժելիության մթնոլորտը թույլ տվել»,- ասում է Վալերիի մայրը։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տարեսկզբին հայտարարեց, որ 2019 թվականին Հայաստանի և Արցախի զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 22 տոկոսով: Ըստ գլխավոր դատախազի խորհրդականի՝ ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում 2019 թվականի ընթացքում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որից տասը ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով։

Աբրահամյանը համեմատության համար նշեց, որ 2018-ին ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել է 63 զինծառայողի մահվան դեպք, որից 11-ը ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով։

2020 թվականի միայն հունվարին ՀՀ և ԱՀ զինված ուժերում չորս մահ է արձանագրվել։

Իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանը նույնպես կարծում է, որ զինվորների մահվան հիմնական մեղավորները սպաներն են. «Հայաստանում դեռևս այդպիսի դեպք չի եղել, որ զորամասի հրամանատարությունը պատասխանատվություն կրի զինվորի մահվան համար, մինչդեռ զինվորների մահվան առաջին պատճառը հենց անպատժելիությունն է։ Ցավալի է, որ վերնախավից ոչ մեկը չի գիտակցում իր պատասխանատվությունը այս մահերի համար, մինչդեռ պետությունն է պատասխանատու բոլոր զինվորների համար։ Դեպքերը շարունակվում են կրկնվել, քանի որ որևէ մեկը չի մտածում, որ այդ զինվորը կարող էր իր երեխան լինել։ Մենք տարիներ շարունակ տեսնում ենք, որ դատարաններում պատասխան է տալիս մեկ այլ զինվոր, բայց ոչ երբեք հրամանատարական կազմից մեկը. ստացվում է, որ զինվորը թիրախ է՝ կա՛մ նրան պիտի սպանեն, կա՛մ նա պետք է պատասխանատվություն կրի սպանության համար»։

19-ամյա Վահրամի հուղարկավորության թափորի առջևից, ծաղիկներ գրկած, կարծես արարողության ողջ ծանրությունը ուսերին, քայլում են տղաներ, որ հետո զինվոր պիտի դառնան։ Ու նրանց ապահով ապագայի համար է, որ ոսկեգույն ծածկոցով ամփոփված 19 տարվա կյանքը մայր հողին այսքան իրադարձություններից հետո է հանձնվում միայն։

նույն հեղինակի կողմից

Ուժեղի մոտ միշտ էլ թո՞ւյլն է մեղավոր․ ասք 16-ամյա խեղդամահ եղած աղջկա մասին

Օրեր առաջ Երևանում 16-ամյա աղջկա խեղդամահ լինելու բոթը տարածվեց ու տոնական սեղանների շուրջ ամենաքննարկվող թեման դարձավ Հայաստանում։ Երեխայապաշտ համարվող Հայաստանում լուրն անմիջապես տարբեր հարթակներում լայն մեկնաբանությունների առիթ դառնալով նախ թիրախավորեց աղջկա վարքագծը: Սակայն սա նորություն չէ հայ հասարակության համար։

Ընտանեկան բռնություն․ անկատար օրենքն ու հասարակության կարծրատիպերը կանանց սպանությունների պատճառ են շարունակում մնալ

Ամուսնու կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով կնոջ մահվան հերթական բոթը Հայաստանում կրկին ստիպեց խոսել հայ հասարակության կողմից այդքան չսիրված ընտանեկան բռնության դեպքերի ու չհանգուցալուծվող խնդիրների մասին։

EVN Report-ը ողջունում է այն գրառումները, որոնք նպաստում են առողջ քննարկման ծավալման և խթանում են իրազեկ բանավեճ։ Ցանկացած գրառում, որը ներառում է ատելության խոսք, անարգանք կամ անձնավորված վիրավորանքներ չի հրապարակվի:

Thank you for your submission! We will review it soon.

Subscribe to our mailing list


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team