evn report remedial secession
 Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:

«Անջատում հանուն փրկության» (փոփոխված թարգմանություն “remedial secession”-ից, որը բառացի նշանակում է “վերականգնողական անջատում”) սկզբունքը տարբեր քաղաքական ուժերի կողմից արծարծվում է նախընտրական քարոզարշավի համատեքստում։ Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն այն ընդհանուր իմաստով է նշում՝ որպես Արցախի հիմնախնդրի լուծման հիմք, առանց դրա կիրառման մեխանիզմի հստակեցման։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում առաջնային տեղ զբաղեցնող Ալեն Սիմոնյանն այս սկզբունքին անդրադարձավ նախընտրական առաջին հեռուստաբանավեճի ժամանակ, մինչդեռ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Արման Մուսինյանը նշեց, որ Արցախի հիմնախնդրի համատեքստում այդ սկզբունքը առաջինն առաջադրել է ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն իր հերթին նշեց, որ իրենք մշակել են այս հայեցակարգի մի տարբերակ և ներկայացրել նախորդ իշխանություններին, ինչը բացահայտում էր հանրության համար: Սակայն «Անջատում հանուն փրկության» սկզբունքը ներկայացված չէ ո՛չ Հայ ազգային կոնգրեսի, ո՛չ էլ Հանրապետություն կուսակցության ծրագրերում։ Ավելին, հունիսի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ ստեղծագործաբար թարգմանել է “remedial secession” միջազգային եզրույթը, որը կիրառվել է Կոսովոյի նկատմամբ, բայց նաև ցավով արձանագրեց, որ չնայած այդ սկզբունքը կիրառելի էր երբ ինքն այն առաջարկեց 2016-ին, «ծիծաղելի» կլինի այն գործածել հիմա՝ հետպատերազմյան այս իրավիճակի պարագայում։

 

Ընդհանրապես, Հայ ազգային կոնգրեսն իրեն դիրքավորել է որպես իրատեսական ծրագրեր ներկայացնող քաղաքական ուժ: Սա նոր դիրքավորում չէ` այն համահունչ է արցախյան հիմնախնդրին ու Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող այս ուժի հայտարարություններին 1997-ից ի վեր: Տեր-Պետրոսյանն առանցքային դեր է ունեցել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների հիմքը դնելու հարցում, որը քննադատվել է որոշ այլ քաղաքական ուժերի, ինչպես օրինակ` Ազգային ժողովրդավարական բևեռի կողմից, որն այն կարծիքին է, որ բանակցությունների հիմքը պետք է լիներ Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը Արցախի հետ վերամիավորման միջոցով։ 

 

 

Տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի հակասությունը միջազգային իրավունքի բարդագույն երկընտրանքներից է, որը հանգեցնում է փակուղու՝ հիմնականում հօգուտ տարածքային ամբողջականության: Այդուհանդերձ, լինում են դեպքեր, երբ «Անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառվում է հիմնվելով էթնիկական զտումների գոյութենական սպառնալիքի վրա, օրինակ՝ Կոսովոյի, Արևելյան Թիմորի և Հարավային Սուդանի պարագայում։ Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին «Անջատում հանուն փրկության» սկզբունքը ամբողջությամբ ձևակերպված չէր։ Այն առավել հստակ ուրվագծվեց 1999-ին` Կոսովոյում, ՆԱՏՕ-ի միջամտության և ՄԱԿ-ի առաքելության հիմնադրման համատեքստում: Մյուս կողմից, 1996 թ. Լիսաբոնի գագաթնաժողովում արված իր հայտարարության մեջ Տեր-Պետրոսյանն անդրադառնում է արցախահայության էթնիկական զտումների գոյութենական սպառնալիքին՝ վկայակոչելով հայերի կոտորածներն ու տեղահանության դեպքերի պատմությանը Ադրբեջանում։

«Անջատում հանուն փրկության»-ը ի բնույթով ոչ թե իրական քաղաքական շահերի վրա հիմնված Ռեալպոլիտիկ մոտեցման, այլ ազատական արժեքների վրա հիմնված սկզբունք է, որն արդարացնում է տվյալ միավորի անջատումը, ինչպես նաև միջազգային հանրության կողմից այն աջակցող միջամտությունը մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի տեսանկյունից: Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից այդ սկզբունքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ կիրառելու առաջարկը՝ 2016-ի քառօրյա պատերազմից հետո հրապարակված իր հոդվածում, իրականում շեղում էր ՀԱԿ-ի ավանդական Ռեալպոլիտիկ մոտեցումներից։ Սկզբունքը հետագայում լրամշակեց նախկին փոխարտգործնախարար, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Ռուբեն Շուգարյանը, ով հարում էր Հայ ազգային կոնգրեսին, և 2016-ին հրապարակած իր հոդվածում այն վերաձևակերպեց որպես «Ճանաչում հանուն փրկության». սա փաստորեն, «Անջատում հանուն փրկության» սկզբունքի համապատասխանեցնում էր արցախյան իրավիճակին:

«Անջատում հանուն փրկության» սկզբունքն ակտիվորեն շրջանառվում էր Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում: 2020 թ. հոկտեմբերի 8-ին Տեր-Պետրոսյանը հոդված հրապարակեց, որում, վկայակոչելով Ժնևի քաղաքային խորհրդի հոկտեմբերի 7-ի որոշումը և անդրադառնալով 2016-ի իր հոդվածին, կրկին պնդեց, որ հայկական դիվանագիտության համար այս սկզբունքի կիրառումը կենսական նշանակություն ունի: Վարչապետ Փաշինյանն իր հայտարարություններում և հարցազրույցներում «Անջատում հանուն փրկության» սկզբունքի մասին խոսում էր հոկտեմբերի կեսերին՝ մինչև հոկտեմբերի 19-ի բանակցությունների տապալումը: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը և խորհրդարանի անդամները պատերազմի ամբողջ ընթացքում փոխարինաբար գործածում էին «Անջատում հանուն փրկության» և «Ճանաչում հանուն փրկության» հեշթեգերը:

Քաղաքական ուժերից զատ, այս սկզբունքի մասին իրենց հարցազրույցներում ու հոդվածներում խոսում էին նաև հայ փորձագետներից շատերը, այդ թվում միջազգային իրավունքի մասնագետներ Եղիշե Կիրակոսյանը և Լևոն Գևորգյանը, որոնք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Հայաստանի ներկայացուցչության մաս են կազմում, Ֆիլիպ Րաֆֆի Կալֆայանը, ինչպես նաև ես: Պատերազմի կեսին այս բանաձևի առաջադրման հիմնավորումը Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործումն էր, Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների անդադար գնդակոծումը կասետային զինատեսակներով ու հրթիռային կայանքներով, խաղաղ բնակիչների և ռազմագերիների խեղումներն ու գլխատումները, ինչպես նաև նախորդ վայրագությունները՝ Առաջին ղարաբաղյան պատերազմից առաջ և դրա ընթացքում: Զարգացնելով Շուգարյանի հոդվածում ձևակերպված տեսակետը, ես բացատրեցի, որ «Ճանաչում հանուն փրկության» տարբերակը ավելի է համապատասխանում Արցախի իրավիճակին, քան բուն «Անջատում հանուն փրկությանը»։ Պատճառները մի քանիսն էին. նախ, ըստ հայկական կողմի մոտեցման, Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, այլ կամայականորեն ինտեգրվել է Ադրբեջանին խորհրդային իշխանությունների կողմից Ստալինի անմիջական միջամտությամբ և անկախություն է հայտարարել խորհրդային սահմանադրության համապատասխան 1991 թ.; Երկրորդ, Արցախն ունի իր մշտական բնակչությունը և հստակ սահմանները, ստեղծել է պետական կառավարման մարմիններ՝ այդպիսով բավարարելով պետականության չորս հիմնական չափանիշներից երեքին՝ համաձայն «Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» 1933 թ. Մոնտեվիդեոյի կոնվենցիայի։

Սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում ևս թեժ էր քննարկումը «Անջատում հանուն փրկության» կամ «Ճանաչում հանուն փրկության» սկզբունքների շուրջ: Ազատականների մեծ մասը կողմ էր այդ սկզբունքին, հակընդդեմ փաստարկներ էին բերում պահպանողականները կամ ազգայնականները։ Դրանց մի մասը շարունակվում է շրջանառվել նաև հետպատերազմյան շրջանում։

Հիմնական հակափաստարկը Արցախի նկատմամբ այդ սկզբունքի կիրառելիության հանդեպ հավատի բացակայությունն է՝ հիմնված այն համոզմունքի վրա, որ ԱՄՆ-ը և Եվրամիության երկրների մեծամասնությունը Կոսովոյին աջակցում են ոչ թե ազատական արժեքներից և մարդասիրական նկատառումներից, այլ իրական քաղաքական շահերից ելնելով։

Որոշ քաղաքական և հասարակական գործիչների ու փորձագետների համար «Անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառումը նշանակում է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս: Վերջիններս պնդում են, որ «անջատումը» կարող է ընկալվել «անջատողականության» (սեպարատիզմի) համատեքստում, որը միջազգային եզրույթներում օտգագործվում է հիմնականում բացասական երանգավորմամբ: Հետևաբար, առավել նախընտրելի է «Ճանաչում հանուն փրկության» ձևակերպումը։ Ավելին, «հանուն փրկության» իրավունքները գործնականում կիրառվում էին նաև Արևելյան Թիմորի նկատմամբ, այնինչ այն Ինդոնեզիայի օրինական մաս չէր եղել, այլ բռնակցվել էր վերջինիս Պորտուգալիայի գաղութային լուծը թոթափելուց ու անկախության հռչակումից հետո: Այդ պատճառով էլ Արևելյան Թիմորն իր ազգային տոնն անվանում է «Անկախության վերականգնում»։

Այս սկզբունքի կիրառումը սխալ են համարում նաև այն ուժերը, որոնք համարում են, որ Արցախը պետք է միավորվի Հայաստանին և ոչ թե անկախ ճանաչվի։ Այս պարագայում նախընտրելի է «Վերամիավորում հանուն փրկության» ձևակերպումը՝ հիմնվելով երկու փաստարկի վրա. նախ՝ Խորհրդային Ադրբեջանին Արցախի կցման անօրինականությունը, և երկրորդ՝ անկախ Արցախի կենսունակ չլինելը՝ տարածքի փոքրությունից ելնելով և աշխարհաքաղաքական թշնամական միջավայրի պայմաններում: Այնուամենայնիվ, այս մոտեցումն անխոհեմ կլիներ պատերազմի ամենաթեժ պահին, այն պետք էր նախապատրաստել խաղաղ տարիներին՝ միջազգային դատական ատյաններ իրավական փաթեթ ներկայացնելու կարգի հիման վրա՝ 2010 թ. Արդարադատության միջազգային դատարանի կողմից Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման հարցով միջազգային իրավունքին համապատասխանության միջազգային խորհրդատվական կարծիքի նման եզրակացություն հայցելու համար։

Մյուս կողմից, ԼՂԻՄ-ին հարակից 5+2 շրջանների վերադարձին դեմ հանդես եկող քաղաքական ուժերի համար այս սկզբունքի կիրառումը նշանակելու էր, որ Հայաստանը կորցնելու է այդ շրջանները: Ամեն դեպքում, պատերազմում կրած պարտությունը էապես ավելացրել է նրանց թիվը, ովքեր այժմ կարծում են, որ շրջաններից հինգի վերադարձը ողջամիտ եղած կլիներ։ Ինչ վերաբերում է Բերձորին (Լաչին) և Քարվաճառին (Քելբաջար), ապա դրանք հնարավոր էր պահել որպես միջանցքներ, հատկապես այդ շրջաններում հայկական ժառանգությունն ապացուցելու դեպքում ։ Նույն շրջանակը սովորաբար դեմ էր միջազգային խաղաղապահ առաքելությանը, քանի որ կարծում էր, որ հայկական բանակը կարող էր շարունակել մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, կամ միայն ռուսական ուժերը կարող էին կամ պետք է խաղաղապահ առաքելություն իրականացնեին։

Պատերազմից հետո ակնհայտ է, որ ժամանակ կպահանջվի հայկական բանակը վերականգնելու և բարեփոխելու համար, և ամեն դեպքում բարդ կլինի դիմակայել Թուրքիայից անմիջական ռազմական աջակցություն է ստացող Ադրբեջանի զինված ուժերին: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը տարակարծիք են, թե Ռուսաստանը կցանկանա արդյո՞ք շարունակել խաղաղապահ առաքելությունը Արցախում 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշված հնգամյա ժամկետի ավարտից հետո, թե անհրաժեշտություն կլինի ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի մանդատի ներքո միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը, որոնք կփոխլրացնեն կամ կփոխարինեն ռուս խաղաղապահներին։

Արցախյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո «Անջատում հանուն փրկության» սկզբունքը հետևողականորեն չի արծարծվել ո՛չ Հայաստանի իշխանությունների, ո՛չ էլ քաղաքական մյուս ուժերի կողմից: Հայ ազգային կոնգրեսին հարող քաղաքական վերլուծաբան Արման Գրիգորյանը նշել է, որ պատերազմից հետո այս սկզբունքը նույնիսկ ավելի կիրառելի է, քան նախկինում էր՝ հակասելով իր իսկ սովորաբար ռեալպոլիտիկ մոտեցումներին: «Պաշտպանելու պարտականություն» և «Անջատում հանուն փրկության» կամ «Ճանաչում հանուն փրկության» փոխկապակցված սկզբունքներին անդրադարձել են Շեյլա Փայլանն ու Վրույր Մակալյանը։ 2021 թ. ապրիլին՝ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ հանդիպման ժամանակ այս սկզբունքի մասին խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը: 

Այլ մոտեցում ունի Լուսավոր Հայաստան կուսակցությունը՝ ջատագովելով Արցախի միացում Հայաստանին, թեև առանց հստակեցնելու գործընթացի մեխանիզմը: Ազգային ժողովրդավարական բևեռը նախընտրում է խոսել նախորդ դարի պայմանագրերի ու հռչակագրերի մասին, որոնք, նրանց համոզմամբ, իրավական առումով ապացուցում են Արցախի՝ Հայաստանի մաս լինելու հանգամանքը, ինչի պայմաններում Հայաստանի հետ վերամիավորմամբ վերականգնվելու է Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Չնայած այս քաղաքական ուժերը կարող են մտածել, որ իրենց մոտեցումները հակասում են «Հանուն փրկության» սկզբունքին, հնարավոր է մեկտեղել դրանց որոշ տարրեր և մշակել արցախյան հիմնախնդրի լուծման ու փակուղուց դուրս գալու համապարփակ ռազմավարություն: Իմ կարծիքով՝ Հայաստանը պետք է նախապատրաստի ծանրակշիռ իրավական մի փաթեթ և այն ներկայացնի միջազգային իրավական կառույցներ, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարան, Արցախյան ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ պատերազմների ժամանակ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ միջազգային մարդասիրական օրենքի և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ներկայացվող հայցերի հետ միասին։ Արցախի երկրորդ պատերազմի հետ կապված հայց հայկական կողմն արդեն իսկ ներկայացրել է ՄԻԵԴ-ում: Ամենակարևորն այն է, որ այս աշխատանքը պետք է կատարվի ԵԱՀԿ հովանու ներքո դիվանագիտական գործընթացների վերսկսմանը զուգահեռ՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներգրավմամբ: Ընդ որում, այս առումով կարևոր է Հայաստանում կառուցողական ներքաղաքական դիսկուրսը և քաղաքական ուժերի ու արհեստավարժ փորձագետների համագործակցությունը՝ ավանդական քաղաքականացման և բևեռացման փոխարեն, և տարբեր մոտեցումների միջև հակասությունների փոխարեն համադրություններ գտնելը:

«Անջատում հանուն փրկության» սկզբունքը կարծես մնում է Արցախի հիմնախնդրի շուրջ ստեղծված փակուղուց դուրս գալու հնարավոր ելք: Եթե անգամ քաղաքացիական զոհերի թիվը մեծ չի եղել 2020-ի Արցախյան պատերազմի օրերին, այդ ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, հայաֆոբիայի և հայատյացության քարոզը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի այլ գործիչների հայտարարություններում, որոնց վերաբերյալ փաստերն արձանագրել են Հայաստանի և Արցախի  մարդու իրավունքների պաշտպանները, և ակնհայտ գոյութենական վտանգը արցախահայության համար, հատկապես ռուս խաղաղապահների դուրսբերման դեպքում նրանց առաքելության ամուր իրավական հիմքի և միջազգային մանդատի բացակայության դեպքում բավարար հիմք են «Անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառումը հիմնավորելու համար։

 

 

Քաղաքական մշակույթ

Ժողովրդավարացման անտանելի թեթևությունը. Թավշյա էյֆորիայից մինչև հետպատերազմական մելամաղձություն

Վերջին մի քանի տարիներին Հայաստանում քաղաքական մշակույթը զարգացման երեք կարճ, բայց արագ փուլ է անցել՝ մինչև թավշյա հեղափոխությունը, հետհեղափոխական ու 2020 թվականի Արցախյան պատերազմին հաջորդող շրջանները, որոնք էլ փորձում է ուրվագծել հեղինակը։

Կուսակցական ձախողումները քաղաքականության բեմում

Տարեսկզբից կուսակցական երեսունմեկ հիմնադիր համագումարի հայտարարություն է եղել. նման վիճակագրություն չի արձանագրվել անկախացումից ի վեր՝ 30 տարիների ընթացքում:

1919-ի համապետական ընտրությունները

Հայաստանի առաջին Հանրապետության գոյության երկուսուկես տարիների պատմությունն առավելապես դիտարկվում է կառավարության գործունեության ծիրում։ Հայաստանը 1918-20թթ. խորհրդարանական կառավարում ունեցող պետություն էր սակայն առաջին խորհրդարանական ընտրությունները կազմակերպվեցին 1919-ի հունիսին:

Հարցումները կեղծ մեծամասնությամբ ընտրության հավանականության օգտին են

Օրերս հրապարակվեցին խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հեռախոսային հարցման արդյունքները, որոնք պատգամավորական մանդատների բաշխման բավական խնդրահարույց պատկեր են ուրվագծում՝ «կեղծ մեծամասնության» սցենարի տեսքով։

Podcasts 

ruben galychian podcast
jenny baduryan podcast
election observers podcast


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team