evn report judical power
 Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:

«Եթե Վճռաբեկ դատարանը լիներ վստահելի, ապա Վարդան Պետրոսյանի վթարի, Ավետիք Բուդաղյանի սպանության, Հարսնաքարում Վահե Ավետյանի սպանության դեպքերում ամեն քաղաքացի չէր փորձի դառնալ դատավոր, փոխարենը կսպասեր Հայաստանի դատարանի արդար վճռին: Եթե Վճռաբեկ դատարանը արդար գործեր, ապա Երևանում տրասնպորտի գնի թանկացման, Կոմիտաս 5-ի խնդիրների, Փակ շուկայի ապօրինի շինարարության դադարեցման, Մարցի, Թռչկանի ու այլ վիճելի ՀԵԿ-երի կառուցումը դադարեցնելու, Տիգրան Առաքելյանի պաշտպանության, Լյուքս Ստեփանյանի և այլ զորակոչիկների սպանության բացահայտման, Թեղուտի բնապահպանական խնդրի լուծման համար մարդիկ արդարադատություն չէին փնտրի փողոցներում:»

                                                                          Հատված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 

                                                                        արդար դատաքննության իրավունքին վերաբերող 

                                                                                 արտահերթ զեկույցի նախաբանից (2013թ.)։

 

Քաղաքացու իրավունքների պաշտպանության խնդրում գերակա դեր ունի արդարադատության ոլորտի պատշաճ գործունեությունը։ Արդարադատության համակարգի արդյունավետությամբ է բնորոշվում երկում առկա մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մակարդակը և իրավունքների խախտումները կանխելու, ինչպես նաև խախտված իրավունքի վերականգնման պետության կարողությունը: 

Մարդկության պատմության ողջ ընթացքում փիլիսոփայական միտքը վերլուծելով հասարակության քաղաքական զարգացման պատմական փորձը գիտակցել է, որ իշխանության կենտրոնացումը մեկ անձի ձեռքում հանգեցնում է աղետալի հետևանքների՝ կամայականությունների, չարաշահումների և անօրինական գործողությունների։ Ուստի, 17-18-րդ դարերում անգլիացի մտածող Ջոն Լոքը, ապա նաև ֆրանսիացի փիլիսոփա Շարլ Լուի Մոնտեսքյոն ձևակերպեցին իշխանության տարանջատման տեսությունը, որի առանցքում ընկած է պետական իշխանության սահմանափակման գաղափարը` դրա տարանջատված ճյուղերի փոխադարձ զսպման ու հակակշռման միջոցով:  

Իշխանությունների տարանջատումը երեք ճյուղերի` օրենսդիր, գործադիր և դատական, ժամանակակից աշխարհում հանդիսանում է ժողովրդավարական պետության հիմնաքարերից մեկը, որի շնորհիվ հաղթահարվում է իշխանության կենտրոնացման վտանգը և անհրաժեշտ նախադրյալներ են ստեղծվում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների իրացման ու պաշտպանության համար:

Այս հոդվածում կկենտրոնանանք հենց դատական իշխանություն վրա, որը հատուկ համակարգ է և կոչված է հետևելու, որպեսզի պետությունը օրենքով սահմանափակի իր իշխանական նկրտումները քաղաքացու նկատմամբ՝ ապահովելով մարդու իրավունքների պաշտպանությունը: Այդ իսկ պատճառով դատական իշխանության անկախության և մարդու անկախ դատաքննության իրավունքին վերաբերող երաշխիքները ամրագրված են միջազգային փաստաթղթերում, ինչպես նաև ներպետական իրավական կառուցակարգերում։  Ընդ որում, միջազգային չափանիշներում ամրագրված է թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ անհատական անկախության սկզբունքը։ Մասնավորապես ինստիտուցիոնալ անկախությունը վերաբերում է դատական համակարգի անկախությանը՝ օրենսդիր և գործադիր իշխանություններից, իսկ անհատական անկախությունը՝  դատավորներին, որոնք քաղաքացիների գործերը քննելիս պետք է տարատեսակ ճնշումներից զերծ ու պաշտպանված լինեն։

Ինչպիսի՞ դատարաններ ու դատավորներ ենք մենք ունեցել, ինչու է այդպես ստացվել, որ ՀՀ դատական համակարգի բարեփոխումները չեն տվել ցանկալի արդյունքներ, իսկ հանրության վստահությունը այդ համակարգի նկատմամբ մշտապես եղել է չափազանց ցածր։

 

ՀՀ դատական իշխանության ձևավորման և բարեփոխումների ընթացքը․ ինչու՞ չունեցանք անկախ դատական համակարգ

Հայաստանի անկախացման առաջին իսկ տարիներից երկրում սկսվել է դատական համակարգի ձևավորման և բարեփոխման գործընթացը։ Մասնավորապես, ՀՀ սահմանադրության ընդունման հետ մեկտեղ՝ 1995 թվականից սկիզբ է առել դատաիրավական բարեփոխումների առաջին փուլը, որի շրջանակներում  խորհրդային դատական համակարգը փոխարինվեց նորով։ Այնուհետ, 2005 թվականի սահմանադրական փոփոխությունները նշանավորեցին դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլը, որի ընթացքում ընդունվել են ոլորտին վերաբերող օրենսգրքերը, իսկ արդեն 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները ազդարարեցին բարեփոխումների երրորդ փուլը, որը շեշտադրեց իրավունքի գերակայությունը և դատական համակարգի անկախությունը, որպես սահմանադրական երաշխիք։ Այդուհանդերձ,  Սահմանադրության 2-րդ գլուխը նվիրված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին: Այստեղ նշված իրավունքները և ազատությունները ճանաչվում են որպես «բարձրագույն արժեքներ», որոնք ենթակա են դատարանների կողմից ուղղակիր կիրառության:

Սակայն փաստացի, ավելի քան երկու տասնամյակ տևած բարեփոխումների գործընթացը չհանգեցրեց համակարգային վերափոխման, ինչպես նաև՝ դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացման մի քանի պատճառներով։ Նախ, դատավորների նշանակման  մեխանիզմները մշակված են եղել այնպես, որպեսզի հենց իշխող կուսակցությունը որոշի դատարանների կազմը՝  մեծացնելով դատավորների կախվածությունը օրենսդիր և գործադիր մարմիններից։  Քաղաքական նպատակահարմարությամբ ընտրված և դրանով իսկ կաշկանդված, չափազանց խոցելի դատավորները ստիպված են եղել սպասարկել իշխող ուժի շահերը, չեն  կարողացել իրականացնել արդարադատություն՝ քաղաքական խավից և մասնավոր հատվածից ունեցած խիստ կախվածության պատճառով: Այդ իրավիճակը նպաստել է հանրության կողմից դատարանների նկատմամբ վստահության անկմանը: 

Հիշենք բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան և այդ դեպքերով դատաքննության գործընթացները, որոնք հաճախ անտրամաբանական զարգացումներ էին ստանում, իսկ սևազգեստ մայրերը տարիներ շարունակ բողոքի ակցիաներ էին իրականացնում նախագահական նստավայրի և կառավարության շենքերի առջև։ Նաև, Հյուսիսային պողոտայի կառուցապատման արդյունքում տուժած քաղաքացիների դատական հայցերը, որոնց վերաբերյալ տարիներ անց դիրքորոշում  հայտնեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Այդպիսի դեպքերը քիչ չեն եղել, և  2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած փոփոխության հանրային պահանջը մեծապես կապված էր անկախ դատական իշխանություն ունենալու հրամայականով։ Հենց արդարության պահանջը բազմահազար քաղաքացիներին հանեց փողոց, և հանրային բողոքի ալիքի վրա ձևավորված կառավարությունը որոշակի մոտեցումներ ամրագրեց  2019 թվականի իր ծրագրում։ Մասնավորապես, ՀՀ կառավարության 2019թ. ծրագրի 4.1. կետի համաձայն՝ օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարության խնդիրը լուծելու առանցքային գործոնը Կառավարության քաղաքական կամքն է, իսկ արդարության զգացման և օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելու կարևորագույն նախապայմանն անկախ, արհեստավարժներով հագեցած և արդյունավետ դատական համակարգն է։ Իսկ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության մեջ տեղ գտավ նաև անցումային արդարադատության իրագործման շրջանակը, որի համաձայն կարևորվեց  մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների փաստագրումը՝ առնվազն 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներում, 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարման փաստերը, ինչպես նաև սեփականազրկումների այլ դրսևորումները, և ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողների գործերը։ 

Սակայն, նոր կառավարությունը նույնիսկ այդ մոտեցումներն ի զորու չեղավ իրագործելու։ Ավելին, բարեփոխումների վերաբերյալ հայտարարած իշխանությունը նույնիսկ փորձեց դատարաններ շրջափակելու կոչ հնչեցնել, հայտարարելով, որ «եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը» (Նիկոլ Փաշինյան 19.05.2020): Նույն օրը ՀՀ վարչապետի կողմից հայտարարվեց վեթինգ իրականացնելու անհրաժեշտության մասին, որը ամիսների ընթացքում մոռացության մատնվեց և համարվեց ոչ նպատակահարմար։

Ինչևէ, արդարադատության համակարգի բարեփոխումների գործընթացը ՀՀ-ում շարունակվում է, և եթե համակարգային փոփոխության ծրագրեր չիրականացվեն, ապա դատական համակարգի առողջացման և հանրային վստահության բարձրացման մասին խոսելն անիմաստ է։ Թե ինչպիսի քայլեր կձեռնարկի նոր կառավարությունը և արդյո՞ք կիրագործի դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրում ամրագրված դրույթները, դեռևս հարց է, սակայն անկախ դատական համակարգ ունենալու հնարավորությունն է, որը կարող է ապահովել հանրային վստահությունը արդարության հաստատման և վերականգնման նկատմամբ, ինչպես նաև ստեղծել մարդու իրավունքների պաշտպանության համար բավարար երաշխիքներ։

Thank you for your submission! We will review it soon.

civic culture 8send small

Այս ամսվա թողարկումը ներկայացնում է քաղաքացու իրավունքների և պատասխանատվությունների մասին պատմություններ` ներառյալ իրազեկվածության, մարդու իրավունքները պաշտպանելու գործում քաղաքացիական հասարակության դերի և դատական համակարգի մասին:

Հայելին զուգարանում

Ինչպե՞ս են մարդիկ իրենց պահում հանրային տարածքներում ՝ համեմատած մասնավորի, ինչպե՞ս են նրանք ընկալում իրենց անհատական քաղաքացիական պատասխանատվությունը. այս ամենն հասարակության արտացոլումն է, որում նրանք ապրում են:

Իրավունքներով հարուստ քաղաքացի՝ կաշկանդված կարծրատիպերով

Որպեսզի ժողովրդավարական հասարակություն գործի, քաղաքացիները պետք է իրացնեն իրենց իրավունքներն ու պարտականությունները: Պետությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել անկախ և ուժեղ քաղաքացիական հասարակություն ձևավորելու համար, գրում է Աստղիկ Կարապետյանը:


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team