Ինչ-որ պահից որոշել էի այլևս չօգտագործել «ցեղասպանություն» բառը, որովհետև եթե առաջ դրանում մեղավորին պատժելու պահանջ կար միայն, հիմա արդեն նվաստացուցիչ էր փաստը, որ ցեղասպանությունը քո ժողովրդի հետ է պատահել:
1988-ի փետրվարի քսանից մենք պահանջում էինք հարգել Ղարաբաղի ինքնավար մարզի հայ բնակչության Հայաստանին միանալու որոշումը: Վեց օր անց Ադրբեջանի Սումգայիթ արդյունաբերական քաղաքում տեղի ունեցավ այն, ինչ որոշել էի այլևս չասել՝ ցեղասպանություն: Խորհրդային երկրում, որտեղ ինտերնացիոնալիզմը սիրված ու փայփայված գաղափար էր, տեղի ունեցավ ցեղասպանություն՝ պետության հովանավորությամբ:
Պետական հովանավորչության փաստը հաստատում են Սումգայիթի ողջ մնացած հայերի վկայությունները, որ դեպքերից օրեր առաջ բոլոր հայերի բնակարաններ են այցելել բնակարանային տեսուչներն ու ցուցակագրել իրենց: Անջատվել են բոլոր հայերի հեռախոսները, փետրվարի քսանվեցին Սումգայիթի հրապարակում ելույթ են ունեցել քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն ու հայերին սպանելու կոչեր արել, փակվել են Սումգայիթից Բաքու տանող ճանապարհները:
Ու անկախ քեզանից նորից սկսում ես օգտագործել նվաստացուցիչ «ցեղասպանություն» բառը, բայց արդեն մարդասպանին անիծելուց մի աստիճան աճել ես ու հարվածդ ուղղում ես ազգակցիդ, սկսում մեղադրել ինքդ քեզ, որ թույլ ես եղել ու անպաշտպան. եթե ցեղասպանվել ես, ուրեմն մի տեղ, մի բան սխալ ես արել ու անում, ու սխալը զգալ է պետք, որ այլևս երբեք... Մի դեպքում չես կարողացել ունենալ քո պետությունն ու քո պատմական հայրենիքում հպատակ ես դարձել, մյուս անգամ չես հասկացել, որ քո երկրում մնալն ավելի ճիշտ է ու չես գնահատել «եղբայրական ժողովրդի» հակումները:
Նորից թերթում եմ Հր. Ուլուբաբյանի, Ս. Զոլյանի և Ա. Արշակյանի «Սումգայիթ... Ցեղասպանություն... Պերեստրոյկա՞» գիրքը, որը, ինձ թվում էր, համարյա անգիր գիտեի։ Գրքում մանրամասնորեն պատմվում է բոլոր զոհերի մասին (պաշտոնական թվերով), ու Մոսկվայում տեղի ունեցած դատավարությունից հատվածներ են, կենսագրություններ, փաստագրական տվյալներ փետրվարի քսանվեցից Սումգայիթում հնչած ելույթներից, հաջորդած դեպքերից։ Ու հանկարծ հայտնաբերում եմ, որ ամեն զոհի կենսագրության մեջ մի տող կա, որը չեմ կարևորել առաջ: Սումգայիթում վայրենաբար, ոչ մարդկային, գազանի բնազդով խոշտանգված հայերը ծնվել են Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում, այն նույն մարզում, որն այդ օրերին ինքնորոշում էր պահանջում, այն նույն մարզում, որտեղ հետո պատերազմի գնով հաստատվեց անկախություն, նույն մարզում, որը թեև չճանաչված հանրապետություն է հիմա, բայց գոյություն ունի, ունի պաշտպանության բանակ, պետական լեզուն հայերենն է, որտեղ նայում են Հայաստանի հեռուստատեսության հաղորդումներն ու ունեն սեփական հեռուստատեսությունը. մի պարզ պահանջ-ցանկություն, որից սկսվեց Ադրբեջանի կազմում ապրող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մեծ պայքարը և այդ պարզ, շատ հումանիստական և իր մեջ որևէ ագրեսիա չպարունակող պահանջ-ցանկությունը մերժվեց Ադրբեջանական ԽՍՀ կողմից: Ինձ թվում էր՝ ես անգիր գիտեմ Սումգայիթի ջարդերի մասին գրքույկը, բայց բաց էի թողել վայրենաբար սպանված զոհերի կենսագրության մի տողը՝ ծննդավայրը.— Հադրութի շրջանի Մոխրենես գյուղ, Հադրութի շրջանի Ծամծոր գյուղ, Ասկերանի շրջանի Քյաթուկ գյուղ, Դաշտային Ղարաբաղի Չարդախլու գյուղ, որը 1975-ին չորս հազար բնակիչ ուներ, մինչև Ղարաբաղյան շարժումն ունեցել է բացառապես հայկական բնակչություն ու խորհրդային ժամանակներում պարծենում էր, որ խորհրդային երկրին տասներկու գեներալ է տվել, Խորհրդային միության յոթ հերոս և երկու մարշալ: Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղ, Մարտակերտի շրջանի Չըլդրան գյուղ, Մարտակերտի շրջանի Մեծ Շեն, Մարտակերտի շրջանի Չայլու գյուղ, Ասկերանի շրջանի Բադարա գյուղ, Հադրութի շրջանի Ջիլան գյուղ, Մարտունու շրջան, Մարտունու շրջանի Կարաքենդ գյուղ, Մարտակերտի շրջանի Վանք գյուղ: Բոլոր այս շրջանները, բացառությամբ Չարդախլու չորս հազարանոց գյուղի, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմում էին, ու հիմա՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Բոլոր այս մարդիկ Ղարաբաղի ինքնավար մարզի հրաշալի գյուղերից՝ աշխարհի ամենասիրուն բնությամբ, անառիկ դիրքով, սեփական տներից դուրս են եկել, փակել են գյուղի իրենց տներն ու եկել արդյունաբերական Սումգայիթ բանվորություն անելու, պանելային շենքերում ապրելու, առավոտյան գործարան գնալու, ռուսերեն խոսելու, հավանաբար մի քիչ ավել գումար վաստակելու: Ինտերնացիոնալ երգերով ու կարգախոսներով սնված ու խաբված խորհրդային հայ գյուղացին կամավոր ընտրել է իր զարհուրելի գերեզմանը: Սկսում ես մեղքը փնտրել քո մեջ, բայց հետո մտածում՝ չէ՞ որ աշխարհում աշխատանքային միգրացիա կա, ուրբանիզացիա կա ու եկվորներին կացնով չեն մորթում: Եվ մեղսունակ ոչ մի երկրում որևէ ազգամիջյան հարց ցեղասպանությամբ չի լուծվում...
Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում, որն արգելվեց Ադրբեջանում, գրում է. «Այլիսի ամեն ընտանիքում... ով հայի տուն է բռնագրավել՝ հոգեկան հիվանդ կա, դա ես քեզ որպես բժիշկ եմ ասում: Երբևէ հանգիստ տեսե՞լ ես այդ տներից որևէ մեկում...»: Հետո Այլիսլին պատմում է բոլոր այն ընտանիքների հիվանդությունները, որոնք բռնի տեղահանված հայերի տներում են ապրում հիմա:
Ես չեմ սիրում «ցեղասպանություն» բառը, որոշել եմ երբեք չօգտագործել, բայց ամեն փետրվարի քսանութին ցանկություն է առաջանում մի աչքով տեսնել, ով է ապրում Սումգայիթ հրեշավոր քաղաքի 45 թաղամասի 10/13 տան 37 բնակարանում, կամ 41 թաղամասի 26 տան 21 բնակարանում, 12 թաղամասի 29 տան 52 բնակարանում... ու այդպիսի մի շարք հասցեներում: Չէ՞ որ այդ շքամուտքերում կացնով զինված վայրենուց փախչող քսանամյա Իրինայի ձայնը դեռ մի տեղ հաստատ մնացել է, ու նրա երկու եղբայրների խարույկի վրա վառված մարմինների հոտը այդ բակերից չի անէացել հիշողության ուժով: Շատացել ե՞ն հոգեկան հիվանդները Սումգայիթում: Եթե հավատանք Այլիսլիին, Ադրբեջանում հոգեկան հիվանդների թիվը պետք է որ կտրուկ աճած լինի, որովհետև հազարավոր հայ սումգայիթցիների ու բաքվեցիների տներում արդեն երեսուն տարի ադրբեջանցիներ են արթնանում ու «բարի գիշեր» ասում իրար:
Համացանցը հնարավորություն տվեց իմանալ, որ Սումգայիթում վերանորոգվել են բոլոր տանիքները ու հիմա քաղաքի տանիքները կարմիր են: Ծովափնյա պուրակներ կան, բուսաբանական նոր ու մեծ այգի: Եվ ամենակարևորը՝ Սումգայիթում հիմա «Խաղաղության աղավնու» արձան կա՝ ճերմակ գույն ունի... Իսկ ութսունութի փետրվարին Միր եւ Դրուժբա (Мир և Дружба) փողոցների խաչմերուկում, դրանք թարգմանաբար նշանակում են «խաղաղություն» և «բարեկամություն», մարդիկ, որոնք այսօր ապրում են սովորական կյանքով, մարդ էին կացնահարում:
Սումգայիթի մասին գրքույկում, զոհվածների ցանկի վերջում նշված է՝ «կրծքի երեխա», անունն անհայտ է: Նա հիմա երեսուն տարեկան կլիներ...
EVN Report-ը շնորհակալություն է հայտնում «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամին (Friedrich Ebert Stiftung, FES) համագործակցության և աջակցության համար: