astghik garapetyan human rights
                                  Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:

 

Հայաստանի դեմ Եվրադատարանի առաջին վճիռները եղան 2007-ին, իսկ դիմում-գանգատներ ուղարկվում էին 2002-ից։ Երբ բավականաչափ գանգատներ կային, իսկ վճիռները սակավաթիվ էին, խոսակցություններ էին պտտվում, թե դիմումատուների փաստաթղթերի փաթեթները դատարան չեն հասնում։ 

Նույնիսկ մամուլում զավեշտալի անդրադարձ եղավ․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) այն ժամանակվա դատավոր Ալվինա Գյուլումյանին լրագրողները հարց էին տվել, թե  արդյո՞ք դատարանում կա հայ աշխատակից, ով պատասխանատու է Հայաստանից եկող դիմումները տեղ հասցնելու համար և ով երբեմն կորցնում է դիմումները ճանապարհին. «Ա. Գյուլումյանը ասաց, որ իսկապես իրենք ունեն նման աշխատակից, սակայն, «նա շատ պարկեշտ, ազնիվ տղա է և նման բան չի անի»: Մեր ճշտող հարցին, թե նա գանգուր մազե՞ր ունի, քանի որ հայկական մամուլում տպագրվել էր դիմումները կորցնող տղայի լուսանկարը, Ա. Գյուլումյանը պատասխանեց. «Գանգուր է ո՞ր, ակնոցներով է»:

Իսկ երբ Հայաստանի դեմ վճիռները սկսեցին տարեցտարի ավելանալ և խախտված իրավունքների դիմաց միլիոնավոր դրամների փոխհատուցման բեռ էր դրվում պետության ուսերին, քննարկվում էր հարցը, թե արդյո՞ք պատասխանատվության չպետք է կանչվեն դատավորները, որոնց ընդունած դատական ակտերի պատճառով պետական քսակը թեթևանում է։ 

Ինչևիցե, ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ևս մեկ և կարևոր երաշխիք է։ Նշենք, որ 2001-ի հունվարի 25-ին Հայաստանը Եվրոպայի խորհրդին անդամակցելու պահին ստորագրեց Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիան  (ՄԻԵԿ / Կոնվենցիա) և դրա արձանագրությունները։ Այս փասատթուղթը վավերացվեց և ուժի մեջ մտավ հաջորդ տարվա ապրիլի 26-ին։ 

Եվ արդեն 2002-ին առաջին յոթ գանգատներն ուղարկվեցին Եվրադատարան՝ ընդդեմ Հայաստանի։ Հետագա տարիներին գանգատների թիվն աճեց։ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչության տվյալներով՝ ամենամեծ թվով գանգատներն ուղարկվել են 2007-ին՝ 614 և  2016-ին՝  753 գանգատ։ Մյուս տարիներին անհամեմատ ավելի քիչ են դիմումները։ 

Հայաստանի դեմ առաջին հինգ ՄԻԵԴ վճիռներն ընդունվեցին 2007-ին։ Նույն աղբյուրի համաձայն՝ 2007-2020 թվականներին Հայաստանի դեմ ընդունվել է 137 վճիռ։ Ամենաշատ վճիռներն ընդունվել են 2012-ին՝ 16 վճիռ, 2018-ին՝ 16 վճիռ և, 2019-ին՝ 20 վճիռ։ 

Ներկայացնում ենք Կոնվենցիայով ամրագրված այն իրավունքները, որոնց խախտումներն առավել հաճախ են հաստատվել Եվրադատարանի վճիռներով՝ ընդդեմ Հայաստանի։ Նշենք, որ կան գործեր, որոնց դեպքում դատարանը մի քանի իրավունքի խախտում է ճանաչել։ Իսկ արդար դատաքննության իրավունքի (Կոնվենցիայի 6-րդ հոդված) խախտումները, թերևս, ամենահաճախն են գրանցվել՝ զուգահեռ մյուս իրավունքների խախտումների, այդ իսկ պատճառով այս իրավունքի խախտումներին առանձին անդրադարձ չենք անի։  

 

Կյանքի իրավունք

22-ամյա հղի կինը 2007-ի սեպտեմբերի 7-ի երեկոյան կորցնում է գիտակցությունն ու սկսում ցնցվել։ Շտապօգնությունը գալիս է կանչից շուրջ 40 րոպե անց։ Բժիշկն ախտորոշում է ցնցումային համախտանիշ, երկու ներարկում է անում, և տեղափոխում են հիվանդանոց: Մեկ շաբաթ անց կինը մահանում է հիվանդանոցում՝ այդպես էլ գիտակցության չգալով։ Գործի նյութերի համաձայն՝ հիվանդանոց տեղափոխելիս շտապօգնության ո՛չ բժիշկը, ո՛չ բուժքույրը և ո՛չ էլ վարորդը չէին օգնել ընտանիքի անդամներին հղի, անգիտակից կնոջը շենքի ութերորդ հարկից իջեցնել և շտապօգնության մեքենայի մեջ դնել: Ավելին, հիվանդանոցի ճանապարհին բժիշկը նախընտրել էր նստել վարորդի խցիկում՝ անգիտակից հիվանդի մոտ լինելու փոխարեն։

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ նշվել  էր, որ շտապօգնության բրիգադի մասնագիտական գործողությունները եղել են համարժեք և հանցակազմի բացակայության պատճառով քրեական վարույթ չի հարուցվել։ Ներպետական բոլոր ատյաններում պայքարելուց հետո մահացած կնոջ հայրը՝ Ալբերտ Մովսիսյանը դիմում է ՄԻԵԴ։

«Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը որոշում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում և սահմանում է 12 000 եվրո ոչ նյութական վնասի հատուցում։ 

Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանվում է կյանքի իրավունքը։ Ըստ ՄԻԵԴ տեղեկատվական համակարգի տվյալների՝ այս հոդվածի խախտման հիմքով Հայաստանի դեմ կայացվել է 7 վճիռ։ Այս գործերից չորսը վերաբերում են բանակում գրանցված մահերին։ 

 

Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի բացառում

Ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող և բողոքի ակցիաների ակտիվ մասնակից Գրիշա Վիրաբյանը 2004-ի ապրիլի 23-ին տարվում է ոստիկանության բաժին՝ հրազեն կրելու կասկածանքով, ենթարկվում դաժան ծեծի և մեկ գիշեր այնտեղ մնալուց հետո տեղափոխվում է հիվանդանոց՝ վիրահատարան։ 

Հատված Վիրաբյանի ցուցմունքից․ «Այդ պահին Հ-ն հարվածեց ինձ։ ․․․ Նա հարվածում էր ինձ իր կոշիկի սուր քթամասով։ Ես սուր ցավ զգացի իմ կողոսկրերի մասում։ Նա միանգամից երկու անգամ խփեց դեմքիս ձախ բռունցքով։ Այդ պահին ես համբերությունս կորցրի և ինքնապաշտպանության համար գրասեղանի վրայից վերցրի բջջային հեռախոսի լիցքավորման սարքը և դրանով խփեցի նրան։ Լարը մնաց իմ ձեռքում, իսկ լիցքավորիչը պոկվեց և հարվածեց Հ–ի դեմքին։ Ես տեսա, որ նա բռնեց աչքը և բղավեց։ Այդ պահին Ա-ն մտավ աշխատասենյակ, և, տեսնելով քաոսային իրավիճակը, ինձ տարավ մոտակա աշխատասենյակը։ Հ-ն և ոստիկանության մեկ այլ աշխատակից Ա-ն իմ հետևից եկան այնտեղ և սկսեցին ծեծել ինձ։ Ես ընկա, բայց նրանք շարունակում էին ծեծել ինձ։ Նրանք ոտքերով և ձեռքերով հարվածում էին ինձ։ Հետո ոստիկանության այլ աշխատակիցներ եկան և դուրս տարան Հ-ին և Ա-ին։ Ուզում եմ նշել, որ հենց սկզբում նրանք երկուսն էլ խփել են իմ ամորձիներին։ Նրանց դուրս տանելուց հետո որոշ ժամանակ անց աշխատասենյակ մտավ ոստիկանության մեկ այլ աշխատակից Ա.Կ.–ն և սկսեց հայհոյել ինձ, փորձելով ստորացնել ինձ, երկու անգամ թքեց ինձ վրա և խփեց իմ ամորձիներին։ Հետո նա մի քանի անգամ ոտքով հարվածեց իմ ոտքերին և դուրս եկավ։ Դուրս գալուց առաջ նա նորից խփեց իմ ամորձիներին իր բանալիներով»։ 

Կոնվենցիայի 3–րդ հոդվածը սահմանում է, որ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

«Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը հաստատված է համարել, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3–րդ հոդվածի էական խախտում (անձը ենթարկվել է խոշտանգման) և ընթացակարգային խախտում (պետական մարմիններն արդյունավետ քննություն չեն իրականացրել դիմումատուի՝ վատ վերաբերմունքի մասին պնդման առնչությամբ):

2012-ին ընդունած վճռով ՄԻԵԴ-ը սահմանում է 25 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի և 6 000 եվրո՝ որպես դատավարական ծախսերի փոխհատուցում։ 

Ըստ ՄԻԵԴ տեղեկատվական համակարգի տվյալների՝ այս հոդվածի խախտման հիմքով Հայաստանի դեմ կայացվել է 16 վճիռ։ Կան մի շարք աղմկահարույց գործեր, ինչպիսիք են «Զալյանն ընդդեմ Հայաստանի», «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» և այլն։ Նշված գործերում ևս ցուցմունքներ կորզելու նպատակով այս քաղաքացիներն իրավապահների կողմից ենթարկվել են վատ վերաբերմունքի։ 

 

Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք

Եվրադատարանի կողմից Հայաստանի դեմ ընդունված վճիռներում գերակշռող խախտումներից մեկը վերաբերում է հենց Կոնվենցիայի 5-րդ հոդվածին և դրա տարբեր կետերին։ Այս հոդվածով ամրագրվում է, որ ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել ապօրինաբար։ Գործերի մի խումբ վերաբերում են 2008-ի նախագահական ընտրություններին հաջորդած «Մարտի 1»-ի ու այդ շրջանում  իրավապահների կողմից անձանց ազատությունից զրկելուն։ 

Օրինակ, «Այվազյանն ընդդեմ Հայաստանի» գործով, դիմումատուն ձերբակալվել է հենց մարտի 1-ին Ազատության հրապարակում՝ ոստիկանների կողմից հավաքը ցրելու ժամանակ։ 

Ձերբակալումից հետո՝ մարտի 4-ին, նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար և ավելի ուշ նա  դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման։ Մինչ դատավճիռը, սակայն, նրա հանդեպ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Կալանքի վերաբերյալ որոշումները ներպետական ատյաններում բողոքարկելուց և բավարարող արդյունքի չհասնելուց հետո դիմել են ՄԻԵԴ։ 

Այս գործով, ՄԻԵԴ-ը հաստատված է համարել, որ խախատվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածը և  որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում է սահմանել 4 500 եվրո։ 

 

Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք

Այս իրավունքը ամրագրված է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով։ Ըստ ՄԻԵԴ տեղեկատվական համակարգի տվյալների՝ այս հոդվածի խախտման հիմքով Հայաստանի դեմ կայացվել է 4 վճիռ։ 

«Համբարձումյանն ընդդեմ Հայաստանի» գործի նյութերից տեղեկանում ենք, որ Կարինե Համբարձումյանը 2010-ին եղել է Աբովյանի ուղղիչ հիմնարկի կանանց տեղամասի պետի տեղակալ։ Նույն տեղամասի դատապարտյալներից մեկը ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել, որ նա կաշառք է պահանջել՝ պատժի ռեժիմը մեղմացնելու համար։ Ոստիկանությունը դիմել է դատարան՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու թույլտվություն ստանալու համար և ստացել է դատական ակտ, որով թույլատրվել է մեկ ամսով տեսագրում և ձայնագրում կատարել, սակայն չի նշվել, թե այդ միջոցառումները կոնկրետ ում հանդեպ պետք է արվեն։ 

Այսպիսով, ոստիկանությունը գաղտնի օպերացիայի արդյունքում ձայնագրել է Համբարձումյանի և դատապարտյալի խոսակցությունները՝ գումար փոխանցելու մասին, նաև տեսագրել գումար փոխանցելու պահը։ Այս ապացույցների հիման վրա Համբարձումյանին  առաջադրվում են մեղադրանքներ, իսկ հետագայում դատարանը՝ հիմնվելով այս նույն ապացույցների վրա՝ նրան դատապարտում է 9 տարվա ազատազրկման։ Թեև Կարինե Համբարձումյանն ու նրա փաստաբանը միջնորդում են ապացույցներից դուրս թողնել գաղտնի ձայնագրություններն ու տեսագրությունները, քանի որ դրանք արվել են դատարանի մի որոշման հիման վրա, որում նշված չի եղել, թե այդ միջոցառումները կոնկրետ ում հանդեպ պետք է իրականացվեին։

Այս գործով ՄԻԵԴ-ը հաստատված է համարում, որ կա Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում և 1 200 եվրո ոչ նյութական վնասի հատուցում է սահմանում։ 

 

Մտքի, խղճի, կրոնի և արտահայտվելու ազատություն

Այս իրավունքները ամրագրվում են Կոնվենցիայի 9-րդ և 10-րդ հոդվածներով։ Մտքի, խղճի և կրոնի ազատության հիմքով խախտումներ արձանագրվել են հիմնականում կրոնական կազմակերպությունների անդամների՝ բանակում ծառայելու պարտականության դեմ գանգատների հիման վրա։ 

Իսկ արտահայտվելու ազատության խախտում արձանագրվել է երկու գործով՝ «Մելտեքս ՍՊԸ-ն և Մովսես Մեսրոպյանն ընդդեմ Հայաստանի» և «Դարեսկիզբ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի» գործերով։ Այլ կերպ՝ առաջինն «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկման հայտնի գործն է, երկրորդը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի 2008 մարտի 4-ի համարի տպագրությունն արգելելուն վերաբերող գործը։

 

Հավաքների ազատություն

Կոնվենցիայի 11-րդ հոդվածով սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության և այլոց հետ միավորվելու ազատության իրավունք` ներառյալ իր շահերի պաշտպանության համար արհմիություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունքը։ Ըստ ՄԻԵԴ տեղեկատվական համակարգի տվյալների՝ այս հոդվածի խախտման հիմքով Հայաստանի դեմ կայացվել է ավելի քան տասը վճիռ։ Գործերի հիմնական մասը վերաբերում էն 2008-ի նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր ուժի կազմակերպած հավաքներին և «Մարտի 1»-ի դեպքերին։ 

Օրինակ, «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով դատարանը նշել է, որ Ազատության հրապարակում անցկացվող հավաքը ցրելը կատարվել է առանց բավարար հիմնավորման, ուժի չհիմնավորված և անհամաչափ գործադրմամբ, և հաստատված է համարել, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում։

 

Սեփականության պաշտպանություն

Սեփականության պաշտպանության իրավունքն ամրագրվում է Կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածով։ Այս հոդվածի հիմքով Հայաստանի դեմ ընդունված վճիռները ավելի քան քսանն են։ 

Օրինակ, «Պապոյանն ընդդեմ Հայաստանի» գործով Եվրադատարանը ճանաչել է սեփականության պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի խախտում և 3 600 եվրո ոչ նյութական վնասի փոխհատուցում է սահմանել։ 

Այս դեպքում կառավարությունն ընդունել է որոշում՝ Երևանի Կենտրոն համայնքում պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի օտարման գոտիների մասին։ Մարգարիտա Պապոյանն այդ հատվածում ունեցել է փոքր կրպակ, որը պետության կողմից քանդվել է։ Որպես փոխհատուցում՝ Երևանի քաղաքապետն ընդունել է որոշում՝ նրան շնորհելով իրավունք՝ տվյալ հատվածում 5 քառ. մետր հանրային օգտագործման հողակտորը յոթ տարով վարձակալելու, կրպակ կառուցելու և աշխատեցնելու համար։ Սակայն, փաստացի, Երևանի իշխանությունները չեն կնքել վարձակալման պայմանագիր, իսկ հետագայում Պապոյանին առաջարկել են այլ հողատարածքներ ընտրել՝ վարձակալության համար։ 

Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր ընդունած ակտերով ոչ միայն անհատի իրավունքներն ու ազատություններն է պաշտպանում, այլև պարտավորեցնում է պետություններին բարեփոխել ներպետական օրենսդրությունն ու իրավակիրառ պրակտիկան։ 

 

Thank you for your submission! We will review it soon.

Subscribe to our mailing list


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team