Ովքեր կտուժեն և ինչու
«Ընդհանուր առմամբ, Թուրքիայից ներմուծվող ապրանքների հիմնական մասն ունեն համադրելի որակներով փոխարկելիություն, սակայն փոխարկելիության անցումը կպահանջի որոշակի ժամանակահատված։ Հետազոտությունները ցույց են տվել, որ նույն որակի և տեսակի վերջնական սպառման ապրանքներ կարող են ներմուծվել այլ երկրներից, նաև, ինչը շատ կարևոր է, կարող են արտադրվել Հայաստանում: Անցումային ժամանակահատվածը կարծում ենք թույլ կտա ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին գտնել թուրքական շուկայից ներմուծումը փոխարինելու ավելի ճկուն մեխանիզմներ, ինչպես նաև որոշ ապրանքների մասով՝ հիմնել տեղական արտադրություն»,- ասում է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:
Հնարավորությունը, թե կառավարության այս որոշումը կարող է շուկայում գնաճի հանգեցնել, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը գրեթե բացառել է:
Սամվել Գևորգյանը նշում է երեք պատճառ, թե ինչու է թուրքական ապրանքների ծավալն այդքան մեծ հայաստանյան շուկայում՝
-
ապրանքի գին-որակ հարաբերակցությունը բավարարում է պահանջարկը,
-
ներմուծման գործընթացը մատչելի է լոգիստիկայի տեսանկյունից,
-
գործընկերների հետ միջանձնային փոխվստահելի հարաբերություններ կան, ինչը թույլ է տալիս կանխիկ վճարումներ անել, վճարումները մաս-մաս անել կամ նախապես չվճարել և այլն:
Նաև այս հանգամանքները հաշվի առնելով է պետք ձեռք մեկնել Թուրքիայից պատրաստի ապրանք ներմուծող ու ներկայումս որոշակի խնդիրների առաջ կանգնած տնտեսվարողներին՝ նոր, այլընտրանքային շուկաներ գտնելու համար։ Սամվել Գևորգյանը թուրքական շուկայի հետ աշխատող ձեռներեցներին անվճար խորհրդատվություն տրամադրելու հայտարարություն արեց էմբարգո կիրառելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը հրապարակվելուց անմիջապես հետո։ Նա հարյուրավոր դիմումներ է ստացել:
Փոխնախարար Վարոս Սիմոնյանը նշում է, որ պետությունը նույնպես կանգնած կլինի ձեռներեցների կողքին. «Բոլոր հնարավոր գործիքակազմերով տնտեսավարողներին կցուցաբերվի աջակցություն՝ ծագած խնդիրներն առավելագույնս արագ լուծելու նպատակով»:
Իսկ պետությունից ակնկալիքները չեն սահմանափակվում միայն նոր շուկաներ գտնելու խորհրդատվությամբ: Գործարար Տիգրան Կարապետյանի խոսքով՝ պետությունը կարող է բանկային երաշխիքներ տրամադրել, աջակցել հումքի ներկրմանը, հարկային արտոնություններ սահմանել, սուբսիդավորել և այլն: Շուկայում հայկական արտադրանքին նախապատվություն տալու հարցում գործարարը հիշեցնում է Բելառուսի փորձը, որտեղ խանութներում տեղական արտադրանքի համար առանձնացված հատվածներ կան. սա պետք է արվի պետության միջամտությամբ, քանի որ մանրածախ հատվածում առանձնապես շահագրգռված չեն նման բան անել:
Արտահանման նոր շուկաներ
Այս տարվա սեպտեմբերի 28-ին Սաուդյան Արաբիան ևս թուրքական ապրանքների էմբարգո սահմանեց։ Նրան հետևեցին արաբական այլ երկրներ ևս՝ ԱՄԷ, Մարրոկո: Սա առիթ էր մտածելու, թե ինչու արաբական երկրների հետ առ այսօր բավարար առևտրատնտեսական կապեր չկան:
Եթե թուրքական ապրանքներն ու ծառայությունները դուրս մղվեն Սաուդյան Արաբիայից, ապա կստեղծվի վակուում, որը լրացնելու հարցում Հայաստանն էլ առաջարկելու ներուժ ունի՝ EVN Report-ի հետ զրույցում նշում է մարկետոլոգ Արամ Մկրտչյանը, որը ներկայումս ապրում և աշխատում է Քուվեյթում։ «Իրականում հայկական արտադրանքի ամբողջ ներկապնակը՝ սնունդ, հագուստ և այլն, կարող է տեղ գտնել այս շուկաներում, իհարկե, փոքրիկ բացառություններով՝ ալկոհոլային խմիչքներ, խոզի մսից պատրաստված սննդամթերք»:
Մկրտչյանը կառավարության որոշումից հետո ֆեյսբուքյան իր էջում պատրաստակամություն հայտնեց աջակցել հայաստանյան տնտեսվարողներին՝ նոր շուկաներում արտահանման հնարավորություններ գտնելու հարցում: Այդ գրառմանը հարյուրավոր արձագանքներ եղան, բացվեց ֆեյսբուքյան խումբ, նախաձեռնությանը միացան շատերը։ Ներկայումս տվյալների շտեմարան է ստեղծվում, խմբավորում են խնդիրները՝ մարկետինգային գիտելիքներից սկսած մինչև լոգիստիկ հարցեր։ Թիրախում Օմանն է, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, ԱՄԷ-ն: Շեշտը, սակայն, դրվելու է Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի վրա, քանի որ դրանք ամենամեծ և վճարունակ շուկաներն ունեն։ «Թյուրիմացություններից խուսափելու համար պետք է նշել, որ ակնթարթային արդյունքներ չպետք է ակնկալել: Ջանասիրաբար աշխատելու դեպքում 6-12 ամսվա ընթացքում կարելի է սպասել արդյունքների, հատուկ դեպքերում, եթե գործ ունենք շատ կազմակերպված և արտահանման փորձ ունեցող ընկերության հետ, ապա ժամկետները կարող են էականորեն կրճատվել»,- նշում է Ա. Մկրտչյանը: