31508773 10160291149805285 4422480897878523904 n copy

 

Հայկական երկրորդ հեղափոխությո՞ւն

Չինացի կոմունիստ Ժոու Էնլային վերագրվող հայտնի ասույթ կա, թե վաղ է դատել Ֆրանսիական հեղափոխության արդյունքների մասին։ Հայտնի այս մեջբերումը, ցավոք, թյուրընկալման արդյունք է։ Էնլայը խոսում է 1968թ. Ֆրանսիայում բողոքի ալիքի մասին, իսկ զրույցը տեղի է ունեցել 1972թ., երբ, իրոք, դեռ վաղ էր։ Ամեն դեպքում, ակնհայտ է, որ վաղ է դատել նաև «Թավշյա հեղափոխության» մասին։ Առաջին հերթին, ավարտը դեռ հեռու է։ Անկախ նրանից, թե ով կդառնա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար և կհաղթի ընտրություններում, հեղափոխությունը չի կարող ավարտված համարվել մինչև չկազմաքանդվի կոռումպացված այն համակարգը, որը ես «ֆեոդալ-օլիգարխիկ» եմ անվանում։ Այնուամենայնիվ, Հայաստանում այսօր ամենատարածված թեմաներից մեկը վերջին շաբաթների իրադարձությունների համեմատությունն է 30 տարի առաջ տեղի ունեցած մեկ այլ՝ Ղարաբաղյան շարժման հետ (ես «Ղարաբաղյան շարժում» ձևակերպումն եմ նախընտրում, քանի որ այն այդպես էր կոչվում այդ տարիներին, իսկ «Արցախ» պատմական տերմինը հայտնվեց ավելի ուշ, արդեն շարժման ընթացքում)։

Երկու այս շարժումների միջև նմանությունների և տարբերությունների մասին քննարկումն արժե սկսել դրանք անվանող եզրերից։ Ներկայիս շարժման ամենահետաքրքրականն այն է, որ ցուցարարները բավական վաղ փուլից սկսեցին այն «հեղափոխություն» կոչել։ Հայաստանում ցուցարարները սովորաբար խուսափել են այս եզրույթից, նույնիսկ երբ նրանց գործողությունները իսկապես որպես հեղափոխության փորձ կարող էին բնութագրվել (հավանաբար, բացառությամբ 2013թ. նախագահական ընտրություններին հետևած «Բարև» շարժմանը)։ Հետաքրքրական է նաև այն, որ Ղարաբաղյան շարժումը շատ հազվադեպ է որպես հեղափոխություն ներկայացվել՝ ինչպես բուն իրադարձությունների ընթացքում, այնպես էլ հետագայում։ Մարդաբան Հարություն Մարությանն իր աշխատանքում ցույց է տալիս, որ 1988-1991 թթ. Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները համապատասխանում են հեղափոխության ֆորմալ գիտական սահմանմանը։ Ավելին, Մարությանը պնդում է, և իմ կարծիքով՝ արդարացիորեն, որ 1988-1991 թթ. դեպքերը պետք է 1980-ականների վերջերին սոցիալիստական ճամբարը ցնցած «թավշյա հեղափոխությունների» ալիքի մաս դասակարգվեն և հիշվեն։

Այնուամենայնիվ, Հայաստանում շատ քչերն են օգտագործում այդ տերմինը, իսկ Հայաստանից դուրս շատ քչերը գիտեն Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների և Արևելյան Եվրոպայում ու նախկին խորհրդային հանրապետություններում հեղափոխությունների ալիքի հետ դրանց կապի մասին։ Սովորաբար այս համատեքստում Բալթյան երկրները և Վրաստանն են հիշատակվում, թեև Հայաստանում շարժումը առնվազն նույնքան ծավալուն էր, և Հայաստանը առաջիններից էր, որտեղ հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան։ Տարբեր պատճառներով 1988-1991 թթ. հայկական հեղափոխությունը երբևէ չի ճանաչվել ոչ միայն որպես հեղափոխություն, այլև որպես 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Եվրոպայի և աշխարհի դեմքը փոխած «թավշյա հեղափոխությունների» ալիքի մեջ առաջինը: Ինչ-որ առումով կարելի է պնդել, որ 2018-ի «Թավշյա հեղափոխությունն» ուղղեց այս անարդարությունը: Դժվար է ասել, թե 2018-ի իրադարձությունները ինչպես կհիշվեն մեկ կամ երկու տասնամյակ անց, բայց ես հույս ունեմ, որ հայոց պատմության դասագրքերում մի օր այն «Երկրորդ հայկական հեղափոխություն» կանվանվի, իսկ 1988-1991 թթ. շարժումը՝ «Առաջին հայկական հեղափոխություն»:

Հեղափոխությունների փառատոն

Առաջին և երկրորդ հայկական հեղափոխությունների ամենամեծ նմանությունը, թերևս, տոնական ոգին է, որն աշխուժացնում է ցույցերը: Հաշվի առնելով այն, որ Ղարաբաղյան շարժումը հանգեցրեց ղարաբաղյան հակամարտության, այսօր դժվար է պատկերացնել, թե առնվազն առաջին ամիսներին այն ոչ միայն խաղաղ էր, այլև տոնական մթնոլորտ էր ստեղծել քաղաքում: Մարդաբան Լևոն Աբրահամյանը, որը ժամանակին առաջ քաշեց «պրիմիտիվ փառատոնի» մասին իր թեզը, բոլոր նախադրյալներն ուներ պնդելու, որ 1988-ի իրադարձություններն ավելին էին, քան քաղաքական շարժումը, դրանք նաև փառատոնի կամ կառնավալի յուրօրինակ ձևեր էին։ Այս համատեքստում «փառատոնը» կամ «կառնավալը» զուտ անալոգիաներ չեն, դրանք կարևոր մշակութային ֆենոմեններ են մատնանշում։ «Փառատոնն» այն գործողությունն է, որը ժամանակավորապես վերացնում է տարիքային, դասակարգային կամ սոցիալական սահմանափակումները, ստեղծում միասնության զգացում և, ի վերջո, փոխակերպում հանրությունը: Հետաքրքիր է, որ երբ Աբրահամյանը Ղարաբաղյան շարժումը նկարագրում էր որպես փառատոն, ամերիկացի պատմաբան Պադրաիկ Կեննեյը, որը 1980-ական թվականներին Լեհաստանում է եղել, «Հեղափոխությունների փառատոն» գիրքն է գրում, որում նա նկարագրում է 1989թ. հեղափոխություններին հանգեցրած շարժումները Լեհաստանում և Արևելյան Եվրոպայի այլ երկրներում։

2018թ. շարժման ձեռքբերումը մասամբ այն է, որ այն կարողացել է դուրս գալ հայկական քաղաքական մտածելակերպում երեսուն տարի գերիշխող 1988-ի մոդելից։ 

Այս օրերին Երևանի փողոցներում եղած ցանկացած ոք անմիջապես կհամաձայնի «հեղափոխությունների փառատոն» արտահայտության հետ. հենց սա է այս ապրիլին տեղի ունենում Երևանի և Հայաստանի մյուս քաղաքների ու գյուղերի փողոցներում։ Ես նկատի ունեմ ոչ միայն ապրիլի 23-ին հանրապետությունը ցնցած տոնախմբությունները, որոնք հետևեցին Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին հայտարարությանը, և որոնք այս սերնդի տեսած, հավանաբար, ամենամեծ տոնակատարություններն էին։ Տոնական այս տրամադրությունը տիրում էր փողոցներում մինչև Սարգսյանի հրաժարականը, անգամ այն ժամանակ, երբ շարժման ճակատագիրն անհասկանալի էր, երբ ոստիկանությունը բռնություն էր կիրառում և բերման ենթարկում ցուցարարներին։ Այս ոգին ժամանակավորապես անհետացավ, երբ իշխանությունը ապրիլի 16-ին բռնություն գործադրեց, ոստիկանները ձայնային նռնակներ կիրառեցին, վիրավորվեցին ցուցարարներ (և ոստիկաններ), կամ երբ բողոքի ալիքի առաջնորդները ձերբակալվեցին ապրիլի 22-ին: Սակայն այն գրեթե անմիջապես վերականգնվեց, երբ ի պատասխան այս գործողությունների՝ ցուցարարների նորանոր ալիքներ միացան շարժմանը։

2018թ. բողոքի ցույցերը համախմբել են տարբեր տարիքի, սոցիալական խավի ու կենսակերպի մարդկանց, չնայած երիտասարդության ներկայությունը, անշուշտ, գերակշռող է։ Մարդիկ, որոնք ընդամենը մեկ շաբաթ առաջ դժվար պատկերացնեին, որ կարող են նույն վայրում հայտնվել, միասին մասնակցում են բողոքի ակցիաների։ Նրանք հազիվ թե նորից հանդիպեն հեղափոխության ավարտից հետո, սակայն վստահ եմ, որ այս օրերը ոչ ոքի համար անհետ չեն անցնի: Հենց այս միասնության և ոգևորության մասին պատմություններն էին, որ մշտապես ապշեցրել են ինձ Ղարաբաղյան շարժման մասնակիցներին լսելիս: Անցած շաբաթների ընթացքում ես հնարավորություն ունեցա վերապրելու այդ զգացողությունը Երևանի փողոցներում։

Սակայն 2018-ի ցուցարարները մի կարևոր առավելություն ունեն մեր ծնողների սերնդի համեմատ՝ համացանցը։ Սա թերևս ցույցերի հաջողությանը նպաստած ամենակարևոր գործոններից էր։ Իրական ժամանակում թարմացումներ, մեմեր և Տելեգրամ-ալիքներ. 2018-ի ցուցարարները բոլորովին նոր գործիքներ ունեն, որոնց մասին 1988-ի ցուցարարները երազել անգամ չէին կարող։ Հուսով եմ, որ սա կհեշտացնի հետազոտողների աշխատանքը։ Մարությանի և Աբրահամյանի պես մարդաբանները տարիներ շարունակ հավաքել են 1988-ի շարժման մասնակիցների պատմությունները, կատակները, պաստառները և այլ արտեֆակտներ (մեմեր այն ժամանակ գոյություն չունեին), որպեսզի հիմա կարողանան վերլուծել դրանք։ Հիմա ամեն ինչ Facebook-ում է, այսպիսի խմբերում, որոնք օգտատերերն իրենք են ստեղծում:

1988-ից անդին. 2018-ը որպես քայլ առաջ

Բոլոր նմանություններով հանդերձ, 2018-ի շարժումը նաև էականորեն տարբեր է։ Իմ կարծիքով, 2018թ. շարժման ձեռքբերումը մասամբ այն է, որ այն կարողացել է դուրս գալ հայկական քաղաքական մտածելակերպում երեսուն տարի գերիշխող 1988-ի մոդելից։ 1988թ. և հետագա իրադարձությունները, այդ թվում՝ 1991-ին անկախության հռչակումը և արցախյան պատերազմը, Հայաստանի երրորդ հանրապետության «հիմնական առասպելը» դարձան։ Այս համատեքստում «առասպելը» որևէ կերպ չի առնչվում «ոչ իրականին»։ Ես ժամանակակից հայոց պետականության գաղափարական հիմքի համար այս իրադարձությունների խորհրդանշական նշանակության մասին եմ խոսում։ 1988-1994 թթ. իրադարձությունները, Ղարաբաղյան շարժման սկզբից մինչև Ղարաբաղյան պատերազմի հաղթական ավարտ, լեգիտիմացրին Հայաստանի երրորդ հանրապետությունը։ Ինքնին հասկանալի է, որ հիմնական այս «առասպելի» տարբեր վարկածներ են գոյություն ունեցել, որոնք երբեմն համապատասխանեցվել են քաղաքական իրավիճակին։ Ընդդիմադիր շարժումների համար այս պատումի հիմնական բաղադրիչը 1988թ. Ազատության հրապարակում համաժողովրդական մոբիլիզացիան է եղել, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կառավարությունները շեշտը Ղարաբաղյան պատերազմի վրա են դրել։ Ամեն դեպքում, այդ տարիները հայոց անկախ պետականության հաստատմանը հանգեցրած «հերոսական շրջան» են համարվում: «1988-ի առասպելը» լեգիտիմացրեց հայոց պետականությունը, հայկական քաղաքական վերնախավը, հակավերնախավը։ 

1988-ը ապրածներից շատերի թերահավատ տրամադրվածությունը դեպի «Թավշյա հեղափոխությունն» այսօր պայմանավորված է նրանով, որ նրանք ականատես եղան, թե ինչ հաջորդեց 1988-ի շարժմանը և 1994-ի հաղթանակին:

Սակայն «88-ի առասպելը» ևս խնդիրներ ունի։ Նախ, յուրաքանչյուր առասպել ուշ թե շուտ «մաշվում» է։ Այն պարզեցվում է և կորցնում հուզականության բաղադրիչը։ Վաղ 90-ականներին ծնվածների համար 1988-ի իրադարձությունների հետ հուզական կապը այնքան ուժեղ չէ, որքան նրանց համար, ովքեր այդ տարիներին պատանի էին կամ դեռահաս։ 1988-ի իրադարձությունները աստիճանաբար պատմության գիրկն են անցնում, դառնալով հերթական «լեգենդար» դրվագը, որով հայերը սիրում են պարծենալ, ինչպիսիք Սարդարապատի կամ, նույնիսկ, Ավարայրի ճակատամարտերն են։ 2008-ի շարժումը շատ հայ երիտասարդների համար կարելի էր «նոր 88» համարել, սակայն 2008-ին հասարակությունը ցավալիորեն պառակտված էր. բողոքը սահմանափակվեց միայն ընդդիմության կողմնակիցներով։ Բացի այդ, 2008-ի բողոքի ալիքը մարտի 1-ի ողբերգական դեպքերով ավարտվեց։ Ուստի շատ հայերի համար այն տրավմատիկ հուշի վերածվեց՝ ոգեշնչման աղբյուր դառնալու փոխարեն։

«88-ի առասպելի» հետ կապված երկրորդ խնդիրը շատ ավելի էական է։ Թեև շարժումը ոգեշնչման աղբյուր էր շատերի համար, այն նաև դառը հիասթափության բերեց իր հետ։ Միջին տարիքի մարդկանցից և տարեցներից հաճախ կարելի է լսել, որ 1988-ի շարժումը սխալ էր, այն դժվարացրեց հայերի կյանքը։ 1988-ը ապրածներից շատերի թերահավատ տրամադրվածությունը դեպի «Թավշյա հեղափոխությունն» այսօր պայմանավորված է նրանով, որ նրանք ականատես եղան, թե ինչ հաջորդեց 1988-ի շարժմանը և 1994-ի հաղթանակին՝ սոցիալ-տնտեսական անկում ու կոռումպացված ավտորիտար ռեժիմի հաստատում։

1988-ի նկատմամբ նման վերաբերմունքի համար հեշտ է մեղադրել «խորհրդային նոստալգիան» կամ 1990-ականների վերջերին Պարույր Հայրիկյանի սրախոս «երշիկապաշտությունը»։ Հիասթափության արմատները իրականում շատ ավելի խորն են, քան խորհրդային ժամանակներում բոլորին հասանելի ու էժան երշիկների մասին հիշողությունները։ Հիասթափության հիմնական պատճառը ավելի լավ և արդար երկիր ունենալու վճռական խոստումն էր, որը Հայաստանի ղեկավարները հաջորդող երեք տասնամյակների ընթացքում այդպես էլ չկարողացան կյանքի կոչել։ Որպես 1988-ի արդյունք կառուցվող Հայաստանը Ազատության հրապարակում հավաքված մարդկանց երազած երկիրը չէր։ Ճիշտ է, 1988-ի ցուցարարները, հավանաբար, շատ անորոշ պատկերացումներ ունեին, թե ինչպիսի Հայաստան են նրանք ցանկանում, սակայն, անշուշտ, նրանցից շատ քչերը կարող էին պատկերացնել, որ իրենց պայքարը կոռումպացված, ավտորիտար օլիգարխիկ համակարգի ստեղծման կհանգեցնի։

Ամենից վատը, սակայն, այն էր, որ այս կոռումպացված, ավտորիտար օլիգարխիկ համակարգը փորձեց լեգիտիմացնել իրեն 1988-ի և 1994-ի ժառանգությանը դիմելով։ Կառավարությունը «Արցախի ազատության և անվտանգության» պաշտպանության պատրվակով ճնշում էր ընդդիմադիր շարժումները, սահմանափակում քաղաքացիների ազատությունը, դատարկում նրանց գրպանները։ Հասարակ մահկանացուների տառապանքները արդարացվում էին որպես Արցախի ազատության և անվտանգության համար անհրաժեշտ «զոհաբերություն», թեև բոլորն էլ հստակ տեսնում էին, որ կոռումպացված ու ամենակարող նույն վերնախավից այդ «զոհաբերությունը» չի պահանջվում։ Հայաստանի կոռումպացված ու ավտորիտար վերնախավը սպառեց կամ, ավելի ճիշտ, չարաշահեց «1988-ի առասպելը»։ 

Ակնհայտ էր, որ հայկական պետականությունը կենդանի պահող խորհրդանշական այդ շարժիչի՝ «1988-ի առասպելի» վառելիքը սպառվում էր։ Ինչպես կասեր Լեոնարդ Կոենը. «Եկեք այլ երգ երգենք, տղերք, այս մեկը հնացել է և դառնացել»։ Եվ ահա այդ պահին էր, որ ծնվեց «Թավշյա հեղափոխությունը»։ Պարադոքսալ կերպով նրանք հաջողեցին՝ վերակերտելով 1988-ի ոգին և չփորձելով ընդօրինակել «1988-ի առասպելը»։ Ի տարբերություն նախկին շարժումների՝ 2018-ին ցուցարարները չէին փորձում 1988-ը կրկնել։ Նրանք պարզապես դուրս եկան փողոց՝ ավելի լավ ապագա պահանջելու։ Պարադոքսալ է, որ նոր ճանապարհ գտնելու հենց այս ցանկության պատճառով է 2018-ի շարժումը այդքան նման 1988-ին՝ եթե ոչ ձևով, ապա առնվազն էությամբ։

Այս ցանկության խորհրդանիշն այն է, որ ամենախոշոր հավաքները Հանրապետության հրապարակում տեղի ունեցան, և ոչ թե Ազատության։ Երբ հայտարարվեց, որ հանրահավաքը Հանրապետության հրապարակ է տեղափոխվում, շատերը, հատկապես «փորձառու ցուցարարները», կասկածներ ունեին։ Երեք տասնամյակների ընթացքում Երևանում բողոքի և հանրահավաքների խորհրդանշական կենտրոնը Ազատության հրապարակն է եղել։ Երևանի խորհրդանշական աշխարհագրությունում Ազատության հրապարակը մշտապես ընկալվել է իբրև «ժողովրդի հրապարակ», մինչդեռ Հանրապետության հրապարակը իշխանության և պետականության խորհրդանիշն էր։ Հանրահավաքը Հանրապետության հրապարակ տեղափոխելը ժողովրդի հաղթանակի խորհրդանիշն էր. «ժողովուրդը» երկար ժամանակ իրենից օտարված «պետությունը» իր վերահսկողության տակ առավ։ Ես կասկածում եմ, որ շարժման առաջնորդները սա հաշվարկել էին։ Անկախ նրանից, թե Հանրապետության հրապարակը պրագմատիկ նկատառումներից ելնելով էր ընտրվել, թե քաղաքական ինտուիցիան օգնեց շարժման առաջնորդներին նման ընտրություն կատարել, այն ճիշտ ընտրություն էր։ Բացի մինչ այդ պետության կողմից ամրագրված խորհրդանշական այս տարածքի «նվաճումից», սա օգնեց նաև կոտրել հանրության անտարբերությունը, որն առկա էր նախորդ շարժումների ձախողման հետևանքով։ Հանրահավաքների համար Հանրապետության հրապարակի ընտրությունը հստակ ազդանշան էր. այս անգամ տարբեր է, այս անգամ մենք հաղթելու ենք։ Եվ մարդիկ հավատացին։

 

* * *

Ես գիտակցում եմ, որ այս հոդվածը չափազանց լավատեսական կարող է թվալ, եթե ոչ էյֆորիկ։ Շատերի նման ես էլ վախենում եմ, որ մի քանի տարի, կամ նույնիսկ ամիսներ անց մենք այն նույն հիասթափությունը ապրենք, որ մեր ծնողների սերնդից շատերը 1988-ից հետո են ապրել։ Ես իսկապես հույս ունեմ, որ այսօր մեր հայրենակիցներից շատերի վախերը չափազանցված են և հասարակությունը կարող է սովորել իր սխալներից։ Այնուամենայնիվ, ես գիտակցում եմ, որ հիմա իսկապես դժվար ժամանակներ են սկսվում։ Ակնհայտ է, որ Հայաստանը մեկ օրում կամ մեկ տարում Շվեյցարիա չի դառնալու (հուսով եմ, որ «Սինգապուրի» տարբերակն արդեն անցյալում է), և ղարաբաղյան չլուծված հակամարտությունը և հայ-թուրքական հարաբերությունների հարցը շարունակելու են խոչընդոտել Հայաստանի զարգացումը։ Ավելին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այժմ կարող են նոր դժվարություններ առաջանալ, քանի որ Ադրբեջանի ղեկավարները վախենում են, որ հեղափոխությունը կարող է «վարակիչ» լինել։ Հեղափոխությունների կառնավալը շուտով կավարտվի և կգա պետության և հասարակության բարեփոխման ուղղությամբ աշխատելու ժամանակը։ Այս աշխատանքը ոչ միայն բարդ և ցավատանջ է լինելու, այլև ձանձրալի և հյուծող։ Մի խոսքով, շատ գործ կա անելու։ Բայց միևնույն է, ես կարծում եմ, որ ինչ էլ լինի, այն դրական խթանը, որ Հայաստանը ստացավ վերջին երկու շաբաթների ընթացքում, իր ուժով համեմատելի է Հայաստանին՝ որպես հանրություն և ժողովուրդ, 1988-ի տված խթանի հետ։

 

EVN Report-ը շնորհակալություն է հայտնում «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամին (Friedrich Ebert Stiftung, FES) համագործակցության և աջակցության համար:

 


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team