89196139 1220251431512583 7382696474246643712 n

 

Հեղինակի խոսք

Լէօլա Սասունին մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին՝ նորածին որդին գրկում. սա առաջին բանն էր, որ իմացա նրա մասին։ Ես ցնցված էի։ Որքա՞ն խիզախ և հայրենասեր պիտի լինես, որ երեխայիդ կյանքը վտանգելով կռվես մարտի դաշտում։ Սկսեցի հնարավոր ամեն ինչ փնտրել Լէօլայի մասին՝ նրա կյանքի պատմությունը բացահայտելու համար։ Բարեբախտաբար, ինձ հաջողվեց կապ հաստատել նրա թոռների՝ Կեվո և Քրիս Սասունիների հետ, որոնք սիրով օգնեցին խճանկարի պես հավաքել Լէօլայի կյանքի իրադարձություններն ու ներկայացնել նրա անցած ուղին։

 

Վաղ տարիներ

Լէօլա Սասունին (Հռիփսիմե Մեծատուրեան) ծնվել է 1893 թվականին, Բինկյանում (կամ Բենկա, ներկայիս Ադաթեփե, Թուրքիա), Թաթուլ և Հռիփսիմե Մեծատուրեանի ընտանիքում։ Հայրը՝ Թաթուլ Մեծատուրեանը, հաջողակ գործարար էր, պապը՝ Աստվածատուր Մեծատուրեանը, ժամանակին եղել է Բինկյանի քաղաքապետը և ղեկավարել տեղի հայկական Մեսրոպյան դպրոցը։ Մեծատուրեանների տոհմից էր հայ նաև անվանի գրող Միսաք Մեծարենցը. նա Լէօլայի զարմիկն էր։

Երբ Լէօլան երեք տարեկան էր, Թաթուլ Մեծատուրեանը գործերով մեկնեց Պոլիս։ Ու այդպես էլ չվերադարձավ՝ զոհ դառնալով 1894-1896 թթ. Համիդյան ջարդերին։ Լէօլայի եղբայրը՝ ընտանիքի երրորդ զավակը, ծնվեց հոր մահից հետո։ 1897 թվականին Լէօլայի մայրն ու հայրական տատը որոշեցին երեխաների հետ տեղափոխվել Սեբաստիա (ներկայիս Սիվաս, Թուրքիա)՝ Թաթուլի զարմիկների մոտ. հարազատների աջակցությամբ շատ ավելի հեշտ էր մեծացնել երեխաներին և զբաղվել ընտանեկան հարցերով։

1907 թվականին Լէօլան ավարտեց Սեբաստիայի հայկական ավագ դպրոցը։ Շուտով նրանք ընտանիքով տեղափոխվեցին Պոլիս, որտեղ Լէօլան քրոջ՝ Մաննիկի հետ ընդունվեց ամերիկյան «Ռոբերտ քոլեջը» (այն հեղինակավոր քոլեջ էր Պոլսում, հիմնադրված 1863 թվականին)։

Քոլեջում սովորելու տարիներին Լէօլան սկսեց ակտիվորեն մասնակցել պոլսահայ հասարակական և մշակութային կյանքին։ Շուտով նա համալրեց Հայ Հեղափոխական Դաշնակցության շարքերը, պարբերաբար մասնակցում էր կուսակցության ուսանողական ասոցիացիայի հավաքներին։ 1910-ին Լէօլան պաշտոնապես դարձավ ՀՅԴ անդամ։ Անդամագրվելու երդման արարողության ժամանակ նա որոշեց ընտրել Լէօլա անունը և մինչ կյանքի վերջ ներկայացավ այդ անվամբ։ Երդման արարողությունը ղեկավարում էր Կարօ Սասունին՝ Լէօլայի ապագա ամուսինը, հետագայում հայտնի հասարակական գործիչ, պատմաբան և Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանի պատգամավոր։

19-րդ դարի վերջում Օսմանյան կայսրությունում ապրող հայերի շարունակական կոտորածները հայ հեղափոխականներին դրդեցին ինքնապաշտպանական ջոկատներ՝ ֆիդայական խմբեր կազմել, միևնույն ժամանակ պահանջելով բարեփոխումների փաթեթ հայկական վեց վիլայեթներում։ Հայ ազատագրական պայքարն արդեն սկսվել էր։

Ֆիդայական խմբերը լայն տարածում ունեին հայկական շրջաններում. մարդիկ հատուկ պատրաստություն էին անցնում, մարտական հմտություններ ձեռք բերում նրանց շարքերը համալրելու համար։ 1913 թվականին, ոգեշնչված Հայաստանն ազատագրելու գաղափարով, Լէօլան ևս որոշեց ֆիդայի դառնալ։ Շուտով, զենքերի և ռումբերի մասնագետ Գրիգոր Մերճանօֆի և հայտնի հրամանատար Համազասպ Սրվանձտյանի առաջնորդությամբ Լէօլան սովորեց զենք օգտագործել և ռումբեր նետել։

1915-ին Լէօլան ավարտեց Ռոբերտ քոլեջը, բայց անմիջապես մեկնեց Բուլղարիա՝ հայկական ջարդերից փրկվելու համար:

image3
image21
1. Լէօլա Սասունիի ավարտական լուսանկարը, հունիս 1915, Պոլիս։ 
2. Լէօլա Սասունին ձիավարելիս։ 

Լէօլան՝ ֆիդայի

Բուլղարիայում որոշ ժամանակ ապրելուց հետո ՀՅԴ առաջնորդ Բարունակ Կապուտիկյանի [1] ուղեկցությամբ Լէօլան տեղափոխվեց Թիֆլիս։ Տեղ հասնելուն պես ՀՅԴ բյուրոն նրան որոշ ժամանակով նշանակեց որբանոցի ղեկավար։ Շատ ժամանակ չանցած, 1916-ի գարնանը, կուսակցության առաջնորդները որոշեցին Լէօլային ուղարկել Տարոնի գավառ՝ Վան և Բիթլիս քաղաքների շրջակայք, աջակցելու հայ ֆիդայիներին, որոնք Զորավար Անդրանիկի ղեկավարությամբ կռվում էին Օսմանյան բանակի դեմ։ Որոշ ժամանակ այստեղ անցկացնելուց հետո Լէօլան, որն արդեն պատրաստի մարտիկ էր, տեղափոխվեց Մուշ՝ տեղի ֆիդայիների կողքին կռվելու մտադրությամբ [2]:

Երբ Լէօլան հասավ Մուշ, Կարօ Սասունին, որն այդ ժամանակ ՀՅԴ կողմից նշանակվել էր Տարոնի գլխավոր հրամանատար, հրաժարվեց նրան ընդգրկել ֆիդայիների կազմում։ Ֆիդայիներ Մորուք Կարօն, Սասունցի Մուշեղը և մյուսները ևս ոգևորված չէին կին մարտիկ ունենալ իրենց շարքերում։ Այդ ժամանակ կին ֆիդայիներն այդքան էլ շատ չէին։

Կարօ Սասունին, թերևս, որոշեց Լէօլային մեկ այլ հանձնարարություն վստահել. նա պետք է հավաքեր Մուշի և շրջակա տարածքների հայ որբերին և նրանց հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող Կարս քաղաք տեղափոխեր։ Լէօլան և ՀՅԴ շարքերից նրա մի քանի ընկերուհիներ ամիսներ շարունակ շարժվում էին Մուշից Կարս և հակառակ՝ տեղափոխելով հազարավոր որբերի։

1916-ի օգոստոսին մի շարք ֆիդայիների հետ Լէօլային հանձնարարվեց 30,000 մարդկանց տեղափոխել առավել ապահով վայրեր։ Կարօ Սասունին Լէօլային զենք տրամադրեց, իսկ վերջինս օգտվելով առիթից ցույց տվեց ֆիդայի ընկերներին իր ձիավարության և կրակելու հմտությունները։ Սկզբից բոլորը մտածեցին, որ այդ հմուտ մարտիկը պատանի է, սակայն երբ պարզեցին, որ Լէօլան է, այնքան հիացած էին, որ թողեցին նրան կռվել որպես պահակախմբի անդամ։

Ամիսներ անց Լէօլան նշանակվեց Էրզրումի գավառի Խնուսի քաղաքի (ներկայիս Հունուս, Թուրքիա) որբանոցների տնօրեն։ Նա նաև շարունակում էր վերահսկել որբերի տեղափոխումը և խնամքը։ Անհրաժեշտության դեպքում Լէօլան հասնում էր ֆիդայիներին օգնության և կռվում նրանց կողքին։

Մահվան և անվերջ տառապանքների հորձանուտում Լէօլան և Կարօ Սասունին չհապաղեցին խոստովանել միմյանց իրենց զգացմունքների մասին և որոշեցին ամուսնանալ։ 1917 թվականին Լէօլան և Կարօն Թիֆլիսում պաշտոնապես գրանցեցին իրենց ամուսնությունը և անմիջապես մեկնեցին Խնուս՝ շարունակելու գործունեությունը։ Շուտով, ցավոք, Օսմանյան բանակը գրավեց Էրզրումը և Խնուսի ժողովուրդը ստիպված էր գաղթել դեպի Արևելյան Հայաստան։ Լէօլան, որը սպասում էր առաջնեկին, առաջնորդեց ժողովրդին։

image23
Լէօլա Սասունին որբերի հետ, 1917, Բասեն։ 
image25
Լէօլա Սասունի և Կարօ Սասունի, 1919, Պոլիս։ 

1918-ի մայիսին ծնվեց Լէօլայի ու Կարօ Սասունիի առաջնեկը՝ Ժուլիկը։ Այդ ժամանակ Կարօ Սասունին գտնվում էր Ղարաքիլիսայում, որտեղ հայկական ուժերը կռվում էին Օսմանյան բանակի դեմ։ Կարօյի զինակիցները կռվում էին նաև Էջմիածնի և Սարդարապատի շրջակայքում։

Երեխայի ծնվելուց մեկ շաբաթ անց Կարօ Սասունիի մարտական ընկերները խնդրեցին Լէօլային իրենց միանալ։ Կարօն հեռու էր ընտանիքից, իսկ նրա զինակիցների համար մեծ պատիվ և պատասխանատվություն էր հոգ տանել Լէօլայի և փոքրիկի մասին։ Նրանք ուզում էի վստահ լինել, որ Սասունիներն ապահով ձեռքերում են։

Երբ Լէօլան նորածին զավակի հետ միացավ ֆիդայիներին, Սարդարապատի ճակատամարտն արդեն սկսվել էր։ Նա որոշեց մնալ և կռվել՝ Ժուլիկը գրկին։ Որքան էլ անհնար է պատկերացնել, Լէօլան և զինվորները մարտի դաշտում հերթով խնամում էին փոքրիկին։ Ավելին, Լէօլան համախմբեց կանանց և համակարգեց նրանց աշխատանքը Սարդարապատի ճակատամարտի ընթացքում։ Լէօլայի հանձնարարությամբ կանայք սկսեցին խնամել վիրավոր զինվորներին, իսկ անհրաժեշտության դեպքում կազմակերպում էին նրանց տեղափոխումը։

Սարդարապատի, Ղարաքիլիսայի և Բաշ-Ապարանի հաղթանակներն ազդարարեցին Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծումը։ Լէօլան վերադարձավ Երևան և ամուսնու հետ ներգրավվեց պետության կառուցման գործընթացին։ Կարօ Սասունին նշանակվեց Ալեքսանդրապոլի/Շիրակի նահանգապետ, իսկ Լէօլան ներգրավվեց Հայկական Կարմիր Խաչի մասնաճյուղերի հիմնադրման գործում։ Նա նաև օգնում էր պետական գործիչներին և երբեմն օտարերկրացի հյուրերի համար թարգմանիչ աշխատում։ ՀՅԴ-ն իր գլխամասը Թիֆլիսից տեղափոխել էր Երևան և Կարօ Սասունին ղեկավարում էր նաև ՀՅԴ բյուրոն։

1919 թվականին Կարօ Սասունիին գործուղեցին Պոլիս՝ վերակազմավորելու տեղի ՀՅԴ բյուրոն։ Լէօլան և Ժուլիկը նույնպես մեկնեցին։ Պոլսում Լէօլան կարողացավ գտնել իր ընտանիքին և ընկերներին։ Մի քանի ամիս Պոլսում անցկացնելուց հետո Սասունիները վերադարձան Երևան։ Հասնելուն պես, փոքրիկ Ժուլիկը մահացավ մալարիայից։

Լէօլան շարունակեց իր գործունեությունը Շիրակի մարզում մինչև 1920-ականները՝ աջակցելով Ալեքսանդրապոլի որբանոցների տնօրենին։ Այդ տարիներին Հայաստանի մշակութային կենտրոններից մեկը դարձել էր որբաքաղաք՝ իր կտուրի տակ ընդունելով Արևմտյան և Արևելյան Հայաստանից մոտ 25,000 որբերի։ Այս շրջանում՝ 1920 թվականին լույս աշխարհ եկավ Սասունիների երկրորդ զավակը՝ Սուրենը։

Հայ ժողովրդի տառապանքները թերևս այսքանով չավարտվեցին։ 1920 թվականին բոլշևիկները գրավեցին Հայաստանը, սկսվեց երկրի խորհրդայնացումը։ Բոլշևիկներն ահաբեկում և բանտարկում էին կառավարության անդամներին և աշխատակիցներին, ինչպես նաև ՀՅԴ անդամներին։ Լէօլան նույնպես կալանավորվեց։

Մինչև բանտում հայտնվելը Լէօլան նամակներ էր գրում Երևանից հեռու գտնվող Կարօ Սասունիին և տեղեկացնում իրավիճակի մասին։ Բոլշևիկներից զգուշանալով՝ նա նամակները ստորագրում էր Ջեմմա անունով։ Այս ամենը երկար չտևեց։ Շուտով Լէօլան անձամբ ականատեսը եղավ բոլշևիկների դաժան վերաբերմունքի։

Հետագա տարիները

1921 թվականին Կարօ Սասունին իր գաղափարակիցների հետ կազմակերպեց Փետրվարյան ապստամբությունը՝ ՀՅԴ զինված ընդվզումը բոլշևիկների դեմ, որը նպատակ ուներ Հայաստանը հեռու պահել խորհրդայնացումից։ Ապստամբներն արդեն իրենց հսկողության տակ էին վերցրել Հայաստանի մի քանի շրջաններ, հերթը Երևանինն էր։ Մայրաքաղաք հասնելուն պես ՀՅԴ ուժերն ազատեցին մի քանի հարյուր քաղբանտարկյալների՝ նրանց թվում նաև Լէօլային։

Ցավոք, ՀՅԴ ուժերը կարողացան դիմադրել ընդամենը երկու ամիս, և ապրիլի սկզբին բոլշևիկները երկրի կառավարումը կրկին իրենց ձեռքը վերցրին։ Մոտ 10,000 մարտիկներ և քաղաքական գործիչներ ստիպված էին լքել Հայաստանը՝ դեպի Իրան, այդ թվում նաև Լէօլան։ Նա փոքրիկ Սուրենին թողեց մոր մոտ՝ Երևանում, և ժամանակավորապես հաստատվեց Թավրիզում։ Մի քանի ամիս անց ծնվեց Լէօլայի և Կարօյի երրորդ զավակը՝ Վիգենը։ Լէօլային հաջողվեց կարճ ժամանակով վերադառնալ արդեն Խորհրդային Հայաստան և ընտանիքի հետ լքել հայրենիքը։

Տարբեր երկրներում ապրելուց հետո 1925 թվականին Լէօլան ընտանիքի հետ հաստատվեց Փարիզում՝ շարունակելով իր ակտիվ գործունեությունը ՀՅԴ շարքերում։ Շուտով նա գործի անցավ ֆրանսահայ Կապույտ խաչում։ 1929 թվականին ծնվեց Սասունիների չորրորդ որդին՝ Բաբկենը։

screen shot 2020 02 03 at 10 48 06 1
Լէօլան և Կարօն ընտանիքի անդամների հետ, 1919, Պոլիս։ 
Ձախից՝ աջ (նստած) - Հռիփսիմե Մեծատուրեան (Լէօլայի մայրը), Հրայր Սասունի (Կարօյի զարմիկը), Լէօլա, Ժուլիկ և Կարօ։ 
Ձախից՝ աջ (կանգնած) - Վահան Մեծատուրեան (Լէօլայի եղբայրը), Մաննիկ Մեծատուրեան (Լէօլայի քույրը)։ 
image6 1
Սասունիների ընտանիքը, 1925, Փարիզ։ 
Ձախից՝ աջ (նստած) - Սուրեն, Լէօլա, Վիգեն և Կարօ
Ձախից՝ աջ (կանգնած) - Սեթրակ, Արմեն և  Հրայր Սասունիներ (Կարօյի բարեկամները)

1934 թվականին Լէօլան տեղափոխվեց Կահիրե, հետո՝ Հալեպ։ Երեք տարի անց ընտանիքը վերջնականապես հաստատվեց Բեյրութում, որտեղ և Լէօլան ապրեց մինչև կյանքի վերջին տարիները։

Բեյրութում հաստատվելուց անմիջապես հետո Լէօլան սկսեց աշխատել Հայ Օգնության Միությունում։ 1939 թվականին նա նշանակվեց նոր հիմնադրված Լիբանանահայ օգնության խաչի շրջանային կոմիտեի անդամ և այստեղ աշխատեց մինչ կյանքի վերջ՝ օգնելով հարյուրավոր հայերի Լիբանանից և Սիրիայից։

1940-ականների սկզբին, Լէօլան և Ճավո Շանթը՝ հայ գրող Լևոն Շանթի կինը, միասին նախաձեռնեցին «Պնակ մը կերակուր» ծրագիրը, որի շրջանակում հարյուրավոր ուսանողների շաբաթական չորս անգամ սնունդ էր տրամադրվում։ Հայտնի ամերիկահայ ակադեմիկոս և Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանն այն ուսանողներից մեկն էր, ում Լէօլա Սասունին օգնել է սովորելու տարիներին։ Երիտասարդ Վարդանը Թեհրանից նոր էր տեղափոխվել Բեյրութ և ֆինանսական աջակցության կարիք ուներ՝ մինչև կկարողանար աշխատանք գտնել և գումար վաստակել։ Լէօլա Սասունին պատրաստ էր օգնելու։ Հետագայում իր «Ճանապարհ դեպի տուն. իմ կյանքն ու ժամանակները» գրքում Գրեգորյանը հիացմունքով է նկարագրում իր և Լէօլա Սասունիի հանդիպումը։

image32
image33
image30
1. Լէօլա Սասունին Լիբանանի վարչապետ Ռաշիդ Քարամեի կողմից Մայրիների ազգային շքանշանը ստանալիս, մարտի 26, 1966։
2. Հ.Օ.Մ. համաժողովը Բեյրութում։ Լէօլան երկրորդ շարքում ձախից հինգերոդն է, նստած։ 
3. Հ.Օ.Մ. համաժողովը Հալեպում, 1934։ Լէօլան առաջին շարքում ձախից չորրորդն է։ 

«Նա արտասովոր կին էր... Սահուն խոսում էր հայերեն, անգլերեն, թրքերեն և ֆրանսերեն։ Ինձ հրավիրել էին Սասունիների տուն։ Տիկին Սասունին մեծ աչքեր և լայն ճակատ ուներ։ Նրա հայացքը խիստ էր, բայց ձայնը հանգստացնող էր։ Հարցրեց իմ ֆինանսական դրությունից։ Ես նրան պատմեցի, որ գումարիս մեծ մասը Լյուքս հյուրանոցի վրա եմ ծախսել և որ հաջողել եմ վաճառել իմ փաշմինա վերմակը, ոսկեջրած շրջանակներով ակնոցը և իմ երկու արծաթե շրջանակները՝ քսան դոլարով։ Ասացի, որ հույս ունեի կամ սպասում էի ստանալ ևս քսանհինգ դոլար պարոն Մալոյանից [Գրեգորյանի ուսուցիչը, որ խրախուսել էր նրան մեկնել Բեյրութ և բարձրագույն կրթություն ստանալ, խմբ.]։

- Սա վրդովեցնող է,- նա ասաց,- դու չես կարող ապրել սպասումներով։ Մենք քեզ համար մնալու տեղ պետք է գտնենք և հետո մի ռեստորան, որը քեզ ուտելիքով կապահովի։ Մի անհանգստացիր։ Մենք կհոգանք քո մասին,- ասաց նա մեծ ինքնավստահությամբ և վճռականությամբ»։

Իր ղեկավարի ձիրքով Լէօլա Սասունին կարևոր դեր խաղաց Լիբանանի Հայ Օգնության Խաչը հաստատուն և կենսունակ կազմակերպություն դարձնելու գործում. մի կազմակերպության, որը մեծ ազդեցություն ուներ տեղի հայ և մյուս համայնքների վրա։ Լիբանանի Հայ Օգնության Խաչն իր տրամադրության տակ մի քանի հիվանդանոց և առողջության կենտրոններ ուներ, որոնք աջակցություն էին ցուցաբերում հայերին և արաբներին։ Իր գործունեության տարիներին Լէօլա Սասունին ընդլայնեց առողջության կենտրոնների քանակը։ 1954 թվականին նրա նախաձեռնությամբ Շթորայում՝ Լիբանանի Բեքայի հովտում, բացվեց վերականգնողական կենտրոն՝ նախատեսված 6-12 տարեկան երեխաների համար։

1966 թվականին Լէօլա Սասունին Լիբանանի այդ տարիների նախագահ Շառլ Հելուի կողմից պարգևատրվեց Մայրիների ազգային շքանշանով։ Լէօլան Լիբանանի Օգնության Խաչի սիրված և նվիրված անդամ էր։ 30 տարի և ավելի Լէօլա Սասունին ոչ մի ջանք չխնայեց տարբեր նախաձեռնությունների համար գումար հայթայթելու և կարիքի մեջ գտնվողներին օգնելու համար։ Ինչպես գործընկերներն են հիշում «Յեղափոխական ալպոմ»-ի էջերում, Լէօլան շատ հոգատար անձնավորություն էր. ամեն օր ընդունում էր տասնյակ մարդկանց, լսում նրանց խնդիրները և փորձում լուծումներ գտնել։

Լէօլա Սասունիի երեխաները ժամանակի ընթացքում տեղափոխվեցին Փարիզ՝ շարունակելու իրենց կրթությունը։ 1952-ին Վիգենը տեղափոխվեց Փենսիլվենիա, ԱՄՆ, 1957-ին նրանց միացավ Բաբկենը՝ կնոջ հետ։

1920-ականներին Հայաստանից հեռանալուց հետո Լէօլան երազում էր նորից լինել հայրենի հողում։ Եվ ահա 1969 թվականին, չնայած առողջական լուրջ խնդիրներին և բժշկի հորդորներին, որ չարժե ճանապարհորդել, 76-ամյա Լէօլան որոշեց իրականություն դարձնել վաղեմի երազանքն ու այցելել Խորհրդային Հայաստան։ Հայրենիքում գտնվելու օրերին նա այցելեց Սարդարապատի հուշահամալիր. մի վայր որտեղ հերոսաբար կռվել էր տարիներ առաջ։

1969-ի հոկտեմբերի 2-ին, Հայաստանից վերադառնալուց տասն օր անց, Լէօլա Սասունին մահացավ։

Ներկայում Հայ Օգնության Միության Ուոթերթաունի մասնաճյուղը կրում է Լէօլա Սասունիի անունը։ Լէօլան բարեսիրտ, անվախ, հոգատար և հայրենասեր կին էր։ Նա փրկեց հազարավոր որբերի, կռվեց մարտի դաշտում, իր ամբողջ ներուժն ուղղեց պահպանելու հայ մշակույթն ու հայությունն օտար ափերում։ Լինելով հազարավոր կիլոմետրեր հեռու՝ նա չդադարեց սիրել հայրենի երկիրը։ Լէօլա Սասունին եղել է և միշտ կլինի օրինակելի կերպար սերունդների համար։

 

 

Շնորհակալություն Շարիստան Մելքոնյանին աջակցության համար, Քրիս և Կեվո Սասունիներին իրենց ընտանեկան պատմությունով կիսվելու և լուսանկարներ տրամադրելու համար։ 

Գրաֆիկայում օգտագործված լուսնակարը։

 

Հղումներ

Յեղափոխական ալպոմ։ Ազատագրական պայքարի յուշամատեան, Խմբ.՝ Ավո (Թումանեան Ավետիս), N10, 1970, Բեյրութ։
Հայ կնոջ դերը Հայ Յեղափոխական Շարժման Մէջ, 1992, Լոս Անջելես (2-րդ հրատարակություն)։
Ճանապարհ դեպի տուն. Իմ կյանքն ու ժամանակները, Վարդան Գրեգորյան, 2004, Նյու-Յորք։
[1] Բարունակ Կապուտիկյանը անվանի գրող Սիլվա Կապուտիկյանի հայրն էր:
[2] Լէօլա Սասունիի կյանքի այս դրվագները ներկայացված են «Յեղափոխական ալպոմ: Ազատագրական պայքարի յուշամատեան» ամսագրի նշված համարում։
image40
image41 1
Լէօլա Սասունին Լոս Անջելեսում, ԱՄՆ, 1960-ականների կեսեր։ 

read in English

From the Forgotten Pages of History: The Prolific Leola Sassouni

Arpine Haroyan traces the life of Leola Sassouni, born in a small town in the Ottoman Empire, who would go on to fight for the independence of the First Armenian Republic, dedicating her life to her nation, and leaving behind a rich legacy.

EVN Report-ը ողջունում է այն գրառումները, որոնք նպաստում են առողջ քննարկման ծավալման և խթանում են իրազեկ բանավեճ։ Ցանկացած գրառում, որը ներառում է ատելության խոսք, անարգանք կամ անձնավորված վիրավորանքներ չի հրապարակվի:

Thank you for your submission! We will review it soon.

Կարդալ նաև

Պատմության մոռացված էջերից. Լուիզա Ասլանյանի Դիմադրությունը

Թավրիզից Փարիզ, դիմադրությունից նացիստական համակենտրոնացման ճամբար... սա է Լուիզա Ասլանյանի պատմությունը `մի հայ կնոջ, ում համոզմունքները, նվիրվածությունն ու խոսքերը հիմնականում մոռացվել են:

Պատմության մոռացված էջերից. Մառի Պէյլէրեանի կյանքն ու ժամանակները

Արևմտահայ գրող և խմբագիր Մառի Պէյլէրեանն զոհվեց 1915-ի Հայոց ցեղասպանության ժամանակ: Թեև նրա կյանքի մասին սակավ տեղեկություններ կան, նա թողել է «Արտէմիսի» ժառանգությունը՝ Եգիպտոսում լույս տեսնող ամսահանդես՝ նվիրված կանանց իրավունքներին:

Պատմության մոռացված էջերից. Էլլէն Բիւզանդի ուղին Սարդարապատի ճակատամարտից Չեկայի բանտ

Գրող, դիմադրության մարտիկ, քաղբանտարկյալ Էլլէն Բիւզանդի (Եղիսաբեթ Ստամբոլցյան) կյանքը լեգենդների կծիկ է։ Բիւզանդի՝ Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման և հասարակական ու քաղաքական գործիչների մասին անտիպ օրագրերն ու հուշագրերը դեռեւս սպասում են բացահայտման ու տպագրման իրենց հերթին...


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team