Մառի Պէյլէրեանն արևմտահայ այսօր քիչ ճանաչված մտավորականներից է, թեև 20-րդ դարի սկզբում նա չափազանց հայտնի էր իր «Արտէմիս» ընտանեկան-գրական ամսահանդեսով. հանդես, որը նպատակ ուներ կրթել աշխարհով մեկ սփռված հայ կանանց ու աղջիկներին և որը խոսում էր նրանց իրավունքների մասին։
Ո՞վ է Մառի Պէյլէրեանը
Մառի Պէյլէրեանի մասին կենսագրական տվյալներ քիչ կան, թեև նա չափազանց հայտնի էր 20-դարի սկզբին՝ շնորհիվ իր «Արտէմիս» ամսագրի։ Հայոց մեծ եղեռնից հետո Պէյլէրեանը կարծես մոռացության մատնվեց։ Կա վարկած [1], որ նա երկու հայ կանանցից մեկն էր (Զապել Եսայանի հետ մեկտեղ), ում անունը ներառված էր 1915-ի ապրիլի 24-ին Պոլսում ձերբակալված մտավորականների ցուցակում։ Ցավոք առ այսօր նրա ճակատագրի շատ էջեր անհայտ են...
Մառի Պէյլէրեանը ծնվել է 1877 թվականին Պոլսում, կրթությունը ստացել է Եսայան դպրոցում, ապա ուսումը շարունակել Բերայի արվեստանոցում (Բերան Պոլսի թաղամասերից է)։ Գրական-հասարական գործունեությունը Մառին սկսել է թղթակցելով «Արեւելք» թերթին՝ ներկայանալով Կալիպսօ ստեղծագործական կեղծանվամբ։
1890-ականների սկզբին Մառին փորձում է անդամակցել Հնչակյան կուսակցությանը։ Նա ոգևորված էր թափ առնող ազգային ազատագրական շարժմամբ և ցանկանում էր իր ներդրումն ունենալ հայ ժողովրդի արդարացի այս պայքարում։ Կուսակցության ղեկավարությունը, սակայն, որոշում է, որ Մառին դեռ փոքր է կուսակցական լինելու համար և առաջարկում է նրան թղթակցել «Հնչակ» թերթին։
1890-ին Հնչակյան կուսակցությունը կազմակերպում է հայտնի Գում Գափուի ցույցը։ Պէյլէրեանը ներկա էր ցույցին և լուսաբանում էր այն։
Ցուցարարները հարկադրում են Պոլսի հայոց պատրիարքին ընկերակցելու իրենց երթին դեպի սուլթանի պալատը՝ հայկական բարենորոգումների մասին պահանջագիր ներկայացնելու, ինչպես նաև բողոքելու հայկական վիլայեթներում վայրագությունների դեմ։ Ցույցն ավարտվում է օսմանյան ոստիկանների հետ ընդհարմամբ՝ բազմաթիվ զոհերով և վիրավորներով։
1895-ին հնչյակյանները կազմակերպում են ևս մեկ ցույց, որը հետագայում հայտնի դարձավ Բաբ Ալի անվամբ։ Մառի Պէյլէրեանը ցուցի կազմակերպիչներից էր[2], ցույցը սկսվել է հենց նրա ոգևորիչ ճառով։ Չնայած ցույցի խաղաղ բնույթին և կազմակերպիչների ձեռնարկած նախազգուշական միջոցներին (կազմակերպիչները ցույցի մասին նախապես տեղեկացրել էին իշխանություններին և եվրոպական երկրների դեսպաններին)՝ սուլթանի նստավայր շարժվելու ճանապարհին օսմանյան իշխանությունները արյունալի ջարդ են կազմակերպում[3]։ Օսմանյան ղեկավարությունը շուտով հետախուզում է հայտարարում Մառիի և տասնյակ այլ գործիչների նկատմամբ։ Մառիին հաջողվում է փախչել և հանգրվանել Եգիպտոսում։
Եգիպտոսում հաստատվելուց որոշ ժամանակ անց Մառին սկսում է դասավանդել Ալեքսանդրիայի հայկական դպրոցում, իսկ 1902-ին Կահիրեում հիմնադրում «Արտէմիս» ամսահանդեսը։ Կահիրե տեղափոխվելուց կարճ անց Պէյլէրեանն ամուսնանում է հայ հեղափոխական Ավօ Նագըշճեանի հետ[4]։
1908-ին, երիտթուրքերի հեղաշրջումից հետո, երբ փոխվեց Օսմանյան սահմանադրությունը, Մառի Պէյլէրեանը վերադառնում է և սկսում դասավանդել Զմյուռնիայի (Իզմիր) Հռիփսիմյանց վարժարանում, ապա Եվդոկիայի հայկական դպրոցում։ Այս տարիներին Պէյլէրեանին հաջողվում է հրատարակել իր գրական ստեղծագործությունների «Դէպի Վեր» ժողովածուն, որը, ցավոք, միակն էր լինելու։ 1915 թվականին Պէյլէրեանն ու նրա ամուսինն անհետացան...
«Արտէմիս» ամսահանդեսը
«Արտէմիս» ընտանեկան-գրական ամսահանդեսը Մառի Պէյլէրեանը հիմնադրում է 1902 թվականին Կահիրեում։ Այն հրատարակվում է մինչև 1904 թվականը (1902-1903 թթ.) և մեծ ճանաչում ուներ աշխարհասփյուռ հայուհիների շրջանում։ Պարբերականի առաջին համարը տպագրելուց առաջ Մառին ամուսնուն ուղարկում է Էջմիածին՝ Խրիմյան Հայրիկի օրհնությունն ու աջակցությունը ստանալու։ Հայոց հայրապետին ոգևորում է կանանց և աղջիկների համար ամսահանդես ունենալու գաղափարը և նա Մառիին հայերեն տպագրական տառեր է ուղարկում։ Ավելին, Խրիմյան Հայրիկը իր գրքերից մի քանի օրինակ է հանձնում Պէյլէրեանի ամուսնուն և խնդրում, որպեսզի վաճառքից գոյացած ողջ հասույթը ուղղվի «Արտէմիսի» հրատարակությանը։
«Արտէմիսն» իր էջերում ինքնարտահայտվելու, բանավիճելու և կանանց խնդիրների մասին խոսելու հնարավորություն էր ընձեռում տարբեր խավերի հայ կանանց և աղջիկներին։ Ամսագրում հրատարակվող հոդվածները գրվում էին Թիֆլիսում, Մոսկվայում, Կարսում, Նոր Ջուղայում, Նյու Յորքում, Փարիզում։ «Արտէմիսի» համար գրում էին Վահան Թեքեյանը, Եղիա Տեմիրճիպաշյանը, Զարուհի Գալեմքեարեանը, ամերիկացի ֆեմինիստ լրագրող Ալիս Սթոն Բլեքվելը։ Ամսահանդեսը նաև բարեգործական գործունեություն էր ծավալում։
Վիկտորիա Րոուին իր «Հայ կանանց գրական գործունեության պատմությունը 1880-1922 թվականներին» գրքում (2009) գրում է, որ «Արտէմիսն» իր համարներում անդրադառնում էր առավելապես կանանց, կրթության, մայրության և զբաղվածության խնդիրներին։ Սրանք հարցեր էին, որոնց դարեր շարունակ առերեսվում էին հայ կանայք և աղջիկները։ Դրանցից որոշները, ինչպես օրինակ, կանանց կրթության ու ընտանիքում որոշում կայացնելու իրավունքը, Հայաստանում արդիական են անգամ այսօր։
Կանանց իրավունքներ
Մառի Պէյլէրեանը «Արտէմիսի» խմբագրականներում հետևողականորեն անդրադառնում էր կանանց իրավունքներին՝ կոչելով արդարության։ Նա համարում էր, որ արևմտյան ֆեմինիզմը համատեղելի չէ հայ իրականության հետ և պնդում, որ հայ կինը նախ պետք է պահանջի «բնական իրավունքներ» (իրավունք սեփական կարծիքն ունենալու, որոշումներ կայացնելու և կյանքն ինքնուրույն դասավորելու) և ապա միայն առաջ քաշի հասարակական-քաղաքական դերակատարության հարցը։ Իր՝ «Ակնարկ մը հայ կնոջ անցեալին վրայ» և «Զավագը» խմբագրականներում Պէյլէրեանը խոսում է հայ կնոջ դժվար առօրյայի մասին՝ քննադատելով ամուսին-կին հարաբերությունները և կնոջ դերն ընտանիքում։
Անցեալի հայ կնոջ համար ընտանեկան կեանքը դժողք մըն էր. նա՝ ստուեր մը պետք էր ըլլալ. ուրիշ ոչինչ։ Ամօթ էր կտրիճ տղամարդուն համար իր կնոջ հետ սրտաբաց, ընկերաբար, սիրով խօսիլը. կնաբարոյ կը կոչուէր ան այդ պարագային իր շրջանակէն.
Եվ կը մեղադրուէր ու կը նախատուէր իրեններէն։ Եթե ըսելիք մը ունէր, պարտաւոր էր խօսիլ խստաադէմ գրեթէ առանց կնոջը երեսը նայելու։
Մենք հայ կանայքս, համեմատաբար, ամենէն աւելի զրկանք ու բռնութիւն տեսեր ենք։ Քաղաքակրթութիւնը հազիւ այսօր քիչ մը թուլցուցած է մեր ստրկութեան շղթաները. Իսկ գաւառացի խեղճուկ հայուհին դեռ նոյն զրկանքներում տակ կը հեծէ։
Պէյլէրեանը գրում էր պարզ և հասկանալի լեզվով, իր գաղափարներն ընկալելի դարձնելու համար օրինակներ բերում հայ կանանց առօրյայից։ Նրա գրելաոճը ոգեշնչում և ոգևորում էր շատերին։ Պէյլէրեանն իր «Զավագը» խմբագրականում անգամ փոքրիկ մի մանիֆեստ է գրում՝ հայ կանանց իրավունքների մասին։
Չափավորենք մեր պահանջները, զգացնելով սակայն թե՝ գիտակցութեամբ, և մեր իրաւունքներուն հաւասարութիւնը լիովին ըմբռնելով՝ ետ կքաշւինք։ Բայց ուժգին մաքառեցինք այն կարգ մը նախապաշարումներուն դեմ, որոնք մեզի դժբաղդացուցեր են դարերէ ի վեր, և այսօր կը սպառնան մեր կեանքի բաղդաւորութեան։
Պահանջենք որ իրավունք ունենաք սիրելու բացարձակ և համարձակ, իրաւունք ունենանք ընտրելու առանց ոևէ թելադրանքի ու ստիպումի, ազա՜տ կամքով. Մեր կեանքի ընկեր այն՝ որուն սրտին հետ կապուած է եւ մեր սիրտը։
Իրաւունք ունենանք ազատ խօսելու և համարձակ կարծիք յայտնելու այն ամեն խնդիրներու մասին՝ որոնք կը շօշափեն հասարակական կեանքը, և պահանջենք, որ մեր ալ կարծիքները նկատողութեան առնվին ու գաղափարները յարգուին։
Ազա՛տ ըլլանք մեր ընտանեկան կեանքին մեջ, ազա՛տ եվ անկա՛խ մեր գործելու ու մտածելու եղանակին մեջ. ազա՛տ հետեւելու ո՛ և է պաշտուած գաղափարի կամ մեզ համար սիրելի նպատակի, մեկ խոսքով ազատ այն ամեն բանի մեջ՝ որը մաքուր և նախապաշարումներէ բոլորովին ազատ բարոյական մը կը թոյլատրէ ու ո՛ և է կերպով չի վնասեր սերունդի ազնուացման գործին։
Այս սահմանէն անդին չանցնինք. Կամովին ու սիրով մնանք մեր սըրբազան դերին մեջ, յիշելով, թե՝ ամենէն բարձր գոհունակութիւնը, ամենէն մեծ երջանկութիւնը պարտականութեան անթերի կատարման մէջ կը կայանայ։
Մառին կարևորում էր կրթության դերը կնոջ կյանքում։ Իր «Ակնարկ մը հայ կնոջ անցեալին վրայ» խմբագրականում նա նաև նկարագրում է, թե ինչպես է ժամանակի հայ հասարակությունը վերաբերվում կրթություն ստացած կանանց։
Սի՜րտ, մի՜տք, դաստիարակութիւն, ադոնց մասին գաղափար իսկ չկար. ամօթ էր նոյն ուսման ու զարգացման խօսք ընել կնոջ համար, և գրող կարդացող կինը կը համարուէր տեսակ մը նոր օրինակ, իր դէրեն ու սեռէն դուրս. կէս մը այր դարձած անբնական էակ, որուն խեթիւ ու գայթակղութեամբ կը նայէն ուրիշ կիները։
Կրթություն
19-րդ դարի վերջում կնոջ կրթության նկատմամբ կարծրատիպերը աստիճանաբար սկսում են կոտրվել, հայ հասարակությունը սկսում է գիտակցել, որ կիրթ մայրեր ունենալու համար պետք է նախևառաջ կրթված աղջիկներ ունենալ։ Մայր-ուսուցիչ գաղափարն ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում, աղջիկները սկսում են դպրոցներ հաճախել։ Այնուամենայնիվ, Պէյլէրեանը գոհ չէր կրթության որակից և իր խմբագրականներում պարբերաբար քննադատում էր այն։ Նա հավատում էր, որ աղջիկներին գիտելիք տալու փոխարեն նրանց սովորեցնում են ինչպես դաշնամուր նվագել կամ ֆրանսերեն խոսել։ Իսկ այդպիսի կրթությունն աղջիկներին վերափոխում է եսասեր կանանց, որոնք մտածելու կարողություն չունեն։
Ավօ Նագըշճեանը՝ Պէյլէրեանի ամուսինը, նույնպես հոդվածներ էր գրում «Արտէմիսի» համար։ Երեք մասից բաղկացած իր «Ի՞նչ ըրած են ցարդ վարժարանէն ելլող մեր հայ աղջիկները» հոդվածում նա քննադատում է հայ աղջիկներին՝ անվանելով նրանց ծույլ, որոնք պատրաստ չեն աջակցելու ազգին, և այդ ամենի մեղավորը կրթական համակարգն էր համարում։
Բացի՜նք վարժարաններ, նոյն իսկ մեր յեանեալ գիւղերու անկիւնները, բայց մոռցանք թե ինչ ոգիով պետք է վարենք զանոնք. անգիտցանք թե ի՞նչ են հայ աղջիկան պետքերը, եվ որոնք են անոր գործնական պարտքերը հանդէպ իրենց յարկերուն, իրենց ցեղին եվ իրենց բնաշխարհին։
Հետաքրքրական է, որ իշխանուհի Մարիամ Թումանյանը՝ 19-րդ դարավերջի Թիֆլիսի վերնախավի կրթված և վառ ներկայացուցիչներից մեկը, իր հուշերում ևս քննադատում է հայ աղջիկներին և հիասթափությամբ նշում, որ երիտասարդ աղջիկները հետաքրքրված չեն ուսումով [5]։
Մառի Պէյլէրեանը կարծում էր, որ կրթական համակարգը ի զորու չէ ուժեղ, անվախ և մտածելու կարողություն ունեցող աղջիկներ կրթելու։ Մառին կարծես զգում էր մոտալուտ ողբերգությունը, կարծես կանխատեսում ցեղասպանությունից հետո որբացած բազմաթիվ աղջիկների ապագան, որոնց համար կրթությունը կարող էր ճակատագրին առերեսվելու ճանապարհ լինել։
... Ուրեմն ժամանակն է հաստատուն դաստիարակութեամբ զօրացնել մեր աղջիկներուն միտքն ու սիրտը, գործնական դասերով, կենդանի օրինակներով պատրաստել, գօտեպընդել զանոնք եւ այնպէս դնել կեանքի ճամբուն վրայ, որպէս զի փչող քամին չտանի իր ուզած կողմը և հասնող դեպքէն ու աղետքը օգտուելով անոնց թուլութենէն, գետին չտապալեն։
Նա առաջարկում էր աղջիկներին «գեղանի օրիորդներ» դաստիարակելու փոխարեն սովորեցնել իրենց պարտականությունները հանդեպ ծնողների, հայրենիքի և ազգի։ Ըստ Մառիի՝ լավ ուսուցիչը պետք է իմանա ինչպես ոգևորել երիտասարդ աղջիկներին, ոգեշնչել նրանց սրտերը։ Ավօն ևս համաձայն էր Մառիի հետ։
Իտեալիստ աղջիկներ գրեթե չունինք, որովհետև վարժարանին մեջ ոչինչ տուած ենք իբրև կեանքի նպատակ, իսկ տան մեջ՝ առ առաւելն նա կը լսէ թե՝ «աղջիկ մը հարս պիտի ըլլայ»։
Զբաղվածություն
Որպես խմբագիր և ուսուցիչ, Պէյլէրեանը ոգեշնչում էր աղջիկներին, որպեսզի նրանք չբավարարվեն տնային տնտեսուհի լինելով, սովորեն, աշխատեն և հավասարը հավասարին լինեն տղամարդկանց կողքին։ «Արտէմիսի» համարյա բոլոր համարներն անդրադառնում են կնոջ զբաղվածության խնդրին՝ հատկապես 20-րդ դարի սկզբի հայ հասարակության մեջ։ Խմբագրականներից մեկում Մառին նշում է, որ ընտանիքում կանանց ցածր կարգավիճակը պայմանավորված է նրանով, որ նրանք գումար չեն վաստակում։ Պէյլէրեանը կարծում էր, որ տնտեսական գործոններն իրենց ազդեցությունն են ունեցել հասարակության մեջ կնոջ դերի ըմբռնման հարցում։
Մինչ ցարդ դեռ հայ ժողովրդին համար օտարոտի ու նուաստացուցիչ բան մը համարուած է աղջիկներու ու կիներու աշխատութիւնը։ Գրեթէ արմատացած նախապաշարում մըն է ասի, այնպես որ կարգ մը մարդիկ նախամեծար կը համարին անօթի տեսնել իրենց ընտանիքը՝ քան թողուլ որ իրենց կինն ու աղջիկը դուրսը աշխատին. ատի մեծագույն ամոթն ու նախատինքը կը կարծեն իրենց առնականութեան համար։
12 տարեկանում տղաներն արդեն աշխատում էին հայրերի հետ՝ դառնալով օգնող ձեռք ընտանիքի համար։ Ըստ Պէյլէրեանի, սա էր պատճառներից մեկը, որ տղաները միշտ սիրված էին ընտանիքում։ Աղջիկ ունեցողները միշտ անհանգիստ էին, քանի որ պետք էր նրանց ամուսնության պատրաստել, օժիտ տալ։ Ավելին, աղջիկ ունենալը ամոթ էր ընտանիքի հարսի համար։ Մառին նշում է, որ սա միայն հայերին բնորոշ չէ, աղջիների հանդեպ ատելությունը բնորոշ է ասիական ազգերին։
Ըստ Պէյլէրեանի՝ լուծումներից մեկը աղջիկների զբաղվածությունը կարող է լինել։ Եթե վերջիններս գումար վաստակեն և ընտանիքի հոգսը կիսեն, ապա ընտանիքներում նրանց որպես հավասարի կնայեն և տղամարդկանց նման կարժևորեն։ «Աշխատութիւն է կին սեռին միակ փրկիչը...»,- գրում է Մառին։
Մառին նշում է, որ կանայք արդեն իսկ աշխատում են տանը՝ կերակուր պատրաստում, մաքրություն անում, մրգեր չորացնում, երեխաների խնամքով զբաղվում, ասեղնագործում, լվացք անում, անգամ դաշտերում օգնում իրենց ամուսիններին, երբ աշխատուժի կարիք կա։ Բայց քանի որ նրանց աշխատանքը չի վարձատրվում, այն չի ընկալվում որպես իրական աշխատանք։
Պէյլէրեանը կանանց զբաղվածությունը կապում է նաև հայկական վիլայեթներում տիրող իրողությունների հետ։ Լինելով աքսորում՝ նա գրում է, որ կարևոր է կանանց զբաղվածությունը, որովհետև որտեղ էլ որ նրանք լինեն, դա է սեփական ապրուստը հոգալու ճանապարհը։
Մայրություն
Մայրեր տուեք ինձ, և ազգեր տամ ձեզ. ըսեր է մեծ խորհող մը։ Արտէմիսի նպատակը պիտի ըլլայ ուրեմն պատրաստել օրիորդներ, ամուսիններ, մայրեր, որպէսզի օր մը հպարտութեամբ կարենայ ըսել, ահա՜ ձեզ մայրեր, տւեք ազգը։
Մայրությունը՝ հայ կնոջ սուրբ դերը, իր ուրույն տեղն ուներ «Արտէմիսի» էջերում։ Հայ մայրերը առաքելություն ունեն մեծացնելու հայրենասեր և կրթված երեխաների, որոնք կնպաստեն հայրենիքի զարգացմանը։ Մառին քննադատում էր հայ ավանդական ընտանիքի կառուցվածքը՝ «գերդաստանը», նշելով, որ սկեսուրները հաճախ ճնշում են հարսներին, չեն թողնում դաստիարակել սեփական երեխաներին։ Նա կարծում էր, որ ընտանիքները պետք է միջուկի կառուցվածք ունենան, և մայրերն իրենց երեխաներին պետք դաստիարակեն առանց հարազատների միջամտության։
Կինը պետք է պատրաստ լինի ամուսնությանը։ Ըստ Պէյլէրեանի՝ աղջիկները պետք է հասուն լինեն, պատկերացում ունենան իրենց սպասվող կյանքի ու պարտականությունների մասին։ Մառին հավատում էր, որ սխալ տարիքում ամուսնությունները դժբախտություն են երիտասարդ աղջիկների համար, և ջանք չէր խնայում կրթելու հայ կանանց ու աղջիկներին, նրանց ոգևորելու ավելի գիտակից քայլերի։
Պէյլէրեանի հաջողության գրավականներից մեկն այն էր, որ նա միահյուսում էր կնոջ բոլոր դերերը և ամենայն մանրամասնությամբ ներկայացնում դրանցից յուրաքանչյուրը։ Մայրության մասին խոսելիս նա չէր ժխտում կանանց զբաղվածության մասին գաղափարները, սովորել հորդորելիս չէր պնդում, որ կնոջ հիմնական առաքելությունը պիտի կրթություն ստանալը կամ գիտությամբ զբաղվելը լինի։ Պէյլէրեանի երազած հայ կինը կիրթ էր, ընտանիք ուներ, գիտեր ինչպես արտահայտել մտքերը, գիտեր իր իրավունքներն ու իր ներդրումն ուներ հայրենիքի զարգացման գործում։
Կանայք կանանց մասին
«Արտէմիսը» մի հոդված է նվիրել իշխանուհի Մարիամ Թումանյանին, նրան պատկերելով որպես հայ կնոջ ոգևորիչ կերպար՝ մեկը, ով կարծրատիպեր է կոտրում և օրինակ է երիտասարդ սերնդի համար։ Հոդվածի հեղինակը նշում է, որ հայ կանայք սկսել են համեստ ու խոնարհ տնային տնտեսուհիներից վերածվել ակտիվ հասարակական գործունեություն ծավալող կանանց, և օրինակ է բերում իշխանուհու տարբեր նախաձեռնությունները, գովաբանում նրան որպես երիտասարդ ձեռներեցի, պատմում, թե ինչպես է իշխանուհին օգնում Արևմտյան Հայաստանից գաղթականներին աշխատանք գտնել, աջակցում Թիֆլիսի թատերական և մշակութային կյանքին, հայկական վերնախավի համար բարեգործական սալոնային երեկոներ կազմակերպում։
Բացի Մառի Պէյլէրեանի առաջադեմ խմբագրականներից՝ ամսահանդեսում կարելի է նամակներ գտնել աշխարհի տարբեր ծայրերից, հոդվածներ Արևմուտքի և ֆեմինիզմի մասին, նոր հրատարակություններին մասին լուրեր, տարբեր միջոցառումների հայտարարություններ։ «Արտէմիսը» նաև հարթակ էր կարճ պատմվածքներ և բանաստեղծություններ հրատարակելու համար։ «Արտէմիսը» ամսահանդեսը մեծ մտածողի փոքր աշխարհն էր։
Ցավոք, մեկ դար անց քչերը գիտեն Մառի Պէյլէրեանի և «Արտէմիսի» մասին։ Մենք անկեղծորեն պետք է հարցնենք մեզ՝ ինչպե՞ս կարող ենք փոխել մերօրյա հասարակությունը և կնոջ ձայնը լսելի դարձնել, եթե չենք ճանաչում Մառիի պես կանանց։ Մեկ դար առաջ նա օրինակելի էր հազարավոր հայ կանանց համար, շարունակում է ոգեշնչող մնալ անգամ այսօր։ Եվ, այսուհետև, Մառի Պէյլէրեանն այլևս մոռացված չէ։
Հոդվածում օգտագործվել են մեջբերումներ Մառի Պէյլէրեանի «Արտէմիս» գրական-ընտանեկան ամսահանդեսի տարբեր թողարկումներից։
Լուսանկարները վերցված են «Մեր Զմիւռնիան» գրքից՝ տպագրված 1960 թվականին Նյու-Յորքում։
-------------------------
Գրող, դիմադրության մարտիկ, քաղբանտարկյալ Էլլէն Բիւզանդի (Եղիսաբեթ Ստամբոլցյան) կյանքը լեգենդների կծիկ է։ Բիւզանդի՝ Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման և հասարակական ու քաղաքական գործիչների մասին անտիպ օրագրերն ու հուշագրերը դեռեւս սպասում են բացահայտման ու տպագրման իրենց հերթին...
Թավրիզից Փարիզ, դիմադրությունից նացիստական համակենտրոնացման ճամբար... սա է Լուիզա Ասլանյանի պատմությունը `մի հայ կնոջ, ում համոզմունքները, նվիրվածությունն ու խոսքերը հիմնականում մոռացվել են:
read in English
Western Armenian writer and editor Mari Beylerian perished during the 1915 Armenian Genocide. While there is scarce information about her life, she left behind the legacy of Ardemis, a monthly magazine published in Egypt and devoted to women’s rights.
EVN Report-ը ողջունում է այն գրառումները, որոնք նպաստում են առողջ քննարկման ծավալման և խթանում են իրազեկ բանավեճ։ Ցանկացած գրառում, որը ներառում է ատելության խոսք, անարգանք կամ անձնավորված վիրավորանքներ չի հրապարակվի: