(Այս կարճ բանախոսությունը պատրաստվել է՝ Glagoslav հրատարակչության կողմից ժամանակակից հայ գրողների գրքերի լույս ընծայման և գրքերը՝ Լոնդոնի գրքի միջազգային տոնավաճառում ցուցադրելու առիթով):

 

Դոկտոր Սեմյուել Ջոնսոնի թևավոր խոսքին շատերն են ծանոթ “No man but a blockhead ever wrote except for money”:  Բառերն ու քերական կառույցը նրբորեն հեղաշրջելով՝ կարելի է նաև իմաստափոխել այն, օրինակ այսպես՝ «Փողի դիմաց միայն հիմարը կհամաձայներ գրել»: Սեմյուել Ջոնսոնին պատկանող, սակայն իմ կողմից փոքր ինչ նենգափոխված այս տողերը ունակ են բնորոշելու ներկայումս Հայաստանում առկա գրական արտադրանքի հակիրճ փիլիսոփայությունն ու նպատակը: Բարեբախտաբար այդ արտադրանքը դեռևս միտված չէ դեպի աստղաբաշխական գումարները, միտված չէ նվաճելու «համաշխարհային գրաշուկա» ասված շատ ժամանակ առասպելական թվացող հրեշին, այն սկզբնավոր ծրագիր չունի ամեն գնով շահելու ընթերցողների հաճությունը:

Ամենայն հավանականության ընթերցվել և այլ լեզուներով թարգմանվել բոլորն են ուզում, մինչև իսկ միզանտրոպ ու աշխարհամերժ հեղինակները: Այսօր ևս բարկացկոտ Ջոնաթան Սվիֆթը, կամ գանք 20-րդ դարի երկորդ կես՝ Թոմաս Բերնհարդը, Առնո Շմիդթը իրենց գրքերը բեսթսելլերների ցանկում տեսնելուն դեմ չէին լինի (համենայն դեպս գոնե ներքուստ, թեպետ խիստ կասկածելի է): Անշուշտ այլ պատկեր կունենայինք, եթե Հայաստանում գործեր խոշոր ու ճկուն գրաշուկա, շրջանառվեին մեծ տպաքանակներ, արմատավորվեր զանգվածային ընթերցանությունը: Անկեղծ ասած ես չէի ցանկանա, որ նման գործընթացները մեզ մոտ կանխահաս լինեին, տիրապետող դառնար արտագրական եռուզեռը, հաջողակը ու առաջինը լինելու մրցավազքը, բացառապես գումարի, ընթերցողական բանակի, գովազդի ու ինքնացուցադրման հետևից փութալու մոլուցքը, որի ծայրահեղ դրսևորումները ոչ մի կերպ չեն աղերսվում գրականության ներքին բնույթի հետ, ավելին՝ դրանք հետզհետե ահագնացնում են արտագրական և բունգրական համավարության միջև բացված անդունդը: Հավանաբար Բարտը սա չէր սիրի, սակայն եղած բան է` մեր օրերում հեղինակը՝ (նա ով թվում է պարտավոր էր, սակայն այդպես էլ ոչ մի կերպ չի «մեռնում») ավելի քննարկելի է, քան նրա ստեղծագործությունը: Հայկական գրական դաշտում վերջին տարիներին իրավիճակը փոխվում է - ցավալիորեն հենց արտագրական իրողությունների մոտալուտ հայտնությունն է տարածքներ զավթում՝ հրապուրելով երիտասարդ, սկսնակ հեղինակներին:

Վիճակագրական ճշգրիտ տեղեկություններ ես չունեմ, թե վերջին տասնամյակներում որքան են անգլերեն թարգմանվել հայ ժամանակակից գրողները, նաև թե ինչ քանակությամբ են թարգմանվել ընդհանրապես 20-րդ դարում: Եվ էականը՝ ի՞նչ որակի թարգմանություններ են դրանք` (սա խոսակցության մեկ այլ նյութ է): Համենայն դեպս թարգմանությունները շատ չեն, հայ հին ու նոր գրականության ուշագրավ նմուշները, եթե անգամ ժամանակին թարգմանվել են միևնույնն է վերստին թարգմանվելու կարիք ունեն, աշխարհի տարբեր կետերում ապրող ընթերցողներին պատշաճորեն բացահայտվելու կենսական անհրաժեշտություն: Ինչու կենսական, քանի որ դժբախտաբար դեռ ապրում է այն զգացումը, որ աշխարհի ուղեծրից դուրս ենք ապրում՝ կղզիացած հայկական արվեստի հերմետիկ ու ինքնաբավ առանձնության մեջ, սակայն ներքուստ տենչալով, որ այդ աշխարհը` (աշխարհ ասելով դարձյալ միայն արևմուտք է ընկալվում) գոնե մեկ անգամ` (բարեհաճ ու ըմբռնողական որևիցե խոսք արժեցնի մեզ, թեկուզ նվաստացուցիչ, բայց միևնույնն է հայացք, որ ողորմություն կլինի մեր քաղցած ու քաջությունից զուրկ հոգիների համար):

Ինչևէ, համացանցի ու սերտ փոխշփումների արդյունքում, աշխարհն այսօր ապրելով նույն ներկայում՝ ապակենտրոնացված ու իրազեկ է թվում, այնինչ, մշակույթների, տարբեր լեզուներով ստեղծվող գրականության միմյանց խորապես ճանաչելու հանգամանքը՝ դեռևս հաղթահարված չէ: Մի պարզ պատճառ կա՝ արձակի, պոեզիայի թարգմանությունը լուր կամ թվիթթերյան գրառում չէ, այն ստեղծագործություն է, որի մարմնավորումը ժամանակ, հակամետ խոհեր, արվեստային սևեռումներ ու լույս ընծայվելու հնարավորություն է պահանջում: 2017թվականին «ԱՐԻ» գրական գործակալության եւ «ԱՐԻ» գրականության հիմնադրամի տնօրեն Արեւիկ Աշխարոյանի նախաձեռնությամբ Glagoslav հրատարակչությունը լույս ընծայեց իմ «Ցտեսություն, Ծիտ» վեպը, որն անգլերեն թարգմանել է Նաիրի Հախվերդին այս գործում ներդնելով՝ վեպի պառակտված, հոգևարքային լեզվի հանդեպ իր հույժ զգայուն և հոգատար վերաբերմունքը: Համագործակցությունը սկսված էր - արդեն 2019-ին լույս տեսան Կարինե Խոդիկյանի՝ «Դուռը բաց էր», Գրիգի՝ «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուները, Սուսաննա Հարությունյանի՝ «Ագռավներ Նոյից առաջ» վեպը: Իր անխոնջ աշխատասիրությամբ, գրականության հանդեպ նվիրական մոտեցումներով այս գրքերը անգլերենից թարգմանել է ներկայումս Հայաստանում ապրող մեր լավագույն թարգմանիչներից մեկը՝ Նազարեթ Սեֆերյանը: Եվ այս նշանակալի համագործակցությունը շարունակվում է, ինչին զորակցում է մշակույթի նախարարությունը:

Անգլիալեզու ընթերցողների գրական նախընտրություններից խոսել մեծ հաշվով հնարավոր չէ:  Ի՞նչով կհետաքրքրեն նրանց Glagoslav հրատարակչությամբ լույս տեսած հայ հեղինակների ստեղծագործությունները, թերևս առանձին վերցրած յուրաքանչյուրի գործում կա մասնահատուկ փորձընկալում, հայկական իրականության ու հայաստանյան իրադարձությունների տեսանելի ու քողարկված դրսևորումներ, առհասարակ, մարդկային կյանքի, լեզվի, առասպելների վերհանում: Ինչպես օրինակ Կարինե Խոդիկային «Դուռը բաց էր» գրքում, ուր կին տղամարդ հարաբերությունները, քաղաքական բարդ եղելությունները և մարդիկ, որոնք դրանց զոհն են խոսելու և պատմելու համար փոխաբերության բազամաշերտ լեզուն են ընտրում՝ դիմելով բիբլիական տեքստերին, ժողովրդական հմայիլին, մանկության վախերին, աղետի և ամբողջատիրության ձգտող իշխանության առջև դեմ հանդիման կանգնած մարդու առաջին, մաքուր կանխազգացմանը:

Գրիգի «Հիսուսի կատուն» ժողովածուում հեղինակը, կամ նա, ով ընտրելով պատմելու միատոն, «Ես»-ից ելնող պարզ եղանակը, հետևում է կյանքի ընդհատակում հայտնված մարդկանց օրը, հետազոտելով նրանց՝ այս աշխարհի հետ կապող տարածքները, զգացումներն ու կենցաղը: Պատմվածքների երկրորդ աշխարհում պատմողը ինքնակենսագրական փորձառության միջոցը գործածում է, որպեսզի խոսի ու խոսեցնի գերմանական մի հիվանդանոցում տարբեր երկրներից բուժվելու նպատակով ժամանած իր տարեկիցներին՝ ջանալով գտնել ու ճանաչել իր և նրանց համար երբեմն անըմբռնելի երբեմն բացահայտ մանկական վարքի ու մտահոգությունների ապրումը, որ պայմանավորում է համակեցությունը, տարեկիցների առջև ծագած նույն, վճռորոշ խնդիրը:

Սուսաննա Հարությունյանի «Ագռավներ Նոյից առաջ» վեպը այն արժեքավոր, բազմաբովանդակ ստեղծագործություններից է, որում հնարավոր է հայտնաբերել ողջ 20-րդ դարը ընդգրկող հայոց պատմության ծանրագույն շրջաններից մեկը վերապրած մարդկային կեցության այնպիսի յուրօրինակ ներկապնակ, ուր մեկտեղվել են ցեղասպանության հետևանքները, խորհրդային շրջանի բռնաճնշումները, ինչպես նաև հորինվածքն ու լեգենդը, վերջապես պատմության խորհրդավորությունը: Վեպում ազգագրական հազվագյուտ նյութ կա, ժողովրդական կենցաղավարությունից մինչև սնոտիական ավանդույթ, աղետը վերապրած մարդկանց հետտրավմատիկ վարքագրություն, որը սերնդե սերունդ փոխանցվող հենց այդ նույն աղետի դիմափոխված շարունակությունն է: «Ագռավներ Նոյից առաջ» վեպում կարևորագույն գործոններից մեկը, եթե ոչ գլխավորը, որին ուղենշում է Սուսաննա Հարությունյանը դա բռնության զոհ դարձած կնոջ ձայնն է, որ կրում է ճակատագրի, հասարակության կարծրատիպերի, մասկուլինության խարանը: Ըստ իսկ անգլիալեզու ընթերցողները հրաշալի առիթ ունեն ծանոթանալու այսպիսի հարուստ ու թիրախային ասելիքով հայ վեպի հետ:

Ինձ համար դժվար է ներկայացնել «Ցտեսություն, Ծիտ» վեպը, որի հեղինակն եմ, պարզապես կուզեի ընդգծել, որ իմ գրքում հերոսները բռնության միջավայրից են ծնվում, գնում են դեպի բռնությունը և ավարտվում դրա մեջ: Նրանք բոլոր այն արատների նաև որոշ, իհարկե թվացյալ առաքինությունների արդյունքն են, որոնցից հնարավոր չէ ձերբազատվել ոչ պատժով, ոչ խոհափիլիսոփայական տեսություններով, ոչ հոգեթերապևտիկ միջոցներով, քանի դեռ Հայաստանում գերիշխողը կեղծված ու հրամցված իրականությունն է, քանի դեռ արժանապատիվն ու տիրապետողը ստի ու ինքնախաբեության մեջ թաղված հասարակական միտքն է – առայսօր:

Իմ այս կարճ բանախոսությունը վերնագրել եմ՝ «Դժվար քայլերի կարևորությունը» քանի որ ցանկանում եմ մերժել ու ընդդիմանալ «հաջողություն» բառին: Դեռ բաներ կան, որոնք «հաջողությամբ» պայմանավորված չեն, սակայն կարևոր են: Ուստի հաջողությունը կարևորության հետ շփոթելու այս ոչ հեշտ ժամանակներում հայ գրականություն թարգմանելը, ապա Glagoslav-ով հրատարակելն ու անգլիալեզու ընթերցողին հասանելի լինելը, անշուշտ առավելապես կարևոր իրադարձություն է:

 

արամ պաչյան, 2020

Լսել

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը զրուցում է «ԱՐԻ» գրական գործակալության հիմնադիր, գրական գործակալ Արևիկ Աշխարոյանի հետ հայ ժամանակակից գրականության, գրող - գործակալ հարաբերությունների, հայ գրողներին միջազգային ընթերցողին ներկայացնելու և Հայաստանում ընթերցողների համայնքի անհրաժեշտության և այլնի մասին։ 

Այլ հայերեն հոդվածներ

Պատմության մոռացված էջերից. Լուիզա Ասլանյանի Դիմադրությունը

Թավրիզից Փարիզ, դիմադրությունից նացիստական համակենտրոնացման ճամբար... սա է Լուիզա Ասլանյանի պատմությունը `մի հայ կնոջ, ում համոզմունքները, նվիրվածությունն ու խոսքերը հիմնականում մոռացվել են:

Պատմության մոռացված էջերից. Մառի Պէյլէրեանի կյանքն ու ժամանակները

Արևմտահայ գրող և խմբագիր Մառի Պէյլէրեանն զոհվեց 1915-ի Հայոց ցեղասպանության ժամանակ: Թեև նրա կյանքի մասին սակավ տեղեկություններ կան, նա թողել է «Արտէմիսի» ժառանգությունը՝ Եգիպտոսում լույս տեսնող ամսահանդես՝ նվիրված կանանց իրավունքներին:

EVN Report-ը ողջունում է այն գրառումները, որոնք նպաստում են առողջ քննարկման ծավալման և խթանում են իրազեկ բանավեճ։ Ցանկացած գրառում, որը ներառում է ատելության խոսք, անարգանք կամ անձնավորված վիրավորանքներ չի հրապարակվի:

Thank you for your submission! We will review it soon.


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team