Պրոֆ. Աստուրյանը հայտնի պատմաբան է, Հայոց ցեղասպանության պատմության լավագույն մասնագետներից, Բերկլիի համալսարանի պատմության բաժնի պրոֆեսոր, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտական խորհրդի անդամ։ Նրա «Հիբրիդային պատերազմ. կեղծ սկանդալ և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը» հրապարակումը ես գնահատում եմ որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ), նրա տնօրենի, նաև ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանուշ Խառատյանի շուրջ վերջին ամիսներին մեդիայում և սոցիալական ցանցերում ծավալվող արշավի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի վկայություն (արշավ, որը պրոֆ. Աստուրյանի կողմից իրավամբ բնորոշվում է որպես կեղծ սկանդալ Հայաստանի Հանրապետության դեմ տարվող «հիբրիդային պատերազմում»), ինչպես և երևույթը հասարակական-քաղաքական ավելի լայն հարթության մեջ քննելու հաջողված փորձ, պատմագիտական ճշմարիտ գնահատականի դրսևորում։

Միևնույն ժամանակ պրոֆ. Աստուրյանի հրապարակման մեջ տեղ են գտել գնահատականներ ու պնդումներ, որոնք, իմ կարծիքով, բավարար տեղեկացվածության պակասի հետևանք են և կարիք են զգում լրացուցիչ պարզաբանումների։ Որոշ հարցերի շուրջ էլ չեմ կիսում պրոֆ. Աստուրյանի մոտեցումները և այս հրապարակմամբ փորձելու եմ ամփոփ անդրադառնալ դրանց։

* * *

Պրոֆ. Աստուրյանը, հենվելով թերևս ՀՑԹԻ նախկին աշխատակից Անի Ոսկանյանի հրապարակումների, գուցեև հեռուստաելույթների վրա, նշում է, որ ես բավական հաճախ եմ («բավական հաճախ», «չափազանց հաճախակի», «պարբերաբար» - օգտագործում «Մեծ Եղեռն» եզրույթը՝ «Հայոց ցեղասպանություն» եզրույթի փոխարեն։

Միանգամից ասեմ, որ այդպես չէ։

Անի Ոսկանյանի բարձրացրած հարցի պատմությունն սկսվում և ավարտվում է հետևյալ դրվագով։ Բանն այն է, որ դեռևս 2002 թ. ֆրանսահայ հայտնի նկարիչ Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան, 1920-2013) ՀՑԹԻ-ն է նվիրել Հայոց ցեղասպանության թեմային առնչվող իր 32 կտավների շարքը, որոնք որպես հավաքածու թանգարանի ֆոնդերում գրանցվել են «Եղեռն» անունով։ Այդպիսին է իրողությունը։ Դրանք ՀՑԹԻ այդ տարիների տնօրեն Լավրենտի Բարսեղյանի կողմից անմիջապես ներառվել են թանգարանի հիմնական ցուցադրությունում։ 2013-2014 թթ., երբ սկսվել են նոր ցուցադրության ձևավորման աշխատանքները, կտավները տարվել են ֆոնդասենյակ և այլևս մաս չեն կազմել 2015 թ.-ից գործող հիմնական ցուցադրության։ Հաշվի առնելով բազմաթիվ քաղաքացիների ցանկությունները՝ նաև ՀՀ նախագահի միջնորդությունը, 2019 թ. ամռանը Ժանսեմի կտավների համար առանձնացվեց հատուկ ցուցասրահ՝ «Պատկերասրահ» անվամբ ու այսօր նկարչի 24 կտավները ցուցադրվում են այդտեղ։ Ու քանի որ հավաքածուն նկարչի իսկ կողմից հանձնված էր թանգարանին «Եղեռն» վերտառությամբ ու Հայոց ցեղասպանության հրաշալի գիտակ Լ. Բարսեղյանի իմացությամբ էլ գրանցվել էր ֆոնդերում նույն անունով, մենք ընդամենը պահպանել ենք մեզնից առաջ «Եղեռն» անունը ստացած հավաքածուի անվանումը ու ցուցադրության այդ հատվածը վերնագրել «Մեծ Եղեռնի գեղանկարիչը»։ Ընդ որում, առկա հայերեն, անգլերեն, ֆրանսերեն ու ռուսերեն ծավալուն բացատրագրերում «Մեծ Եղեռն» եզրույթի կողքը փակագծերում նշված է «Հայոց ցեղասպանություն»։ Այսքանը։

Հիմա սա դարձավ, որ տնօրենը հաճա՞խ է օգտագործում «Մեծ Եղեռն» եզրույթը «Հայոց ցեղասպանության» փոխարեն։ Հարցը նման կերպ հրամցնողները, թերևս, որոշակի մտասևեռումներ ունեն, ինչի մասին իր հրապարակման մեջ հրաշալիորեն հիշատակում է պրոֆ. Աստուրյանը։

Այս առթիվ կուզենայի ևս երկու դիտարկում անել։ Առաջին. թերևս պետք է արձանագրել, որ Ա. Ոսկանյանի ու նրա համախոհների հիշողությունը, ինչպես և ՀՑԹԻ նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի պարագայում է, պատեհապաշտական է։ Այդ ինչու՞ «եղեռն» եզրույթի կիրառման «անթույլատրելիության» մասին մերօրյա «կեղծ հայրենասերները» չէին խոսում (կամ հիմա չեն հիշում), երբ Հայկ Դեմոյանն այն օգտագործում էր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման հայեցակարգային մոտեցումների շուրջ» («Ցեղասպանագիտական հանդես», 2014, թիվ 1) ծրագրային հոդվածում[1], կամ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ժամանակ, երբ Դեմոյանը զեկուցում էր կարդում «Վտանգներ և մարտահրավերներ Մեծ Եղեռնի 100-ամյակի նախաշեմին»[2] վերնագրով, կամ երբ ՀՑԹԻ-ում 2015 թ. դեկտեմբերին ժամանակավոր ցուցադրություն էր բացվում «Մաքառելով կյանքի ու արժանապատվության համար. ինքնապաշտպանական մարտերը Մեծ եղեռնի տարիներին»[3] խորագրով, կամ էլ մշտական ցուցադրության մեջ օգտագործվում բազմաթիվ անգամներ։ Ինչու՞։ Պատասխանը, իմ համոզմամբ, մեկն է. 2019 թ. ցուցադրության ժանսեմյան հատվածում «Մեծ Եղեռն» եզրույթի օգտագործումը քննադատողների համար հիշողություն ասվածը նաև «ընտրողական» է[4]։ Երկրորդ. «Մեծ Եղեռն» եզրույթը հայոց պատմամշակութային ժառանգության անքակտելի մասն է[5] և մեծ չափով օգտագործվում է ինչպես ակադեմիական դաշտում, այնպես էլ ժողովրդախոսակցական լեզվում, մամուլի էջերում։ Անցած հարյուր տարվա ընթացքում հրապարակվել են (ու շարունակում են լույս տեսնել) հազարավոր գիտական և հանրամատչելի հոդվածներ այդ եզրույթի կիրառմամբ։ Այդպիսին է իրականությունը։ Ու դրա վրա աչք փակել պարզապես հնարավոր չէ։

Պրոֆ. Աստուրյանն իր հրապարակման մեջ մեջբերում է անում իմ մի հոդվածից, որում ես խոսում եմ ցեղասպանության ընդգրկման սահմանների մասին։ Օգտվելով առիթից, ուզում եմ իմ մեկ այլ հոդվածից հակիրճ մեջբերմամբ ավարտել այս հատվածը. «1965-ին, Մեծ եղեռնի 50-ամյակին, ցեղասպանության հիշողության մեջ ստեղծվեց նոր որակ. կարելի է ասել, որ այն դարձավ համաժողովրդական սեփականություն, նաև դարձավ գործոն Հայության ներսում, և «Հայ դատի» հանձնախմբերի և այլ կառույցների ձևավորմամբ ընտրեց աշխարհին ճանաչելի դառնալու ուղին, նաև հաստատուն տեղ գրավեց հայոց ինքնության մեջ։ Հայոց ցեղասպանության 100-ամյակին արդեն ոչ թե Մեծ եղեռնի, այլ Հայոց ցեղասպանության հիշողությունը շարունակում է մնալ իբրև հայկական ինքնության կարևորագույն դրսևորումներից մեկը։ Այդ հիշողությունն այն եզակի գործոններից է, որ միավորում է հայկական տարբեր քաղաքական ուժերը, և դարձել է ոչ միայն ազգապահպան, այլ նաև ազգաստեղծ գործոն»[6]։

* * *

Պրոֆ. Աստուրյանը հանգամանալի անդրադառնում է երիտասարդ գիտաշխատող Անի Ոսկանյանի՝ աշխատանքից ազատման խնդրին։ Ցավոք, այս հարցում պրոֆ. Աստուրյանը նույնպես թերի է տեղեկացված։ Բանն այն է, որ Անի Ոսկանյանն աշխատանքի է ընդունվել պայմանագրային հիմունքներով, որոշակի՝ մեկ տարի, ժամկետով։ Ստորագրելով պայմանագիրը, Անի Ոսկանյանը գիտակցել է, որ իր աշխատանքային գործառույթները սահմանափակված են ժամկետի մեջ, այսինքն՝ կրում են ժամանակավոր բնույթ և որևէ առարկություն պայմանագիրը կնքելիս չի ներկայացրել այդ հարցի կապակցությամբ։ Հետևաբար, ստորագրելով պայմանագիրը, դրսևորել է իր կամքը իրագործել իր աշխատանքային պարտականությունները մեկ տարի ժամկետով։ Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդված 95)՝ գործատուն իրավունք ունի կնքել «որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր» «աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտման սահմանումով»։ Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր կնքվում են նաև «համատեղությամբ աշխատանք կատարողների հետ» (95.3.2). տկն Ոսկանյանը ՀՑԹԻ-ում պայմանագրային աշխատանքի անցնելիս «Որդան կարմիր» հայկական գորգի թանգարանի փոխտնօրենն էր։ ՀՑԹԻ հետ աշխատանքային պայմանագրում հստակ նշված են եղել նրա գործառույթները, որոնց շարքում ամենից կարևորը մեկ հուշագրություն հրատարակության պատրաստելն էր։ Անի Ոսկանյանը նշված առաջադրանքը չի կատարել, ուստի, նույնիսկ եթե վերջինիս կողմից աշխատանքային պայմանագրով ստանձնած գործառույթները չկրեին ժամանակավոր բնույթ կամ ինչ-որ պահից առաջանար դրանց շարունակման անհրաժեշտությունը, ապա նշված հանգամանքը կխոչընդոտեր տնօրենին երկարացնելու նրա հետ որոշակի ժամկետով կնքված պայմանագիրը։ 

Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը կրկին վերոնշյալ օրենսգիրքն է, որը թույլ է տալիս գործատուին լուծել պայմանագիրը «պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում» (հոդված 109), «գործատուն կարող է ժամկետը լրանալու պատճառով լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը՝ այդ մասին գրավոր ծանուցելով աշխատողին առնվազն տասն օր առաջ» (հոդված 111)։ Տնօրինության թերացումը եղել է այն, որ աշխատողին ծանուցվել է ոչ թե տասը, այլ վեց օր առաջ, ինչի համար, սակայն, Ա. Ոսկանյանը սահմանված կարգով փոխհատուցվել է։

Պրոֆ. Աստուրյանը մտավախություն է հայտնում, թե միգուցե մյուս գիտաշխատողներին նույնպես կարող է սպառնալ մեկ օրվա ընթացքում աշխատանքից ազատվելու վտանգ։ Միանգամից պետք է փարատեմ պրոֆ. Աստուրյանի այս մտավախությունը. որևէ այլ գիտաշխատողի հետ կնքված չէ «որոշակի ժամկետով» պայմանագիր, այնպես որ նման վտանգ նրանց չի սպառնում, և ավտորիտարիզմի դրսևորումներ տնօրենի գործելակերպում պարզապես չկան։

Զարմանալի է նաև նախորդ տնօրենի օրոք ՀՑԹԻ մեծ թվով գիտաշխատողների աշխատանքից ազատվելու հանգամանքի նկատմամբ Անի Ոսկանյանի և նրա համախոհների լռությունը։ Նկատեմ, որ նույն Անի Ոսկանյանն աշխատանքից ազատվել է նաև պրն Դեմոյանի օրոք (ըստ բանավոր պնդումների՝ պահանջվող աշխատանքը չկատարելու, ավարտին չհասցնելու համար)՝ սակայն «կամավոր» գրած «սեփական դիմումի համաձայն»։ Նույն կերպ են աշխատանքից ազատվել պատմական գիտությունների թեկնածուներ Արամ Միրզոյանը, Խաչատուր Կոբելյանը, Թեհմինե Մարտոյանը, ինչպես և հետագայում պատմական գիտությունների թեկնածուներ դարձած Հայկ Մարտիրոսյանը, Հասմիկ Գրիգորյանը և այլք։

Տնօրենի կողմից տկն Ոսկանյանի նկատմամբ ակադեմիական «հետապնդումների» առնչությամբ։ Ես նշված գիտաշխատողից՝ ՀՑԹԻ-ում իր աշխատանքի ընթացքում, գրավոր որևէ տեքստ չեմ ստացել, որտեղ նա կբարձրացներ ակադեմիական բնույթի հարցեր, այդ թվում և Կիլիկիային նվիրվելիք գիտաժողովի վերնագրի կամ ծրագրի տեքստի շուրջ իր անհամաձայնության հարցում։ Այսինքն, հարգարժան պրոֆեսորի դիտարկումը, որ «Ոսկանյանը որոշակիորեն արդարացված մտահոգություններ է հայտնել ՀՑԹԻ «Պայքար հայկական Կիլիկիայի համար. Կիլիկիան և կիլիկիահայությունը Առաջին աշխարհամարտի ավարտից  հետո» (1918-1922) գիտաժողովի հայտարարության բովանդակության վերաբերյալ», չի համապատասխանում իրականությանը։ Տկն Ոսկանյանից էլեկտրոնային նամակ ստացվել է միայն նրա՝ աշխատանքից ազատելու որոշումից հետո։ Եվ ես իրավասու էի չարձագանքել նրա նամակին։ Այո, տկն Ոսկանյանն աշխատանքից ազատվելու հրամանից հետո դիմել է նաև գիտական խորհրդի անդամներին՝ նիստ հրավիրելու առաջարկով։ Նկատեմ, որ այս հարցում ևս առկա է նման դեպքերի կարգավորման հստակ մեխանիզմ. գիտական խորհրդի արտահերթ նիստ հրավիրվում է նրա անդամների առնվազն մեկ երրորդի պահանջի դեպքում։ Այսինքն, տնօրենը չէ միայն, որ իրավասու է որոշել՝ հրավիրել, թե՞ ոչ գիտական խորհրդի նիստ։ Արտահերթ նիստ հրավիրելու գրավոր կամ բանավոր պահանջով գիտական խորհրդի այդ ժամանակվա 17 անդամներից (10-ը՝ ՀՑԹԻ աշխատակից, 7-ը՝ դրսից) և ոչ մեկը տնօրենին չի դիմել։ Չի դիմել նաև պրոֆ. Աստուրյանը։

Պրոֆ. Աստուրյանը հարց է բարձրացնում, թե ինչու՞ է ՀՑԹԻ տնօրենը նաև ՀՑԹԻ գիտական խորհրդի նախագահ և, այդպիսով, ինքն է որոշում՝ գիտխորհրդի նիստ հրավիրել, թե՞ ոչ («Տնօրենը չպետք է լինի խորհրդի նախագահը, ավելի անկախ անդամներ պետք է լինեն, քանի որ ազատ բանավեճի մշակույթ չկա»։ Նա նշում է, որ այս խնդիրը, ընդհանուր առմամբ, առկա է հայաստանյան ակադեմիական հաստատություններում։ Իմ մասով կարող եմ բավական հստակ պատասխանել. ՀՀ կառավարության 2017 թ. դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշմամբ հաստատված ՀՑԹԻ կանոնադրության հոդված 50-ում գրված է. «Գիտական խորհրդի նախագահը ի պաշտոնե թանգարան-ինստիտուտի տնօրենն է»։ Ես տնօրեն եմ նշանակվել 2018 թ. հոկտեմբերի 4-ին։

Պրոֆ. Աստուրյանն իր գրության մի քանի հատվածներում ՀՑԹԻ գիտական խորհրդի մասին հետևյալ ձևակերպումներն է անում. «Այս գիտական խորհուրդը գոյություն ունի միայն թղթի վրա», «Գիտական խորհուրդը գոյություն ունի միայն թղթի վրա. այն անօգուտ է»։ Դժվարանում եմ հասկանալ, թե ինչու՞ է նման բնորոշում տալիս հարգարժան պրոֆեսորը ՀՑԹԻ գիտական խորհրդին, որի նիստերից մեկին հեռավար է մասնակցել, մյուսին ներկա է եղել անձամբ ու, հուսամ, համոզվել է, որ ազատ ու անկաշկանդ քննարկում է եղել։ Ինչևէ։

* * *

«Հիշում եմ»-ի մասով։ Պրոֆ. Աստուրյանը շատ ճիշտ է նկատում, որ ՀՑԹԻ տնօրենը բնավ նպատակ չի ունեցել «ազատվել» «պահանջում եմ»-ից։ Նա իրավամբ նշում է, որ՝ «Շատ ավելի հեշտ կարող էր լինել հայտարարել, որ սա պարզապես հիշատակման օրվա համար է և չի փոխարինելու ազգային կարգախոսը, ու ներողություն խնդրել թողած վատ տպավորության համար»։ Իրականում այդպես էլ արվել է. ՀՑԹԻ ֆեյսբուքյան էջում երեք հանգամանալից բացատրություն է հրապարակվել ու հետո, տեսնելով, որ հանրության որոշ շրջանակների մոտ թյուր տպավորություն է ստեղծվում քաղաքական գծի փոփոխության մասին, որոշվել է «խուսափել հնարավոր շահարկումներից, փարատել մեր հայրենակիցների անհանգստությունները և փոխել հուշային շրջանակի գրությունը՝ որպես ձևակերպում օգտագործելով 2015 թ. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում» առաջ քաշված «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը»։ Ապա վերստին պարզաբանվել է ձեռնարկման նպատակը. «Մեր հիմնական առաջարկն ու խնդրանքը մեր հայրենակիցներին շարունակում է մնալ նույնը՝ կիսվել Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների լուսանկարներով ու պատմություններով դիմատետրի էջերում»։

Պրոֆ. Աստուրյանն անդրադառնում է նաև Աթենքի գիտաժողովի ընթացքում իմ տված հարցազրույցին և նշում, թե ես ասել եմ՝ «Հայ երիտասարդությունն օտարված է Հայոց ցեղասպանության խնդրից, քանի որ չի ցանկանում իրեն զոհ զգալ (բռց.՝ զգալ, որ պատկանում է զոհերի խմբին)»։ Իրականում իմ գրավոր խոսքում այդ դրվագը քիչ այլ կերպ է ձևակերպված. «Մինչդեռ կան ոչ քիչ թվով երիտասարդ և միջին տարիքի մարդիկ, որոնք չեն ուզում իրենց զգալ լոկ զոհերի ժառանգներ»։ Ես շարունակում եմ մնալ նույն համոզմանը։ Այդպես մտածող հայ մարդիկ շատ են ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում։ Այո, չափումներ չեն արված, սոցիոլոգիական հարցումներ, հստակ կամ մոտավոր տոկոսներով, ինձ նույնպես չեն հանդիպել։ Սակայն երևույթն առկա է հենց «ոչ քիչ թվով երիտասարդ և միջին տարիքի մարդկանց» մոտ։ Եզրակացության հիմքը ոչ միայն տարիների ընթացքում իմ ու իմ մի շարք գործընկերների դիտարկումներն են, որոնց շուրջ մենք պարբերաբար զրուցել ենք. այդ եզրակացությանը ես եկել եմ ու դրա մասին գրել Ղարաբաղյան շարժմանն ու ցեղասպանության հիշողությանը նվիրված իմ մենագրության մեջ, որին քաջածանոթ է նաև հարգարժան պրոֆեսորը։ Մի՞թե Շարժման օրերին ծնված «Սուգը հավերժ է, երբ պայքար չկա» կարգախոսը իմ արտահայտած մտքի դրսևորումների շարքում չէ։ Իսկ ՀՅԴ հովանավորությամբ հրատարակվող «Վէմ» համահայկական հանդեսում 2013 թ. հրատարակած իմ «Ցեղասպանության զոհի բարդույթի հաղթահարումը Ղարաբաղյան շարժման տարիներին» հոդվածի եզրակացության մեջ ուղղակիորեն նշվում է. «Այսպիսով, Ղարաբաղյան շարժման տարիներին Հայոց ցեղասպանության հիշողության գործոնն աստիճանաբար ձեռք բերեց հեղափոխական զարգացումների շարժիչի դերակատարում, ինչի արդյունքում հայաստանյան հասարակությունը հաղթահարեց խորհրդային տարիներին պահպանվող ցեղասպանության «զոհի բարդույթը»։ Ցեղասպանության հիշողությունը շարունակում է մնալ հայոց ինքնության կարևորագույն բաղադրիչներից մեկը, սակայն դրանում այսօր գերակշռում է ոչ թե զոհի, այլ պայքարող մարդու կերպարը» (ընդգծումներն իմն են – Հ. Մ.)։

Մեր օրերում, Շարժումից ընդամենը երեսուն տարի անց, սոցիալական տարբեր խմբերին պատկանող մարդիկ (լրագրող, արվեստաբան, աշակերտներ, ուսանողներ, ծնողներ, մեծահարուստներ, զինվորականներ և այլն) տարբեր առիթներով խոսել են նշածս երևույթի մասին։ Այդ մասին ես լսում ու կարդում եմ նաև լրատվամիջոցներում։ Դրա անուղղակի դրսևորումներից եմ ես համարում նաև այն, որ Հայոց ցեղասպանության թանգարան այցելող աշակերտներն ու ուսուցիչները գերադասում են գիտաշխատողներից հաղորդումներ լսել Հայոց ցեղասպանության տարիներին տեղ գտած ոչ թե կորուստների, այլ պայքարի դրսևորումների, երիտթուրքական հանցագործներին պատժելու գործողությունների մասին։ Ա՛յս և նմա՛ն հանգամանքները նկատի ունենալով է, որ ես նաև խոսում եմ պատմաբանների ու ազգագրագետների մեթոդաբանության տարբերությունների մասին։ Մի՞թե պրոֆ. Աստուրյանին հայտնի են պատմաբանների հեղինակած գրքեր հայերի մտածողության մեջ տեղ գտած զարգացումների մասին։ Ինձ որ հայտնի չեն։ Քավ լիցի, ես չեմ հակադրում պատմաբանի աշխատաոճը ազգագրագետի գործելակերպին, այլ ընդամենը նշում եմ, որ դրանք տարբեր են։

Սակայն վերադառնանք «Հիշում եմ ու պահանջում եմ»-ի հարցին։ Մի կողմից պրոֆ. Աստուրյանը հստակ նշում է իր համոզմունքը, որ ՀՑԹԻ տնօրենը բնավ նպատակ չի հետապնդել հրաժարվել «պահանջում եմ»-ի հատվածից, բայց քիչ անց հարցադրում է անում, թե «ո՞վ է ՀՑԹԻ տնօրենին  Հայոց ցեղասպանության հիշատակը վերաձևակերպելու մանդատ տվել»։ Այստեղ տրամաբանական հակասություն կա. եթե ես նպատակ չեմ հետապնդել հրաժարվել «պահանջում եմ»-ից, ինչու՞ է ասվում, թե ես փորձել եմ վերաձևակերպել Հայոց ցեղասպանության հիշողությունը։ Եթե անգամ վերաձևակերպելու առաջարկներ են եղել, ապա միայն մեկ ուղղությամբ՝ պայքարի շեշտադրման, ինչի շուրջ ունեմ թե՛ գիտական հրապարակումներ[7], թե՛ այդ միտքն արծարծել եմ իմ բազմաթիվ հարցազրույցներում[8]։

Եվ կրկին չհիմնավորված դիտողություն. «Հենց որ նա համաձայնեց պաշտոնավարել որպես պետական հաստատության տնօրեն, [գիտական] այս ազատությունը կաշկանդվեց պետության գործող որոշումներով»։ Ինձ այնուամենայնիվ հասկանալի չէ, թե, ըստ պրոֆ. Աստուրյանի, ես ի՞նչ եմ ասել, որ դեմ է գնում «պետական գծին». եթե, նրա իսկ դիտարկմամբ, ես չեմ փորձել հրաժարվել «պահանջում եմ»-ից, միևնույն ժամանակ բաց մատչելիության բազմաթիվ հրապարակումներում, անգամ տնօրենի պաշտոնի մրցույթին ներկայացրած տեսլականում առանց թաքցնելու խոսել եմ ցեղասպանության հիշողության մեջ պայքարի թեմայի շեշտադրման անհրաժեշտության մասին, ո՞ր մասով եմ «դեմ գնացել պետական գծին»։

* * *

Պրոֆ. Աստուրյանը գրում է. «Դոկտ. Մարությանը Թուրքիայում՝ «Հրանտ Դինք» հիմնադրամում, դասախոսությունն ավարտեց ֆինանսական օժանդակության կոչ անելով։ Սա լավագույն երկիրը չէր նման կոչով ու խնդրողի դերում հանդես գալու համար»։ Իմ գնահատմամբ, դիտարկումը կրկին տեղին չէ։ Պարզաբանեմ։ Դեռևս 2018 թ. նոյեմբերին Ստամբուլում կազմակերպվելիք գիտաժողովի հրավեր եմ ստացել «Հրանտ Դինք» հիմնադրամից. «2019-ի մարտի վերջին մենք 2-օրյա միջազգային գիտաժողով ենք հրավիրում՝ նվիրված դժվար անցյալը հաղթահարելու պրակտիկաներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով թանգարաններին, հիշատակի վայրերին և հուշագրային նախագծերին: Գիտաժողովի միջոցով մենք ուզում ենք հարթակ ստեղծել հիշատակի աշխատանքների ներկան և ապագան, ինչպես նաև դժվար ու բռնի անցյալի հուշագրությունը քննարկելու համար»։ Չեմ մերժել, քանի որ հնարավորություն եմ տեսել բարձրաձայնելու ՀՑԹԻ առաջիկա անելիքները։ Զեկուցումը վերնագրված էր «Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հետհարյուրամյակային ժամանակաշրջանում»։ Զեկուցման ավարտական հատվածում պատմել եմ ՀՑԹԻ երեք խոշոր ծրագրերի մասին, նշելով, որ դրանց իրագործումը տևելու է երկար տարիներ. «Հայոց ցեղասպանության զոհերի և վերապրողների տվյալների շտեմարան» (ընդ որում, նշելով Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիմնական կարգախոսի ամբողջական անվանումը), «Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայությունների տեսագրությունների ու ձայնագրությունների էլեկտրոնային շտեմարան», «Հայոց ցեղասպանության վերաբերյալ հուշագրությունների էլեկտրոնային շտեմարան» և այլն։ Ապա ասել եմ. «Վերոնշյալ նախագծերը կարող են իրականացվել միայն բավարար չափով նվիրատվությունների օգնությամբ»։ Արդյո՞ք այս վերջին նախադասությունից հետևում է, որ ես օժանդակություն եմ խնդրում, թե՞ հետևում է հենց այն, ինչ ասված է։ Իսկ ասված է ճշմարտությունը։ Պարզ ճշմարտությունը, որը ոչ միշտ է գունազարդ լինում։ Պրոֆ. Աստուրյանը նկատում է. «Սա լավագույն երկիրը չէր նման կոչով ու խնդրողի դերում հանդես գալու համար»։ Եթե անգամ, որպես «հետին միտք», օժանդակության ակնկալիք կա այս նախադասության մեջ, ապա միայն ու միայն այն պատճառով, որ գիտաժողովն ուղիղ հեռարձակմամբ դիտում էին աշխարհի տարբեր երկրներում, և ունկնդիրները, հետաքրքրվածության պարագայում գուցե և որոշեին իրենց մասնակցությունը բերել այդ ծրագրերի իրագործմանը։ Սակայն թե՛ հայաստանյան և թե՛ սփյուռքյան իրականության մեջ նշված նախադասության ներկայացման տեղն ու ձևը քննադատողները բնավ չփորձեցին խորանալ ասվածի բովանդակության մեջ և իրենց օժանդակությունն առաջարկել ծրագրերի իրականացմանը։

* * *

Սոցփաթեթի մասով։ Ճիշտ է նկատում պրոֆ. Աստուրյանը, որ Ֆեյսբուքում «բողոքը չնայած անմիջականորեն դոկտոր Մարությանին չէր թիրախավորում, սակայն ակնհայտորեն դժգոհություն էր արտահայտում»։ Պարզաբանեմ։ Թանգարան-ինստիտուտի աշխատակիցներին սոցփաթեթում կրկին ընդգրկելու հարցով տնօրինությունը 2019-ին մի քանի նամակ է ուղղել Կրթության և գիտության նախարարություն (ԿԳՆ)։ Պատասխանը եղել է շատ հստակ. «ԿԳ նախարարությունը նախատեսել է 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2020 թվականի բյուջետային հայտի շրջանակներում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամն ընդգրկել սոցփաթեթի շահառուների ցանկում»։ Ինչ-ինչ պատճառներով հարցը չի լուծվել։ Հաշվի առնելով այն, որ հանրապետության ղեկավարությունն ուշադրություն է դարձնում նաև քաղաքացիների այն դիմումներին, որոնք ուղղվում են համացանցով, թանգարան-ինստիտուտի աշխատակիցների անունից հարցը բարձրացվում է նաև Ֆեյսբուքի էջերում։ Այսինքն, թանգարան-ինստիտուտի աշխատակիցները հարցի լուծումը կապել են նաև դրա հանրայնացման հետ, ինչը, սակայն, նույնպես դրական արդյունքի չի հանգեցրել։

Պրոֆ. Աստուրյանը ճիշտ է գնահատում թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ Գ. Խանումյանի հարցազրույցի փաստը, նկատելով, որ գրադարանը ֆոնդերից առանձնացնելու մասին որոշում ընդունելիս տնօրենը կամայական չի գործել, այլ, ընդունված կարգի համաձայն, ստացել է թանգարանի գնահատման հանձնաժողովի թույլտվությունը, որի անդամներն են ոլորտի առաջատար մասնագետները[9]։ Նա նշում է, որ Գ. Խանումյանի մտահոգությունները կարող էին նախ և առաջ քննարկվել գիտական խորհրդի կամ հոգաբարձուների խորհրդի շրջանակներում՝ «անտեղյակ հանրությանը այն հասու դարձնելու և հետագայում էլ քաղաքական նպատակներով շահարկվելու փոխարեն»։

Բանն այն է, որ դեռևս 2019 թ. մարտի 30-ի գիտական խորհրդի նիստում (որին ներկա էր նաև հարգարժան պրոֆեսորը) «ՀՑԹԻ հիմնադրամի ֆոնդերի կառուցվածքում տեղ գտնելիք փոփոխությունների մասին» հարցը քննարկվել է օրակարգի առանձին կետով, այն զեկուցել է Գ. Խանումյանը։ Խնդրին տեղյակ են եղել նաև հոգաբարձուների խորհրդի անդամները՝ 2019 թ. հունվարի 16-ին նրանց ուղղված տնօրենի նամակով, որում ներառված է եղել «ՀՑԹԻ հիմնադրամի 2019 թ. աշխատանքային գործունեության հիմնական ուղղությունները» փաստաթուղթը, որի համապատասխան կետերից երկուսը վերաբերել են դիտարկվող խնդրին։ Սակայն ինչ-ինչ պատճառներով ժամանակի ընթացքում Գ. Խանումյանը փոխում է իր կարծիքը և որոշում է հանրության հետ կիսվել «լուրջ մտահոգություններով», որոնք, պրոֆ. Աստուրյանի դիպուկ գնահատմամբ, «պարարտ հող» են գտնում տնօրենի դեմ ուղղված հարձակումների ծիրում։ Տկն Խանումյանն իր հարցազրույցում, անհիմն ենթադրությունները որպես ապագայում հնարավոր «մարդկային սուբյեկտիվության գործոնի ակտիվանալու» «լուրջ» մտավախություններ ներկայացնելով, չի խոսում տարիներ շարունակ գրանցված խախտումների մասին։ Օրինակ այն մասին, որ տնօրեն Դեմոյանի բանավոր կարգադրությամբ 2007 թվականից թանգարանային առարկաների և հավաքածուների գրանցումը գլխավոր (մայր) մատյանում դադարեցվել է։ Մինչդեռ առարկայի գրանցումը մայր մատյանում, ըստ տարբեր միջազգային կոնվենցիաների, առարկային հաղորդում է իրավական կարգավիճակ, ապացուցում է իրի՝ տվյալ թանգարանին պատկանելու փաստը։ Կամ՝ թանգարանը չի ունեցել ֆոնդային գնահատման հանձնաժողով, ինչը պարզապես նշանակում է, որ ֆոնդերի հաշվառմանն ու պահպանմանն առնչվող որոշումները ունեցել են սուբյեկտիվ բնույթ, բացակայել են ֆոնդի հաշվառման, պահպանման և սպասարկման ընթացակարգերը, չկան ֆոնդերի աշխատակիցների հետ կնքված լիակատար նյութական պատասխանատվության պայմանագրեր, թանգարանային ոչ մի առարկա չի ունեցել գիտական վկայագիր (գիտական անձնագիր)։ Եվ այլն, և այլն։ Սրանք խախտումներ են, որոնք տեղ են գտել մեկ տասնամյակ շարունակ. սակայն հարցը բարձրացողների պարագայում կրկին աշխատել է «ընտրողական» հիշողության գործոնը։

* * *

Անդրադառնամ պրոֆ. Աստուրյանի ևս մեկ դիտարկմանը՝ թանգարան-ինստիտուտի ղեկավարման տարբեր մակարդակներում (տնօրեն, հոգաբարձուների խորհուրդ, գիտական խորհուրդ) տեղ գտած «լուրջ խնդիրների» մասին, թե «ՀՑԹԻ-ում զսպվածության ոչ մի զգացողություն և ներքին կարգապահություն չկա»։ Հետաքրքիր է, թե ի՞նչի հիման վրա է պրոֆ. Աստուրյանը եկել այն համոզման, որ թանգարանում բացակայում է «ներքին կարգուկանոնը»։ Եթե նման խնդիրներ լինեին, ապա ինչպե՞ս է ստացվել, որ թանգարան-ինստիտուտն ունեցել է բազմաթիվ նվաճումներ 2019 թ. ընթացքում. «Ցեղասպանագիտական հանդեսի» և «International Journal of Armenian Genocide Studies»-ի հրատարակության վերսկսում, միջազգային գիտաժողովի կազմակերպում բարերարների օժանդակությամբ, գիտաշխատողների մասնակցություն երկու տասնյակ միջազգային գիտաժողովների, ամառային դպրոցի կազմակերպում ուսուցիչների համար, դասախոսություն-սեմինարներ աշակերտների համար, մեթոդաբանական սեմինարների շարք, գրադարանային օրերի ամրագրում գիտաշխատողների համար, վեց ժամանակավոր ցուցադրություն, որոնցից մեկը՝ հայ-ավստրիական, թանգարան-ինստիտուտի կայքէջի մուտքերի աննախադեպ աճ, գերմանալեզու արխիվային նյութերի հենքի էական  ընդլայնում և այլն, և այլն։ Կարծում եմ, որ այս հարցում ևս հարգարժան պրոֆեսորին պարզապես միակողմանի տեղեկատվություն է ներկայացվել։

* * *

Վերջում մեր շնորհակալությունն ենք հայտնում պրոֆ. Աստուրյանին՝ ՀՑԹԻ հեղինակության ու վարկի մասին մտահոգ գիտնականին, թանգարանի շուրջ անհարկի շահարկումներին անդրադառնալու և դրանք ազնվորեն լուսաբանելու համար։

 

Հարություն Մարության

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն,
պատմ. գիտ. դոկտոր

 

-------------------------------

1. https://issuu.com/agmi.am/docs/tseghaspanagitakan-handes-2-1.2014 
2. https://www.civilnet.am/news/2014/12/06/hayk-demoyan-genocide-turkey-symposium/254078 
3. http://www.genocide-museum.am/arm/18.12.2015 andranik.php 
4. Դեմոյանի հրապարակային ելույթներում «եղեռն» բառի օգտագործման օրինակներ տես նաև այստեղ. https://www.tert.am/am/news/2016/06/13/Hayk-demoyan/2048446 , կամ https://www.yerepouni-news.com/2017/04/21/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%B8%D6%81-%D6%81%D5%A5%D5%B2%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A2%D5%A1/ , և այլուր։
5.  Հարցի շուրջ հանգամանալից Վարդան Մաթոսյանի հրապարակումների շարքը 2012-2013 թթ. «Armenian Weekly» պարբերականում https://armenianweekly.com/author/vartan-matiossian/ 
6. Հարություն Մարության, «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա ձևավորումը, զարգացումները, մերօրյա վիճակը (մաս 2)», Ցեղասպանագիտական հանդես 6, թիվ 2 (2018), 130։ 
7. Տե´ս, օրինակ Հարություն Մարության, ««Մենք պետք է կռուենք, եւ ոչ լաց լինենք…». անցեալի եւ ներկայի վերագնահատման գործընթացը Ղարաբաղյան շարժման համատեքստում», Հանդէս Ամսօրեայ, 2003, էջ 411-468։ Նույնի, Հայ ինքնության պատկերագրությունը։ Հատոր 1. Ցեղասպանության հիշողությունը և Ղարաբաղյան շարժումը, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2009, (Հիշողության ազգագրություն. 2)։ Նույնի, «Ինքնապաշտպանության ֆենոմենը Հայոց ցեղասպանության տարիներին և հիշատակի օրվա վերաբանաձևման խնդիրը», Ցեղասպանագիտական հանդես, թիվ 3 (1-2) [«Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. Ցեղասպանություն, գաղթականներ և մարդասիրական օգնություն» միջազգային գիտաժողովի նյութեր. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան, 2014 թ. ապրիլի 21-22], 2015, էջ 76-80։
8. Տե´ս, օրինակ Վերագտնենք մեր արժանապատվությունը, Ժամանակ օրաթերթ, 3 հոկտեմբերի 2018։ Կարևոր է՝ ինչպե՞ս հիշել ցեղասպանությունը, https://mediamax.am/am/news/interviews/30636/?fbclid=IwAR1bv6drozfufCuX_iAZrGPEkJKqjv7j04AY9EuxgUZiG7lAupoSv4fJsSE ։ Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկին մէջ պատահական չեմ յայտնուած, Զարթօնք, 20 նոյեմբերի 2018։ Ինչպես հաղթահարել «զոհի բարդույթը», Հայաստանի Հանրապետություն, 12 մարտի 2019։ Ապրիլի 24-ը պէտք է վերաբանաձեւել՝ Հայոց ցեղասպանութեան զոհերի եւ ինքնապաշտպանական մարտերի հերոսների յիշատակի օր, Յուսաբեր, 8 փետրուար 2019։  
9. Հարցի շուրջ տես. «Վերահաշվարկի արդյունքում բացահայտվել են ֆոնդային միավորների կորուստներ», Հրապարակ օրաթերթի էլեկտրոնային կայք, 23 մայիսի 2020, https://hraparak.am/post/693dc97639ace366056e2ab49ee5ede6 

Ղարաբաղյան Շարժում կամ ի՞նչ էր տեղի ունենում Խորհրդային Հայաստանում 30 տարի առաջ

Հարություն Մարությանը գրում է, որ Ղարաբաղյան շարժումը ոչ միայն Արեւելյան եվրոպական հեղափոխություններից առաջինն էր, այն նաեւ մեծ դեր է խաղացել խորհրդային հասարակության ժողովրդավարացման, Խորհրդային Միության ապակենտրոնացման եւ հետեւաբար կոմունիզմի սպառնալիքի վերացման գործում:

EVN Report-ը ողջունում է այն գրառումները, որոնք նպաստում են առողջ քննարկման ծավալման և խթանում են իրազեկ բանավեճ։ Ցանկացած գրառում, որը ներառում է ատելության խոսք, անարգանք կամ անձնավորված վիրավորանքներ չի հրապարակվի:

Thank you for your submission! We will review it soon.


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team