1989 թ. Արևելյան Եվրոպայի երկրներում մեկը մյուսի հետևից տեղի էին ունենում հասարակական-քաղաքական ցնցումներ, որոնք ժամանակ անց պատմաբանները որակեցին որպես «արևելաեվրոպական հեղափոխություններ»։ Քանդվեց Բեռլինի պատը, որը խորհրդանշում էր Եվրոպայի սրտում անցնող բաժանարար գիծը «ժողովրդավարական» Արևմուտքի և «կոմունիստական» Արևելքի միջև։ Այդ կերպ կազմալուծվեց աշխարհի սոցիալիստական ճամբարը, ևս երկու տարի անց աշխարհի քարտեզից վերացավ խորհրդային կայսրությունը ու, այդպիսով, Մարքսի ու Էնգելսի ժամանակներից Եվրոպայում շրջող կոմունիզմի ուրվականը անցավ պատմության գիրկը, դարձավ լոկ հետազոտության առարկա։
Այդ իրադարձություններից մեկ տարի առաջ մի հզոր ժողովրդավարական շարժում սկսվեց Խորհրդային Միության տարածքով ամենափոքր հանրապետությունում՝ Խորհրդային Հայաստանում։ Մասնագիտական գրականության մեջ, որոշ փոքր բացառություններով, այն դիտարկվում է լոկ հայ-ադրբեջանական, «էթնոտարածքային» որակում ստացած կոնֆլիկտների համատեքստում։ Մեր կարծիքով, Ղարաբաղյան շարժման հայաստանյան մասն արևելաեվրոպական հեղափոխությունների շարքի առաջնեկն է, և որպես այդպիսին, այն մեծ դեր է խաղացել խորհրդային հասարակության ժողովրդավարացման և նշանակալի դեր՝ Խորհրդային Միության ապամոնտաժման ու, այդպիսով՝ կոմունիզմի վտանգի վերացման գործում։ Լինելով առաջինը, այն չի նկատվել, չի ընկալվել որպես հեղափոխություն, որպես այդպիսին մնացել է անհայտ մասնագիտական շրջանակների համար, մինչդեռ «չճանաչված հեղափոխության[1]» օրինաչափությունները կարող են նոր լույս սփռել 20-րդ դարավերջի արևելաեվրոպական ժողովրդավարությունների ծագման ուսումնասիրման ու գնահատման գործում։
Սակայն սկսենք սկզբից։
Հայ պատմաբանները ղարաբաղյան խնդրի արմատների որոնումներում հետ են գնում մեկ դարից մինչև մի քանի հարյուրամյակ։ Եվ դա նորմալ է, նայած թե ինչ համատեքստում դիտարկել խնդիրը։ Սակայն 1988 թ. սկսված Շարժման համար խնդրի հիմքը գալիս է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի՝ որպես վարչատարածքային առանձին միավորի ձևավորման ժամանակներից։ Դա 1917-20 թթ. իրադարձություններին հաջորդող Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության Կովկասյան բյուրոյի պլենումի 1921 թ. հուլիսի 5-ին, առանց քննարկման ու քվեարկության ընդունած որոշումն էր «Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում՝ նրան տրամադրելով մարզային լայն ինքնավարություն»։ Եվ սա անկախ այն հանգամանքից, որ այդ օրերին մարզի գյուղական բնակչության կազմում հայերը կազմել են 94.73% [2], իսկ Շուշի քաղաքի հետ միասին (որտեղ 1920 թ. ապրիլին կոտորվեց քաղաքի հայ բնակչությունը) հաշվված՝ հայերը կազմել են ԼՂԻՄ տարածքի բնակչության (138.4 հազ. մարդ) 88.6%-ը։[3] Շուրջ վեց հասնամյակ անց, 1979 թ. մարդահամարի տվյալներով, հայերի թիվը կազմել է ԼՂԻՄ-ի բնակչության միայն 75.9%-ը, այսինքն իջել է գրեթե 20%-ով։ 1939-1979 թթ. մարզում հայերի թիվը պակասել է 7.3%-ով, իսկ ադրբեջանցիներն ավելացել են 2.6 անգամ։ Հետազոտողների համոզմամբ, ԼՂԻՄ-ից, ինչպես նաև Ադրբեջանի ամբողջ տարածքից հայ բնակչության զանգվածային արտահոսքը պայմանավորված էր տնտեսական, սոցիալական ու մշակութային բնագավառներում կիրառված քաղաքականությամբ, այնպիսի պայմանների ստեղծմամբ, որ հայերը հեռանային մեկընդմիշտ։[3]
1980-ական թվականների կեսերին ԽՄԿԿ ղեկավարության կողմից հռչակվեց վերակառուցման, ժողովրդավարացման և հրապարակայնության քաղաքականությունը։ Սա մեծապես նպաստեց այն բանին, որ ինչ-ինչ զարգացումներից հետո Ադրբեջանական ԽՍՀ ԼՂԻՄ-ի ժողովրդական դեպուտատների մարզային սովետը 1988 թ. փետրվարի 20-ին ընդունեց որոշում մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու և Հայկական ԽՍՀ-ի կազմի մեջ անցնելու վերաբերյալ։ Նույն օրը Երևանում սկսվեցին զանգվածային հավաքներ հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությամբ, որոնք ժամանակ անց, ընդգրկելով հայաստանյան հասարակության ամենալայն շերտեր, հայտնի դարձան «Ղարաբաղյան շարժում» (1988 թ. փետրվար – 1990 թ. օգոստոս) ձևակերպմամբ։ Շարժման քննությունը ցույց է տալիս, որ ղարաբաղյան պրոբլեմը՝ լինելով Շարժման քաղաքական գերխնդիր, հաճախ լոկ հետնախորք էր ծառայում հայաստանյան հասարակությանը հուզող շատ այլ կենսական խնդիրների վերհանման և լուծման ուղիների որոնման հարցում։ Դրանցում կարելի է նկատել միմյանց զուգահեռ, իրար մեջ սերտաճած ընթացող երկու հիմնական ուղղություններ՝ ազգային-ազատագրական պայքարի և ժողովրդավարական վերափոխումների իրականացման։ Աստիճանաբար պարզ էր դառնում, որ ազգային-ազատագրական պայքարի, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հաջողությունը կարող է պայմանավորված լինել միայն ժողովրդավարական վերափոխումների ճանապարհին ունենալիք ձեռքբերումներով։
Ղարաբաղյան շարժման կարևորագույն բնութագրական գիծը նրա համաժողովրդական լինելն էր։ Միակ խավը, որն այս կամ այն կերպ ընդդիմանում էր Շարժման զարգացումներին՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության նոմենկլատուրային բյուրոկրատական վերնախավն էր, որը շատ լավ տեսնում էր, որ Ղարաբաղի՝ Հայաստանին միացման հարցի լուծման ճանապարհ էր ընտրված ժողովրդավարական վերափոխումների քաղաքականությունը։ Ընդ որում, Շարժման համաժողովրդական դառնալը ևս միանգամից չեղավ։ Այսպես, 1988 թ. փետրվարին դրան նպաստող կարևորագույն գործոնը՝ Ղարաբաղի ինքնորոշման հարցին չսատարելուց զատ, նաև միութենական ու հանրապետական իշխանությունների պահվածքն էր, ինչը դրսևորվեց, մասնավորապես, հետևյալ երկու տիպի գործողություններում. միութենական մամուլն ու «Վրեմյա» հեռուստատեսային լրատվական ծրագիրը, Հայաստանի քաղաքացիների գնահատմամբ, իրականությանը չհամապատասխանող, ոչ լիարժեք տեղեկատվություն էին հաղորդում ԼՂԻՄ-ում և Երևանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, դրանք որակում էին որպես «էքստրեմիստական» բնույթ ունեցող և երկրորդը՝ Երևանում գտնվող ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամության թեկնածու Վ. Դոլգիխը հարյուր հազարանոց հանրահավաքները որակեց որպես «մարդկանց խումբ», ինչն ընկալվեց պարզապես որպես վիրավորանք։
Շարժման համաժողովրդական լինելու կարևոր ցուցիչներից էին.
ա) մի քանի հարյուր հազար մարդկանց մասնակցությամբ ընթացող հանրահավաքներն ու երթերը ավելի քան երկու տարի շարունակ,
բ) արդեն 1988 թ. մարտին հանրապետության հարյուրավոր աշխատանքային կոլեկտիվներում ձևավորված «Ղարաբաղ» կոմիտեները, որոնք կոչված էին սատարելու Ղարաբաղյան շարժման ղեկավարությանը։ Սրանք ԽՍՀՄ մի քանի այլ հանրապետություններում ավելի ուշ ձևավորված ժողովրդական ճակատների նախատիպն էին, յուրահատուկ այլընտրանքներ խորհրդային ձեռնարկություններում ու հիմնարկություններում գործող կուսակցական, կոմերիտական, արհմիութենական կոմիտեներին։ Այս նորաստեղծ մարմիններն ավելին էին, քան պարզապես «աջակցության խմբեր» և շատ կարճ ժամանակում նրանց մեծ մասը կարողացավ իրենց ձեռքը վերցնել հասարակական ակտիվության կազմակերպման և ուղղորդման գործը։ Մի քանի տարի անց նրանց միջից էին, որ դուրս եկան երկրի ղեկավարման ապարատում մեծ ու փոքր դիրքեր զբաղեցնող հարյուրավոր պաշտոնյաները։
գ) «Տոնական» տարրերի բազմաքանակությունը։ Ինչպես ցույց է տրված հետազոտություններում,[4] Շարժման սկզբնավորման պահից ի վեր հանրահավաքների կենտրոնատեղիում՝ Օպերայի (Ազատության) հրապարակում տեղի ունեցավ մեծ-փոքր [տարիքով-երիտասարդ], կին-տղամարդ, քաղաքացի-գյուղացի, հայախոս-ռուսախոս և այլ նման հակադրությունների թուլացում և վերացում։ Սրանք հետո՝ ժամանակ անց, արդեն 1989 թ. երկրորդ կեսին հետ եկան։
դ) պատկերագրական նյութի (պլակատներ, տրանսպարանտներ) բազմաքանակությունը (մեզ հաջողվել է ֆիքսել շուրջ հազար միավոր) և բազմազանությունը (դրանց մեջ առանձնանում են մոտ քսան խմբեր)։[5] Նման առատությունը վկայում է խորապես ազգային բնույթ ունեցող Շարժման մեջ բազմակարծության բարձր աստիճանի մասին ու, այդպիսով, Շարժման ոչ զուտ քաղաքական բնույթ ունենալուն, որպիսին էր վիճակը, օրինակ, մերձբալթյան հանրապետությունների պարագայում։ Ուսումնասիրողի առջև վեր է հառնում բազմադեմ, աստիճանաբար ազատականացող մտածողության տեր, բայց և միևնույն ժամանակ կարևորագույն հարցերի շուրջ միակամ մարդկանց բազմությունը։
Ինչպես վերը նշվեց, Ղարաբաղյան շարժումը ծավալվում էր ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության հռչակած վերափոխման, ժողովրդավարացման, հրապարակայնության պայմաններում։ Մասնագիտական գրականության մեջ ռեֆորմների այդ շարքը որակված է որպես «հեղափոխություն վերևից»։[6] Ընդհանրապես, խորհրդային հասարակարգի բնութագրական գծերից էր՝ ինչ էլ ծագեր ներքևում, հետո այն անպայման պետք է ուղղորդվեր վերևից, երկրի ղեկավարության կողմից։ Ցանկացած շեղում այդ գծից, չնայած զանգվածների ակտիվության անընդհատ հնչող կոչերին, որակվում էր որպես վերակառուցման գործին խոչընդոտող։ Այս տեսանկյունից Ղարաբաղյան շարժումը սկզբից մինչև վերջ ուղղորդվում էր ներքևից։ Այդ պատճառով էլ իր ձևավորման առաջին իսկ օրերից Շարժումը ենթարկվում էր ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության հարվածներին։
ա) Շարժման ներքևից ուղղորդումը դրսևորվում էր տարբեր ձևերով։ Դրա բնութագրական կարևորագույն գիծը պայքարի խաղաղ, սահմանադրական եղանակն ու մեթոդներն էին, ինչը Շարժումը որդեգրել էր իր սկզբնավորման օրվանից։ Եթե մինչ Շարժումը սահմանադրությունն ընկալվում էր իբրև թղթի մի անպետք կտոր, իսկ Գերագույն խորհուրդը դիտվում էր իբրև մի վայր, որտեղ բոլոր պատգամավորները լոկ ձևական բնույթ ունեցող քննարկումներով ու միաձայն կողմ էին քվեարկում վերևից իջեցվող օրենքների նախագծերին, ապա Շարժման տարիներին մարդիկ աստիճանաբար սովորեցին նաև գնահատել գործող օրենքները, Գերագույն խորհուրդը սկսեց դիտվել իբրև մի վայր, որի որոշումներում պետք է դրսևորվի ժողովրդի կամքը, իսկ պատգամավորները պարտավոր են ի պաշտոնե լսելի դարձնել այդ կամքը։ Ստեղծվեցին «սահմանադրական» կոչվող հատուկ խմբեր, որոնք համակարգում էին պատգամավորների հետ տարվող աշխատանքները։
1988 թ. փետրվարից ի վեր ժողովրդական անհնազանդության, բողոքի, պահանջների ներկայացման հիմնական ձևը խաղաղ, տարբեր կարգախոսներով, սակայն առանց բռնությունների և ոստիկանության հետ ընդհարումների հանրահավաքները, ցույցերը, երթերն, ինչպես նաև նստացույցերն ու հացադուլներն էին։ Ղարաբաղյան շարժման ժամանակ էր (1988 թ. փետրվար, հուլիս, սեպտեմբեր), որ առաջին անգամ ԽՍՀՄ-ում օգտագործվեց պայքարի գործադուլային եղանակը համաժողովրդական ընդգրկմամբ, որպես բողոքի դրսևորում կենտրոնական իշխանությունների գործողությունների դեմ։ Այն ուներ իր յուրահատկությունները, և թերևս այդ պատճառով է, որ անգամ միութենական առաջադիմական մամուլի գնահատականներում չընդգրկվեց ԽՍՀՄ տարածքի առաջին գործադուլների շարքում։
Պայքարի սահմանադրական եղանակի ցուցիչներից էր 1988 թ. մայիսին դրված Հայաստանի խորհրդարանի նստաշրջանի հրավիրման պահանջը, որն ուղեկցվում էր նստացույցերով, հացադուլներով, նաև պատգամավորների հետ բացատրական աշխատանք կատարելով։ Ի վերջո ստացվեց այնպես, որ նստաշրջանը գումարվեց պատգամավորների իսկ պահանջով։
Նույնը կրկնվեց 1988 թ. նոյեմբերի վերջին՝ ավելի լայնամասշտաբ ձևով. այդ ժամանակ խորհրդարանի ղեկավարությունը նպատակահարմար չէր գտնում արտահերթ նիստի կայացումը՝ քննարկվելիք հարցերի նկատմամբ այլ վերաբերմունք ունենալու պատճառով, ուստի և նստաշրջանը ժողովրդական պատգամավորների մի զգալի մասի իսկ պահանջով գումարվեց հանրահավաքների կենտրոնավայրում՝ Օպերայի շենքում։ Նիստի ժամանակ պատգամավորները մերժում են ԽՍՀՄ-ում ընտրությունների անցկացման նոր օրինագծի և ԽՍՀՄ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին հրամանագրի ընդունումը՝ նկատի ունենալով դրանց հակաժողովրդական բնույթը։ Նիստի հրավիրումը դեմոկրատական շարժման կենտրոնավայրում և նիստի ընթացքում ընդունված որոշումները ժողովրդի հաղթանակի վկայությունն էր, իրոք ժողովրդավարական խորհրդարանի ձևավորման սկզբի ազդարարում. այդ օրն առաջին անգամ ժողովուրդն ինքն արեց իր ուզած նստաշրջանը, քննարկեց իր ուզած հարցերը, ընդունեց իր ուզած որոշումները և այդ ամենը՝ առանց «վերևների» ներկայության, ինչը ցույց տվեց անդունդի առկայությունը ղեկավարության և ժողովրդի միջև։ Սակայն նույն գիշեր Երևանում մտցվում է հատուկ դրություն և պարետային ժամ, իսկ ժողովրդական դարձած խորհրդարանի որոշումները ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները հայտարարում են հակասահմանադրական ու ապօրինի։
Այն հանգամանքը, որ այդ նիստի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հարցը մղվեց երկրորդ պլան, նշանակում էր, որ Շարժումն իրոք ընթանում է վերակառուցման (իրական, այլ ոչ թե գորբաչովյան) ոգով, հօգուտ ընդհանրապես երկրի ժողովրդավարացման, այլ ոչ թե նեղ ազգային շարժում է։ Մարդիկ Ղարաբաղի հարցի լուծումը տեսնում էին միայն ողջ ԽՍՀՄ մասշտաբով իրական վերափոխումների մեջ։
բ) Ղարաբաղյան շարժման ժամանակ էր՝ 1988 թ. հոկտեմբերին, որ առաջին անգամ Խորհրդային Միությունում, ու թերևս նաև Արևելյան բլոկի երկրներում, տեղի ունեցան այլընտրանքային ընտրություններ։ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ ընտրվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը և «Գթություն» բարեգործական կազմակերպության ղեկավար Խաչիկ Ստամբոլցյանը։
Այստեղ կարևոր է նշել, որ «Ղարաբաղ» կոմիտեն 1988-1989 թթ. (և անգամ 1990 թ. գարնանային խորհրդարանական ընտրությունների շեմին) չէր ձգտում ամեն գնով վերցնել իշխանությունը, ինչում նրան մեղադրում էր միութենական ղեկավարությունն ու մամուլը։ Եթե դա Կոմիտեի համար լիներ առաջնահերթ, խորհրդարանի շատ պատգամավորների հետ կանչելու կուրս կվերցվեր։ Սակայն կարևորը պատգամավորներին՝ գործող օրենսդրության ընձեռած հնարավորությունների սահմաններում, ստիպելն էր, որ նրանք կատարեն ժողովրդի կամքը։ Եվ դա արվեց 1988 թ. աշնանը ընդամենը երկու պատգամավոր խորհրդարան մտցնելու ճանապարհով, որտեղ նրանք (ինչպես նաև որպես դիտորդներ նիստերին հրավիրված Կոմիտեի մի քանի անդամները) սկսեցին լսելի դարձնել ժողովրդի ձայնը։ Խոհրդարանում աշխատելու առաջին ընդամենը մեկուկես ամսվա ընթացքում երկու պատգամավորների ակտիվությունը, և որ շատ կարևոր է՝ ժողովրդավարական գործընթացներով պայմանավորված ընդհանուր պաթոսն այնքան էական դեր խաղաց խորհրդարանի աշխատանքներում, որ հանգեցրեց վերջինիս ընդհանուր ժողովրդավարացման։ Գերազանցապես այս հանգամանքով էր պայմանավորված վերը հիշատակված 1988 թ. նոյեմբերի 24-ի նստաշրջանը։
1988 թ. նոյեմբերի 7-ի «շքերթը» և նոյեմբերի 18-ի հարյուր հազարավոր մարդկանց երթը ցույց տվեցին, որ Շարժումն իրոք ուղղորդվում է ներքևից, իսկ Կոմիտեի որդեգրած պայքարի սահմանադրական եղանակը բերեց նրան, որ ժողովուրդն ու նրա պայքարը ղեկավարող Կոմիտեն ունեցավ իշխանություն դե ֆակտո, իսկ նոյեմբերի 22 և 24-ի խորհրդարանի նիստերը ֆիքսեցին, որ ժողովուրդն ու Կոմիտեն ձեռք բերեցին նաև դե յուրե իշխանություն։ Այսինքն, պայքարի սահմանադրական եղանակը տվեց իր դրական արդյունքները, չնայած և մերժվեց «վերևից հեղափոխություն» իրականացնող ԽՍՀՄ ղեկավարության կողմից։
Պայքարի սահմանադրական եղանակի արդյունավետության բարձրակետը 1990 թ. մայիս-հունիսի խորհրդարանական ընտրություններն էին, որի արդյունքում ձևավորված խորհրդարանում ոչ-կոմունիստները հասան առավելության և քվեարկությունների մի քանի փուլերից հետո «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Լևոն Տեր- Պետրոսյանն ընտրվեց խորհրդարանի նախագահ։ 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունվեց «Անկախության հռչակագիրը», որն սկիզբ դրեց խորհրդային ոճի կառավարում ունեցող երկրից՝ անկախ ժողովրդավարական պետություն կառուցման գործընթացին։
գ) Ի տարբերություն մերձբալթյան երկրների, որտեղ շարժումներն սկզբից ևեթ միտված էին անկախության ձեռքբերմանը,[7] Հայաստանում հակախորհրդային տրամադրություններն աճում էին աստիճանաբար, ինչը ևս Շարժման՝ ներքևից ուղղորդված լինելու ցուցիչներից է։ Նման գործընթացի հիմնական «մեղավորը» ընկալվում էր ժողովրդավարական վերափոխումների կուրս հռչակած ԽՍՀՄ ու ԽՄԿԿ ղեկավարությունն իր քայլերով։ Դրանց թվում էին՝ ժողովուրդների «լենինյան» որակվող ինքնորոշման իրավունքի կիրառմանն ընդդիմանալը, սումգայիթյան իրադարձություններին (որոնք մարդկանց գիտակցության մեջ միանշանակ համադրվել էին 1915 թ. ցեղասպանության հետ) քաղաքական ու իրավական գնահատական չտալը, խորհրդային-ռուսական բանակային ստորաբաժանումների պատժիչ գործողությունները Հայաստանում և այլն։
Շարունակելի...
EVN Report-ը շնորհակալություն է հայտնում «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամին (Friedrich Ebert Stiftung, FES) համագործակցության և աջակցության համար: