local elections

 

2021 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների՝ անկախության 30 տարիներից ի վեր ամենակարևոր ընտրությունները։ Սա 2021-ի ՏԻՄ երեք ընտրություններից վերջինն է և ամենամեծը. առաջին երկուսը հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին էին: 2021-ի հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո այս ընտրությունները կարծես երկրորդ փուլը լինեն՝ հայաստանյան անընդհատ փոփոխվող քաղաքական դաշտն ավելի լավ պատկերացնելուն ուղղված:

Դեկտեմբերի 5-ին ինը մարզերի ավելի քան մեկ միլիոն քաղաքացի հնարավորություն կունենա քվեարկել 38 խոշորացված համայնքներում, որոնք ձևավորվել են համայնքների խոշորացման արդյունքում: Հայաստանում համայնքների խոշորանցման գործընթացով համայնքների թիվը 502-ից նվազել է 79-ի` փոքր գյուղերը միավորելով մոտակա քաղաքների հետ նույն կառավարման համակարգում: Կառավարման այս նոր վերաբաժանումը գրեթե համարժեք է խորհրդային տարիների վարչատարածքային բաժանմանը, ունի նվազագույնը 4000 գրանցված ընտրող (18 տարեկանից բարձր քաղաքացիներ), ինչը թույլ է տալիս համայնքային ընտրությունների ժամանակ նույնպես կիրառել համամասնական ընտրակարգը՝ Ընտրական օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններին համապատասխան։ Բացառություններ են արվել այն համայնքներում, որտեղ առկա է էթնիկ փոքրամասնությունների բնակիչների բարձր տոկոս.

  • Ալագյազ, Արագածոտն (եզդի և քուրդ)

  • Արևուտ, Արագածոտն (եզդի)

  • Արզնի, Կոտայք (ասորի)

  • Ֆերիկ, Արմավիր (եզդի)

  • Ֆիոլետովո, Լոռի (ռուս մոլոկան)

  • Լերմոնտովո, Լոռի (մոլոկան)

  • Մեծաձոր, Արագածոտն (եզդի)

  • Շամիրամ, Արագածոտն (եզդի)

  • Վերին Դվին, Արարատ (ասորի)

Այս ընտրությունները կարևորվում են նրանով, որ համամասնական ընտրակարգն առաջին անգամ կիրարկվում է մայրաքաղաք Երևանից ու խոշոր քաղաքներ Գյումրիից և Վանաձորից դուրս։ Երևանում առաջին համամասնական ընտրությունները տեղի են ունեցել 2009թ․ մայիսին։ Մինչ այդ Երևանի քաղաքապետը նշանակվում էր կառավարության կողմից, ինչպես հիմա նշանակվում են մարզպետները։ Գյումրիում և Վանաձորում առաջին համամասնական ընտրություններն անցկացվել են 2016 թվականի հոկտեմբերին, այդ ժամանակ գործող օրենսդրության թերությունները պատճառ դարձան ընտրությունների բոյկոտի և ընտրություններից հետո անկայունության: Համամասնական ընտրապայքարում քաղաքական կուսակցությունները ներկայացնում են ավագանու թեկնածուների ցուցակը և իրենց հավաքած ձայներին համապատասխան ստանում են մանդատներ։ Այնուհետև հենց ավագանին էլ ընտրում է քաղաքապետին:

Հանրապետության մնացած վայրերում համայնքների ղեկավարներն առայժմ ընտրվում են ուղղակիորեն։ Քաղաքապետի թեկնածուները շատ հաճախ եղել են անկախ կամ այն ժամանակ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամներ։ Շատ հազվադեպ էր, երբ ընդդիմադիր կուսակցությունները ռեսուրսներ էին ներդրում ՏԻՄ ընտրապայքարի մեջ մտնելու համար։ Այժմ պայքարը կենտրոնացած է քաղաքական կուսակցությունների շուրջ և ոչ անհատների, այսպիսով քաղաքական կուսակցություններին խթանելով կառուցել իրենց մարզային կառույցները, հավաքագրել և վերապատրաստել թեկնածուներին, փորձարկել իրենց քաղաքական կարողությունները և դրամահավաք կազմակերպելու ունակությունները:

 

Կուսակցական խմբավորումներ 

Հայաստանում ներկայումս գրանցված է 113 կուսակցություն, որից 28-ը ստեղծվել են 2021 թվականին։ Նրանցից միայն մի քանիսն են ակտիվ, հատկապես Երևանից դուրս։ Դեկտեմբերի 5-ին կայանալիք ավագանու ընտրություններին մասնակցելու ժամկետը բավական սեղմ էր. համայնքների խոշորացման առաջարկի նախագիծը շրջանառության մեջ դրվեց  երկու մասով՝ 2021 թվականի օգոստոսի 19-ին և 20-ին: Սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովը երկու ընթերցմամբ ընդունեց Կ-017 օրինագծում ներկայացված նախագծի փոքր-ինչ փոփոխված տարբերակը: Նախագահն այն ստորագրեց հոկտեմբերի 4-ին, դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություներին (ընտրությունների օրը հայտարարվել էր դեռևս օգոստոսի 26-ին) անհրաժեշտ նվազագույն 60-օրյա ծանուցումից անմիջապես առաջ: Մասնակցության համար քաղաքական կուսակցությունները պետք է ներկայացնեին իրենց թեկնածուների ցուցակները և գրանցման փաստաթղթերը մինչև հոկտեմբերի 31-ը։

Լիարժեք համարվելու համար յուրաքանչյուր կուսակցություն, լավագույն դեպքում, պետք է բավարար ռեսուրս ունենա յուրաքանչյուր համայնքում ներկայացվելու համար։ Սակայն, ոչ մի կուսակցություն չկարողացավ դա ապահովել: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամենաշատը մոտեցավ այս շեմին՝ մասնակցելով ավագանու 36 համամասնական ընտրություններից 35-ին՝ առաջադրվելով բոլոր քաղաքներում, բացի Սևանից: Հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում կուսակցությունն առաջատար էր գրեթե ամբողջ երկրում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրված 35 քաղաքներից յուրաքանչյուրում կարևոր կլինի հետևել, թե արդյոք նրանք.

1. կստանան ձայների և/կամ ավագանու մանդատների ավելի քան 50%-ը, ինչը թույլ կտա նրանց ընտրել քաղաքապետ՝ առանց այլոց հետ կոալիցիա կազմելու: Այսպես է եղել հոկտեմբերին և նոյեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ՝ ինը համայնքներից չորսում՝ Դիլիջան, Տեղ, Իջևան, Ստեփանավան: 

2. Կլինեն առաջատար՝ առանց մանդատների մեծամասնության։ Նման իրավիճակ ստեղծվեց հոկտեմբերին Տաթևում, երբ մյուս երկու կուսակցությունները՝ «Շանթ» դաշինքը և «Ապրելու երկիրը» կոալիցիա կազմեցին՝ բացառելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

3. Կլինեն երկրորդ տեղում՝ զիջելով մեծամասնությունն այլ կուսակցության: Այսպես եղել է Գորիսում և Կապանում՝ հոկտեմբերին և նոյեմբերին։

4. Կլինեն երկրորդ տեղում՝ առանց որևէ հաղթանակի: Դա տեղի ունեցավ հոկտեմբերին Գյումրիում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կոալիցիա կազմեց առաջին տեղում գտնվող «Բալասանյան դաշինք» սոցիալիստական կուսակցության հետ։ Այդպես էր նաև Մեղրիում, որտեղ առաջին տեղը զբաղեցրած «Հանրապետություն» կուսակցությունը դաշինք կազմեց «Լիբերալ» կուսակցության հետ՝ բացառելով նրանց։

5. Կլինեն երրորդ տեղում կամ ավելի ցածր: Սա կհամարվի քաղաքական երկրաշարժ, սակայն նման իրավիճակ չի եղել ո՛չ հոկտեմբերին, ո՛չ նոյեմբերին։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ) դեկտեմբերի 5-ի ընտրություններում երկրորդ ամենաընդգրկուն մասնակցություն ունեցող կուսակցությունն է․ թեկնածուներ են առաջադրել 10 քաղաքներում։ Եվս ութում գլխավորում են «Մեր համայնքը», «Միասնական Վարդենիս», «Էջմիածին» դաշինքները, որոնց անվանումները, սակայն, հստակ չեն բացահայտում, թե որոնք են դրանց հետևում կանգնած քաղաքական կուսակցությունները: Նրանց մի քանի թեկնածուներն էլ ընտրություններին մասնակցում են այլ կուսակցության, հատկապես՝ նորաստեղծ «Իմ հզոր համայնքի» ցուցակներով: Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 5-ի 36 համայնքներից, որտեղ ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով, 23-ում նրանք ունեն առնվազն մեկ թեկնածու: Մասնակցության այս մակարդակը կարևոր էր նրանց դիրքը որպես առաջատար ընդդիմադիր կուսակցություն (նրանք խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունից են) պահպանելու համար: Հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին 9 համայնքներում անցկացված համամասնական ընտրություններին նրանք մասնակցել էին միայն Իջևանում (որտեղ հավաքել էին ձայների 16%-ը) և Գորիսի «Առուշ Առուշանյան» դաշինքի ցուցակում ունեին մեկ թեկնածու՝ Արտակ Տորոզյանը, ով ընտրվեց։

Դաշնակցությունը, կարելի է ասել, գլխավորում է ընդդիմադիր կուսակցությունների խմբավորումը, որը մոտավորապես համընկնում է այն 16 քաղաքական կուսակցությունների կազմի հետ, որոնք պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո։ Խմբավորման կազմում ընդգրկված են նաև «Վերածնվող Հայաստան», Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Հայրենիք», «Համերաշխություն», «Երկիր Ծիրանի», «Իմ հզոր համայնք», «Ռեֆորմիստներ», «Հայ արծիվներ․ Միացյալ Հայաստան», «Մեկ Հայաստան», «Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցությունները: Նրանց անվանենք «Հայրենիքի փրկության շարժում» խմբավորում: ՏԻՄ որոշ ընտրություններում այս կուսակցությունները միավորվել են ընտրական դաշինքների ներքո. մյուսներում նրանք ինքնուրույն են մրցում, բայց կարող են համարվել հետընտրական կոալիցիոն պոտենցիալ գործընկերներ:

Թեև ի սկզբանե հակափաշինյանական ցույցերին միացել էր նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, սակայն ԲՀԿ-ն առանձնահատուկ դեպք է և շատ ավելի անկախ է գործում։ Նրանք իրենց անհատական ցուցակով են մասնակցում Աբովյանում (որն այժմ ներառում է Առինջը՝ Գագիկ Ծառուկյանի հայրենի գյուղը), Վանաձորում, Փամբակում և Աշոցքում։ Եղեգնաձորում նրանք գլխավորում են «Դավիթ Հարությունյան» դաշինքը՝ «Ժողովրդավարական այլընտրանք» կուսակցության հետ միասին։ Արարատում «Կայունություն» կուսակցության ցուցակում երկու թեկնածու ունեն. ԲՀԿ-ն միայն Ախուրյանում է համագործակցում «Հայրենիքի Փրկության Շարժում» խմբավորման հետ՝ որպես «Ախուրյան դաշինքի» անդամ:

«Հայրենիքի Փրկության Շարժումից» բացի «Ապրելու երկիր»  և «Հանրապետություն» կուսակցություններն են, որ մասնակցում են 10 համայնքներում կայանալիք ընտրություններին: Երկուսն էլ նախկինում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցության պատմություն են ունեցել։ 2017 թվականին «Հանրապետություն» կուսակցությունը «Ելք» դաշինքի մաս էր կազմում, մինչդեռ «Ապրելու երկիր» կուսակցության երկու համահիմնադիրներն էլ Նիկոլ Փաշինյանի կառավարության ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը ստանձնած, այնուհետև հրաժարական տված անձինք են։ Թեև «Ապրելու երկիր» կուսակցությունն իրեն նոր կուսակցություն է համարում, սակայն, ըստ պաշտոնական գրանցման համարի, «Ապրելու երկիրը» հանդիսանում է «Առաքելություն» կուսակցության իրավահաջորդը, որը նախկինում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ «Իմ քայլը» դաշինքի անդամ էր: 

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կորցրեց իր բոլոր 18 պատգամավորական մանդատները և հանրային ֆինանսավորման հնարավորությունը՝ 2021-ի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում ստանալով ձայների ընդամենը 1,2%-ը։ Պետական ​​բյուջեից տարեկան սուբսիդավորման իրավունք ունեն այն կուսակցությունները, որոնք ստանում են ձայների առնվազն 2 տոկոսը։ Հոկտեմբերի 17-ի և նոյեմբերի 14-ի ավագանու ընտրություններին չմասնակցելուց հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դեկտեմբերի 5-ին թեկնածուներ է առաջադրել չորս տարբեր քաղաքներում՝ Վանաձոր, Վաղարշապատ (Էջմիածին), Հրազդան և Մարտունի: Ցավոք, այս չորս քաղաքներում էլ առաջադրվել են երեքից ավելի կուսակցություններ, ամենաշատը՝ Վանաձորում՝ 10 կուսակցություն: Համեմատության համար նշենք, որ դեկտեմբերի 5-ին 36 համայնքներից 20-ում առաջադրվել է երեք կամ երեքից պակաս կուսակցություն, որի դեպքում ընտրական անցողիկ նվազագույն 4% շեմը չի կիրառվում։ Բայց «Լուսավոր Հայաստանը», թերևս, որոշել է ավելի մրցունակ քաղաքներում պայքարել: Հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը Վանաձորում հավաքել էր ձայների ընդամենը 3,7 տոկոսը, Վաղարշապատում՝ 0,8 տոկոսը, Հրազդանում՝ 1,4 տոկոսը, Մարտունիում՝ 0,5 տոկոսը (թվերն արձանագրվել են մինչև համայնքների խոշորացումը): Հատկանշական է, որ նրանք չեն առաջադրվել Նոյեմբերյանում, որտեղ հունիսի խորհրդարանական ընտրություններին ստացել էին ձայների 4,3 տոկոսը: Կուսակցության ապագայի համար ավագանու մանդատներ ստանալը կարևոր է։ ՏԻՄ ընտրություններին մասնակցության ընդհանուր ցածր մակարդակը կարող է օգնել նրանց հասնել դրան:

Մի քանի քաղաքներում առաջադրված այլ կուսակցությունների թվում են «Հանուն Հանրապետության Ժողովրդավարության Պաշտպանների Դաշինք», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները, «Արդար Հայաստան», «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունները, «Ազատական» և «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունները: Այս կուսակցություններին պայմանականորեն կոչենք Հունիսյան խմբավորում, նրանք մասնակցել են հունիսի խորհրդարանական ընտրություններին, սակայն չեն կարողացել հաղթահարել նվազագույն շեմը (5%) կամ նույնիսկ պետական ֆինանսավորում ստանալու համար անհրաժեշտ քվեների շեմը (2%)։ Ավագանիում որոշ մանդատներ ստանալը կօգնի նրանց ակտիվ մնալ:

Կան նաև մի քանի կուսակցություններ, որ գրանցվել են 2021-ի երկրորդ կեսին, ու առաջին անգամ ընտրությունների մասնակցում են դեկտեմբերի 5-ին: Նրանց կոչենք Առաջին փորձ խմբավորում:

Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) նկատելիորեն բացակայում է։ Երկրի երբեմնի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հունիսին ստացել է ձայների ընդամենը 1,5%-ը։ Նրանք մասնակցել են հոկտեմբերին Գորիսի և նոյեմբերին Ստեփանավանի համայնքային ընտրություններին` ստանալով, համապատասխանաբար, 2,8% և 4,4%՝ յուրաքանչյուր ավագանիում մեկ մանդատ։

 

Գրանցված կուսակցությունների և դաշինքների ամբողջական ցանկը` ըստ քաղաքի մեծության և քվեաթերթիկների հերթականության, հետևյալն է.

ՀՀ Լոռու մարզ, Վանաձոր (93,836 ընտրող, ավագանու 33 մանդատ)

1. Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն

2. «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն (Հունիսի խմբավորում)

3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

4. «Հանրապետություն» կուսակցություն

5. «Ապրելու երկիր» կուսակցություն

6. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

7. «Հայրենիք» կուսակցություն (Հայրենիքի փրկության շարժում)

8. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

9. «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինք

               ա. «Իմ հզոր համայնք» կուսակցություն (Հայրենիքի փրկության շարժում)

               բ. «Ազատ Դեմոկրատներ» կուսակցություն

10. Հայաստանի կոմունիստական կուսակցություն

Վանաձորի գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հաղթել էր 2016 թվականին՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Նրա հիմնական մրցակիցն այս անգամ լինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, որի ցուցակը գլխավորում է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Մարզպետը նշանակվում է կառավարության կողմից։ Նման իրավիճակ եղավ նաև հոկտեմբերին Գյումրիում, որտեղ «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավարած կառավարության նշանակած մարզպետ Հովհաննես Հարությունյանը մրցում էր 2016 թվականին ընտրված նախկին ՀՀԿ-ական քաղաքապետի թիմի հետ (Բալասանյան դաշինք Սոցիալիստական կուսակցություն): Գյումրիում Հովհաննես Հարությունյանը զբաղեցրեց երկրորդ տեղը, հրաժարվեց ավագանու իր մանդատից, ավելի ուշ մարզպետի պաշտոնում նրան փոխարինեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: Սա լավ նախադեպ կարող է լինել Խաչատրյանի համար։

Հայաստանի աշխատանքային սոցիալիստական կուսակցության ցուցակը գլխավորում է Արկադի Փելեշյանը։ 2016 թվականին նա գլխավորել է Հայկական Վերածնունդ կուսակցության ցուցակը (Օրինաց երկիր կուսակցության ռեբրենդինգը) և ներկայիս ավագանու անդամ է։ Դեկտեմբերի 2-ի հանրային հեռուստաբանավեճին նա չի մասնակցել. չի մասնացկել նաև Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության ներկայացուցիչը։

 

ՀՀ Արարատի մարզ, Արտաշատ (77,589 ընտրող, ավագանու 33 մանդատ)

1. «Օրենք և Արդարություն» կուսակցություն (Առաջին փորձ)

2. «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն (Հունիսի խմբավորում)

3. «Հայրենիք» կուսակցություն (Հայրենիքի փրկության շարժում)

4. «Քրիստոնեա Հայաստան» կուսակցություն (Առաջին փորձ)

5. Հայ Յեղափոխական Դաշնակցություն (Հայրենիքի փրկության շարժում)

6. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Վերջերս տեղի ունեցած համայնքների խոշորացումից հետո Արտաշատը դարձավ Հայաստանի չորրորդ ամենամեծ համայնքը։ Գերազանցելով 70,000 գրանցված ընտրողների շեմը, այն մտնում է նույն կատեգորիայի մեջ, ինչ Գյումրին և Վանաձորը` ստանալով ավագանու 33 մանդատ և հեռուստատեսային նախընտրական բանավեճի հնարավորություն: Ցավոք, միայն «Քաղաքացիական պայմանագիր» և «Քրիստոնեա Հայաստանը» կուսակցությունները մասնակցեցին նոյեմբերի 30-ին կայացած հանրային բանավեճին։ Ընտրական օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները պահանջում են, որ Հանրային հեռուստաալիքը ընտրություններին մասնակից թեկնածուների բանավեճ կազմակերպի այն համայնքների դեպքում, որտեղ գրանցված է ավելի քան 70,000 ընտրող։ Բոլոր մրցակից կուսակցությունների առաջատար թեկնածուները պետք է հրավիրվեն բանավեճին, բայց պարտավոր չեն հրավերն ընդունել:

 

ՀՀ Արարատի մարզ, Մասիս (62,917 ընտրող, ավագանու 27 մանդատ)

1. Դավիթ Համբարձումյան դաշինք (Հայրենիքի փրկության շարժում)

               ա. Ռեֆորմիստների կուսակցություն

               բ. «Իմ հզոր համայնք» կուսակցություն

               գ. Հայաստանի Հանրապետական կուսակցություն

               դ. Հայ Յեղափոխական Դաշնակցություն

               ե. «Հայոց Արծիվներ. Միասնական Հայրենիք» կուսակցություն

               զ. «Մեկ Հայաստան» կուսակցություն

2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Մասիսն ամենախոշոր քաղաքն է, որտեղ մրցում են միայն երկու կուսակցություն: Նման դեպքում ամենաշատ ձայն հավաքած կուսակցությունը ստանում է մանդատների մեծամասնությունը՝ հաշվի առնելով, որ ավագանին միշտ ունի կենտ թվով մանդատներ:

 

ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան (60,559 ընտրող, ավագանու 27 մանդատ)

1. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

2. Հայ Յեղափոխական Դաշնակցություն (Հայրենիքի փրկության շարժում)

3. Հանրապետություն կուսակցություն

4. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Աբովյան քաղաքը կարող է համարվել է Երևանի արվարձան։ Խոշորացումից հետո այն այժմ ներառում է Առինջ համայնքը։ Հատկապես Աբովյանը և ընդհանրապես Կոտայքի մարզը համարվում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հենակետ. սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսին այստեղ հավաքել էր ձայների 44 տոկոսը՝ ԲՀԿ-ի 10 տոկոսի դիմաց։ 2019-ի քաղաքապետի ընտրություններում Վահագն Գևորգյանը նվազագույն թվով հաղթեց «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանին։ Գևորգյանն այս անգամ չի առաջադրվել:

 

ՀՀ  Գեղարքունիքի մարզ, Մարտունի (60,482 ընտրող, ավագանու 27 մանդատ)

1. Ալաշկերտ կուսակցությունների դաշինք (Հայրենիքի փրկության շարժում)

               ա. Հայաստանի Հանրապետական կուսակցություն

               բ. Հայ Յեղափոխական Դաշնակցություն

2. «Ապրելու երկիր» կուսակցություն

3. «Արդար Հայաստան» կուսակցություն (Հունիսի խմբավորում)

4. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

5. Հայաստանի կոմունիստական կուսակցություն

6. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

 

ՀՀ Արմավիրի մարզ, Մեծամոր (54,607 ընտրող, ավագանու 27 մանդատ)

1. Հայ Յեղափոխական Դաշնակցություն (Հայրենիքի փրկության շարժում)

2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

 

ՀՀ Արագածոտնի մարզ, Աշտարակ (53,979 ընտրող, ավագանու 27 մանդատ)

1. Հայ Յեղափոխական Դաշնակցություն (Հայրենիքի փրկության շարժում)

2. «Հայրենիք» կուսակցություն (Հայրենիքի փրկության շարժում)

3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

4 տոկոս ընտրական շեմը չի տարածվում առաջատար երեք կուսակցությունների վրա. այսպիսով, բոլոր երեք հավակնորդները կարող են մանդատներ ակնկալել:

 

ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդան (46,441 ընտրող, ավագանու 27 մանդատ)

1. «Ապրելու երկիր» կուսակցություն

2. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

3. Հայ Յեղափոխական Դաշնակցություն (Հայրենիքի փրկության շարժում)

4. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

 

ՀՀ Արմավիրի մարզ, Արմավիր (45,295 ընտրող, ավագանու 27 մանդատ)

1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Արմավիրը միակ քաղաքն է, որտեղ գրանցված է միայն մեկ կուսակցություն։ Ընտրողները հնարավորություն ունեն քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմ կամ դեմ: Եթե «Այո»-ն գերակայի, ապա բոլոր 27 մանդատները բաժին են ընկնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Կկազմվի ավագանի՝ առանց ընդդիմության: Եթե, այնուամենայնիվ, «Ոչ»-ը գերակայի, ապա պետք է նոր ընտրություններ անցկացվեն։ Մասնակցության նվազագույն շեմի պահանջ չկա:

 

ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ (44,653 ընտրող, ավագանու 27 մանդատ)

1. Էջմիածին կուսակցությունների դաշինք (Հայրենիքի փրկության շարժում)

               ա. Հայ Յեղափոխական Դաշնակցություն

               բ. «Համերաշխություն» կուսակցություն

2. Իրական ժողովրդավարական կուսակցություն (Առաջին փորձ)

3. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

4. «Հայրենատէր» կուսակցություն (Առաջին փորձ)

5. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Վաղարշապատը, որը հայտնի է նաև որպես Էջմիածին, Հայաստանի միակ կին ղեկավար ունեցող  քաղաքն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող Դիանա Գասպարյանն այստեղ ընտրվել է 2018 թվականին՝ 12 թեկնածուների հետ պայքարում ստանալով ձայների 52 տոկոսը։ Նա կրկին գլխավորում է «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը։

«Հայրենատէր» կուսակցությունը, որը «Ազգային պետություն» կուսակցության նոր անվանումն է, նախկինում մասնակցել է ընտրություններին, բայց սահմանափակ հաջողությամբ։

 

ՀՀ Գեղարքունիքի մարզ, Գավառ (44,216 ընտրող, ավագանու 27 մանդատ)

1. Գուրգեն Մարտիրոսյան դաշինք (Հունիսի խմբավորում)

               ա. «Քաղաքացու Որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն

               բ. «Արդարություն» կուսակցություն

2. «Մեր համայնքը» դաշինք (Հայրենիքի փրկության շարժում)

               ա. Հայ Յեղափոխական Դաշնակցություն

               բ. «Համերաշխություն» կուսակցություն

               գ. «Հայրենիք» կուսակցություն

               դ. Հայաստանի հանրապետական կուսակցություն

3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

 

ՀՀ Արարատի մարզ, Վեդի (36,928 ընտրող, ավագանու 27 մանդատ)

1. «Իմ հզոր համայնք» կուսակցություն (Հայրենիքի փրկության շարժում)

               ա. Հայաստանի Հանրապետական կուսակցություն

               բ. Հայ Յեղափոխական Դաշնակցություն

2. «Հանրապետություն» կուսակցություն

3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

 

ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ (36,894 ընտրող, ավագանու 27 մանդատ)

1. «Ազատական» կուսակցություն (Հունիսի խմբավորում)

2. «Ապրելու երկիր» կուսակցություն

3. Հայ Յեղափոխական Դաշնակցություն (Հայրենիքի փրկության շարժում)

4. «Հանուն Հանրապետության Ժողովրդավարության Պաշտպանների Դաշինք» կուսակցություն (Հունիսի խմբավորում)

5. Միասնական Արթիկ դաշինք (Հունիսի խմբավորում)

               ա. «Քաղաքացու Որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն

               բ. «Արդարություն» կուսակցություն

6. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցությունը թեկնածուների ցուցակ էր ներկայացրել նաև Արթիկում, սակայն այն մերժվել է։ Ըստ օրենքի՝ ցուցակներում պետք է ընդգրկված լինեն խոշորացված համայնքների առնվազն կեսից ամենաքիչը մեկական թեկնածու: Խոշորացված Արթիկն այժմ ունի 24 համայնք։ «Հանրապետություն» կուսակցությունը ցուցակ էր ներկայացրել, որում ընդգրկված էին 12 տարբեր շրջանների թեկնածուներ, սակայն նրանցից մեկը պաշտոնապես գրանցված չէր իր բնակության վայրում (սովորական է, որ Հայաստանի քաղաքացիներն ամեն անգամ տեղաշարժվելիս չեն փոխում իրենց պաշտոնական գրանցման հասցեն): Հետևաբար, թեկնածուների ամբողջ ցուցակը համարվել է անընդունելի՝ ընտրական օրենսգրքի պահանջներին չհամապատասխանելու համար: 

 

ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան (31,807 ընտրող, ավագանու 27 մանդատ)

1. Ախուրյան կուսակցությունների դաշինք (Հայրենիքի փրկության շարժում)

              ա. «Համերաշխություն» կուսակցություն

              բ. «Երկիր Ծիրանի» կուսակցություն

              գ. Հայ Յեղափոխական Դաշնակցություն

              դ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

2. Հաղթանակ կուսակցությունների դաշինք (Հայրենիքի փրկության շարժում)

              ա. Հայ Յեղափոխական Դաշնակցություն

              բ. «Վերածնվող Հայաստան» կուսակցություն

3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Ախուրյանն ունի 35 համայնք․  յուրաքանչյուր կուսակցություն պետք է ընդգրկի նվազագույնը մեկ թեկնածու՝ առնվազն 18 համայնքից: Ախուրյանում «Իկիլիկյան դաշինքը»՝ բաղկացած «Իմ հզոր համայնք» և «Ազատություն» կուսակցություններից (Հայրենիքի փրկության շարժում խմբավորում), փաստացի գրանցված էր 2-րդ համարի ներքո: Սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ նրանք  թեկնածուներ ունեն ընդամենը 14 շրջաններից։ Նրանց գրանցումն ընտրություններում չեղյալ է հայտարարվել, սակայն մյուս կուսակցությունների քվեաթերթիկի հերթական համարը չի փոխվել (շփոթմունքից խուսափելու համար,  նրանք արդեն սկսել էին քարոզարշավը՝ օգտագործելով իրենց քվեաթերթիկի համարը): «Իկիլիկյան դաշինքի» գրանցումը չեղակելու որոշումը բողոքարկվել է դատարանում, սակայն ապարդյուն։

Տարբեր շրջաններից թեկնածուներ ներառելու պահանջի նպատակն է ապահովել, որ ցուցակներում չգերակշռեն կենտրոնական համայնքների թեկնածուները. մտավախություն կար, որ ծայրամասային գյուղերը խոշորացումից հետո այլևս չեն ունենա ընտրված ներկայացուցիչներ: Փաստն այն է, սակայն, որ Իկիլիկյան դաշինքի ցուցակի 26 թեկնածուներից 25-ը եղել են խոշորացված համայնքի ծայրամասային շրջաններից։ Ցուցակը գլխավորում էր խոշորացված Ախուրյանի  մեջ նոր միավորված Ազատան գյուղի գործող գյուղապետ Վարդան Իկիլիկյանը։

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ կուսակցությանը չի թույլատրվում ներկայացնել թեկնածուների երկու ցուցակ կամ լինել մեկից ավելի ընտրական դաշինքի անդամ։ Պաշտոնապես, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը միայն «Հաղթանակ դաշինքի» անդամ է։ Սակայն «Ախուրյան դաշինքի» քաղաքապետի թեկնածուն նույնպես ՀՅԴ անդամ, Ախուրյանի գործող քաղաքապետ Արծրունի Իգիթյանն է։ Պաշտոնապես, «Ախուրյան դաշինքը»  միայն «Համերաշխություն» և «Երկիր Ծիրանի» կուսակցությունների միջև է, սակայն ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս, որ դաշինքի թեկնածուների մինչև 30 տոկոսը կուսակցական չլինեն։ Սովորաբար սա արվում է անկախ թեկնածուների ընդգրկելու համար, սակայն տեխնիկապես հնարավոր է ներառել նաև այլ քաղաքական կուսակցությունների անդամներ, ինչպես եղավ այս դեպքում։

 

ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան (30,833 ընտրող, ավագանու 27 մանդատ)

1. Հայ Յեղափոխական Դաշնակցություն (Հայրենիքի փրկության շարժում)

2. «Հանրապետություն» կուսակցություն

3. Սարգիս Մուրադյան կուսակցությունների դաշինք

                ա. Ռամկավար Ազատական կուսակցություն

                բ. Վերակազմյալ սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

                գ. Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Սևանը միակ համամասնական ընտրապայքարն է, որին չի մասնակցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ թեկնածուների ցուցակը պետք է պահպանի 3-ից 1-ը կին գենդերային քվոտա: Սևանում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացրել է 20 հոգանոց ցուցակ, որը, իրոք, պահպանում էր գենդերային քվոտան, սակայն հետո ցուցակի բոլոր  կին թեկնածուներն ինքնաբացարկ են հայտարարել՝ թողնելով 100%-ով արական սեռի թեկնածուների ցուցակ: Ընտրական օրենսգիրքը հաշվի է առնում ինքնաբացարկները՝ պահանջելով անցնել հաջորդ ամենաբարձր վարկանիշ ունեցող կին թեկնածուի թափուր տեղերը զբաղեցնելու համար, որպեսզի ապահովվի առնվազն 30% իգական սեռի ներկայացուցիչ: Այնուամենայնիվ, եթե չկան այլևս հասանելի կին թեկնածուներ, թափուր տեղերը համալրում են տղամարդիկ՝ չնայած քվոտային։ Նման իրավիճակը բացառելու համար Ընտրական օրենսգիրքը պետք է փոփոխվի, մանդատները պետք է թափուր մնան, եթե կուսակցությունը չի կարող բավարարել գենդերային քվոտան՝ իգական սեռի թեկնածուների ինքնաբացարկ ներկայացնելու դեպքում:

 

ՀՀ Լոռու մարզ, Սպիտակ (30,689 ընտրող, ավագանու 27 մանդատ)

1. «Իմ հզոր համայնք» կուսակցություն (Հայրենիքի փրկության շարժում)

               ա. Հայաստանի Հանրապետական կուսակցություն

2. Հայ Յեղափոխական Դաշնակցություն (Հայրենիքի փրկության շարժում)

3. «Հայրենիք» կուսակցություն (Հայրենիքի փրկության շարժում)

4. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

 

ՀՀ Արարատի մարզ, Արարատ (29,517 ընտրող, ավագանու 27 մանդատ)

1. «Ապրելու երկիր» կուսակցություն

2. «Իմ հզոր համայնք» կուսակցություն (Հայրենիքի փրկության շարժում)

3. «Կայունություն» կուսակցություն (Առաջին փորձ)

               ա. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

4. «Հանուն Հանրապետության Ժողովրդավարության Պաշտպանների Դաշինք» կուսակցություն (Հունիսի խմբավորում)

5. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

 

ՀՀ Գեղարքունիքի մարզ, Վարդենիս (28,557 ընտրող, ավագանու 27 մանդատ)

1. Ահարոն Խաչատրյան կուսակցությունների դաշինք (Հայրենիքի փրկության շարժում)

               ա. «Համերաշխություն» կուսակցություն

               բ. «Դեմոկրատական Այլընտրանք» կուսակցություն

2. Միասնական Վարդենիս կուսակցությունների դաշինք (Հայրենիքի փրկության շարժում)

               ա. Հայ Յեղափոխական Դաշնակցություն

               բ. «Ժողովրդավարություն և Աշխատանք» կուսակցություն

3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

 

ՀՀ Կոտայքի մարզ, Նաիրի (27,899 ընտրող, ավագանու 27 մանդատ)

1. «Ապրելու երկիր» կուսակցություն

2. «Իմ հզոր համայնք» կուսակցություն (Հայրենիքի փրկության շարժում)

3. Հայ Յեղափոխական Դաշնակցություն (Հայրենիքի փրկության շարժում)

4. «Հանրապետություն» կուսակցություն

5. Վերակազմյալ սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

6. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

 

ՀՀ Տավուշի մարզ, Նոյեմբերյան (24,318 ընտրող, ավագանու 21 մանդատ)

1. «Ապրելու երկիր» կուսակցություն

2. «Հանուն Հանրապետության Ժողովրդավարության Պաշտպանների Դաշինք» կուսակցություն (Հունիսի խմբավորում)

3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

 

ՀՀ Արմավիրի մարզ, Խոյ (22,091 ընտրող, ավագանու 21 մանդատ)

1. Ազատական կուսակցություն (Հունիսի խմբավորում)

2. «Զարթոնք» ազգային Քրիստոնեական կուսակցություն (Հունիսի խմբավորում)

3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

 

ՀՀ Կոտայքի մարզ, Նոր Հաճն (22,024 ընտրող, ավագանու 21 մանդատ)

1. Գագիկ Մաթևոսյան դաշինք (Հունիսի խմբավորում)

               ա. Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցություն

               բ. Վերակազմյալ սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

2. «Դեմոկրատական Այլընտրանք» կուսակցություն (Հայրենիքի փրկության շարժում)

3. Հայ Յեղափոխական Դաշնակցություն (Հայրենիքի փրկության շարժում)

4. Վարդան Պապյան դաշինք (Հունիսի խմբավորում)

               ա. «Արդար Հայաստան» կուսակցություն

               բ. «Արդարություն» կուսակցություն

5. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

 

ՀՀ Արագածոտնի մարզ, Թալին (19,810 ընտրող, ավագանու 21 մանդատ)

1. «Զարթոնք» ազգային Քրիստոնեական կուսակցություն (Հունիսի խմբավորում)

2. Հայք լիբերալների կուսակցություն

3. «Մեր համայնքը» դաշինք (Հայրենիքի փրկության շարժում)

               ա. Հայ Յեղափոխական Դաշնակցություն

               բ. «Համերաշխություն» կուսակցություն

4. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

 

ՀՀ Արմավիրի մարզ, Արաքս (19,765 ընտրող, ավագանու 21 մանդատ)

1. «Զարթոնք» ազգային Քրիստոնեական կուսակցություն (Հունիսի խմբավորում)

2. «Հանուն Հանրապետության Ժողովրդավարության Պաշտպանների Դաշինք» կուսակցություն (Հունիսի խմբավորում)

3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

 

ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար (19,431 ընտրող, ավագանու 21 մանդատ)

1. «Ապրելու երկիր» կուսակցություն

2. Դավիթ Մինասյան կուսակցությունների դաշինք (Հունիսի խմբավորում)

                ա. «Քաղաքացու Որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն

                բ. «Արդարություն» կուսակցություն

3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

 

ՀՀ Արագածոտնի մարզ, Ապարան (17,616 ընտրող, ավագանու 21 մանդատ)

1. Կարեն Եղիազարյան կուսակցությունների դաշինք (Հունիսի խմբավորում)

               ա. «Քրիստոնեա Հայաստան» կուսակցություն

               բ. «Արդար Հայաստան» կուսակցություն

2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

 

ՀՀ Վայոց Ձորի մարզ, Եղեգնաձոր (14,795 ընտրող, ավագանու 21 մանդատ)

1. «Ապրելու երկիր» կուսակցություն

2. Դավիթ Հարությունյան կուսակցությունների դաշինք (Հայրենիքի փրկության շարժում)

                ա. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

                բ. «Դեմոկրատական Այլընտրանք» կուսակցություն

3. Հայ կառուցողական կուսակցություն (Հունիսի խմբավորում)

4. «Հանրապետություն» կուսակցություն

5. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

 

ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան (12,495 ընտրող, ավագանու 21 մանդատ)

1. «Արդար Հայաստան» կուսակցություն (Հունիսի խմբավորում)

2. «Մեր Բաղրամյան» կուսակցությունների դաշինք (Հայրենիքի փրկության շարժում)

                ա. Հայ Յեղափոխական Դաշնակցություն

                բ. «Համերաշխություն» կուսակցություն

3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

 

ՀՀ Վայոց Ձորի մարզ, Վայք (9,837 ընտրող, ավագանու 15 մանդատ)

1. «Ազատական» կուսակցություն (Հունիսի խմբավորում)

2. «Հայրենիք» կուսակցություն (Հայրենիքի փրկության շարժում)

3. «Հանրապետություն» կուսակցություն

4. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

 

ՀՀ Լոռու մարզ, Փամբակ (9,571 ընտրող, ավագանու 15 մանդատ)

1. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

 

ՀՀ Կոտայքի մարզ, Գառնի (9,196 ընտրող, ավագանու 15 մանդատ)

1. «Հանրապետություն» կուսակցություն

2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

 

ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք (7,528 ընտրող, ավագանու 15 մանդատ)

1. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

 

ՀՀ Վայոց Ձորի մարզ, Ջերմուկ (6,204 ընտրող, ավագանու 15 մանդատ)

1. «Ապրելու երկիր» կուսակցություն

2. «Մեր համայնքը» դաշինք (Հայրենիքի փրկության շարժում)

                ա. Հայ Յեղափոխական Դաշնակցություն

                բ. «Համերաշխություն» կուսակցություն

3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Ջերմուկի ավագանու ընտրությունները հատկապես նշանակալի են, քանի որ արդյունքները կարող են որոշիչ դեր ունենալ մոտակա Ամուլսարի ոսկու հանքի հետագա շահագործման վրա: Մինչ օրս բողոքի ցույցերը թույլ չեն տվել հանքի շահագործումը սկսել։ Նիկոլ Փաշինյանն ակնարկել է, որ աջակցում է այս նախագծին, սակայն հանքի ճակատագիրը մինչ օրս անհայտ է։

Դեկտեմբերի 5-ին 36 համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող 130 կուսակցությունների ցուցակներից միայն երեքն են գլխավորում կանայք: Դրանցից մեկը Սյուզաննա Ավետիսյանի գլխավորությամբ Ջերմուկում առաջադրված «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակն է։ Հատկանշական է, սակայն, որ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի 12 թեկնածուներից 7-ը դուրս են եկել մրցապայքարից՝ ցուցակում մնացել են հինգ թեկնածու: Հոկտեմբերին Տեղում «Ապրելու երկիր» կուսակցությունը բողոքել էր, որ իրենց թեկնածուներից ինը ճնշումներից և սպառնալիքներից հետո ինքնաբացարկ են հայտարարել։ Դեռ պարզ չէ, արդյոք դա վերաբերում է նաև Ջերմուկին։

 

ՀՀ Շիրակի մարզ, Ամասիա (5,696 ընտրող, ավագանու 15 մանդատ)

1. Ամասիա-Արփի կուսակցությունների դաշինք (Հայրենիքի փրկության շարժում)

               ա. «Համերաշխություն» կուսակցություն

               բ. «Ազատություն» կուսակցություն

2. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (Հայրենիքի փրկության շարժում)

3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

«Ամասիա-Արփի» դաշինքի ցուցակը երրորդն է, որը գլխավորում է կին՝ Ամասիա գյուղի գործող գյուղապետ Ջեմմա Հարությունյանը՝ ընտրված նախքան խոշորացումը։ Հարությունյանը նախկինում ընտրվել էր որպես Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ։ Այս անգամ նրա քաղաքական պատկանելությունը նշված է որպես «Անկախ»:

 

ՀՀ Կոտայքի մարզ, Ծաղկաձոր (5,206 ընտրող, ավագանու 15 մանդատ)

1. «Մեր համայնքը» դաշինք (Հայրենիքի փրկության շարժում)

              ա. Հայ Յեղափոխական Դաշնակցություն

              բ. «Համերաշխություն» կուսակցություն

2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

 

ՀՀ Լոռու մարզ, Թումանյան (4,889 ընտրող, ավագանու 15 մանդատ)

1. «Հանրապետություն» կուսակցություն

2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

 

Subscribe to our mailing list

Thank you for your submission! We will review it soon.


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team