Թուրքիայում 10-տոկոսանոց շեմի բացասական ազդեցությունը նկատելի էր հատկապես 2002 թվականի ընտրություններում։ Քանի որ ընտրապայքարին մասնակցում էին մեծ թվով կուսակցություններ, քվեների 45 տոկոսը բաժին ընկավ նրանց, որոնց այդպես էլ չհաջողվեց գերազանցել սահմանված այս ցուցանիշը։ Արդյունքում Ռեջեփ Թայիփ Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությունը (AKP) ստացավ մանդատների 66 տոկոսը, չնայած հավաքել էր ընդհանուր քվեների ընդամենը 34 տոկոսը։
Ճիշտ հակառակ պատկերն է Նիդերլանդներում, որտեղ ընտրական պաշտոնական շեմ չկա։ Ցանկացած կուսակցություն, որը ստանում է բավականաչափ քվեներ՝ Ներկայացուցիչների պալատի 150 տեղից առնվազն մեկը (քվեների 0.67 տոկոսը) զբաղեցնելու համար, լիազորված է ստանալ այն։ Երկրի խորհրդարանում այժմ ներկայացված է 13 կուսակցություն։ Այսպիսի մրցակցային համայնապատկերում անիմաստ է ակնկալել, որ որևէ առանձին կուսակցություն կկարողանա ստանալ մանդատների մեծամասնությունը։ Սովորաբար նման դեպքերում ստեղծվում են կոալիցիոն կառավարություններ, որոնցում իշխանությունը բաշխված է երկու կամ ավելի կուսակցություններից կազմված խմբերի միջև։ Նիդերլանդների կառավարող կոալիցիան ներկայում բաղկացած է չորս կուսակցությունից և ձևավորվել է ռեկորդային ժամանակահատվածում՝ 225 օր տևած բանակցություններից հետո։
Ընտրական բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբի Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ Դավիթ Հարությունյանը ոգևորված չէր Հայաստանում այսպիսի ճեղքված համակարգի ներդրման հեռանկարով, երբ Ելք դաշինքից Լենա Նազարյանն առաջարկում էր կուսակցությունների համար շեմը իջեցնել մինչև 4 տոկոս, դաշինքների համար՝ 6 տոկոս։ Ի հակադրություն այս առաջարկի՝ Հայ հեղափոխական դաշնակցության (ARF) պատվիրակությունը կարծում է, որ հնարավոր է էլ ավելի իջեցնել շեմը՝ հասցնելով 3 տոկոսի։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին մտահոգում է, որ փոշիացող ձայները վնասում են հատկապես փոքր կուսակցություններին։ 2017 թվականի ընտրություններում ՀՅԴ-ին բաժին ընկավ ընդհանուր քվեների 49 տոկոսը, բայց այն ի վերջո ստացավ 101 համամասնական մանդատների 54 տոկոսը (հոդվածաշարի հաջորդ մասում կքննարկենք, թե ազգային փոքրամասնություններին տրվող չորս լրացուցիչ տեղերն ինչպես են խեղաթյուրում պատկերը), երբ ընտրապայքարի մասնակից 9 կուսակցություններից 5-ի օգտին տրված քվեները (որոնք ընդհանուրի 9 տոկոսն են) փոշիացան անցողիկ շեմը չհաղթահարելու պատճառով։
Հուլիսի 6-ին վարչապետին կից հատուկ հանձնաժողովը խորհրդակցություն անցկացրեց այդ կուսակցություններից մի քանիսի ներկայացուցիչների, ինչպես նաև արտախորհրդարանական կուսակցությունների հետ։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Անժելա Խաչատրյանն աջակցություն հայտնեց ավելի ցածր՝ 4 և 6 տոկոսանոց շեմին։ Արմեն Մարտիրոսյանը «Ժառանգություն» կուսակցությունից և Անի Զախարյանը «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունից առաջարկեցին էլ ավելի իջեցնել շեմը՝ հասցնելով 3 և 5 տոկոսի համապատասխանաբար։
Ամեն դեպքում, քննարկման առարկա չէ, որ դաշինքների համար նախատեսված շեմը պիտի լինի ավելի բարձր, քան առանձին կուսակցությունների դեպքում է։ Ընդհանրապես, այս երկուսի տարբերակումն ավելի տարածված է արևելաեվրոպական երկրներում։ Սակայն եթե ընտրական անցողիկ շեմ սահմանելու նպատակը ավելի մեծ քաղաքական միավորների խթանումն է, ապա դաշինքներին ավելի բարձր շեմով սահմանափակելն անտրամաբանական է թվում։ Հակասության հավանականություն կա, եթե ընտրություններում կուսակցությունների դաշինքը հայտնվի առանձին կուսակցության և դաշինքի շեմերի միջակայքում։ Խորհրդածելու տեղիք է տալիս նաև, թե արդյոք դաշինքի մաս կազմող կուսակցություններից մեկը ավելի ցածր շեմ կապահովեր, եթե առանձին մասնակցեր ընտրապայքարին։
Գործող օրենսդրությամբ դաշինքները կարևոր են, որովհետև կուսակցությունները միավորում են խորհրդարանական «խմբակցություններում»։ Ներկայում առավելագույնը երեք խմբակցություն կարող է միավորվել՝ ձևավորելու կոալիցիոն կառավարություն և ընտրելու վարչապետ։ Նկատի առնելով հանգամանքը, որ ցածր շեմի պարագայում ավելի մեծ թվով կուսակցություններ կկարողանան հայտնվել խորհրդարանում, վարչապետին կից հատուկ հանձնաժողովը ցանկանում է վերացնել այդ սահմանագիծը, որպեսզի ցանկացած թվով խմբակցություններ կարողանան միավորվել և ձևավորել իշխող կոալիցիա, եթե ներկայացնում են խորհրդարանական մանդատների կեսից ավելին։ ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը զգուշացնում է, որ նման քայլը կարող է հանգեցնել անկայունության՝ վկայակոչելով Իտալիայի փորձը, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կառավարության գործունեության միջին տևողությունը չի գերազանցել մեկ տարին. թեև հարկ է նշել, որ Իտալիայի երկպալատ խորհրդարանը լրացուցիչ բարդություններ է ստեղծում, ինչն ակտուալ չէ Հայաստանի միապալատ Ազգային ժողովի պարագայում։ Քննարկումներում Հարությունյանը այնուամենայնիվ զիջեց՝ նշելով, որ սահմանաչափը կարելի է հասցնել չորսի, բայց չի կարելի ամբողջությամբ վերացնել։ Նրա գործընկեր Արփինե Հովհաննիսյանին մտահոգում էր, որ սահմանափակման վերացման դեպքում կունենանք 40 տոկոս աջակցությամբ խոշոր կուսակցություն, որը կմնա ընդդիմադիր դաշտում. նա այս երևույթը կոչեց «փոթորկուն իրավիճակ»։ Ծառուկյան դաշինքից Սերգեյ Բագրատյանը չպաշտպանեց կոալիցիայի սահմանափակումը երեք խմբակցությամբ։ Ըստ նրա՝ ներկայացուցչական սկզբունքների պահպանումը պահանջում է միայն, որ իշխող կոալիցիան արժանանա մեծամասնության աջակցությանը, և որ 40 տոկոս աջակցությամբ կուսակցության ընդդիմադիր դաշտում մնալը միանգամայն ընդունելի է։