1987 թվականին (խորհրդային կառավարման վերջին կայուն տարում) գյուղական բնակչությունը Հայաստանում կազմում էր 31.5%։ Սա էականորեն տարբեր է 1920-ականների ցուցանիշից (խորհրդայնացման առաջին տարիներ), երբ Հայաստանը գերազանցապես ագրարային երկիր էր, և բնակչության ավելի քան 80%-ը կենտրոնացած էր գյուղերում: 2020 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գյուղական բնակչությունը 36% է, ցուցանիշը աճի միտում է գրանցել, ինչը պայմանավորված է քաղաքաբնակների տեսակարար կշռի նվազմամբ, որի հիմքում առավելապես մարզերի քաղաքային բնակավայրերից արտագաղթն է։ Հայաստանի գյուղական բնակչության մեկ երրորդից փոքր-ինչ ավելին բնակվում է Արարատի և Արմավիրի մարզերում, որոնք զբաղեցնում են բերրի Արարատյան դաշտավայրի մեծ մասը:
2011 թ. մարդահամարի տվյալներով Հայաստանում զբաղված բնակչության (1,057,735 մարդ) շուրջ 37%-ը (390,248 մարդ) որպես զբաղմունք նշել է գյուղատնտեսությունը, անտառային տնտեսությունը և ձկնորսությունը: Այս ոլորտներում զբաղված է 194,081 տղամարդ և 196,167 կին: Աշխատող տղամարդկանց 33%-ը և աշխատող կանանց գրեթե 42%-ը զբաղված է հենց գյուղատնտեսության ոլորտում: Այս ոլորտում գրեթե բոլորը ինքնազբաղված են կամ ընտանիքի անդամ-աշխատողներ են:
Գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների 89%-ն ապրում է գյուղական բնակավայրերում, 11%-ը քաղաքաբնակ է: Գյուղատնտեսության մեջ ներգրավված է գյուղական բնակավայրերում աշխատող բնակչության ավելի քան 70%-ը, քաղաքներում այս ցուցանիշը մոտ 8% է:
Հայաստանի հինգ մարզերում (Գեղարքունիք, Արագածոտն, Արմավիր, Արարատ և Վայոց ձոր) զբաղված բնակչության ավելի քան 50%-ը ներգրավված է գյուղատնտեսության ոլորտում: Երեք հյուսիսային մարզերում (Տավուշ, Լոռի և Շիրակ) այս ցուցանիշը 45-50% է: Սյունիքում բնակչության միայն մեկ երրորդն է զբաղված գյուղատնտեսության ոլորտում, Կոտայքում՝ 28%-ը:
Մարզերի մեծ մասում գյուղատնտեսության ոլորտում զբաղված է գյուղական բնակչության ավելի քան 70%-ը, Սյունիքում և Տավուշում՝ ավելի քան 60%-ը, Կոտայքում՝ միայն 44%-ը։
Որոշ մարզերում գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտներում ներգրավված է նաև զբաղված քաղաքային բնակչության զգալի մի մասը։ Գեղարքունիքում այս ցուցանիշը մոտավորապես 35% է, Տավուշի մարզում՝ 25.5%, Արարատում և Վայոց ձորում՝ 20%։ Մյուս կողմից, Շիրակում աշխատող քաղաքաբնակների միայն 3%-ն է զբաղված գյուղատնտեսության ոլորտում: Երևանում գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտներում աշխատում է 4,358 մարդ, որը կազմում է մայրաքաղաքի աշխատող բնակչության միայն 1.4%-ը:
Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ կառուցվածքում 2012 թվականից հետևողականորեն նվազում է. երկրի համախառն ներքին արդյունքի 18.4%-ից այս ցուցանիշը 2019-ին նվազել է մինչև 12%:
Տնտեսության կառուցվածքում վերջին տասնամյակում նվազել է նաև գյուղատնտեսական արտադրանքի մասնաբաժինը: Գյուղատնտեսությունը, անտառային տնտեսությունն ու ձկնորսությունը 2014 թվականին գեներացրել են $2 մլրդ-ի արտադրանք, 2019-ին այդ ցուցանիշը $1.6 մլրդ էր:
Գյուղատնտեսական գործունեությունը տարածված է Հայաստանի ամբողջ տարածքում, թեև Արարատյան դաշտավայրը հատուկ նշանակություն ունի: 2019 թ. Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի 36%-ը ստացվել է Արարատի և Արմավիրի մարզերից: Երեք հյուսիսային մարզերը (Շիրակ, Լոռի և Տավուշ) արտադրել են գյուղատնտեսական արտադրանքի 23%-ը, երկու կենտրոնական մարզերը (Արագածոտն և Կոտայք)՝ 18%-ը, Գեղարքունիքը, որը զբաղեցնում է Սևանա լճի ավազանը՝ 13%-ը։ Երևանում արտադրվել է երկրի ընդհանուր գյուղատնտեսական արտադրանքի 1%-ը։
Անասնաբուծության և այգեգործության մասնաբաժինը Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքում համապատասխանաբար 52% և 48% է:
Ըստ 2014 թ. գյուղատնտեսական հաշվառման՝ Հայաստանի 317,000 ընտանեկան ֆերմաների 54%-ը հող է մշակում և զբաղված է անասնաբուծությամբ, 42%-ը միայն հող է մշակում, 4%-ը զբաղված է միայն անասնաբուծությամբ: Մարզերի միջև այս առումով զգալի տարբերություն կա: Կոտայքում հողի մշակմամբ զբաղվում է 53%-ը, Վայոց ձորում՝ միայն 24%-ը:
Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 16,768 քառակուսի կմ, որը երկրի ամբողջ հողատարածքի 59%-ն է: Ընդ որում, վարելահողերը կազմում են շուրջ 446,400 հեկտար (4,464 քառ. կմ), որը կազմում է Հայաստանի հողատարածքի մոտ 15.7%-ը:
2014 թ. գյուղատնտեսական հաշվառման տվյալներով՝ միջին վիճակագրական ընտանեկան ֆերման Հայաստանում զբաղեցնում է 1.48 հեկտար (3.66 ակր) տարածք: Հայաստանի գյուղատնտեսական նշանակության հողերը (ընդհանուր առմամբ 513,000 հեկտար) բաժանված են 345,875 ընտանեկան ֆերմաների միջև: Բոլոր ընտանեկան ֆերմաների շուրջ 60%-ն ունի 1 հեկտարից էլ պակաս հողատարածք: 35%-ի դեպքում տարածքը 1-5 հեկտար է, և միայն 5%-ի դեպքում է տարածքը գերազանցում 5 հեկտարը:
Ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության՝ այս հողերի մոտ 2,740 քառ. կիլոմետրը հարմարեցված է ոռոգման համար։ 2017 թ. տվյալներով՝ ըստ էության ոռոգվում է միայն 1,550 քառ. կմ-ը: Ըստ 2014 թ. գյուղատնտեսական հաշվառման՝ ֆերմաների գրեթե կեսը (49%) ոռոգվում է ոռոգման հիմնական ցանցի միջոցով: Շուրջ 21%-ը հողատարածքը ոռոգելու համար օգտվում է խմելու ջրից, 15%-ը՝ գետերի ու լճերի, իսկ 12%-ը՝ ջրհորների ջրից: Տավուշում բոլոր ընտանեկան ֆերմաների շուրջ 60%-ը ոռոգվում է խմելու ջրով, Արարատում 31%-ն օգտվում է խորքային ջրհորներից:
Օրգանական գյուղատնտեսության համար օգտագործվող հողերը շուրջ 1,430 հեկտար են, որից 730 հեկտարը հավաստագրված օրգանական է:
2019 թ. տվյալներով՝ հացահատիկային մշակաբույսերը զբաղեցնում են 121,179 հեկտար, մրգի և հատապտուղների այգիները՝ 43,411 հեկտար, բանջարեղենը (բացի կարտոֆիլից)՝ 20,616 հեկտար, կարտոֆիլի դաշտերը՝ 20,477 հեկտար տարածք: Խաղողի այգիները զբաղեցնում են 16,497 հեկտար, սեխի դաշտերը՝ 4,257 հեկտար:
Արարատի ու Արմավիրի մարզերում (որոնք զբաղեցնում են Արարատյան դաշտավայրի մեծ մասը) կենտրոնացված է Հայաստանի մրգատու այգիների շուրջ 43%-ը, բանջարեղենի դաշտերի (բացի կարտոֆիլից) ավելի քան 63%-ը, խաղողի այգիների շուրջ 73%-ը, ձմերուկի և սեխի դաշտերի գրեթե 95%-ը:
Հայաստանում հացահատիկի մշակման ավելի քան 70%-ը բաշխված է հետևյալ կերպ՝ Շիրակ՝ 27.7%, Գեղարքունիք՝ 18.8%, Արագածոտն՝ 13.7%, Սյունիք՝ 11%: Հայաստանի կարտոֆիլի դաշտերի ավելի քան 70%-ը կենտրոնացած է երեք մարզերում՝ Գեղարքունիք (39.5%), Լոռի (16.8%) և Շիրակ (15.8%):
Արագածոտնի, Տավուշի և Վայոց ձորի մարզերում է Հայաստանի խաղողի այգիների 24%-ը: Մյուս մարզերում խաղողագործությունը չնչին տարածքներ է զբաղեցնում: Շիրակում և Գեղարքունիքում նման նշանակության հողեր չկան:
Գյուղատնտեսության այս ճյուղը Հայաստանում զբաղվում է հիմնականում ընտանի թռչունների, խոշոր եղջերավոր անասունների, ոչխարների և մեղուների բուծմամբ։
Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 2007-2020 թթ. կազմել է 570,000-700,000: 2020 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվվում է շուրջ 580,000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Անասնաբուծության տեսանկյունից առաջատար մարզերն են Գեղարքունիքը (97,000 գլուխ), Շիրակը (87,000), Լոռին (73,000) և Արագածոտնը (68,000): Ընտանեկան ֆերմաների 82%-ում պահվում է 9-ից ոչ ավելի խոշոր եղջերավոր անասուն, 17%-ում՝ 10-49 գլուխ, և միայն 1%-ում՝ 50 գլխից ավելի:
Վերջին 13 տարիներին Հայաստանում խոզերի գլխաքանակը տատանվել է 86,700-223,300-ի սահմաններում։ Գլխաքանակը համեմատաբար հավասար է տեղաբաշխված Հայաստանի մարզերում. առաջին տեղում Արմավիրն է՝ 29,400 գլուխ խոզ, վերջինում Լոռին՝ 15,300:
Վերջին տասնամյակում ոչխարների և այծերի գլխաքանակը (միասին վերցրած) Հայաստանում կազմել է նվազագույն 511,000-ից մինչև առավելագույն 778,000 գլուխ։ 2020 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվվել է 662,500 գլուխ ոչխար: Ոչխարաբուծական առաջատար մարզերն են Արմավիրը (114,000), Սյունիքը (108,300), Արագածոտնը (91,400), Գեղարքունիքը (91,000) և Արարատը (87,900):
Հայաստանում հավերի գլխաքանակը 1993 թ. 2.65 միլիոնից 2004-ին կազմել է 4.74 միլիոն: 2020 թ. տվյալներով՝ Հայաստանում ընտանի թռչնատեսակների այս պոպուլյացիան հաշվվում է 4.57 միլիոն: Հավաբուծության ոլորտում առաջատար են Արմավիրը (1,25 մլն), Կոտայքը (930,000) և Արագածոտնը (568,000): Հայաստանում թռչնամսի շուրջ 54%-ն արտադրում են ոչ թե ընտանեկան ֆերմաները, այլ կոմերցիոն կազմակերպությունները:
2018-ին Հայաստանում հաշվվել է 236,000 փեթակ: Հետխորհրդային շրջանում այս ցուցանիշը տատանվել է 46,000-ից մինչև 245,000 փեթակ: Ըստ 2014 թ. գյուղատնտեսական հաշվառման՝ Հայաստանում եղել է 164,039 փեթակ։ Մեղվաբուծությամբ զբաղվում են առավելապես Սյունիքում (19%), Գեղարքունիքում (15%) և Վայոց ձորում (11%):
Ձվի արտադրությունը Հայաստանում 2006 թ. 463.7 միլիոնից 2019-ին կազմել է 720.6 միլիոն: Արտադրանքի կեսից ավելին բաժին է ընկնում երեք մարզերի՝ Արմավիր (24%), Կոտայք (19%) և Արագածոտն (11%):
Վերջին տասնամյակում կաթի արտադրությունը տատանվել է 600,000-760,000 տոննայի սահմաններում: 2018-ին Հայաստանում արտադրվել է 48,000 տոննա ոչխարի և 4,000 տոննա այծի կաթ:
2020 թ. հունվարի 1-ի դրությամբ կաթի արտադրանքը երկրում կազմել է 667,900 տոննա: Ամենաշատ կաթ արտադրող մարզերն են Գեղարքունիքը (18%), Շիրակը (15%), Լոռին (12%) և Արագածոտնը (12%):
Նշենք նաև, որ 2014-ին Հայաստանում արտադրվել է 18,320 տոննա պանիր և 1,093 տոննա կարագ: 2018 թ. երկիրն արտադրել է 68,800 տոննա տավարի, 16,300 տոննա խոզի, 12,300 տոննա թռչնի և 10,800 տոննա ոչխարի միս:
Ըստ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության՝ 2018 թ. Հայաստանում արտադրվել է 646,569 տոննա միրգ, 560,298 տոննա բանջարեղեն [1], 415,050 տոննա արմատապտուղ և պալար, 334,342 տոննա հացահատիկ:
Ամենից շատ արտադրվող մրգատեսակներն են խաղողը (179,668 տոննա), խնձորը (109,939 տոննա), ծիրանը (104,035 տոննա), դեղձ ու նեկտարինը (52,247 տոննա):
2019 թ. Հայաստանում արտադրվել է 217,500 տոննա խաղող, որի ավելի քան 86%-ը՝ Արմավիրի և Արարատի մարզերում: Նույն տարում Հայաստանում արտադրվել է 290,600 տոննա միրգ (բացի խաղողից), որ 59%-ն աճեցվել է Արմավիրում և Արարատում, 18%-ը՝ Արագածոտնի մարզում:
2018 թ. Հայաստանում արտադրված բանջարեղենի ցուցանիշները հետևյալ պատկերն ունեն՝ լոլիկ (138,124 տոննա), ձմերուկ (126,812 տոննա), կաղամբ և կաղամբի այլ տեսակներ (89,461 տոննա), վարունգ (50,599 տոննա), սոխ (39,279 տոննա), գազար ու շաղգամ (16,68 տոննա)։ Արմատապտուղների ու պալարների արտադրությունն ամբողջությամբ բաժին է ընկել կարտոֆիլին՝ 415,050 տոննա: Նույն տարում Հայաստանում արտադրվել է նաև 54,173 տոննա ճակնդեղի շաքար:
2019-ին երկրում արտադրվել է 621,600 տոննա բանջարեղեն, որի 81%-ը Արարատի և Արմավիրի մարզերում: Այս երկու մարզում արտադրվել է նաև ձմերուկի 96%-ը: Նույն տարում երկրում արտադրվել է 404,100 տոննա կարտոֆիլ, որից 42%-ը՝ միայն Գեղարքունիքի մարզում:
2018 թ. Հայաստանում արտադրվել է 187,453 տոննա ցորեն և 124,167 տոննա գարի: 2019-ին հացահատիկի արտադրությունը կազմել է 198,800 տոննա։ Հացահատիկի մշակության առաջատար մարզերն են՝ Շիրակ (22%), Գեղարքունիք (16%), Լոռի (13%), Արագածոտն (12%) և Սյունիք (12%): Հացահատիկի բերքատվությունը 2010-2017 թթ. մեկ հեկտարի համար կազմել է 2,000-3,200 կգ:
Հայաստանից ամենաշատ արտահանվող գյուղատնտեսական ապրանքներն են՝ լոլիկ (36,039 տոննա), պահածոյացված բանջարեղեն (10,114 տոննա), ջերմային մշակում անցած միրգ (9,581 տոննա), ծիրան (7,215 տոննա), խաղող (6,536 տոննա), դեղձ ու նեկտարին (5,444 տոննա):
Հայաստանը զգալիորեն ավելի շատ է ներմուծում, քան արտահանում է: Ներմուծված ապրանքների շարքում առաջատարներն են՝ ցորեն (329,372 տոննա), եգիպտացորեն (67,781), թռչնամիս (32,212 տոննա), ցորենի ալյուր (29,063 տոննա), արևածաղկի ձեթ (26,086 տոննա), բանան (22,474 տոննա), ջերմամշակված միրգ (16,954 տոննա) և գարի (14,839 տոննա): Հայաստանը գրեթե 1.8 անգամ ավելի շատ է ցորեն ներմուծում, քան արտադրում է:
2019 թ. դեկտեմբերին կառավարությունը քննարկում նախաձեռնեց գյուղատնտեսության ոլորտի խնդիրների և զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Ոլորտի զարգացման 2020-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագծում առանձնացվում էին հետևյալ խնդիրները՝ «ցածր արդյունավետություն, սննդի անվտանգության չափանիշների ոչ բավարար մշտադիտարկում, շուկայի բարձր կենտրոնացում, թույլ ինստիտուցիոնալ ներուժ և նորարարությունների սահմանափակ օգտագործում»: Խնդիրները լուծելու ուղղությամբ կառավարությունն առաջարկում էր զարգացման որոշակի սկզբունքներ՝ «կուտակում, շահութաբերության ապահովում, երիտասարդության ներգրավվածություն, դիվերսիֆիկաացիա և ռիսկերի կառավարում, հարմարեցում կլիմային և տեխնոլոգիական արդիականացում»:
2019 թ. հուլիսին Շիրակում կայացած գործարար ֆորումում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ցածր արտադրողականությունն այն հիմնական խնդիրն է, որը ծառացած է գյուղատնտեսության առաջ: Ըստ վարչապետի՝ թեև Հայաստանի աշխատուժի 30%-ը զբաղված է գյուղատնտեսության ոլորտում, այն կազմում է երկրի ՀՆԱ-ի միայն 14%-ը: Փաշինյանը նշում էր, որ գյուղատնտեսության մեջ ներգրավված աշխատուժի մասնաբաժինը պետք է շարունակաբար նվազի (իսկ արդյունաբերության և մշակող արտադրության ոլորտում աշխատողներինը ավելանա), և կառավարությունը հատուկ կարևորութուն է տալիս հողային ռեֆորմի խնդրին: Փաշինյանը խոսել է նաև Հայաստանում գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը խթանելու կարևորության մասին:
Thomson Reuters հիմնադրամի հրապարակած վերջին հոդվածն անդրադառնում է Հայաստանում գյուղատնտեսության երկու գլխավոր հիմնախնդրի՝ փոքր հողամասեր ու տարածքների ֆրագմենտացիա, ինչի արդյունքում, ինչպես նշում է Հայաստանի Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, գյուղատնտեսությունը Հայաստանում դառնում է «ոչ գրավիչ և տնտեսապես ոչ արդյունավետ»։
Ինչպես արդեն նշվեց, Հայաստանում միջին վիճակագրական ֆերման ընդամենը 1.5 հեկտար է զբաղեցնում. համեմատության համար՝ նույն ցուցանիշը Կիպրոսում 3 հա է, Հունաստանում՝ 6,8 հա, Լեհաստանում՝ 10 հա, Հոլանդիայում՝ 26 հա, Անգլիայում՝ 86 հա: Որպես կանոն, փոքր ֆերմաներն ունենում են ցածր արդյունավետություն և փոքր արտադրանք, ինչն ավելի է բարդացնում ժամանակակից սարքավորումների ձեռքբերման գործընթացը: Ըստ էության, Հայաստանում բազմաթիվ մարդկանց համար բնական գյուղատնտեսությունը նորմա է:
Կառավարությունն այժմ աշխատում է հողային ռեֆորմի փաթեթի վրա: Ակնկալվում է, որ մինչև 2020-ի տարեվերջ այն կներկայացվի խորհրդարան: Գործադիրը ցանկանում է նվազեցնել հողերի ֆրագմենտացիան և շրջանառության մեջ դնել լքված հողամասերը՝ խրախուսելով դրանց վարձակալությունը։
-------------------------------
EVN Report-ը ողջունում է այն գրառումները, որոնք նպաստում են առողջ քննարկման ծավալման և խթանում են իրազեկ բանավեճ։ Ցանկացած գրառում, որը ներառում է ատելության խոսք, անարգանք կամ անձնավորված վիրավորանքներ չի հրապարակվի: