Ծանրաձողն ու սկավառակները կարծես չեն ենթարկվում ձգողականության ուժին, երբ 16-ամյա Լիանա Գյուրջյանը նրբորեն տեղաշարժում և փետուրի նման բարձրացնում է դրանք: Բարի և համեստ` որպես դուստր և քույր, համառ ու նպատակասլաց` որպես մարզիկ, Լիանան գիտի, թե ինչպես կարելի է համատեղել դեռահասի առօրյան օլիմպիական մարտահրավերների հետ: «Առանց քրտնաջան աշխատանքի ոչնչի չեն հասնում»: Սա 16-ամյա Լիանայի կարգախոսն է: Իր քաշային կարգում նա Հայաստանի ամենաերիտասարդ ծանրորդն է, ում հաջողվել է մեկ օրվա ընթացքում երեք ոսկե մեդալ նվաճել:
Լիանան սպորտով զբաղվել է երեք տարեկանից: Սկզբում նա հաճախել է ըմբշամարտի: Ինը տարեկան էր, երբ փորձեց ծանրամարտի խմբակ ընդունվել, ինչը չհաջողվեց տարիքի պատճառով: Կես տարի անց, ի վերջո, նա հասավ իր նպատակին, իսկ Նազիկ Ավդալյանի և Հռիփսիմե Խուրշուդյանի հաղթանակներից հետո սկսեց էլ ավելի ինտենսիվ մարզվել: «Թեև սպորտային կուռքեր չունեմ, Նազիկն ու Հռիփսիմեն մեծապես նպաստել են ծանրամարտը ավելի լրջորեն ընդունելու իմ որոշմանը»,- ասում է Լիանան ու չի պատկերացնում իր ապագան առանց ծանրամարտի:
Միջազգային մրցաշարերի Լիանան մասնակցում է 2015 թ.-ից: Սա ամենադժվար շրջանն էր պատանի մարզուհու համար, և չնայած մեդալներ դեռ չէր հաջողվում նվաճել, մասնակցությունն ինքնին կարևոր էր ինքնավստահություն ձեռք բերելու համար:
2017 թ. սեպտեմբերին Կոսովոյում անցկացվող U15 աղջիկների մրցաշարում Լիանան ոսկե մեդալ է նվաճում բոլոր երեք վարժություններում: 2017 թ. նոյեմբերին նա արդեն ծանրամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնն էր իր քաշային կարգում: Լիանայի վերջին նվաճումը 2018-ի հուլիսին էր, երբ Միլանում կայացած U15 և U17 ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նա նվաճեց երեք ոսկե մեդալ` գրանցելով 86 կգ արդյունք պոկում, 107 կգ` հրում վարժություններում: