Տասը տարեկանում Անուշիկը նվագում է 19 գործիք` հարվածային, փողային, լարային, նաև ստեղնաշարային: Երեք տարեկանում Անուշիկն արդեն հմտանում էր մայրիկի գործիքով, իսկ նրա երաժիշտ ընկերները` բոլորը տղաներ, դեռ նվագում էին երեխաների համար նախատեսված փոքրիկ դհոլներով: Անուշիկը վերցրել է իր երկրորդ գործիքը` դուդուկը, երբ ընդամենը հինգ տարեկան էր, մինչդեռ դուդուկի դասերի ընդունելության տարիքը 9-12 է: Ինը տարեկանում հաջողությամբ ավարտելով դհոլի և դուդուկի բաժինները` Անուշիկը սովորեց նվագել նաև թավջութակ, սաքսոֆոն, կլարնետ, թմբուկներ, զուռնա, տմբլակ և շատ այլ գործիքներ:
Անուշիկի մայրը` Լիլիթ Սիրանուշ Հովսեփյանը, մեծ դեր է խաղացել աղջկա երաժշտական նախընտրությունների հարցում: Լիլիթը, որն իր երաժշտական գործունեության տարիներին հայտնի էր որպես «Դհոլի թագուհի», խիզախորեն մուտք է գործել «տղամարդկային» երաժշտական գործիքների աշխարհ, երբ 6 տարեկան էր: Լիլիթի մայրը և հասակակիցները չէին ողջունում նրա որոշումը, իսկ նա համառորեն փորձում էր տիրապետել գործիքին: Ի վերջո Լիլիթը լքեց հայրենի Մուսալեռ գյուղը` երաժշտություն ուսանելու Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ավարտելով դուդուկի և դհոլի բաժինները` նա դարձավ առաջին կինը, որը միաժամանակ 7 դհոլ էր նվագում: