Հայ հասարակական համերաշխությունը խաթարելու փորձված մեթոդներ կան: Դրանցից մեկը սեքսն է: Հասարակական դիսկուրսում սեքսը հակադրվում է գրեթե ամեն ինչին` կրոնին, սիրուն, ավանդական արժեքներին, անգամ հայրենիքին: Այս համատեքստում ստիպված եմ գուժել՝ Հայաստանում սեքս կա, և դա նորմալ է:
Ինչո՞ւ է Հայաստանում այս սովորական, խիստ անձնական ու առավել քան բնական երևույթն այսպիսի հակազդեցություն ստանում: Ինչո՞ւ ենք գերադասում չխոսել այս մասին՝ լռելով նաև խնդիրների վերաբերյալ:
Read in English
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը կարծում է, որ սեռականության թեմայի տաբու լինելը հատուկ է ոչ միայն Հայաստանին, այն բնորոշ է բոլոր հայրիշխանական հասարակություններին։ «Սեռի, սեռականության մասին գիտելիքի փոխանցումը, այդ մասին բարձրաձայն խոսելու ունակությունը մշակութային երևույթ է: Քանի որ սեռականությունն անմիջականորեն կապված է մարդու հուզականության հետ, այս թեմաների տաբուացումը նաև մարդու ազատության, ինքնիշխանության նկատմամբ վերահսկողություն է ստեղծում: Հայրիշխանական հասարակություններում հատկապես ցավոտ են վերաբերվում կանանց սեռականությանը, քանի որ դա ազդեցության հիմնական առանցքն է և կանանց ազատագրման հիմնական ուղին»,- ասում է իրավապաշտպանը:
Քանի որ սեռականությունն անքակտելիորեն կապված է նաև սիրո գաղափարի հետ, սիրո ազատականացումը ևս փակ թեմա է հասարակության համար: Սեռականության և սիրո մասին դիսկուրսը, ի վերջո, հանգեցնում է դրանք որպես ազատության և ինքնուրույնության միջոց դիտարկելուն:
«Կնոջ մարմինը հայ հասարակության մեջ մշտապես դիտարկվել է որպես գործարքի, փոխշահավետ միություն հիմնելու, առևտրի օբյեկտ: Անցյալում, երբեմն նաև այսօր, աղջիկներին կնության տալու որոշումները կայացվել են հայրերի կողմից: Նրանք են ընտրել՝ ով է հարմար իրենց դստերը և ինչու: Սեռական գրագիտության դեմ այսպիսի մոլեռանդ պայքարը, իրականում, իշխանությունը չզիջելու համար է»,- համոզված է Զարուհի Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ հասարակության մեջ սեռը և սերը համարվում են թեմաներ, որոնք չեն քննարկվում ոչ միայն երեխաների հետ, այլև ամուսինների միջև: Որպես արդյունք՝ երեխաներն այս մասին տեղեկություններ փնտրում և գտնում են ամենուր, բացի ընտանիքներից: Այդ պատճառով էլ շատերի մոտ առաջին սեռական փորձառությունը ձախողված է և խիստ ռիսկային:
Ի դեպ, «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է, որ «յուրաքանչյուր ոք իրավունք ունի ստանալ հավաստի և ամբողջական տեղեկատվություն սեռական և վերարտադրողական առողջության հարցերի շուրջ, այդ թվում՝ պտղաբերության կարգավորման առկա մեթոդների առավելությունների, արդյունավետության և հնարավոր վտանգների վերաբերյալ»:
Ըստ Զ. Հովհաննիսյանի՝ այսօրինակ լռությամբ մենք արդեն 17 տարի խախտում ենք մարդկանց՝ տեղյակ լինելու իրավունքը, թողնելով նրանց մեն-մենակ իրենց խնդիրների և հիվանդությունների հետ:
«Ավանդական հայկական ընտանիք» արտահայտությունն ինքնին բազում հարցերի տեղիք է տալիս։ Ոչ ոք հստակ պատասխան չունի՝ ո՞րն է ավանդականը և ո՞րն է հայկականը։ Ինչո՞վ է, օրինակ, այն տարբերվում ավանդական գերմանական կամ ավանդական ամերիկյան ընտանիքներից:
Եթե ենթադրենք, որ ավանդականը «արխայիկն» է, այսինքն` սովորույթները, որ եղել են հնում, ուրեմն դիտարկենք դրանցից մի քանիսը:
Ընտանիքը սոցիալական համակեցության այն ինստիտուտն է, որ սկիզբ է առել մարդկության պատմությանը զուգահեռ և միակը, որ պահպանվել է մինչ օրս: Այդուհանդերձ, անգամ այս ինստիտուտը տարիների ընթացքում փոխել է իր ձևն ու բովանդակությունը, հարմարեցնելով դրանք քաղաքակրթական ժամանակի մոդելներին` խմբամուսնություններից մինչև զույգամուսնություններ:
Հին Հայաստանում երեխաների վաղ ամուսնությունը սովորական երևույթ էր: Շատ հաճախ ամուսնության հիմքը ծնողների համաձայնությունն էր և երեխաների ֆիզիոլոգիական «պատրաստությունը»: Նախաքրիստոնեական շրջանում հայոց մեջ ամուսնության նվազագույն շեմ է համարվել տղամարդկանց համար՝ 14, իսկ աղջիկների համար 12 տարեկանը: Ամուսնական տարիքի հասածներն իրավունք չունեին ընտանիք կազմել առանց ծնողների համաձայնության: Քրիստոնեական շրջանում ընտանեկան հարաբերությունները կարգավորում էր եկեղեցին:
Դեռևս 4-րդ դարում Սահակ Պարթև կաթողիկոսի սահմանած կանոններով պսակադրությունն արգելվում էր առանց զույգերի համաձայնության և տարիքային համապատասխանության։ Քահանաներին արգելվում էր նաև առանց քննության և հարցման պսակել ամուսնացողներին։ Զավակներին բռնի ամուսնացնող ծնողները ենթարկվում էին կանոնական պատժի։
Մարդու իրավունքների համատեքստում վաղ ամուսնությունների թեման արծարծվել է նաև հայ գրականության մեջ: Դեռ 100 տարի առաջ սա արդիական խնդիր էր հայ հասարակության համար: Թումանյանի «Մարոն» այս հիմնախնդրի նմուշային բարձրաձայնում է: Հասարակական մտքի հանճարի համար 9-ամյա երեխայի բռնի ամուսնությունն ու դրա անդառնալի հետևանքները հասարակական, ընտանեկան, քաղաքակրթական ողբերգություն էին:
Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան հարաբերությունները կարգավորվում են օրենսդրությամբ: Հայաստանում երկու սեռերի համար էլ ամուսնության նվազագույն տարիք է սահմանվում 18-ը, ծնողների կամ հոգաբարձուների համաձայնությամբ այն կարող է լինել 17, բացառիկ դեպքերում՝ 16, սակայն զույգի գումարային տարիքը 34-ից ցածր չպետք է լինի: Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2011 թվականին գրանցվել է 524 վաղ ամուսնություն, 2013-ին՝ 338: Ավելի թարմ տվյալների փնտրտուքն ապարդյուն է, քանի որ վաղ ամուսնությունները, հիմնականում, գյուղական համայնքներում են և իրավական վավերացում չեն ստանում, այդպիսիք հաճախ հայտնի են դառնում միայն երեխայի ծնվելու պահին՝ բուժհաստատություն դիմելիս:
15-19 տարեկան աղջիկների ծնելիության ցուցանիշը 1000 կնոջ հաշվով 1990 թվականին 62 է եղել, 2000 թվականին՝ 32, իսկ 2012-ին՝ արդեն 26: 2019-ին միայն Արմավիրի մարզում 16-ամյա երեք ծննդկան է արձանագրվել: Նրանց մասին հաղորդում ոստիկանություն ուղարկել են բուժհաստատությունից: Դեպքին արձագանքել է Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը` նշելով, թե «երեք անչափահասներն էլ ամուսնացել են, և նրանց հարսանեկան արարողություններին ներկա են գտնվել երկու կողմի հարազատները: Պարզվել է նաև, որ երեք անչափահասներն էլ սեռական հարաբերություն ունեցել են 16 տարին լրանալուց հետո»։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մինչև 15 տարեկան աղջիկների ծննդաբերության ժամանակ մահվան վտանգը մոտ 5 անգամ ավելի բարձր է, քան 20 տարին լրացած մայրերի շրջանում: Այս տարիքում հղիության ընթացքում ի հայտ եկած բարդություններն ավելանում են 70-80%-ով` վիժումներ, մեռելածնություն և այլն:
ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում 700 մլն աղջիկ տարեկան ամուսնանում է անչափահաս տարիքում, նրանցից 240 մլն-ը ամուսնանում է մինչև 15 տարեկանը:
Այն աղջիկները, որոնց ստիպում են ամուսնանալ վաղ տարիքում, ավելի հաճախ են ենթարկվում սեռական, ֆիզիկական ու հոգեբանական բռնությունների ամուսինների կողմից։
Վաղ ամուսնությունների վտանգների մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի երրորդ կոմիտեի ընդունած բանաձևը նշում է, որ եթե չարագացվեն վաղ ու պարտադրված ամուսնություններն արմատախիլ անելուն ուղղված միջոցառումները, ապա մինչև 2030 թվականը ևս 150 մլն աղջիկ կամուսնանա անչափահաս տարիքում։
Սեռականության թեման մերժելով` հայ հասարակության պահպանողական հատվածը պնդում է, որ այդպիսով անձեռնմխելի է դարձնում հայկական ավանդական ընտանիքը` միանգամից բացառելով ամուսինների սեռական անհամատեղելիության գործոնը: Մինչդեռ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` Հայաստանում ամուսնությունների թիվը նվազել է 6.6%-ով, ամուսնալուծություններն ավելացել են 8%-ով: Հանրապետությունում 2018թ. հունվար-դեկտեմբերին գրանցված 1 000 ամուսնության համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 258 դեպք, 2017–ին` 259: Ամուսնալուծությունների մոտավորապես 45 %-ը գրանցվել է ամուսնության առաջին 4 տարիներին:
Սեռական գրագիտությունը սեքսի մասին զրույցները չեն: Սեռակրթությունը դաստիարակության ճյուղերից մեկն է, որի հիմնական նպատակը տարիքին համապատասխան սեռական վարքի ձևավորումն է: Հայաստանյան դպրոցներում սեռական գրագիտություն երբեք չի դասավանդվել: Տարիներ առաջ ներդրվեց փորձնական կրթական մի ծրագիր, որը կոչվում էր «Կյանքի հմտություն», և որը սահուն վերածվեց «դասղեկի ժամի»: Այսօր հայաստանյան դպրոցներում դասավանդվում է առողջ ապրելակերպ, որի շրջանակներում փորձ է արվում երեխաների հետ խոսել ծխախոտի, ալկոհոլի կամ թմրանյութերի բացասական ազդեցության մասին։ Այս առարկան դասավանդում են հիմնականում ֆիզկուլտուրայի ուսուցիչները։
Սեռակրթության պակասը բերում է մի շարք լուրջ խնդիրների` սեռավարակներից մինչև անպտղություն:
Հայաստանում տարեկան արձանագրվում է սեռավարակների, այդ թվում նաև սնկային հիվանդությունների մոտ 50 000 դեպք։ Ամենատարածված սեռավարակը հանրապետությունում տրիխոմոնազն է, երկրորդ տեղում խլամիդիան է, գոնորեան և այլ վիրուսային սեռավարակներ: Եթե մարդ մեկ անգամ վարակվեց դրանցով, ամբողջ կյանքում մնում է հիվանդ։ Սեռավարակաբաններին ավելի շատ տղամարդիկ են դիմում, բայց քիչ չեն նաև կանայք, մեծ մասը՝ 20-30 տարեկան։ Տղամարդիկ սեռավարակներից ավելի են զգուշանում, ավելի շատ են ուշադրություն դարձնում դրանց:
Խլամիդիոզը, գոնորեան և մի շարք այլ սեռավարակներ ազդում են վերարտադրողական առողջության վրա և բերում են թե՛ արական, թե՛ իգական չբերության զարգացման։ Պատճառը ժամանակին դրանք չբուժելն է կամ ինքնաբուժությունը:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում պղտաբերության գործակիցը վերջին տարիներին կայուն ցածր է՝ մոտ 1․6։ 2017թ. անպտղության ցուցանիշը կազմել է 16.8%, բնակչության աճի գործակիցը՝ -0.21, որը բավարար չէ անգամ բնակչության ներկայիս չափը պահպանելու համար։ Սա նշանակում է, որ ամեն 7-րդ զույգը Հայաստանում անպտուղ է:
Առողջապահության նախարարությունը վերարտադրողական առողջության բարելավման նպատակով Հայաստանում անպտղություն ունեցող զույգերի հետազոտման, նաև արտամարմնային բեղմնավորման համար 2020թ.-ին 210 մլն դրամ է հատկացնելու:
Ըստ ՀՀ Առողջապահության նախարարության պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում հղիությունների 45%-ն ավարտվում է աբորտով, կանանց 37%-ը գոնե մեկ անգամ դիմել է աբորտային միջամտության, նրանցից 63%-ը երկուսից ավել աբորտ է ունեցել: Հայաստանում մեծ տարածում ունեն նաև տնային պայմաններում արվող աբորտները, որոնք վիճակագրությունից դուրս են մնում: Կարող ենք եզրակացնել, որ Հայաստանում աբորտի թվերը գերազանցում են պաշտոնական վիճակագրությունը։
Հատկանշական է, որ հղիության ընդհատման ամենաքիչը դիմում են բարձրագույն կրթությամբ կանայք, որոնք ծանոթ են կանխարգելման միջոցներին:
ՄԱԿ-ի տվյալներով` աշխարհում ամեն 4-րդ կինը վախենում է մերժել զուգընկերոջ սեռական ցանկությունը: Հայաստանի դեպքում նման վիճակագրություն, ցավոք, չեք գտնի: Չեք գտնի, որովհետև խնդիրը չի բարձրաձայնվում: Բացի այն, որ սեռական բնույթի բռնությունը, սովորաբար, լատենտ բնույթ է կրում, այն նաև որոշ դեպքերում անպատժելի է, օրինակ, երբ բռնարարը օրինական ամուսինն է: Նրա համար ՀՀ Քրեական օրենսգրքում պատիժ չի նախատեսվում:
Ըստ ոստիկանության պաշտոնական տվյալների՝ 2016թ. ընթացքում անչափահասների սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների 80 դեպք է եղել, 2017-ին` 71, 2018-ին` 50 դեպք, 2019-ի առաջին երեք ամիսներին 14 դեպք է գրանցվել:
Քննչական կոմիտեն բոլորովին այլ թվեր է ներկայացնում: Այսպես, 2015-2017 թթ. Հայաստանի քննչական կոմիտեն քննել է սեռական բռնության հատկանիշներով հարուցված 449 քրեական գործ: Երեք տարվա ընթացքում քրեական գործերի թիվն աճել է 30-ով:
Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ արձանագրվել է երեխաների հանդեպ սեռական բռնության դեպքերի աճ: 2016 թվականին քննված բոլոր գործերի 70%-ը եղել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հիմքով, 2017-ին՝ 62,7%-ը կամ 161 հանցագործություններից 101-ը:
Վերոնշյալ քրեական գործերով որպես կասկածյալ/մեղադրյալ ներգրավվել է 301 անձ, որոնցից 170-ը եղել են տուժողի ազգական, բարեկամ, ընտանիքի անդամ կամ հարևան:
Վիճակագրության նման տարբերությունը գալիս է նրանից, որ Հայաստանում չի գործում տվյալների հավաքագրման միասնական բազա, որը թույլ կտար նույնականացնել դեպքերը և ստանալ հստակ պատկեր: Միասնական վիճակագրություն չի վարվում նաև ընտանեկան բռնության զոհերի վերաբերյալ:
Այս տարի Հայաստանը կանգնած է երկու կարևորագույն իրավական ակտի ընդունման շեմին: Առաջինը «Խտրականության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքն է, մյուսը Ստամբուլի կոնվենցիան: Այս երկու փաստաթղթերի շուրջ, անկասկած, լինելու են նոր քննարկումներ և շահարկումներ:
Խտրականության դեմ առանձին իրավական ակտի գոյության անհրաժեշտության մասին խոսվում է դեռևս 2014 թվականից, դրանից հետո փոխվել է արդարադատության 4 նախարար, իսկ օրենքի նախագիծը Ազգային ժողով դեռ չի էլ հասել:
Եվրոպայի Խորհրդի Ստամբուլի կոնվենցիան մարդու իրավունքների պայմանագիր է՝ ուղղված կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելմանը և դրա դեմ պայքարին: Այն ստորագրել են ԵՄ բոլոր պետությունները: Հայաստանն այն ստորագրել է 2014թ.-ին, սակայն մինչ օրս չի վավերացրել:
Այս համատեքստում միակ եզրակացությունը, որին հնարավոր է հանգել, այն է, որ Հայաստանին, կրթվելուց զատ, պակասում է նաև համակարգային խիզախությունը և քաղաքական կամքը՝ առերեսվելու փաստերին։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի խոսել, օրինակ, մեկ այլ կարևորագույն փաստաթղթի վավերացման մասին՝ «Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին» ԵԽ (Լանցարոտեի) կոնվենցիան, որի ընդունումից անցել է 12 տարի: