«Ես իմ կյանքը երբեք չեմ պատկերացրել Հայաստանից դուրս։ Մտքովս անգամ չի անցել թողնել գնալ։ Ես Հայրենիքը դիտարկում եմ որպես ընտանիք, երբ իմ ընտանիքում ինչ-որ բան սխալ է, ես չեմ թողնի ու հեռանա, կուզենամ ուղղել, նույնը հայրենիքն է, եթե այստեղ վատ է, սխալներ կան, դա չի նշանակում, որ պետք է լքել ու գնալ, պետք է մնալ և ուղղել սխալները», - պատգամավորի թեկնածու, սոցիոլոգ, տուրիզմի ոլորտի մասնագետ Լուսինե Հարոյանն այսպես է պարզաբանում իր մուտքը քաղաքականություն։ Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջադրված 11 քաղաքական ուժերի ցուցակներից միակ կին առաջնորդն է Հարոյանը։ Ներկայացնում է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի հիմնադիր համագումարը տեղի է ունեցել 2018թ․ հոկտեմբերի 3-ին։ Քաղաքացիական շարժումների մասնակիցներից ձևավորված կուսակցությունը ցուցակի ոչ միայն առաջին համարն է վստահել իգական սեռի ներկայացուցչի, այլև ցուցակի առաջատար 10-ը տեղերից 4-ը նույնպես զբաղեցնում են իգական սեռի ներկայացուցիչներ։
«Մեր ներկայացրած ցուցակի 40 տոկոսը կանայք են։ Մենք միակն ենք, որի ցուցակի առաջին հնգյակում երկու կին է ներգրավված։ Սա նշանակում է, որ մեր կուսակցությունը կարևորում է կնոջ դերը քաղաքականության մեջ և տղամարդկանց կողքին հավասար հնարավորություններ է ստեղծում քաղաքականության մեջ ներգրավվելու համար», - ասում է 49-ամյա Հարոյանը։
Հայաստանի Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով և պետք է ունենա առնվազն 101 պատգամավոր։ Պատգամավորի թեկնածուն պետք է լինի նվազագույնը 25 տարեկան, վերջին 4 տարում ունենա միայն ՀՀ քաղաքացիություն և մշտապես ապրած լինի Հայաստանում, ունենա ընտրական իրավունք և տիրապետի հայերենին։
Այս տարվա ապրիլին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո որոշվեց անցկացնել արտահերթ ընտրություններ, ինչն իրավականորեն հաստատվեց, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից և քաղաքական պայմանավորվածության արդյունքում Ազգային Ժողովը երկու անգամ չընտրեց նոր վարչապետ։
Այսպիսով, Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի առաջին համապետական ընտրություններին կմասնակցեն ինը կուսակցություն և երկու դաշինք․
1 - Հայաստանի Հանրապետական կուսակցություն
2 - «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
3 - «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն
4 - «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք
5 - «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
6 - «Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ» կուսակցություն
7 - «Ազգային առաջընթաց» կուսակցություն
8 - «Մենք» կուսակցությունների դաշինք
9 - «Օրինաց երկիր» կուսակցություն
10 - «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն
11 - «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Քաղաքական ուժերի ցուցակներում կանայք ամենաշատը ներկայացված են ԱԱԿ-ում՝ 83-ից 43 (52 տոկոս), երկրորդ հորիզոնականում Քաղաքացու որոշում կուսակցությունն է, այստեղ 81-ից 35-ն են կանայք (43 տոկոս), երրորդ տեղը զբաղեցնում է ՕԵԿ-ը 131-ից 50 կին (38 տոկոսը)։ Սասնա ծռերում կանանց ներկայացվածությունը 174-ից 64-է (37 տոկոսը), ՀՀԿ-ում՝ 125-ից 45 (36 տոկոս), Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՝ 85-ից 27 (32 տոկոս), ԲՀԿ՝ 170-ից 51 (30 տոկոս), Լուսավոր Հայաստան՝ 156-ից 44 (28 տոկոս), Իմ քայլը՝ 182-ից 48 (26 տոկոս), ՀՅԴ՝ 152-ից 39 (26 տոկոս), Մենք՝ 134-ից 34 (25 տոկոս):
Այս ցանկում միայն ՀՀԿ-ն, «Լուսավոր Հայաստան»-ն ու Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցութունն են կանանց հատկացրել երկրորդ հորիզոնականը։ Ընտրությունների ֆավորիտը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի առաջին կինը միայն երրորդ հորիզոնականում է։
Ինչպես արդեն նշվեց, առաջին հնգյակում միայն ԱԱԿ-ն է ներկայացրել երկու կին։ ԱԱԿ-ն նաև միակն է, որի ցուցակի առաջին տասնյակում չորս կին է գրանցված։ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, «Լուսավոր Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները 3 կին են ներկայացրել ցուցակների առաջին տասնյակում, մյուսները լրացրել են օրենքի պահանջը՝ տասնյակում ներկայացնելով ընդամենը 2 կանանց:
Հատկանշական է, որ նախկինում խորհրդարանում ներգրավված ուժերն իրենց ցուցակների առաջին դիրքերը վստահել են արդեն հայտնի, պատգամավոր եղած կանանց, ինչպես օրինակ՝ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը (ՀՀԿ), ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը (ՀՅԴ), ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը («Իմ քայլը»), ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի լիազորությունները վայր դրած Մանե Թանդիլյանը (Լուսավոր Հայաստան), նախկին պատգամավոր Հեղինե Բիշարյանը (ՕԵԿ), ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ)։
Սակայն, կանանց առկայությունը տղամարդկանց կողքին, այնքան էլ բարի կամքի դրսևորման արդյունք չէ։ Խնդիրն այն է, որ որոշումներ կայացնող մարմիններում կանանց ներգրավվածությունն ապահովելու համար հարկ է եղել օրենքով ամրապնդել նման դրույթը։
«Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների ժամանակ կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում 1-ին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով քառյակներում (1-4, 1-8, 1-12 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը… », - ասվում է ՀՀ ընտրական օրենսգրքի «Անցումային դրույթներ» բաժնի 144-րդ հոդվածի 14-րդ կետում։
Այսինքն կուսակցությունների ընտրական ցուցակներում ամեն 4-րդը կամ 25 տոկոսը պետք է կին լինի։
Ու թեև Հայաստանում, որտեղ կանայք բնակչության հիսուն տոկոսից ավելին են կազմում, փաստորեն միայն մեկ, այն էլ նորաստեղծ և ոչ այնքան հայտնի կուսակցություն է կնոջը տեսել գլխավոր դերում։
«Առաջին հինգ տեղերում կանայք միշտ էլ պակաս են ներկայացվել։ Այսինքն կուսակցությունները մնացել են օրենքի շրջանակներում, ներկայացնելով յուրաքանչյուր չորրորդ տեղում կանանց, փաստորեն պարզապես կատարելով օրենքի պահանջը։ Ու եթե չլիներ օրենքը, միգուցե այս պատկերն էլ չլիներ, քանի որ առաջին հնգյակն իրականում ցույց է տալիս կոնկրետ կանանց կշիռը կուսակցության մեջ», - ասում է «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ նախագահ, Womennet.am կայքի, «Կինը և քաղաքականությունը» հավելվածի գլխավոր խմբագիր Թամարա Հովնաթանյանը:
Ըստ Հովնաթանյանի՝ նման իրավիճակի պատճառները բազմաթիվ են, այնքան շատ, որ քվոտա է ներդրվել։
«Առանց քվոտայի կանանց առաջընթացն արգելափակվում է։ Եթե կինը կուսակցության մեջ կշիռ չունի, ներկայացված չէ կուսակցության առաջին շարքերում, ապա հարցը լուրջ է, ուրեմն նաև կադրերի խնդիր կա», - ասում է Հովնաթանյանը։
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության, որի հիմնադիր համագումարը կայացել է 2018 թվականի նոյեմբերի 3-ին, ցուցակի առաջին կինը՝ երրորդ համարը զբաղեցնող Ռուզաննա Տոռոզյանն ասում է, որ կանայք մեծ պոտենցիալ ունեն ու շատ բան կարող են անել քաղաքականության մեջ․
«Շատ կուզեի, որ չնայեին քվոտաներին ու կանանց մասնակցությունը շատ ակտիվ լիներ, քանի որ կանանց պոտենցիալն անտեսելն, իսկապես, շռայլություն է մեր երկրի համար։ Ես կարծում եմ, որ կանայք պիտի մասնակցեն նոր Հայաստանի կառուցմանը»։
ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրեն Գոհար Շահնազարյանը, այնուամենայնիվ, այս տարի դրական փոփոխություններ է նկատում խորհրդարանում կանանց ներգրավվածության թվի հետ կապված։
«Այս տարի տեսանք, որ կուսակցությունները հետաքրքրված են կանանց ներգրավմամբ, թեպետ շատերն արհեստական են անում։ Սակայն կա կանանց ընդգրկելու, ներգրավելու միտումը, ինչը, իհարկե շատ դրական է գնահատվում։ Մյուս կողմից կան նոր կուսակցություններ, որոնք վերջերս առաջ եկան ու իրենց համար կարծում եմ դժվար է ներգրավել կանանց, տեսնում էի անգամ, որ գրում էին, թե ընդգրկում են կանանց, կոչ էին անում միանալ իրենց թիմին։ Սա ցույց է տալիս, որ եթե օրենքի պարտադրանքը չլիներ, լուրջ չէին վերաբերի»,- ասում է Շահնազարյանը։
Ըստ փորձագետի՝ թեև շատ կանայք հենց քվոտայի պարտադրանքի շնորհիվ են մտել ԱԺ, սակայն կարողացել են ինքնադրսևորվել։ Միևնույն ժամանակ Շահնազարյանը նշում է․
«Նախորդ խորհրդարանում մենք տեսանք կանանց, որոնք քվոտայի պարտադրանքով էին եկել ու միևնույնն է, վերարտադրում էին հիմնականում տղամարդկանց կամ իրենց կուսակցության տեսակետները, գաղափարները»։
Սակայն ըստ Թամարա Հովնաթանյանի՝ կանայք վերարտադրում են տղամարդկանց գաղափարներն այն ժամանակ, երբ քիչ են․
«Երբ կանանց թիվը կբարձրանա, կանայք կսկսեն իրենց տեսակետներն արտահայտել, այլ ոչ թե տղամարդկանց ասածները վերարտադրել, քանի որ քիչ լինելու դեպքում խնդիր ունեն ապացուցելու, որ տղամարդկանցից ոչ մի բանով պակաս չեն»։
Այնուամենայնիվ, ըստ Գոհար Շահնազարյանի՝ հիմա կարծես փոփոխություններ կան, նոր կուսակցություններ են ի հայտ եկել, նոր սերունդ է, ավելի պատրաստ ու գիտակից։
«Անգամ եղան կանայք, որոնք ինքնաառաջադրվեցին, չսպասեցին հրավերի, այդ իմաստով փոփոխություն կա, նախորդ տարիների համեմատ անգամ պասիվ չեն։ Նոր տիպի կանանց ենք տեսնում, որոնց տեսնելու հույսը վաղուց սպառվել էր։ Առաջադեմ հայացքներով, շատ ավելի գիտակ, որակ է պետք նաև ապահովել և այդ որակական փոփոխությունը շատ ակնհայտ է հիմա»,- ասում է Շահնազարյանը։
Ռուզաննա Տոռոզյանը Սյունիքի մարզի Գորիս քաղաքից է, Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրենը։ 2003-ին եղել է Գորիսի առաջին ու միակ կին ավագանին: Եվս երկու անգամ ընտրվել է ավագանու անդամ և ոչ միայն մշտապես մասնակցել է տեղական քաղաքական գործընթացներին, այլև որոշումների կայացման գործընթացքում փորձել է ներգրավել նաև այլ կանանց։
«2012-ին մեր երեք գործընկեր կազմակերպությունների հետ մեկ տարի շարունակ աջակցեցինք Սյունիքի և Վայոց ձորի 33 կանանց, ովքեր հետաքրքրված էին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությամբ։ Նրանցից 28-ն ընտրվեցին համայնքի ավագանիներ։ Սա խոսում է այն մասին, որ իրականում կանայք աջակցության և խրախուսվելու կարիք ունեին, հիմա փորձում ենք կոտրել այն կարծրատիպը, թե կանայք չեն կարող զբաղվել քաղաքականությամբ։ Գորիսում բոլորը տղամարդիկ էին ու միայն ես էի կին, իրենք էլ տեսան, որ շատ կարևոր է կնոջ ներկայությունը։ Կան հարցեր, խնդիրներ, որոնք շրջանցում կամ պարզապես չեն տեսնում տղամարդիկ, մինչդեռ շատ կարևոր է, որ երկկողմանի այս խնդիրները բարձրացվեն և հավասար ներգրավվածություն ապահովեն»,- կարծում է Տոռոզյանը։
Քաղաքականությունից կանանց խուսափելու պատճառներն ըստ Գոհար Շահնազարյանի՝ բազմաթիվ են, կանայք բավական հմտություններ չունեն, շատ բաներ կանանց ժամանակին չեն սովորեցնում, բացի այդ՝ կանանց ուսերին է շարունակում մնալ տան ամբողջ հոգսը։ Ակտիվ կանանց նկատմամբ հասարակության սկեպտիկ վերաբերմունքը, կուսակցությունների կարծրացած և փակ լինելը նույնպես կանանց հետ են պահում։
Դեռևս նոր կառավարություն ձևավորելիս՝ պատասխանելով կանանց սակավ ներգրավվածության պատճառների մասին հարցին, նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե առաջարկել են կանանց ներգրավվել, բայց նրանք չեն համաձայնել։
Սակայն նման պատասխանն ըստ Շահնազարյանի՝ արդարացում չէ։
«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պետք է մտածել գենդերային կրթության մասին, որպեսզի գոնե ապագայում ունենանք նման տեսլական, սակայն մենք ոչինչ չունենք և ոչինչ էլ չենք անում կանանց ներգրավելու համար, պարզապես ասում ենք չեն ուզում ու վերջ, մինչդեռ այդ չուզելու դիմաց ինչ որ բաներ պետք է անել, ռազմավարություններ պետք է առաջարկել», - ասում է Շահնազարյանը։
Ու չնայած քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության դրական տեղաշարժին, այնուամենայնիվ, կանանց դեռևս չեն վստահում ղեկավար պաշտոններ։ Այս պահին Հայաստանում ընդամենը երկու կին նախարարի պաշտոնակատար կա։ Մեկ կին քաղաքապետ:
Այս տարվա սեպտեմբերի 23-ին անցկացված Երևանի ավագանու ընտրություններում թեև կանանց մասնակցությունը բավական մեծ թիվ կազմեց, սակայն ղեկավար պաշտոններում կանանց այդպես էլ չտեսանք։ Բոլոր փոխքաղաքապետերը, քաղաքապետի խորհրդականները, վարչական շրջանների ղեկավարները շարունակում են մնալ տղամարդիկ։
Այս տղամարդկանց աշխարհը, սակայն, ճեղքել փորձող կանայք, չնայած հիասթափություններին ու դժվարություններին, այնուամենայնիվ պատրաստ են պայքարի։
«Մշտապես ակտիվորեն մասնկացել եմ բոլոր այն բողոքի ակցիաներին, որոնց մեջ տեսել եմ ազնվություն ու մտահոգություն երկրի ապագայի նկատմամբ։ Ու հիմա, երբ հնարավորություն ստեղծվեց մաքրել քաղաքական դաշտը, ինչու ոչ, պետք է մասնակցել այդ գործընթացներին ու երկրի կայացման գործում ներդնել նաև մասնագիտական հմտությունները։ Իհարկե, մենք կանենք ամեն բան, որպեսզի հայտնվենք խորհրդարանում, քանի որ արդարացիորեն համոզված ենք, որ շատ ռացիոնալ ուժ ենք և մեր հետ կարող ենք բերել բոլորովին նոր մոտեցումներ ու լուծումներ, սակայն սա ինքնանպատակ չէ, մենք չենք գնում ընտրություններին զուտ մանդատ ստանալու համար։ Մենք լինելու ենք քաղաքական դաշտում նաև ընտրություններից հետո»,- վստահեցնում է հետհեղափոխական Հայաստանի առաջին խորհրդրանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից միայն մեկի ցուցակը գլխավորող միակ կինը՝ Լուսինե Հարոյանը։