Թեև հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց բուժումը և սոցիալական աջակցումը խնդրաշատ ոլորտ է Հայաստանում, դժվարություններն առավել ակնհայտ են սահմանամերձ շրջաններում։ Խոսքը, մասնավորապես՝ մասնագետների և օգնող անձնակազմի սուր պակասի, մասնագիտական օգնություն տրամադրող ծառայություններից մեծ հեռավորության, սոցիալական ծանր վիճակի մասին է։
Բերդ քաղաքի շրջակա սահմանամերձ գյուղերը պատերազմի տարիներին ամենից տուժածներից են։ Մինչև այսօր կարելի է տեսնել տներ, որոնց սահմանին նայող պատերը քանդված են ռումբերի պայթյուններից։ Ընտանիքների մեծ մասում զոհվածներ կամ հաշմանդամ դարձածներ կան, մարտական գործողությունների մասին հիշողությունները դեռ ամուր նստած են մարդկանց գիտակցության մեջ։
Մշտական վտանգի սպասումը տեղացիներին ստիպում է կարևորել կենսական նշանակություն ունեցող հարցերը։ Այստեղ միշտ պատրաստ են հաց կիսել կամ կացարան առաջարկել. սա ոչ թե մեծահոգություն է, այլ պատերազմական պայմաններում ապրելու ամենաօպտիմալ եղանակը, ինչը, սակայն, իր հակառակ կողմը ունի նաև։ Մարդկանց հույզերն այստեղ երկրորդական են, գլխավորը գոյատևելն է, զգացմունքները միշտ էլ կարելի է զսպել, հետաձգել մինչև ավելի լավ ժամանակներ։
Այս պարագայում հատկապես դժվար է այն մարդկանց համար, որոնց հուզական ոլորտը ինչ-ինչ պատճառներով ավելի զգայուն է։ Ոմանք ծնվում են արդեն գերզգայուն բնավորությամբ, մյուսներն այն ձեռք են բերում արտաքին միջավայրի ազդեցությամբ։ Գոյատևման պայքարով մտահոգված ծնողները չեն հասցնում երեխաներին բավարար հուզական արձագանք տալ, ինչի պատճառով նրանք իրենց չհասկացված են զգում, չսիրված, ձևավորվում է զգացածը ներսում պահելու, զգացածով չկիսվելու հակում։ Տարիքի հետ այս ամենը միայն ամրապնդվում է, քանի որ սոցիալիականացումը հենց այդպիսի վարքն է խրախուսում։
Մեզ հանդիպած պատմություններից մեկը մոր մասին է, որը տասնամյակներ շարունակ իր բոլոր ուժերն ուղղել է հոգեկան խանգարումով որդու խնամքին։ Նայելով թե՛ հիվանդի, թե՛ նրան խնամողի աչքերով, տեսնում ենք այն պատը, որը ժամանակի ընթացքում բարձրացել է որդու ու մոր միջև, երկուսին էլ զրկելով լիարժեք կյանք վերադառնալու հնարավորությունից։
26 տարի է, ինչ այս կնոջ որդին տառապում է հոգեկան խանգարումով։ Բազմիցս բուժվել է հոգեբուժարաններում, վերջին անգամ երկու ամիս առաջ։ Այդ ընթացքում մայրը մենակ մնալով և անհրաժեշտ աջակցություն չունենալով, սփոփանք է գտել հավատքի մեջ, միացել քրիստոնեական աղանդներից մեկին։
Աշխարհում այս հիվանդությամբ այժմ մոտ 30-35 միլիոն մարդ է ապրում, Հայաստանում՝ մոտ 10.000, և նրանց մեծ մասը երբեք չի վերադառնա լիարժեք կյանք։ Ի տարբերություն այլ հոգեկան խանգարումներով մարդկանց, այս հիվանդությամբ տառապողների գերակշիռ մասը Հայաստանում գտնվում է պետության ուշադրության և խնամքի տակ։ Նրանք հաշվառված են հոգեբուժական հաստատություններում, ստանում են անվճար բժշկական օգնություն և դեղորայք։ Սակայն նույնիսկ այս փաստը, որը համաշխարհային չափանիշներով մեծ նվաճում է, բավական չէ նրանց կյանքի որակը էականորեն բարելավելու համար։ Ներկայում ոչ բոլոր շրջաններն են ապահովված հոգեբուժական ծառայությամբ։ Մասնագետների պակասի պատճառով մյուս բժիշկներն են ստանձնում այդ պարտականությունները՝ երբեմն չունենալով բավարար պատրաստվածություն բարդ դեպքերի հետ աշխատելու համար։ Չկա նաև հատուկ պատրաստված անձնակազմ, որը կօգնի պարբերաբար ապահովել դեղորայքի ընդունումը, ինչի հետևանքով հիվանդի վիճակը հաճախ վերահսկողությունից դուրս է գալիս։ Հոգեկան խանգարումների շուրջ բազմաթիվ սխալ պատկերացումներ և կարծրատիպեր կան, ինչի պատճառով շատ կարևոր է թե՛ հիվանդին, թե՛ նրա հարազատներին ստույգ տեղեկություններ տալը, որը կօգնի առաջին իսկ օրերից ճիշտ պատկերացնել, թե ինչ է պետք անել և ինչ կարող է իրենց սպասել։
Շիզոֆրենիան ընդունված է ժառանգական հիվանդություն անվանել։ Սակայն շատերը բառացիորեն են հասկանում սա, համարելով որ մոտ ազգականների մեջ պետք է լինի գոնե մեկը նույն հիվանդությամբ։ Իրականում՝ անպայման չէ։ Ժառանգվում է նախատրամադրվածությունը՝ որոշակի անձնային գծեր, ֆիզիոլոգիական առանձնահատկություններ, որոնք մարդուն դարձնում են ավելի խոցելի և հակված սթրեսային իրավիճակներին արձագանքելու հատուկ ձևով՝ օրինակ կասկածամտության կտրուկ աճով կամ լսողական ցնորքների հայտնվելով։ Տվյալ դեպքում կարող ենք ենթադրել, որ այդ նախատրամադրվածության մասին է խոսում հոր մոտ ախտաբանական խանդի առկայությունը, և մոր կրոնական մոլեռանդությունը, քանի որ երկու գաղափարներն էլ բերում են իրականության միակողմանի, սուբյեկտիվ ու գերարժեվորված ընկալման, երբ առանձին երևույթներ չափազանց կարևորվում են, երկրորդ պլան մղելով կյանքի այլ ասպեկտները։
Հիվանդության մեկնարկը կարող է լինել թե սուր, թե աստիճանական։ Առաջին ախտանշանները տարբեր են լինում [2]։ Բայց բոլոր դեպքերում մարդ զգում է, որ իր հետ ինչ-որ բան է կատարվում, վախենում է այդ անհասկանալի փոփոխությունից։ Հենց այդ պատճառով շատ կարևոր է, որ նա հնարավորություն ունենա ապրումներով կիսվելու։ Ցավոք, հաճախ այդպես չի լինում։
Արդեն չենք իմանա, ինչն է խթանել հիվանդության սկիզբը մեր դեպքում։ Ռումբի պայթյունը, որի մասին խոսում է մայրը, իրոք կարող է վիճակի վատթարացման դրդապատճառ լինել, այն միգուցե սրել է վիճակը, բայց հավանական է, որ հիվանդագին գործընթացը շատ ավելի վաղ է սկսվել։ Ռազմական գործողությունների ժամանակ երկարատև լարվածությունը, վտանգի սպասումը, վախը բերել են գերզգայունության։ Ապրելով մշտական տագնապի մեջ, նա փորձել է կիսվել իր անհանգստություններով, որոնք, սակայն, արժանացել են կամ հեգնանքի, կամ արհամարհանքի. պատերազմական պայմաններում ավելորդ հուզականությունը, ապրումները, առողջության համար անհանգստանալը չի խրախուսվում։ Տանը նույնպես այդ մասին չի խոսել, որովհետև դաստիարակվել է որպես «իսկական տղամարդ»՝ զուսպ, լռակյաց, թույլ լինելու իրավունք չունեցող։
Լսողական ցնորքների ժամանակ հիվանդը լսում է ձայներ, որոնք կարող են իրեն քննադատել, հուշել, հրամաններ տալ [3]։ Մարդը չի հասկանում, թե դա ինչ է, վախենում է դրանցից, հետո ժամանակի ընթացքում գտնում այդ ձայների հիվանդագին, զառանցական բացատրությունը։ Տեսնելով, որ շրջապատում նույնը չեն զգում, նա այլևս չի ուզում պատմել դրանց մասին, վախենալով կորցնել հեղինակությունը, չհասկացված լինել, տարօրինակ երևալ, և միայնակ է մնում այդ ամենի առաջ կանգնած, փնտրելով և ելքեր չգտնվելով։ Թեև ճիշտ մոտեցումը, հիվանդի հետ գրագետ շփումը հաճախ օգնում են հասկանալ ցնորքների իսկական բնույթը, իրականում դա հազվադեպ է տեղի ունենում, որովհետև նրա կողքին չի լինում այն մասնագետը, որը դա կաներ, և ի վերջո հատվում է անդառնալիության այն կետը, երբ մարդը դեռ կարող էր ընկալել սեփական համոզմունքներին հակասող կարծիք։
Ամենադժվարը առողջ մարդու համար հասկանալն է, թե ինչպես են հիվանդի մոտ զառանցական մտքեր ծնվում [4]։ Զառանցանքն աստիճանաբար ծավալվում է, դառնում իրականությունը մեկնաբանելու հիմնական միջոց, ամեն մի մանրուք ընկալվում է միայն այդ տեսակետից, և հաճախ ստացվում է այնպես, որ դրանում հայտնվում են հենց այն մարդիկ, որոնք գտնվում են հիվանդի անմիջական շրջապատում։ Որքան էլ որ ցավալի է, ամենից հաճախ հենց հիվանդի հարազատներն են այդ շարքում։ Ինչքան ավելի սերտ են նրանք կապված հիվանդի հետ, ինչքան ավելի են հոգ տանում նրանց մասին, այդքան ավելի շատ են կասկածելու առիթներ տալիս և արժանանում ոչ օբյեկտիվ վերաբերմունքի։
Ժամանակակից բժշկությունը թույլ է տալիս էականորեն բարելավել շիզոֆրենիայով հիվանդների վիճակը։ Եթե բուժումը սկսվում է հիվանդության սկզբնական փուլում և ներառում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները, երբեմն հաջողվում է նույնիսկ լիովին ապաքինել մարդուն։ Թեև հիվանդությունը հաղթելու համար անհրաժեշտ է բազմակողմանի մոտեցում, հիմնական և պարտադիր պայմանը դեղորայքային բուժումն է [5]։ Մեր իրականության մեջ հաճախ ենք առնչվում դեպքերի, երբ դեղորայքը հիմնականում օգտագործվում է հիվանդին հանգիստ վիճակում պահելու համար, և երբ նրա վարքը չի խանգարում մյուսներին, բուժումը շարունակելուն արդեն կարևորություն չի տրվում։ Խնամողները, չհավատալով, որ հնարավոր է վիճակի բարելավում, բժշկի են դիմում հիմնականում միայն այն դեպքերում, երբ ամեն ինչ արդեն ծայրահեղ վատ է։
Հասարակության վերաբերմունքը կարող է որոշիչ դեր ունենալ։ Հիվանդի հարազատները ակամա սկսում են ղեկավարվել շրջապատի պահանջներով, ավելի ու ավելի անտեսելով խնամյալի շահերը։ Նրանք զգում են, որ տանը հիվանդ ունենալու փաստը փոխում է վերաբերմունքը նաև իրենց հանդեպ, և ամեն կերպ փորձում են պահպանել շրջապատի հարգանքը, նույնիսկ եթե երբեմն դա վնասում է հիվանդին։ Սա տեղի է ունենում աննկատ, բայց անխուսափելի, և հիվանդ ունեցողների մեծ մասը տարիների ընթացքում հայտնվում է անդունդի նույն կողմում, որում հասարակության նախապաշարմունքներն են ու վախը օտար, անհասկանալի դարձած անձից։ Մինչդեռ հիվանդության անգամ խորը փուլում հիվանդն ունենում է սովորական և շատ հասկանալի մարդկային ցանկություններ, որոնց իրականացումը կարող է զգալիորեն թեթևացնել նրանց կյանքը։ Հաճախ այնպիսի մանրուքները, ինչպես, օրինակ, ամուր գրկախառնությունը, համեղ կերակուրը կամ նոր հագուստը ունենում են ավելի մեծ նշանակություն, քան մասնագիտական բուժումը։ Իսկ գործնականում այս ամենի փոխարեն խնամողներն ավելի ու ավելի են հետ վարժվում հիվանդի պահանջները բավարարելուց։
Հիվանդության լիարժեք վարման համար, բացի դեղորայքային բուժումից, պարտադիր պայմաններ են նաև հոգեթերապիան և հոգեսոցիալական վերականգնումը [6]։ Հայաստանում լրջագույն խնդիրներից մեկն այն է, թե ինչ է կատարվում հիվանդի հետ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո։ Երևանում գոյություն ունի արտահիվանդանոցային ծառայություն, որտեղ աշխատում են տեղամասային հոգեբույժներ և հոգեբաններ, որոնք, թեկուզ ոչ լիարժեք, բայց շարունակում են հետևել դուրս գրվածներին։ Իսկ մարզերում այդ մարդիկ գործնականում մնում են առանց հսկողության։ Նրանք հնարավորություն ունեն ըստ բնակության վայրի պարբերաբար ստանալ անվճար դեղորայք, բայց չունեն մարդ, որը կլսի իրենց, կհասկանա իրական կարիքները և որևէ կերպ կօգնի դրանք բավարարել։ Սահմանի և մայրաքաղաքից հեռավորության գործոնը այստեղ ճակատագրական դեր է ունենում։ Ակնհայտ է, որ սոցիալական ոչ ապահով վիճակում մարդը հնարավորություն չունի ամեն անգամ երկար ճանապարհ կտրել մասնագիտացված օգնություն ստանալու համար։
Գտնվելով զառանցական ապրումների ազդեցության տակ, մարդը հայտնվում է մի իրականության մեջ, որտեղ ամեն ինչ վտանգ է ներկայացնում։ Հենց դրանով է պայմանավորված շրջապատի հանդեպ թշնամական վերաբերմունքը [7]։ Ցավոք, շատերը չեն պատկերացնում վտանգավորության իրական աստիճանը և ագրեսիայի պատճառները։ Այնինչ ագրեսիայի մեծ մասը առաջանում է ոչ թե հիվանդության ազդեցությամբ, այլ նրանից, որ մարդու հետ փորձում են անել մի բան, որն ինքը չի ուզում։ Պատկերացնենք, որ ցանկացած իրեն առողջ համարող մարդու տուն մտնեն առանց թույլտվության և հայտարարեն, որ նա պետք է ստանա ինչ-որ դեղորայք, առանց բացատրելու թե ինչի համար։ Երբ նա հրաժարվում է, զրուցակիցը սկսում է պնդել, կոպտել, սպառնալ, որ կամ այդ դեղը կտա պարտադրանքով, կամ իրեն կտեղափոխի որևէ վայր, որտեղ իրեն հարկադրաբար կպահեն և կստիպեն այդ դեղորայքը ստանալ։ Իսկ հիմա պատկերացրեք, որ իր իրականության մեջ մեր հիվանդը համոզված է, որ ինքն է այդ առողջ մարդը։
Տարիների ընթացքում մեկուսանալով, աջակցություն և ուժ չգտնելով հոգալու կարիքները, մարդն աստիճանաբար հրաժարվում է մղումներից, զրկվում ինչ-որ բան ուզելու ունակությունից, էլ ոչինչ չի սպասում կյանքից։ Համարժեք հուսալքվածություն են ապրում նաև նրա մտերիմները, ինչի արդյունքում ամեն մեկը փակվում է սեփական մենակության և հուսահատության մեջ։