yalanuzyan mikael social responsibility

 

Վերջին տարիներին «սոցիալական պատասխանատվություն» արտահայտությունն ավելի ու ավելի հաճախ է հայտնվում մեր խոսույթում։ Կենցաղային խնդիրները, քաղաքական իրադարձություններն ու համապետական ընտրությունների արդյունքները մենք հաճախ բացատրում ենք հասարակության սոցիալական պատասխանատվության ցածր մակարդակով։ Թեև տերմինը համեմատաբար նոր է, սակայն անհատի և հանրության ու պետության հարաբերությունները միշտ էլ եղել են փիլիսոփաների, հոգևորականների, իշխանության ու հասարակ մարդկանց ուշադրության կենտրոնում։

Մարդու սոցիալական վարքը կարող է տարբեր լինել՝ օգտակար, անտարբեր, երբեմն էլ վնասակար։ Այդպիսին է մարդ արարածը, և հարյուրամյակների ընթացքում ձևավորվել են սոցիալական նորմեր, որոնք ունակ են նվազեցնել մարդկային էության բացասական դրսևորումներն ու ներհասարակական կայունություն ապահովել։ Սոցիալական նորմերն անհատի առօրյայի, կենսակերպի այն սահմաններն են, որոնք հատելու դեպքում առաջանում է սոցիալական պատասխանատվություն, որոշ դեպքերում նաև պատիժ։ Եթե մարդը սոցիալական բարձր պատասխանատվություն ունի և ապրում ու գործում է սահմանված նորմերի շրջանակում, ապա նրան խրախուսում են, նշանակալի արարքների համար՝ օրինակ բերում։ Իսկ եթե անհատի կամ խմբի վարքը չի համապատասխանում սոցիալական նորմերին, այն արժանանում է պարսավանքի։ Մի կողմ թողնելով մասնագիտական դիտարկումներն ու մոտեցումները՝ կարելի է պնդել, որ շատ ավելի կարևոր է հասկանալ, թե որոնք են հանրության համար սոցիալական նորմերի ընդունելի սահմանները։ Առանց այս սահմանների հնարավոր չէ պատկերացնել, թե այս կամ այն արարքը խախտո՞ւմ է արդյոք հանրության կողմից ընդունելի նորմերը, թե՞ ոչ։ Եվ եթե մեկը ծխախոտի մնացորդը նետում է փողոցում, ապա նախևառաջ պետք է հասկանալ, թե արդյոք այդ արարքը դատապարտելի է հասարակության մյուս անդամների համար։

«Պատասխանատվություն բառն այնքան էլ ճշգրիտ չէ, քանի որ սոցիալական պատասխանատվություն ասելով հասկանում ենք պարտավորություն, նույնիսկ պարտք։ Խնդիրը դիտարկվում է բարոյական համատեքստում, քեզ ոչ ոք չի հարկադրում, բայց դու զգում ես քո պարտավորությունը»,— պարզաբանում է սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, Spring PR ընկերության համահիմնադիր Նվարդ Մելքոնյանը։

Սոցիալական պատասխանատվության շուրջ քննարկումները վերջերս հաճախ են առնչվում Կովիդ-19 համավարակով պայմանավորված խնդիրներին։ Դիմակ կրելուց բացի համավարակի դեմ պայքարի արդյունավետ միջոց է պատվաստումը, որը Հայաստանում դանդաղ է ընթանում, մեծ դժվարությամբ և միայն պետական համակարգի հարկադրանքի միջոցներն են ստիպում մարդկանց պատվաստվել։ Պատվաստումների նկատմամբ հանրության անտարբերությունն ու դրա մերժումը նույնպես սոցիալական վարքի և պատասխանատվության շրջանակներում է։

«Սոցիալական պատասխանատվության բարձրացման համար կարևոր են նաև կարծիք ստեղծող և հանրության համար հեղինակություն ունեցող մարդիկ (influencer)։ Մենք ունենք հազարավոր քաղաքացիներ, որոնք անձնական օրինակների են հետևում։ Երբ մենք ասում ենք, որ Կովիդ-19-ից օրական 60 մարդ է մահանում, սակայն ազդեցիկ մարդիկ թքած ունեն բոլոր կանոնների վրա, մարդը, բնականաբար, չի հետևում հրահանգներին»,— ասում է Նվարդ Մելքոնյանը։

Սոցիալական պատասխանատվությունից բացի հաճախ կիրառվում է «քաղաքացիական առաքինություն» կամ «քաղաքացիական վարք» եզրը (civic virtue), որը ժամանակակից հասարակությունների կարևորագույն հիմքերից է և լայնորեն կիրառվում է արևմտյան քաղաքական փիլիսոփայության մեջ։ Եթե փորձենք հնարավորինս պարզ ներկայացնել եզրը, ապա քաղաքացիական առաքինությունն անհատների պարտականությունն է համայնքի և հասարակության առջև, որն ավելի բարձր է դասվում, քան անձնական շահն ու ցանկությունները։ Քաղաքացիական առաքինությունն ունի մի շարք բնորոշիչներ, որոնք թույլ են տալիս հասկանալ, թե ինչպես է այն իրացվում գործնականում։ Դրանք են անձնազոհությունը (նեղ անձնական շահերն ու ցանկությունները ստորադասվում են համայնքի կարիքներին), մասնակցությունը համայնքի, երկրի կառավարմանը, պարտականություններ, որոնց կատարում նպաստում է համայնքի բարգավաճմանը։

Հասարակությունը չի կարող բարգավաճել, եթե քաղաքացիները հետապնդում են միայն նեղ անձնական շահեր։ Քաղաքացիների պատասխանատվությունը չի կարող սահմանափակվել միայն մի քանի տարին մեկ քվեարկությամբ։ Ժողովրդավարության հարատևության և հաջողության համար անհրաժեշտ է, որ համայնքի յուրաքանչյուր անդամ իր մասնակցությունն ունենա ներհամայնքային կյանքին։ Մյուս կողմից հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ անհատի իրավունքների բացարձականացումը խրախուսում է վերջինիս առանձնացնելու իր անձը հանրության մյուս անդամներից։ Այդ դեպքում դարձյալ տուժում է ընդհանուրի շահը կամ այլ կերպ ասած՝ ընդհանուր բարիքը։ Եվ եթե պատկերացնենք, որ յուրաքանչյուր ոք պահանջում և կարևորում է ի՛ր իրավունքը, ապա հնարավոր է, որ ինչ-որ պահից անհնար լինի իրացնել ընդհանրապես որևէ մեկի իրավունքը։ Հետևաբար, ցանկալի է, որ քաղաքացիների գոնե մեծ մասը, եթե ոչ բոլորը, ներդրում ունենան իրենց համայնքներում, կիսեն քաղաքական ու սոցիալական գործընթացների պատասխանատվությունը։

Սոցիալական խնդիրներն ուսումնասիրող մասնագետներից շատերը պնդում են, որ արևմտյան և արևելյան քաղաքակրթությունները որոշակիորեն տարբերվում են։ Եթե առաջինում գերակշռող է անհատը, նրա շահն ու նպատակները, ապա երկրորդում առաջնային է համայնքը, ընտանիքը և պետությունը։ Նվարդ Մելքոնյանի կարծիքով՝ Արևմուտքի անհատակենտրոնությունը չի խանգարում, որ սոցիալական պատասխանատվությունն ու հանրային շահը տուժեն։ «Երբ մենք ասում ենք, որ արևմտյան քաղաքակրթության համար կարևոր է անհատը, որը գերակա շահ է, պետք է հասկանանք, որ հասարակության բոլոր անդամների համար էլ այդպես է։ Երբ հասարակության համար արժեքն անհատն է, ապա բոլորը գիտակցում են, որ յուրաքանչյուրն ունի նույնքան իրավունք։ Արևելյանում ասում են, որ կա ազգ, ընտանիք, պետություն և այլն, իսկ մնացած բոլորը պտուտակներն են։ Մեր նման հասարակություններում անհատականությանը դիմելը նշանակում է պատասխանատվությունը բարդել ուրիշի վրա, իսկ Արևմուտքում նշանակում է պատասխանատվությունը կիսել»,— պարզաբանում է նա։

Մեր մյուս զրուցակցի՝ սոցիոլոգ Սամվել Մանուկյանի կարծիքով հարցի նման ձևակերպումն արդեն վկայում է քաղաքականացվածության մասին։ «Ստացվում է, որ սոցիալական պատասխանատվություն կա Արևմուտքում և չկա Արևելքում։ Ես ճիշտ հակառակ կարծիքի եմ։ Եթե խոսքը մարդկանց կենցաղային նորմերի ու հարաբերությունների մասին է, որոնք օրենքով սահմանված չեն և հնուց են գալիս, ապա Արևելքն այսօր շատ ավելի բարձր կարգավիճակ ունի, քան Արևմուտքը։ Արևմտյան եսակենտրոնությունը շատ կարևոր նշանակություն ունի, որը ոչ այլ ինչ է, քան գոռոզություն։ Այսօր այն դարձել է նորմա և բիզնեսում ու կյանքում հաջողության հասնելու կարևոր բաղադրիչ։ Ամենաանպետք մարդն իրեն այնպես է գովում... Սովորեցնում են CV գրել, այսինքն ինչպես պետք է քեզ գովես, որ աշխատանքի վերցնեն։ Համեստություն հասկացությունը, որը քրիստոնեական կարևոր առաքինություններից է, կապիտալիզմի պատճառով այսօր դուրս է մղվել»,— ասում է Սամվել Մանուկյանը։

Մարդիկ, իհարկե, եսակենտրոն են, և եթե փորձ չարվի բնածին այդ հատկությունը հավասարակշռել, ապա հասարակական անկայունությունը վերջ չի ունենա։ «Էգոիզմի և կոլեկտիվիզմի հարաբերակցության մեջ վերջինը որակապես ավելի բարձր է։ Նույն խորհրդային արժեհամակարգում կոլեկտիվիզմը անընդհատ դաստիարակվում ու քարոզվում էր։ Բնական է, որ Խորհրդային Միությունում բոլորն այդ սկզբունքներով չէին առաջնորդվում, և կային նաև երկակի ստանդարտներ։ Կարևոր է, թե ո՛ր ուղղությամբ է գնում հասարակությունը, ի՛նչն է կարևորում»,— ասում է Մանուկյանը։

Սոցիալական պատասխանատվությանը գուցե չարժեր այսքան ուշադրություն դարձնել՝ ենթադրելով, որ ամեն ինչ և շատ վաղուց հայտնի է, եթե մեր կենցաղային խնդիրները, խաբեությունն ու հանրային անվստահությունը չստեղծեին խնդրին պարբերաբար անդրադառնալու անհրաժեշտություն։ Ավելին, սոցիալական անպատասխանատու վարքը մեծացնում է ներհասարակական բախումների հավանականությունը։ «Եթե որևէ մեկը դիտողություն է անում փողոցը կամ բակը կեղտոտելու համար, ապա հարց է առաջանում՝ ո՞վ է ավելի կարևոր։ Դիտողություն անողը, որն իրավացի է, դառնում է կարգավիճակով ավելի բարձր։ Հետո վիճող կողմերից յուրաքանչյուրը փորձում է իր կարգավիճակը բարձրացնել, ինչը հանգեցնում է ամբիցիաների բախման։ Իսկ մեր հասարակությունում ամբիցիաներն ամենակարևորն են»,— ասում է Սամվել Մանուկյանը:

 

* * *

Սոցիալական պատասխանատվության կարևորագույն բաղադրիչներից է արդարության մասին հանրային պատկերացումը։ Այսինքն՝ ինչ է հասկանում հանրությունը արդար-անարդար գնահատականով, և ամենակարևորը՝ ինչպես է վարվում իրական կյանքում, երբ առնչվում է այս խնդրին։

Հասարակական արդարության, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները մեզանում դիտարկվում են հիմնականում քաղաքացիական, սոցիալական ակտիվիզմի, առանձին խմբերի իրավունքների պաշտպանության հարթության մեջ։ Նման օրինակների թվում են տարիներ առաջ էլեկտրաէներգիայի կամ Երևանում տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական շարժումները։ Ընդ որում, Հայաստանում հետազոտողների ուշադրությունից դուրս են մնում այնպիսի կարևոր տարրեր, ինչպիսիք են սոցիալական կամ ներհասարակական արդարությունը, ազնվությունը, հանրային պատասխանատվությունը, բարեխղճությունը, փոխադարձ վստահությունը և այլն։ Այս հարցերի շուրջ մտահոգություն կարելի է տեսնել սոցցանցերի քիչ թե շատ ակտիվ օգտատերերի մոտ, որոնք, սակայն, մնում են հիմնականում ֆեյսբուքյան գրառումների ու մեկնաբանությունների շրջանակում։

«Արդարությունը հասարակական ինստիտուտների առաքինությունն է, ճիշտ այնպես, ինչպես ճշմարտությունը մտածողության համակարգի առաքինությունն է։ Յուրաքանչյուր ոք ունի արդարության վրա հենված անձեռնմխելիություն, որը չպետք է խախտվի անգամ բարգավաճող հասարակության մեջ։ Այդ պատճառով արդարությունը թույլ չի տալիս, որպեսզի ոմանց ազատության կորուստը արդարացվի ուրիշների մեծ բարիքով։ Հետևաբար, արդար հասարակությունում պետք է հաստատվեն քաղաքացիների ազատությունը, իսկ իրավունքները, որոնք երաշխավորում են արդարությունը, չպետք է լինեն քաղաքական առևտրի կամ հաշվարկների առարկա։ ...Անվստահությունն ու վիրավորանքը սպանում են փոխադարձ հարգանքը, կասկածամտությունն ու թշնամանքը մարդկանց դրդում են այնպիսի քայլերի, որոնցից պետք է խուսափել» [1]։

Սոցիալական արդարությունը, որի մասին հաճախ խոսում ենք, հենվում է մի շարք ինստիտուտների վրա, ինչպիսիք են սահմանադրությունը, տնտեսական ու սոցիալական կառուցվածքները։ Արդարության պակասը, անարդարությունից դժգոհությունը նորանկախ Հայաստանի մշտական ուղեկիցն են եղել։ 1991-ից ի վեր քաղաքական բողոքի բազմաթիվ դրսևորումների հիմքում կարելի է նշել սոցիալական արդարության խնդիրը։ Գումարվելով 90-ականների տնտեսական ծանր դրությանն ու մարդկանց ունեզրկմանը՝ դրանք զգալի դժգոհություն էին բևեռացնում Հայաստանի ներհասարակական կյանքում։ Ժամանակի ընթացքում չձևավորելով արդարության սոցիալական պահանջը և հանրային ընկալումները՝ Հայաստանում ուժեղանում էին արդարության մասին երկակի պատկերացումները։ «Ի՞նչ ենք մենք հասկանում արդարություն ասելով. ուզում ենք ինչ-որ բանի հասնելու հավասար հնարավորությո՞ւն, թե՞ ուզում ենք, որ ոչ ոք ոչ մի հնարավորություն չունենա։ Ես տպավորություն ունեմ, որ մենք ուզում ենք, որ ուրիշն էլ չունենա այն, ինչ չունենք մենք»,— ասում է Նվարդ Մելքոնյանը։

Սամվել Մանուկյանը, որը մասնակցել է Հայաստանի արժեքային համակարգերի գնահատման մի քանի ուսումնասիրությունների, նշում է, որ «մեզ մոտ կրկնակի չափորոշիչների տարրերը շատ տարածված են, ինչը երևում է մարդկանց պատասխաններից։ Օրինակ, զինվորական ծառայությունը։ Բոլորը համարում են, որ առանց բացառության յուրաքանչյուր մարդ պետք է ծառայի բանակում։ Այդ կարծիքը չեն կիսում երևի հարցվածների 5%-ը։ Հենց հարցը հասնում է իրենց երեխայի զինվորական ծառայությանը, վարքագիծն էապես փոխվում է։ Եվ այսպիսի օրինակները շատ են։ Ում էլ հարցնեք, թե կարելի է փողոցը կեղտոտել, կասեն՝ իհարկե, ոչ։ Բայց փողոցները կեղտոտ են։ Ուրեմն՝ կարելի է։ Նույնը վերաբերում է արդարությանը։ Հայտնի սկզբունք կա՝ կեցությունն է որոշում գիտակցությունը։ Թեև շատ ընդհանուր է ասված, սակայն գրեթե բոլոր դեպքերում կիրառելի է։ Երբ մարդն աղքատ է, հազիվ է ծայրը ծայրին հասցնում, արդարության մասին նրա դիրքորոշումը հետևյալն է՝ պետք է հարուստներից փողերը վերցնել, բաժանել աղքատներին։ Բայց եթե նա մի քանի միլիոն դոլարի ժառանգություն ստանա, համոզված եղեք՝ կարճ ժամանակում նրա դիրքորոշումը կփոխվի»։

Արդարության պակասը հանրային դժգոհության հետ միասին նպաստում է արտագաղթի տրամադրությունների մեծացմանը։ 2016-ին հրապարակված «Անկախության սերունդ. Հետազոտություն երիտասարդության շրջանում» սոցիոլոգիական հետազոտությունն արձանագրում է. «Հայոց անկախ պետությունը սոցիալական տարբեր խմբերին, այդ թվում՝ երիտասարդներին չի տրամադրել իրական հավասար հնարավորություններ իրենց նպատակներին հասնելու համար։ Սոցիալական անարդար վիճակը որոշակի անհանգստություններ է առաջացնում, երիտասարդների հեռանկարները դարձնում անորոշ, նրանց ստիպում ապագայի ծրագրերը կապել արտերկրի հետ» [2]։ Այս խնդիրը, որը մշտապես ուսումնասիրության կարիք է ունեցել, հիմա էլ ունի, այդուհանդերձ, դուրս է մնում մասնագիտական հետազոտությունների շրջանակներից։

Արժե նշել, որ սոցիալական պատասխանատվությունը բարոյական, գուցե նաև գաղափարական տեսություն է, երբ կառավարությունը, խոշոր ընկերությունները կամ անհատը ընդհանուր պատասխանատվություն են ստանձնում հասարակության հանդեպ՝ կամավոր պատասխանատվություն հանրային ավելի մեծ միավորի համար, ի հակակշիռ միայն կորպորատիվ կամ անձնական շահի։ Այս առումով կարևոր է գտնել այն սահմանը, երբ անհատի և հասարակության շահերն առավելագույնս մերձենում են, երբ համայնքի առջև ստանձնած պատասխանատվությունն անհատի համար դառնում է ոչ թե անտանելի բեռ, այլ վերածվում է բարիք գործելու գիտակցության, հանրային գովասանքի արժանի արարքի։ Սոցիալական պատասխանատվության ամենաակնառու դրսևորումը ուրիշի, համայնքի մեկ այլ անդամի իրավունքները հարգելն է, ինչն արդեն նշանակում է, որ կա սոցիալական համերաշխություն։

Քաղաքացիական պատասխանատվությունը և հանրային բարիք գործելու, այլոց շահերն ու իրավունքները հարգելու կարողությունը բնատուր չէ, այն ձեռք է բերվում մարդու կյանքի վաղ շրջանում։ Կրթությունը և դաստիարակությունը հատկապես վճռորոշ դերակատարություն ունեն սոցիալական պատասխանատվություն ձևավորելու հարցում։ Հետևաբար, եթե մենք կարևորում ենք հանրային կյանքում առավելագույնս ներգրավված, առաքինի և բարեկիրթ հասարակություն ունենալը, ապա պետք է մեծ ուշադրություն դարձնենք կրթական համակարգում այս երևույթները խրախուսող ծրագրերին։ Քաղաքացիական բարձր գիտակցությունն ու պատասխանատվությունը ոչ միայն կնպաստեն ներհասարակական համերաշխությանը, այլև կբարձրացնեն հանրային գիտելիքը պետության կառավարման, իրավունքի, քաղաքական գրագիտության առումով, ինչն էլ, իր հերթին, հասարակությունը կդարձնի շատ ավելի իրավագիտակից, կայուն և պաշտպանված։

Ընդ որում, մյուսներին սովորեցնելուց զատ կարևոր է անձնական օրինակը։ Ինչպես արդեն նշել ենք, երկակի չափանիշները ոչ միայն չեն նպաստում սոցիալական պատասխանատվության բարձրացմանը, այլև կարող են հակառակ ազդեցությունն ունենալ։ «Օրենքներն ու դաստիարակությունը միմյանց չեն բացառում, այլ փոխլրացնում են։ Ուրիշներին չվնասելու սկզբունքն ընդգրկում է ամեն ինչ, և մարդը կյանքի ընթացքում սովորում և սովորեցնում է, թե տարբեր իրավիճակներում ինչ է նշանակում ուրիշին չվնասել, այսինքն՝ պատասխանատու վարք դրսևորել։ Սոցիալական հարաբերություններն օրենքով կարգավորել, իհարկե, անհրաժեշտ է, սակայն պետք է լինի նաև պատասխանատվության գիտակցությունը։ Իմ կարծիքով՝ ամենալավ ձևը փոքրուց մարդուն դաստիարակելն է, որն, առաջին հերթին, պետք է լինի անձնական օրինակով։ Շատ հասարակություններում, այդ թվում Հայաստանում, գործում են երկակի չափանիշներ, որն ամենամեծ վնասն է հասցնում սոցիալական պատասխանատվությանը։ Օրինակ, եթե ուսուցիչն ասում է, որ ստել չի կարելի, իսկ ինքը խաբում է, ապա աշակերտների շրջանում առաջանում է որոշակի արժեքային բացասական դիրքորոշում»,— ասում է Սամվել Մանուկյանը։

 

Ինչ անել

Ինչպես արդեն նշեցինք, սոցիալական պատասխանատվությունը ձևավորվում է կրթությամբ և դաստիարակությամբ։ Պակաս կարևոր նշանակություն չունի սոցիալական խնդիրների, բարեվարքության և հանրային պատասխանատվության մասին հետևողական խոսույթը, որում մեծ դերակատարություն կարող են ունենալ լարտվամիջոցները։

Սոցիալական ցանցերն այս հարցին, թվում է, նույնպես անդրադառնում են. հաճախ կարելի է նկատել նմանօրինակ գրառումներ։ Բայց կարո՞ղ ենք արդյոք եզրակացնել, որ սոցիալական պատասխանատվության բարձրացման հանրային պահանջ կա Հայաստանում։

«Մեզանից յուրաքանչյուրի շրջապատը, առանձին վերցված, փոքր է, և այդ շրջանակում ընդգրկվածներս իրար նման ենք։ Շատ ավելի մեծ թվով մարդիկ մեզանից տարբերվում են։ Մենք ավելի շատ տարբեր ենք, քան նման։ Այսօր այդ տարբերությունները շատ արտահայտված են. գյուղ-քաղաք տարբերությունն ավելի արտահայտված է, քան երբևէ, մարզային քաղաքների ու Երևանի տարբերությունն ավելի արտահայտված է, քան երբևէ։ Այսօր Երևանի, Մոսկվայի, Սինգապուրի և Դուբայի երիտասարդներն ավելի շատ նմանություն ունեն, քան Հայաստանի բնակիչները»,— ասում է Նվարդ Մելքոնյանը։ Նա կարծում է, որ այսօր հայաստանյան հասարակությունը պետք է լրջորեն զբաղվի «մենք»-ի ձևավորմամբ, փորձի հասկանալ, թե ո՛րոնք են մեր հասարակության ընդհանրությունները, ի՛նչի շուրջ մենք կարող ենք միավորվել ու ձևավորել մեր սոցիալական հարաբերությունները։ «Արևմուտքում հանրային ասելով հասկանում են բոլորինը, մեզ մոտ հանրային ասելով հասկանում ենք ոչ մեկինը»,— եզրափակում է նա։

 

* * *

Անդրադառնալով սոցիալական պատասխանատվության խնդրին՝ հույս ունենք, որ հայաստանյան գիտական և սոցիալապես ակտիվ շրջանակներն իրենց ուշադրության կենտրոնում կպահեն հանրային կարևոր այս ոլորտը։ Պետության ու հասարակության կայունությունը միայն հարստությամբ ու բարեկեցությամբ չի որոշվում։ Շատ ավելի կարևոր է, թե որքանով է հարմարավետ ու հոգեբանորեն հանգիստ կյանքը մեր երկրում։

 

 

-----------------
[1] Ջոն Ռոուլզ, «Արդարության տեսություն, 2007թ.։
[2] «Անկախության սերունդ. Հետազոտություն երիտասարդության շրջանում», Երևան 2016թ., էջ 104։

 

Subscribe to our mailing list

Thank you for your submission! We will review it soon.


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team