cjjgtyixxgwm345xw0fumhjrm 172735866 612x612 copy full

Դավադրապաշտական մտածողությունը դրսևորվում է երկու դեպքում. կամ անհատը հեռու է իրադարձությունների խորքային ընկալումից, կամ հակված է մերժելու օբյեկտիվ իրականությունը, կառչում է այլընտրանքային բացատրություններից, որոնք կապակցված չեն, թեև հուզական և զգացմունքային տեսանկյունից հրապուրիչ են։ Քաղաքական միտքը Հայաստանում, մասնավորապես՝ հանրային մակարդակում, դեռևս խորապես արմատավորված է դավադրապաշտական ենթադրություններում. փորձագետների և գիտնականների դիտարկումները թեև փորձում են խուսափել դավադրությունների ծուղակից, որոշակի մակարդակում, այնուամենայնիվ, ինքնաբերաբար հայտնվում են դրանում։ Ոչ մասնագիտական եզրույթներով ձևակերպելիս տրամաբանությունը հետևյալն է.

english  

«Ինձ համար անհասկանալի է, չափից դուրս պարզ կամ լավ է, որ ճշմարիտ լինի, այս ամենի հիմքում պետք է որ անտեսանելի, թաքնված շերտեր լինեն, և ես ներքին կասկածով եմ վերաբերվում այս իրականությանը, անշուշտ կա մեկ այլ բացատրություն, թե ինչու ունենք այն, ինչ ունենք»։  Այսպիսով, դավադրապաշտական մտածողությունն էվրիստիկական, մտավոր ամենակարճ ուղին է, որին դիմում են այն մարդիկ, որոնք ի զորու չեն ընկալել քաղաքական զարգացումների բարդությունը, կամ նրանք, ովքեր ակնկալում են անտրամաբանական բարդություններ, շփոթվում զարգացումների հարաբերական պարզությունից և, ըստ էության, ստիպված են հնարել այլընտրանքային բացատրություններ, որոնք որևէ աղերս չունեն օբյեկտիվ իրականության հետ։

Հնամենի այս տրամաբանությունը ոչ միայն վնասում է առողջ քաղաքական մշակույթի արմատավորմանը, այլև ինտելեկտուալ ինքնախաբեության զգացում է առաջացնում. անհեթեթ կրկնաբանությունը դառնում է սահմանված կարգ։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր ընդունում են մտածողության այսպիսի եղանակավորումը, իսկ այդպիսիք մեր հասարակության զգալի մասն են կազմում, ապա նրանց ընկալմամբ՝ իշխանության միջանցքները մթին են, առեղծվածայնորեն աստիճանակարգային և համակարգվում են անտեսանելի ուժերի կամ արտաքին տերությունների կողմից։ Պարզ ասած՝ անհեթեթ կրկնաբանությունը ծնունդ է տալիս դավադրապաշտությանը. անտեսանելի ուժերը ձևավորում, վճռում և ուղղորդում են հայաստանյան քաղաքականությունը, որում ամեն ինչ հորինված է, և մի կեղծիքը կոծկված է մեկ այլ կեղծիքով։ Ինչպես տեսնում ենք, կրկնաբանությունը դառնում է խեղդող և անհեթեթ։ Տիկնայք և պարոնայք, հենց սրանով է տառապում մեր քաղաքական մշակույթը։

Այժմ անդրադառնանք հարցին, թե ի՞նչ կարիք կա տարրալուծել և քողազերծել Հայաստանի քաղաքական մշակույթի ճանաչողական արատները, ինչո՞ւ է սա այսքան կարևոր։ Պատճառը պարզ է. մինչ հայ հասարակության մեծ մասն առանց քննադատության, խանդավառությամբ և եռանդով աջակցում էր և շարունակում է աջակցել Ժողովրդական շարժմանն ու Փաշինյանի կառավարությանը, նույն այս աջակիցները դեռևս համոզված չեն, թե ինչպիսին է մեր քաղաքական իրականության ներկա վիճակը. մարդիկ, որոնք սովոր չեն թափանցիկությանը, անորոշության և անհարմարավետության զգացում ունեն կառավարման և քաղաքականության անկեղծության աստիճանից, մարդիկ, որ սովոր չեն մի հասարակության, որում հարուստները կամ քաղաքական վերնախավը հաշվետու է օրենքի առաջ, դեռ կասկածում են և համոզված չեն, որ այս իրականությունը կայուն է։ Պարզ ասած՝ կառչելով դավադրապաշտական մտածողության անհեթեթ կրկնաբանությունից՝ շատերը դեռ հավատում են, որ Թավշյա հեղափոխությունը, հնարավոր է, մանրակրկիտ կազմակերպված ակտ էր. մարդիկ ներքին անհանգստությամբ են ընդունում փաստը, որ իշխանությունները, որը տասնամյակներ շարունակ անդադար կեղեքել, թալանել և հպատակեցրել է իրենց, կարող են իրականում դուրս մղվել։ Նրանց համար սա պարզապես անհասկանալի է։ Ինչպե՞ս կարող է ընդամենը մի քանի ամիսների ընթացքում փոխվել այն իրականությունը, որը ծանոթ է ծննդյան օրվանից ի վեր, ուղեկցել է իրենց ողջ կյանքի ընթացքում։ Հենց այստեղ է թաքնված պարադոքսը. նրանք սիրում և աջակցում են Փաշինյանին, բայց, միևնույն ժամանակ, շարունակում են կասկածամտությամբ ու անորոշությամբ վերաբերվել քաղաքական արդյունքին։

Եթե նախատեսված է, որ Ժողովրդական շարժումը և Թավշյա հեղափոխությունը պիտի հասնի տրամաբանական հանգուցալուծման, եթե ժողովրդավարացումը պիտի դառնա կայուն իրականություն, ապա ազգն առաջնորդողները պետք է վստահություն վայելեն և լեգիտիմ համարվեն։  

Մտածողության այս եղանակավորման ամենամեծ խնդիրն, անշուշտ, ինքնին արդյունքն է. այն հանգեցնում է խիստ անվստահության։ Կառավարության հանդեպ վստահության պակասը բերում է լեգիտիմության կորստի։ Եթե նախատեսված է, որ Ժողովրդական շարժումը և Թավշյա հեղափոխությունը պիտի հասնի տրամաբանական հանգուցալուծման, եթե Հայաստանը պիտի զարգանա ու առաջընթաց գրանցի, եթե ժողովրդավարացումը պիտի դառնա կայուն իրականություն, ապա ազգն առաջնորդողները պետք է վստահություն վայելեն և լեգիտիմ համարվեն։ Այս համատեքստում դավադրապաշտական տրամաբանությունը և անհեթեթ կրկնաբանությունը, որին այն հանգեցնում է, սովորության համաձայն խթանում է անվստահությանը, որը թաքուն ու աստիճանաբար թուլացնում է օրինականությունը։

Եթե Փաշինյանի կառավարությանը վիճակված է իրականություն դարձնել Թավշյա հեղափոխությունը և իրագործել անհրաժեշտ բարեփոխումներ, որոնք կարող են ամրապնդել Հայաստանի ժողովրդավարացումը և զարգացումը, ապա այն չպիտի կանգնի օրինականության ճգնաժամի առաջ։ Ավելորդ է ասել, որ այս փուլում լայն ժողովրդականության շնորհիվ նման մտահոգություն չկա։ Բայցևայնպես, եթե դավադրապաշտական քաղաքական մշակույթը արմատախիլ չարվի, տևական կասկածի ու անվստահության մթնոլորտն ի վերջո կհանգեցնի օրինականության հետ կապված Սխնդիրների։

Ենթադրենք, թե այդպես է, բայց կառավարությունն ի՞նչ կարող է անել, կամ ի՞նչ է անում՝ նվազագույնը միջնորդելու և օգնելու, որ քաղաքական մշակույթը զարգանա։ Պատասխանը իրագործելի բարեփոխումներն են՝ թելադրված ցենտրիզմով։ Ընդհանուր առմամբ այն հանգեցնում է օրենքի տառի պահպանման և կառավարության քաղաքականության ագրեսիվ գործադրման, մասնավորապես նախկին համակարգի արմատավորված ուժային կառույցների դեմ պայքարում, որոնք ստանդարտացվել են կոռուպցիայի և հովանավորչության շնորհիվ։ Սա՛ է Փաշինյանի պատերազմը։ Այն երկու ճակատով մարտ է՝ մի կողմից համակարգային կոռուպցիայի, մյուս կողմից՝ թերզարգացած քաղաքական մշակույթի դեմ։ Հետևաբար, Փաշինյանի՝ նախկին համակարգի արմատացած իշխանության դեմ պատերազմի հռչակագիրը լոկ կոռուպցիայի վրա առանձին հարձակում չէ, այլ լայն, բազմակողմ ռազմավարություն, որը ենթադրում է Հայաստանի քաղաքական մշակույթի գաղափարական վերակազմավորում։ Այս բազմակողմ ռազմավարությունը, սակայն, չի հենվում զուտ իրավական և օրենսդրական ռեսուրսների վրա. Փաշինյանը նաև ընդլայնում է իր քաղաքական կապիտալը։ Ոչնչացնելով նախորդ համակարգի կառուցվածքային ռեսուրսները՝ նա իր հերթին հստակեցնում և ներդնում է սեփական քաղաքական ռեսուրսները՝ նախապատրաստվելով մոտ ապագայում կայանալիք արտահերթ ընտրություններին։ Ուստի Փաշինյանի պատերազմի ընդհանրական նպատակը ոչ միայն նախկին հասարակական-քաղաքական համակարգը քողազերծեն ու կարգուկանոնի ենթարկվող հասարակություն կյանքի կոչելն է, այլև կազմակերպչական, ինստիտուցիոնալ և գաղափարական ռեսուրսներ ստեղծելը, որոնք նրան (և նրա կուսակցությանը/քաղաքական դաշինքին) հաջողություն կբերեն առաջիկա արտահերթ ընտրություններում։

Եռաշերտ ռազմավարություն

Փաշինյանի ռազմավարական հնարքն ունի թե՛ ընթացակարգային, թե՛ ծրագրային բաղադրիչներ և պտտվում է գլխավորապես երեք հիմնական ոլորտի շուրջ՝ տնտեսական, քրեական և վարչական։ Բոլոր երեք ոլորտներն էլ համաչափ են կոռուպցիայի դեմ պատերազմին, հետևաբար նաև ընթացակարգային նմանություններին. ծրագրային նախագծերը փոքր-ինչ տարբեր են։ Իրավական նախաձեռնությունների կյանքի կոչումը տնտեսական ոլորտում նպատակ չունի դատապարտելու կամ քրեականացնելու խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին. ավելին, նպատակը դրամական տուգանքներն են ու փոխհատուցման շուրջ համաձայնությունը։ Քրեական ոլորտը, սակայն, ծրագրային առումով նախատեսում է դատավճիռներ, և սա հիմնականում առնչվում նրանց, ովքեր գուցե ներգրավված են եղել տնտեսական չարաշահումներում, բայց թիրախավորվում են քրեական գործունեության համար՝ դաժան հանցագործություններից մինչև քաղաքական ճնշումներ և հետապնդում։ Վարչական ոլորտը զուտ քաղաքական է. Փաշինյանը մարզային և քաղաքային պաշտոնյաներին փոխարինում է համախոհների նոր ձևավորվող թիմով, որոնք հավատարիմ են Ժողովրդական շարժմանը՝ այդպիսով ստեղծելով կազմակերպչական մի ենթակառուցվածք, որը նպաստելու է թափանցիկ արտահերթ ընտրությունների անցկացմանը։

Փաշինյանը ոչ միայն չեզոքացնում է նախկին քաղաքական դերակատարներին՝ առանց իրավական ռեսուրսների օգտագործման, այլև ընդարձակում է իր քաղաքական կապիտալը՝ ապավինելով ռոբինհուդյան էֆեկտին։ 

Նախկին վարչակարգի գործիչների և պաշտոնյաների հանդեպ վենդետա կիրառելուց հրաժարվելու Փաշինյանի հանրային լայն դիսկուրսը, թվում է, ընդհանուր հղում է նրանց, ովքեր ներգրավված են եղել ֆինանսական հանցագործություններում և պաշտոնական դիրքի չարաշահման մեջ։ Այս համատեքստում հակակոռուպցիոն արշավը տնտեսական ոլորտում ի սկզբանե թիրախավորում է երկրի խոշոր կորպորատիվ և գործարար շահերի ներկայացուցիչներին, որոնք ունեցել են նաև քաղաքական լծակներ։ Նպատակը, սակայն, դատական գործերը իրավական և մեղադրական եզրակացությունների հասցնելը չէ՝ փոխարենը առաջարկվում է համաներման մի տարբերակ, եթե այս եզրույթը կարելի է կիրառել որպես մեղմասություն։ Կառավարությունը նպատակ չունի էլ օգտագործել նրանց նախկին տնտեսական և ֆինանսական հանցանքները քրեական գործեր հարուցելու համար,. փոխարենը կառավարությունը պարզապես ցանկանում է վերականգնել յուրացված ֆինանսական միջոցները և հետադարձ ուժով ապահովել հարկային մաուտքերը՝ նախապես սահմանված տուգանքների հետ մեկտեղ։ Այս իմաստով, այն գործարարներին, որոնք ներգրավված են եղել միայն տնտեսական ոլորտի կոռուպցիոն սխեմաներում, առաջարկվում է «համաներման» գաղափարը, որը հիմնված է վերը նշված դրամական տուգանքների և հատուցումների վրա։ Օրինակ, «Երևան Սիթի» սուպերմարկետի, «Նորֆոլկ», GLG/JLJ և այլ ընկերությունների դեպքում գործին առնչվող ընկերություններն շատ արագ վճարեցին մեծ չափերի հասնող տուգանքներ և համաձայնեցին աշխատել կառավարության հետ՝ պարտավորվելով ապագայում փոխհատուցել պետությանը պատճառած ֆինանսական վնասները։ Միևնույն ժամանակ, այս ընկերությունների սեփականատերերը կամ ղեկավարները, որոնցից շատերը նախորդ համակարգում քաղաքական համապատասխան ուժի ներկայացուցիչներ էին, հոժարակամ հեռացան քաղաքական թատերաբեմից՝ սեփական գործունեությունը սահմանափակելով զուտ տնտեսական ոլորտով։ Այս հնարքի միջոցով Փաշինյանը ոչ միայն չեզոքացնում է նախկին քաղաքական դերակատարներին՝ առանց իրավական ռեսուրսների օգտագործման, այլև ընդարձակում է իր քաղաքական կապիտալը՝ ապավինելով ռոբինհուդյան էֆեկտին։ Նա վերցնում է կոռումպացված հարուստներից ու վերադարձնում ժողովրդին, այն է՝ պետությանը։

Փաշինյանի պատերազմը քրեական դաշտում էականորեն տարբեր է տնտեսականից. ընթացակարգային տեսանկյունից թեև երկու մարտն էլ մղվում է հակակոռուպցիոն դրոշի ներքո, «համաներում փոխհատուցման միջոցով» գաղափարը հազիվ թե ընկալելի է այս պարագայում։ Ծրագրային մոտեցումն այստեղ դատական գործընթացի ապահովումն ու գործող քրեական տարրի ազատազրկումն է։ Եվ հանգամանքը, որ այստեղ քաղաքական ծանրակշիռ գործիչներ են, որևէ կերպ չի փոխում դինամիկան։ Գեներալ Մանվել Գրիգորյանի սկանդալային ձերբակալությունը,— զարգացում, որն անհավանական էր թվում ամիսներ առաջ,— ըստ էության այս քաղաքականության շարունակությունն է։ Նույն շարքից են տխրահռչակ Ալեքսանդր Սարգսյանի ձերբակալությունը և քրեական գործերի հարուցումը, նրա որդու՝ Նարեկ Սարգսյանի ձերբակալման հրամանը, և ընդհանրապես քրեական գործերի կենտրոնացումը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մերձավորների, այդ թվում նրա անվտանգության նախկին ղեկավար Վաչագան Ղազարյանի շուրջ, ինչպես նաև նրա մյուս եղբոր՝ Լևոն Սարգսյանի ձերբակալության որոշումը։ Դատական այս գործերը հստակ ցուցիչներ են քաղաքականության, որը թիրախավորում է քաղաքական-քրեական գործիչներին՝ ի հակադրություն նրանց, ովքեր ներգրավված են եղել միայն ֆինասնական և պաշտոնեական չարաշահումներում։

Հարկ է նշել նաև, որ տարբերակում չի դրվում քրեական և քաղաքական գործոնների միջև. հարցաքննվում են նույնիսկ ազդեցիկ քաղաքական գործիչները, որոնք ներգրավված են տարբեր օրինազանցություններում։ Ըստ էության, քաղաքական գործոնը վիճարկման առարկա է, քանի դեռ այն հանցավորության ոլորտում է։ Սրա մասին է վկայում 2008թ. մարտի 1-ի դեպքերի նոր հետաքննությունը, նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը, կամ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության որոշումը։

Քաղաքական մշակույթի տեսանկյունից Փաշինյանը դիմում է շոկային թերապիայի, հատկապես մարզպետների տեղակալների պաշտոնում կանանց նշանակումով, կամ կին քաղաքապետերի թվի ավելացումով։  

Այստեղ նպատակը պարզ է. վերացնել Հայաստանի պաշտոնական և ոչ պաշտոնական քաղաքականության մեջ հանցավոր աշխարհի և քաղաքական գործիչների միջև կոռուպցիոն ցանցը։ Փաշինյանի պատերազմը թիրախավորում է թե՛ ազգային, թե՛ տեղական քաղաքական-հանցավոր կառույցները, որոնք հիմնված են «հեղինակության» արտաիրավական հասկացությունների վրա, որտեղ կեղծ հանցագործ և կեղծ քաղաքական խաղացողները գործակցում են՝ ամրապնդելով հովանավորչական քաղաքականությունը։ Գաղափարական տեսանկյունից սա նաև վնասում և քայքայում է այս անհատներից շատերի անձեռնմխելիության տրամաբանությունը, որը հասարակությունը թեև վրդովմունքով, բայց ընդունել էր։ Քաղաքական այս գործիչներին զուտ հանցավոր որակելով՝ Փաշինյանը շարունակում է նրանց օրենքից դուրս հայտարարել։ Այսպիսով, մենք ականատեսն ենք գրոհի քաղաքական-քրեական համակարգի վրա, որը ծառայում էր հասարակական-քաղաքական կոռուպցիայի մշակութային համակարգի ամրապնդմանը։ Այն, որ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավարի համար, օրինակ, բացառություն չարվեց, խոսուն վկայությունն է այն բանի, թե որքան հետևողական ու լուրջ է դարձել Փաշինյանի պատերազմը։

Փաշինյանի պատերազմի ընդհանուր ռազմավարության երրորդ բաղադրիչը Հայաստանի բոլոր մարզերի վարչական ռեսուրսի հիմնովին վերանայումն է, հատկապես մարզպետների նշանակումը, որն ուղղակիորեն վարչապետի իրավասության շրջանակներում է։ Դիտարկելով այն փաստը, որ Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ցանցի պես տարածված էր երկրով մեկ, տեղական իշխանության ներկայացուցիչները հիերարխիկ կապեր էին ձևավորել մարզային իշխանության ներկայացուցիչների հետ, ինչն էլ իր հերթին ծառայում էր Երևանում կենտրոնացված իշխանության քաղաքական և տնտեսական բարեկեցությանը։ Արմատավորված իշխանական կապերի այս ցանցի կործանումը դեռևս կենտրոնական տեղ է զբաղեցնում իշխանությունը թե՛ ազգային, թե՛ տարածաշրջանային և թե՛ տեղական մակարդակներում համախմբելու նպատակում։ Մենք կառուցվածքային տեսանկյունից դիտարկել ենք նոր մարզպետների նշանակումը, որոնց քաղաքական նպատակները համահունչ են կառավարության նպատակներին, միևնույն ժամանակ տեսնում ենք քաղաքապետերի հրաժարականների թվի աճ (որոնցից ամենանշանակալին, թերևս, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականն էր), որին հետևեց նոր քաղաքապետերի նշանակումը, որոնք դարձյալ հավատարիմ են Ժողովրդական շարժմանը։ Մարզերը վերակազմավորելու տեսանկյունից Փաշինյանը դնում է հիմքեր, որոնք նրա կառավարությանը թույլ կտան կղզիացնել շահերի այն արմատավորված ցանցը, որը ՀՀԿ-ն հյուսել էր տարիների ընթացքում։ Քաղաքական մշակույթի տեսանկյունից Փաշինյանը դիմում է շոկային թերապիայի, հատկապես մարզպետների տեղակալների պաշտոնում կանանց նշանակումով, կամ կին քաղաքապետերի թվի ավելացումով։ Կոնցեպտուալ առումով այս ռազմավարությունն առաջիկա արտահերթ ընտրությունների լայն նախապատրաստական աշխատանքների շարունակությունն է։ Վերացնելով ՀՀԿ-ի վարչական և քաղաքային իշխանությունը, որը էական նշանակություն ուներ ընտրություններում նախորդ վարչակարգի հաղթանակն ապահովելու գործում, Փաշինյանը ճանապարհ է հարթում խաղաղ ու անխափան արտահերթ ընտրությունների համար, հատկապես տեղական և մարզային պաշտոնյաների հետ, որոնք հարում են իրենց շարժմանը։

 

Ի՞նչը կարող է ձախողվել կամ Փաշինյանի պատերազմի հնարավոր խոչընդոտները

Բացառելով արտածին հանգամանքները կամ չկանխատեսված ճգնաժամը՝ կարելի է առանձնացնել երեք հնարավոր հանգամանք, որը ենթադրաբար կարող է սահմանափակել կամ լրջորեն վնասել Փաշինյանի մեծ ռազմավարության հաջողությանը։ Առաջինը կարող է գլուխ բարձրացնել Բարգավաճ Հայաստան կուսակցության կամ Ծառուկյան քաղաքական դաշինքի հետ տարաձայնությունների տեսքով, հատկապես երբ քաղաքական երկու խմբակցություններն էլ նախապատրաստվում են գալիք ընտրություններին։ Ելքի և Ծառուկյան խմբակցության դաշինքը լավագույն դեպքում արհեստական է և Ծառուկյանի օպորտունիզմի, ինչպես նաև ՀՀԿ-ի առաջնորդության դիմաց արդարացի հատուցման թաքնված ցանկություն։ Ժամանակավոր այս էյֆորիան, սակայն, շուտով կառերեսվի ընտրական մրցապայքարի իրականությանը. Ծառուկյան դաշինքն արդեն իսկ հաստատել է ընտրություններում հաղթանակ գրանցելու իր ցանկությունը։ Կողմերը միմյանց անխուսափելի մրցակիցներ են դիտարկում և, նկատի առնելով փաստը, որ քաղաքական երկու խմբակցությունների նպատակներն ըստ էության չեն համընկնում, պառակտման լուրջ հավանականություն կա։ Թեև Ելքն այս փուլում առանձնապես մտահոգված չէ նման զարգացումներով՝ հաշվի առնելով Փաշինյանի ժողովրդականությունը, փաստն այն է, որ Ծառուկյան դաշինքն այնքան էլ տարբեր չէ ՀՀԿ-ից և խնդիր չի ունենա ՀՀԿ-ի համեմատաբար ուժեղ գործիչներին ներգրավելու և հարթակ տրամադրելու հարցում։ Նկատի ունենալով Ծառուկյան դաշինքի նախկին գործունեությունը, մասնավորապես քվեներ գնելու հանգամանքը, օլիգարխիկ ժառանգությունը (պատրիմոնիալիզմ) և քաղաքական մշակույթը, որը զուրկ է ժողովրդավարական լիազորություններից, հավանականություն կա, որ այն լուրջ խոչընդոտ կդառնա Փաշինյանի մեծ ռազմավարությանը՝ հաշվի առնելով հատկապես Գագիկ Ծառուկյանի անսահման հարստությունն ու ամբոխահաճո գրավչությունը։

Երկրորդ խոչընդոտը, որը թեև շատ ավելի բնական է ու քաղաքականապես առողջ, բայց գաղափարական առումով անհանգստացնող, բացահայտ գաղտնիքն է, որ զգալի լարվածություն կա Ելքի ներսում՝ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր և Լուսավոր Հայաստան կուսակցությունների միջև։ Չափերի ու ռեսուրսների տեսանկյունից ակնհայտ է, որ Լուսավոր Հայաստանը մեծ սպառնալիք չէ՝ ի տարբերություն Ծառուկյան դաշինքի։ Սակայն Լուսավոր Հայաստան կուսակցությունը հռչակել է լուրջ և ժողովրդավարական կուսակցություն լինելու իր բարի մտադրությունները, և երկու կուսակցությունների միջև լարվածությունն ու թաքնված դրաման կարող է զարգանալ՝ ընտրությունների ընթացքում վերածվելով բացահայտ քաղաքական առճակատման, ճիշտ նույն ձևով, ինչին ականատես եղանք, երբ Զարուհի Փոստանջյանի Երկիր ծիրանի կուսակցությունը բացահայտ և նախահարձակ ձևով բախվեց Ելքի հետ։ Արդյունքում միավորման միջոցով Ժողովրդական շարժումն իրականություն դարձրած առանցքային քաղաքական խմբերի հավանական ճեղքումը կարող է հանգեցնել ծայրահեղ բարդությունների։ Փաշինյանի համար մի հարց է ունենալ իր կառավարությանը հակադրվող կոռումպացված ընդդիմություն՝ այժմ ՀՀԿ-ի կամ գուցե Ծառուկյան դաշինքի և նրա բոլոր հիմնական կառույցների տեսքով, բայց միանգամայն այլ հարց՝ որպես ընդդիմություն ունենալ անբիծ, հարգված քաղաքական կուսակցություն և մերձավոր նախկին դաշնակից։ Այլ կերպ ասած՝ պառակտման հավանականությունը շատ ավելի բարձր է Ծառուկյան դաշինքի, քան Լուսավոր Հայաստան կուսակցության դեպքում՝ հատկապես, երբ կա հավանականություն, որ Փաշինյանին կհաջողվի ներգրավել Լուսավոր Հայաստան կուսակցությունը և նույնիսկ իրեն համախոհ դարձնել Էդմոն Մարուքյանի ստորադրյալներից ոմանց։ Մանե Թանդիլյանի հետ կապված վերջին իրադարձությունները դրա վառ օրինակն էին։[1]

Անկախ աշխարհաքաղաքական նկատառումներից, Ռուսաստանը, ըստ էության, համարում է, որ իր ազդեցության գոտում ժողովրդավարական պետության գոյությունը հակասում է ռուսական շահերին։ Այս իմաստով, որքան Հայաստանն ավելի ժողովրդավարական դառնա, այնքան կփոխվի նրա աշխարհաքաղաքական դիրքորոշումը:

Թեև վերոնշյալ երկու սցենարները կառավարման և կոալիցիայի ստեղծման հարցում կարող են բարդությունների հանգեցնել, դրանք, այնուամենայնիվ, բացթողումներ են, որոնցից Փաշինյանն ի վիճակի կլինի հաջողությամբ խուսանավել։ Իրենց էությամբ դրանք քաղաքական են և ոչ այնքան էական՝ հաշվի առնելով Փաշինյանի քաղաքական կապիտալը և ցանկացած ներպետական քաղաքական բարդությունների կամ ընդվզման դեմ այն որպես լծակ կիրառելու նրա ունակությունը։

Երրորդ սցենարը, որը վերաբերում է Փաշինյանի բարեփոխումների և քաղաքականության հանդեպ Ռուսաստանի դժգոհության նկատելի աճին, շատ ավելի լուրջ խնդիր է և կարող է զգալիորեն դժվարացնել Փաշինյանի պատերազմը։ Մինչ Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում ռուսների մտահոգությունները փարատելու ուղղությամբ, հատկապես միջազգային թատերաբեմում՝ Ռուսաստանի օգտին քվեարկելով ՄԱԿ-ում և չվերնայելով Հայաստանի անդամակցային պարտավորությունները Ռուսաստանի կողմից ղեկավարվող տարածաշրջանային կազմակերպություններում, Ռուսաստանը կարծես թե հետևողականորեն ահազանգում է Հայաստանի շարունակվող ժողովրդավարացման նկատմամբ իր հակակրանքի մասին։ Պարզ ասած՝ անկախ Փաշինյանի պնդումներից, թե իր կառավարության քաղաքականությունը որևէ ազդեցություն չունի և չի ունենա աշխարհաքաղաքական զարգացումների վրա, այն կարծես համոզիչ չէ Ռուսաստանի համար։ Կամ, ավելի անկեղծ, Ռուսաստանի հարգանքը Հայաստանի ինքնիշխանության հանդեպ բավական ապակողմնորոշող է. անկախ աշխարհաքաղաքական նկատառումներից, Ռուսաստանը, ըստ էության, համարում է, որ իր ազդեցության գոտում ժողովրդավարական պետության գոյությունը հակասում է ռուսական շահերին։ Այս իմաստով, որքան Հայաստանն ավելի ժողովրդավարական դառնա, այնքան կփոխվի նրա աշխարհաքաղաքական դիրքորոշումը. երկու կողմում էլ սա գիտակցում են, թեև խուսափում բարձրաձայնել. Ռուսաստանը նախընտրում է վերահսկել հարևաններին՝ թե՛ տարածաշրջանային, թե՛ ներքին հարցերում։ Այս իմաստով Հայաստանում պատրանք կա, որ Ռուսաստանը կհարգի իր ներքին զարգացումները և չի միջամտի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը կհարգի ու կպահպանի աշխարհաքաղաքական ստատուս քվոն, ինչը ծառայում է Ռուսաստանի շահերին։ Ռուսաստանն ամենայն հավանականությամբ այս կերպ ազդանշան է տալիս, որ դա բավարար չէ։

Ինչպե՞ս կմիջամտի, կխոչընդոտի կամ կխանգարի Ռուսաստանը Փաշինյանի մեծ ռազմավարության իրագործմանը։ Հաշվի առնելով Կրեմլի կողմից Վրաստանում ազդեցության կորստի ընդունումը և աշխարհաքաղաքական մղձավանջը Ուկրաինայում՝ Ռուսաստանի ռազմավարությունը տնտեսական ճնշման ձևով և ուժի կիրառմամբ ուղղակի, անմիջական արձագանքը փոխարինել է տևական և մեթոդաբանական քաղաքականությամբ։ Նկատի առնելով Փաշինյանի ժողովրդականությունը և ծածուկ հակառուսական տրամադրությունները Հայաստանում՝ Ռուսաստանը հմտորեն չեզոք դիրք է գրավել Ժողովրդական շարժման վերաբերյալ իր գնահատականներում։ Այս չեզոք դիրքը, սակայն, բավական ապակողմնորոշող է, որովհետև Ռուսաստանը դեռևս դժգոհ է Հայաստանի ժողովրդավարացման շարունակվող գործընթացից։ Սրա ռացիոնալ պատճառը պարզ է ու շիտակ. ժողովրդավարությունները հնարավոր չէ ճնշել կամ վերահսկել արտաքին պետությունների կողմից այնպես, ինչպես ոչ ժողովրդավարական վարչակարգերի դեպքում, և, ըստ էության, որքան ժողովրդավարական դառնա Հայաստանը, այնքան կվերահաստատի իր ինքնիշխանությունը։ Կրեմլի տեսանկյունից սա հակասում է տարածաշրջանում իր շահերին։

 Փաշինյանի պատերազմը Նոր Հայաստան ձևավորելու առաջին փուլն է. եթե առաջին փուլը հաջողի, երկրորդ փուլը պահանջելու է շատ ավելի մեծ ռեսուրսներ, կարողություններ, հայկականության ամրապնդում։  

Հետևաբար, Ռուսաստանի նպատակը ազդեցությունն առավելագույնի հասցնելն է իր ազդեցության ոլորտում և այն պետություններում, որոնք ներգրավված են այդ գոտում։ Սա է գլխավոր պատճառը, թե ինչու Ռուսաստանն ուղղակիորեն չմիջամտեց Ժողովրդական շարժման ընթացքում. Հայաստանի հասարակությունը երես կթեքեր Ռուսաստանից, և սա է՛լ ավելի կսահմանափակեր Ռուսաստանի ազդեցությունն ու շահերը երկրում։ Ներքին հուզականության լարված շրջանում իր ազդեցությունը չգերագնահատելու համար Ռուսաստանը նախընտրեց չմիջամտել. ահա սա էր նրա չեզոք դիրքորոշման պատճառը։ Ուղղակի միջամտությունից հրաժարվելը կամ չեզոքությունը չեն ենթադրում, սակայն, որ Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում կամ գոհ է Փաշինյանի և Ժողովրդական շարժման ձեռքբերումներից։ Հենց այս պատճառով էլ Հայաստանի նկատմամբ ռուսական քաղաքականությունը զգալիորեն տարբերվելու է նրանից, թե ինչպես Ռուսաստանը վարվեց Վրաստանի կամ Ուկրաինայի դեպքում. ուղղակի միջամտություն չի լինի, փոխարենը ռուսական կողմը փափուկ ուժ կկիրառի, տնտեսական ազդեցություն և տարածաշրջանային ռազմական հզորություն՝ Փաշինյանի ներքին մեծ ռազմավարությանը խոչընդոտելու և խանգարելու համար։ Ռուսաստանը երկարաժամկետ քաղաքականություն է մշակում՝ ձգտելով չեզոքացնել Հայաստանի ժողովրդավարացումը։

Սա տեղի կունենա գլխավորապես երեք ձևով։ Նախ, ֆինանսավորելով և աջակցելով տեղական քաղաքական կուսակցությանը, որն ընդդիմություն կլինի Ելքին՝ այդպիսով օգտագործելով ժողովրդավարական մրցակցությունը ռուսամետ կուսակցություն հիմնելու համար։ Երկրորդ. կիրառելով տնտեսական ճնշումներ ընտրողական պատժամիջոցների, արհեստական հարկադրանքների և այլ մարտավարությունների միջոցով, ուղղակիորեն ազդելով Ռուսաստանից Հայաստանի տնտեսական կախվածության վրա։ Եվ երրորդ՝ ուժեղացնելով տարածաշրջանում ռազմական ազդեցությունը, գլխավորապես Ղարաբաղյան հակամարտության միջոցով՝ Փաշինյանի կառավարությունից զիջումներ կորզելու նպատակով։

Առաջին տարբերակի դեպքում ռուսական միջամտության համար հարմար է Ծառուկյան դաշինքը. Ծառուկյանը սերտ կապեր ունի Մոսկվայի հետ, ձգտում է իշխանության և պատրաստ է իշխանության հասնելու նպատակով տեղի տալ Մոսկվայի կամքին, և որն ավելի կարևոր է, Ծառուկյան դաշինքի քաղաքական միտումները, ինչպես նշել ենք ավելի վաղ, շատ ավելի համահունչ են ոչ ժողովրդավարական կուսակցության միտումներին։ Ուստի շահերի նման դասավորությունը, համադրվելով ռուսական աջակցության հետ, կարող է ճանապարհ հարթել դեպի բավական լուրջ և վճռական ընտրական մենամարտ (կամ գուցե ավելին, քան զուտ ընտրական մրցակցություն) Ելքի և Ծառուկյան խմբակցության միջև։

Երկրորդ դեպքում քաղաքականության մեջ աննշան տեղաշարժերը կամ գյուղատնտեսական ներկրումների սահմանափակումները, գազի գների կտրուկ աճը կամ աշխատանքային միգրանտների Հայաստան կատարվող դրամական փոխանցումներն արգելափակելու կարողությունը կարող են վնասել Հայաստանի զարգացող տնտեսությանը։ Անկախ նրանից, թե որքան ժողովրդավարական է պետությունը, երկրում տնտեսական պայմանների աստիճանաբար վատթարացման դեպքում Փաշինյանի կառավարությունը կզգա դրա խտացած ազդեցությունը, ինչը նույնպես վնաս կհասցնի նրա կառավարության աշխատանքին։ Երրորդ դեպքում, Ադրբեջանի հետ տարածաշրջանում սպառազինության հավասարությունը պահպանելու նպատակով Հայաստանի գերկախվածությունը Ռուսաստանից ներքին առումով անհավասար գործընկերություն է ստեղծում երկրների միջև։ Այս համատեքստում թե՛ Ադրբեջանի կողմից էսկալացիան լռելյայն թույլ տալով, թե՛ Հայաստանին զենքի վաճառքը սահմանափակելով, թե՛ Ադրբեջանին վաճառվող զենքի ծավալներն ավելացնելով (այսինքն՝ ընդամենը մի քանիսը սցենարների այն մեծ բազմազանությունից, որ Մոսկվան կարող է կիրառել՝ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում Հայաստանի աշխարհաքաղաքական հնարավորությունները սահմանափակելու համար)՝ Կրեմլը կարող է հեշտությամբ պայմաններ թելադրել Հայաստանին՝ նկատի առնելով մանեվրելու վերջինիս փոքր հնարավորությունները:[2]

Ամփոփելով կարելի է ասել, որ ներպետական խնդիրների դեմ Փաշինյանի պատերազմը առերեսվում է Ռուսաստանից բազմաթիվ արգելքների, արգելքներ, որոնք թեև դանդաղ են, մեթոդական և երկարաժամկետ, բայց, այնուամենայնիվ, խնդրահարույց սկզբնավորվող ժողովրդավարության համար։

«Պատերազմ» եզրույթը կիրառվում է կոռուպցիայի և Հայաստանի ոչ այնքան զարգացած քաղաքական մշակույթի դեմ Փաշինյանի մեծ ռազմավարությունը որակելու համար, որովհետև վերջնական նպատակը ոչնչացումն է. կոռուպցիայի ոչնչացում, անառողջ, դավադրապաշտական քաղաքական մշակույթի ոչնչացում։ Փաշինյանի այս առասպելական պատերազմը, սակայն, սկսվում է նախ ոչնչացնելու, բայց նաև կառուցելու հնարավորություն ունենալու ցանկությամբ։ Այսպիսով, եթե հումորով մեջբերենք անարխիստներին՝ «ոչնչացման բուռն տենչը ստեղծարար տենչ է»։ Փաշինյանի կառավարությունն առաջ է շարժվում նախահարձակ ցենտրիզմի միջով՝ ոչնչացնելու հայկական հասարակության արատները, պատերազմ հայտարարելով համակարգային, մշակութային և վարչական չարաշահումներին, որոնք վերջին երեք տասնամյակներում սանձել են Հայաստանի առաջընթացը։ Դեռ չափազանց վաղ է գուշակել այս պատերազմի հանգուցալուծումը, և եթե անգամ պատերազմը պսակվի հաջողությամբ, այդ դեպքում կարող ենք հասնել շատ ավելի բարդ հանգրվանի՝ վերակառուցման։ Կործանելը շատ ավելի հեշտ է, քան ստեղծելը։ Ըստ էության, Փաշինյանի պատերազմը Նոր Հայաստան ձևավորելու առաջին փուլն է. եթե առաջին փուլը հաջողի, երկրորդ փուլը պահանջելու է շատ ավելի մեծ ռեսուրսներ, կարողություններ, հայկականության ամրապնդում։ Պատմության քառուղիներում Հայաստանը երկար տարիների դադարից հետո առաջին անգամ չի հնազանդվում պատմությանը. այս անհնազանդությունն է կազմում Փաշինյանի պատերազմի էությունը։ Հայաստանը ինքնավերակերտվում իր իսկ պատկերով՝ մի բան, որը չի եղել երկարատև պատմության ընթացքում։

 
------------------------------------------
1. Մանե Թանդիլյանը Աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարն է։ Չհամաձայնելով կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը, որը ժառանգություն էր էր դեռ նախորդ վարչակարգից, նա հրաժարական ներկայացրեց նախարարի պաշտոնից և դադարեցրեց իր անդամակցությունը Լուսավոր Հայաստան կուսակցությանը, որի ղեկավար անդամներից էր։ Վարչապետ Փաշինյանը չընդունեց նրա հրաժարականի դիմումը, և բանակցություններից հետո Թանդիլյանը համաձայնեց շարունակել պաշտոնավարումը Փաշինյանի կառավարությունում։ Սակայն նա չվերադարձավ Լուսավոր Հայաստան կուսակցություն։
2. ՌԴ Պետդումայի պաշտոնական պատվիրակության վերջին այցը Բաքու պատահական չէր, հատկապես եթե նկատի առնենք պատվիրակության հակահայկական հռետորաբանությունը և մի քանի անուղղակի հայտարարությունները, որոնք Հայաստանի դեմ էին ու Ադրբեջանի քողարկված գովասանք։ http։//www.panarmenian.net/eng/news/257140/Baku_takes_correct_constructive_stance_on_Karabakh__Volodin 


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team