pashinyan aliev meeting armenian

 

Գրեթե մեկ տարվա ընդմիջումից հետո ուրբաթ՝ նոյեմբերի 26-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Սոչիում կկայանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի շրջանակներում նախատեսվում է քննարկել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել հետագա քայլերը՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման համար։

2020 թվականին Հայաստանի պարտությամբ հանգուցալուծված պատերազմից հետո սա Փաշինյանի ու Ալիևի երկրորդ հանդիպումն է։ Առաջինը կրկին տեղի էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ՝ Արցախում ընթացող պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունը ստորագրելուց երեք ամիս անց՝ 2021 թ. հունվարի 11-ին, որի ժամանակ կրկին ընդունվել էր համատեղ հայտարարություն։ Առաջիկա հանդիպմանը քննարկվելու են հենց այս երկու հայտարարություններով նախանշված գործողությունների կատարման ընթացքը։

Հատկանշական է, որ մինչ այս հանդիպման մասին հայտնի դառնալը, դեռևս նոյեմբերի 19-ին Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր էջով հայտնել էր, որ տարածաշրջանային իրավիճակը քննարկելու նպատակով նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում՝ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախանշված ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։ 

Փաստորեն, մինչև արևմուտքի գործընկերների հետ հանդիպումը, Փաշինյանն ու Ալիևը նախ կշփվեն Պուտինի մասնակցությամբ։

Նշվում է, որ Ռուսաստանի նախագահը նաև երկկողմ ձևաչափով հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ։

Մինչ հանդիպման մասին Կրեմլի պաշտոնական հայտարարությունը՝ խոսվում էր, թե պլանավորվում է եռակողմ հանդիպում անցկացնել նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի համար ցավոտ պարտության տարելիցի օրը, և, հնարավոր է, մեկ այլ հայտարարության կամ փաստաթղթի ստորագրում։

Արդեն նոյեմբերի 23-ին լրագրողների հարցերին պատասխանելիս՝ Փաշինյանը հաստատեց, որ եղել է նոյեմբերի 9-ին առցանց հանդիպում անցկացնելու գաղափար։

«Ես ասել եմ, որ այդ հանդիպման գաղափարը քննարկելի է և խնդրահարույց է։ Ես անկեղծ ասել եմ, որ նոյեմբերի 9-ը դժվար, ծանր և դառը օր է մեզ համար, բայց եթե պարզվի, որ այդ հանդիպման արդյունքներով մենք կկարողանանք համաձայնել կոնկրետ արդյունքի շուրջ, օրինակ՝ կկարողանանք լուծել գերիների հարցը, ես պատրաստ եմ այդ դառնությունը վերցնել և մասնակցել այդ օնլայն հանդիպմանը»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ երբ պարզվել է առարկայական խնդիր լուծելու հնարավորություն չկա, որոշվել է առերես հանդիպում անցկացնել ավելի ուշ։

Թե ինչ արդյունքներ կտա այս հանդիպումը, փորձագիտական դաշտի համար դժվար է մեկնաբանելը՝ օրակարգի գաղտնիությունից ելնելով, այնուամենայնիվ, կարծում են՝ ավելի լավ է բանակցել, քան կրակել։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն EVN Report-ի հետ զրույցում նշում է, որ Փաշինյանի հայտարարությունից կարելի է ենթադրել, թե, ամենայն հավանականությամբ, առաջիկա հանդպիմանը կլինի հայտարարություն՝ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հանձնաժողով ստեղծելու մասին․

«Կարծում եմ՝ գոնե առերևույթ արդյունքը կլինի սա, չեմ պատկերացնում, թե սրանից ավել ինչ է հնարավոր ակնկալել կամ պատկերացնել, քանի որ ավելի բովանդակային իմաստով Հայաստանն ու Ադրբեջանն այս պահին ունեն բավական տարբեր ու իրարամերժ քաղաքական դիրքորոշումներ»։

Անկախ վերլուծաբան Էդգար Վարդանյանը EVN Report-ին ասում է, որ նմանատիպ հանդիպումները կարող են նպաստել լարվածության թուլացմանն ու բնականոն կյանքի վերադարձին․

«Պերմանենտ լարվածությունը, պատերազմները, ռազմական գործողությունները հյուծում են տնտեսությունը, հասարակությունը, հանգեցնում են անդառնալի կորուստների։ Ուստի, եթե կա խոսելու հնարավորություն, ու եթե օրակարգն այնպիսին է, որ առնվազն չի հակասում Հայաստանի շահերին, ուրեմն այդ հնարավորությունները պետք է օգտագործել»։

«Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով էլ, թեև բանակցելը լավ է, սակայն այն դեպքում, երբ կա բանակցություն և ոչ թե միակողմանի պայմանների ընդունում․

«Այս գործընթացներն ավելի միակողմանի բնույթ են կրում ու տեղի են ունենում Ադրբեջանի պարտադրանքով, իսկ երբ Ադրբեջանի ուզածը չի լինում, ապա Ալիևն ուժ է գործադրում, որի մասին արդեն անգամ ազատ է խոսում։ Որպեսզի բանակցություններն ունենան որևէ հաջողություն, առաջին հերթին պետք է լինի օրակարգ, նպատակ, ոչ թե` մեզնից պահանջում են, մենք էլ անում ենք»։

Թե ինչպես ստացվեց, որ ավելի վաղ հայտարարված բրյուսելյան հանդիպմանը, փաստորեն, կնախորդի Սոչիի հանդիպումը, փորձագետները թերևս որևէ խնդիր չեն տեսնում՝ նշելով, որ թե' արևմուտքը, թե' Ռուսաստանն ունեն իրենց հետաքրքրությունն այս հարցում։ 

Հակոբ Բադալյանը հիշեցնում է, որ դեռ սեպտեմբերին Շարլ Միշելն ու Վլադիմիր Պուտինը զրուցել էին արցախյան թեմայով, իսկ սեպտեմբերի վերջին Նյու Յորքում Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում եղավ համանախագահների և արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որից հետո էլ խոսվում էր Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու մասին։ 

Բադալյանը կարծում է՝ այս հարցում ներգրավված բոլոր խոշոր խաղացողների համար պարզ է, որ հակադիր գործընթացներ զարգացնելու ճանապարհով գնալը չի կարող լինել արդյունավետ։

«Անկասկած է, որ միջնորդներն ունեն իրենց ռազմավարությունները, որոնց միջև, իհարկե, կան էական տարբերություններ։ Սակայն, թերևս, աշխատում են համադրված՝ շոկային իրավիճակներ չունենալու համար»,- ասում է Բադալյանը` հավելելով, թե սրա մասին է վկայում նաև այն, որ նախօրեին Շարլ Միշելն ու Վլադիմիր Պուտինը կրկին զրուցել էին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հարցում ԵՄ շահագրգռվածության մասին։  

Ըստ Բադալյանի` Ռուսաստանի համար, բնականաբար, առանցքայինը սահմանված եռակողմ ձևաչափն է, որով նաև փորձում են ամրացնել իրենց առանձնահատուկ դերը տարածաշրջանում, հատկապես հիմա, երբ Թուրքիան էլ դարձել է անմիջական խաղացող Կովկասում.

«Միևնույն ժամանակ, Ռուսասատանի համար այս հարաբերակցության պայմաններում ռազմավարական իմաստով շատ ավելի հեշտ է պայմանավորվել Մինսկի խմբի համանախագահների հետ՝ իր առանձնահատուկ դերի հանգամանքներից դատելով, ու այս իմաստով  չեզոքացնել Թուրքիայի ազդեցությունը»:

Բադալյանը կարծում է, որ Ռուսաստանն Ադրբեջանի հանդեպ որոշակի քաղաքականություն վարելու նպատակով կարող է ընդունել նաև այն, որ Հայաստանը գործուն քայլեր կատարի այլ խաղացողների ուղղությամբ, մասնավորապես՝ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք շեշտադրում են Արցախի կարգավիճակի հարցը, խոսում են այն մասին, որ Արցախյան հարցն ամենևին փակված չէ, այսինքն ասում են բաներ, որոնք Ադրբեջանի համար ընդունելի ու հաճելի չեն։

Ըստ փորձագետների՝ այս փուլում խիստ կարևոր է դիվանագիտական կորպուսի աշխատանքը, բանակցային գործընթացներում Հայաստանի ներուժի ճիշտ ներկայացումը։ 

«Ե՛վ բանակցում են, և՛ պատերազմում են պետությունները, ոչ թե տարբեր անձինք։ Այսինքն պետության գործիքակազմը պետք է ընդլայնվի։ Պետք է զարգացնել Հայաստանի փափուկ ուժը և եթե Հայաստանը տարբեր երկրներում կարողանա հանդես գալ ու հակակշիռ ներկայացնի ադրբեջանական լոբբինգի դեմ, ապա գոնե այդ երկրների դիրքորոշումն ավելի քիչ պրոադրբեջանական կլինի ու Հայաստանի շահն ավելի պաշտպանված կլինի»,- EVNreport-ին ասում է Հրանտ Միքայելյանը։

Էդգար Վարդանյանը ևս կարծում է, որ Հայաստանը աշխարհաքաղաքական նոր իրողություններում կարևոր տեղ է գրավում․ հարավ արևելյան Եվրոպայի սահմանն է, կարևոր է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով։

«Ըստ էության՝ Հայաստանով կարող են անցնել շատ կարևոր տնտեսական հանգույցներ, և այս կարևորությունը, բնականաբար, բանակցային ռեսուրս է։ Բնական է՝ Հայաստանը պետք է անի ամեն բան Ադրբեջանի նկրտումները զսպելու համար, իսկ այս դեպքում նրան կարող են զսպել նաև արտաքին խոշոր խաղացողները, որոնք շահագրգռված կլինեն զսպելու, երբ Հայաստանն իր այդ դերակատարությունը ճիշտ ներկայացնի ու շահագրգռի արևմուտքին»։

Թեև Փաշինյանը չի մանրամասնել Սոչիի հանդիպման օրակարգը, իսկ բրյուսելյան հանդիպման մասին խոսելիս նշել է, որ ավելի շուտ հումանիտար հարցեր կքնարկվեն, այդ թվում՝ գերիների վերադարձ, այնուամենայնիվ, հասարակության մեջ կան մտավախություններ, որ ինչպես նախկին հանդիպումների, այնպես էլ այս դեպքում Փաշինյանը ստորագրելու է Հայաստանի համար հերթական ոչ բարենպաստ փաստաթուղթը։ Հանդիպումների մասին հայտնի դառնալուց հետո մի շարք գործիչներ պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով Փաշինյանից հրապարակել փաստաթղթի բովանդակությունը, որը պատրաստվում է ստորագրել առաջիկայում կայանալիք հանդիպումների ընթացքում։

«Ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող բոլոր ուժերին համախմբելու և կենսունակ ու հզոր պետություն ստեղծելու նպատակով» պատերազմից հետո հիմնված «5165» շարժման տարածած հաղորդագրության մեջ նշվում է, թե փաստաթղթի վերաբերյալ կան հիմնավոր կասկածներ, որ «Հայաստանի Հանրապետությունից թշնամուն զիջվելու են կենսական տարածքներ, ռազմավարական կապուղիներ ու բարձունքներ, իսկ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս»։ Իշխանությունները թերևս չեն արձագանքել։

 

Thank you for your submission! We will review it soon.

Subscribe to our mailing list


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team