Ժամանակ կար՝ 90-ականների սկզբին, երբ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից միայն երկու կանոնավոր չվերթ էր իրականացվում՝ մեկը դեպի Մոսկվա, մյուսը Սվերդլովսկ (հիմա՝ Եկատերինբուրգ)։ Վառելիքի սղության պատճառով այս չվերթների սպասարկումը ևս վտանգված էր։ Շրջանցելով օրենքն ու օդանավակայանը շրջապատող բարձր պարիսպը՝ մարդիկ հայտնվում էի «Զվարթնոցի» միակ թռիչքուղու վրա, տեղում վճարում օդաչուներին, ոտքի վրա լքում երկիրը։ Պատերազմը, շրջափակումը, խորհրդային հասարակարգի փլուզումը շատերին էր ստիպում հեռանալ հայրենի քաղաքից, երկրից, միմյանց։
Արտագաղթը շարունակվում է արդեն երեք տասնամյակ։ Անկախացումից հետո, անօրինության և սոցիալական անարդարության պայմաններում, մարդիկ հեռանալու տարբեր եղանակներ են որոնել ու գտել։ «Զվարթնոցի» պարսպի վրայով մագլցելու փոխարեն կրթաթոշակ են ստացել, ամուսնացնել օտարերկրացիների հետ, անօրինական ճանապարհներով հասել Եվրոպա ու ապաստան խնդրել։
Վիճակագրական ծառայությունները պարտաճանաչ հրապարակում են Հայաստանից մեկնողների և Հայաստան ժամանողների թիվը։ Սակայն հաշվետվությունների հետևում անտեսված են մնում անձնական պատմությունները։ Մարդիկ շարունակում են հեռանալ երկրից ու հեռացումի ճանապարհին երբեմն վավերագրում իրենց զգացումները։ Այս պատմությունները պաշտոնական զեկույցների համար չեն, դրանք շատ անձնական են։
Վերջին 27 տարիներին, ըստ տարբեր հաշվարկների, Հայաստանն անվերադարձ լքել է մոտ 1,3 միլիոն մարդ։ Նրանցից երկուսը՝ նորածնի հետ, հույսի և էլեկտրականության բացակայության պայմաններում, շարունակվող պատերազմի ճնշման տակ, ճամպրուկները հավաքեցին 1994-ին. Լորետան՝ 21 տարեկան, ոչ մի տեղ չտանող երկու տոմսով երկիրը լքեց ամուսնու և ծնողական բեռի հետ։ Այդ օրերին շատերն էին այդպես վարվում։ Արտագաղթի ճանապարհին նա վավերագրել է հղիության և երեխայի՝ Արենի, կյանքի առաջին ամիսները։ Կյանք, որն սկսեց դասավորվել ճամպրուկների հետ։
Ժամանակավոր թվացող հեռացումը կնիք դարձավ նրանց կյանքի հաջորդ տասնամյակների համար։ Հենց այստեղ էլ սկսվում է մեր ճանապարհորդությունը՝ «Զվարթնոցի» և տարանցիկ օդանավակայանների միջև։ Նոր կյանքի որոնման 8-րդ ամսում՝ ռուսական Սամարա քաղաքում, Լորետան իր օրագրերից մեկում գրելու էր իր կարոտի մասին:
Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է հիմնական ուղղությունը մնալ հայաստանցի միգրանտների համար։ Հայաստանը Դաշնության 4-րդ միգրացիոն «դոնորն» է։ Միայն 2019-ին ավելի քան 165,000 հայ աշխատանքային միգրանտ է պաշտոնապես գրանցվել այս երկրում, գրեթե երկու անգամ շատ 2012-ի համեմատ։
Սոցիալական բարեկեցությունը երբեք չստվերեց Լորետայի կարոտը Հայաստանի հանդեպ։ Ինչևէ, 25 տարի անց էլ նա դեռ ապրում է Ռուսաստանում. ռուսական կարմիր անձնագիրը նրան ևս չի վերածում ռուսաստանյան անհյուրընկալ և խտրական հասարակության լիիրավ անդամի։ «Հիմա ես ո՛չ ռուսաստանցի եմ, ո՛չ հայաստանցի»,- ասում է նա՝ փորձելով թաքցնել արցունքները տեսակապի ընթացքում, ապա հարցնում․ «Հնարավո՞ր է չկարոտել Հայաստանը, երբ ծնողներս այդտեղ են, երբ այդտեղ ես դու․․․»։
Լորետան իմ մայրն է։ Հորս հետ նրանք Ռուսաստան են տեղափոխվել իմ ծնվելուց անմիջապես հետո։ Նրանք հույս ունեին ավելի լավ կյանք ապահովել իրենց նորածին որդու՝ ինձ համար։ Տարօրինակ է, բայց նույն հեռանկարը ինձ հետ բերեց Հայաստան։ Իմ ու իր՝ Հայաստանի հանդեպ ի՛նչ կարոտի մասին է պատմում մայրս իր օրագրում, ես չեմ հիշում։ Փոխարենը հիշում եմ, որ վերադարձիս Հայաստանում ես կոռումպացված երկիր գտա՝ յուրաքանչյուր անկյունում ճնշող սոցիալական անարդարությամբ, կեղծվող ընտրություններով, կոռումպացված կրթական համակարգով և բանակով, երկիր, ուր քաղաքացու արժանապատվությունը ոտնահարվում էր ամեն քայլափոխի։
Թեև ես օրագրեր չեմ պահում, բայց օդանավակայաններից բազմաթիվ նոթեր ունեմ։ Այս մեկը 2017-ին եմ գրել՝ Վիեննայի օդանավակայանում, Երևանի չվերթին սպասելիս։ Այդ օրերին երկրում փոփոխություն ակնկալելն անհույս էր։ Դրան հաջորդած երկուսուկես տարում շատ բան փոխվեց՝ երկիրն էլ, ես էլ:
Օդանավակայանները մեզ ստիպում են զգացմունքային դառնալ, երազել, համակերպվել ինչ-որ բանի ավարտի ու նոր մեկնարկի հետ։ Մեկնման մուտքերի մոտ իրար հրաժեշտ տվող մարդիկ միշտ էլ այլևս չհանդիպելու մտավախություն ունեն։
Երևանը «Զվարթնոցին» կապող ճանապարհը՝ երկու կողմերում խաղատներով ու գորշ, ճնշող շինություններով, որքան էլ տարօրինակ հնչի, մտածելու լավագույն տեղն է։ 27-ամյա Ինեսայի համար Երևանը հենց այդ ճանապարհն է։ 2018-ի ապրիլ-մայիսին՝ թավշյա հեղափոխության օրերին, շատերը Հայաստանում ապրելու հույս վերագտան։ Ինեսան էլ սկսեց սիրել Երևանը՝ ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը։ Երիտասարդ կինն իր զգացմունքները սակայն անկարող էր կիսել ընկերոջ հետ։ Նա վաղուց էր հեռացել Հայաստանից, Եվրոպայում էր։ Նույն ճանապարհով Ինեսան հրաժեշտ տվեց հորը, որին այլևս չտեսավ։
2019-ի նոյեմբերին հրապարակված հետազոտության համաձայն՝ Հայաստանից մեկնելու ցանկություն ունեցողների թիվը կրճատվել է մոտ 30 տոկոսով։ Շատերն են այժմ բարեկեցիկ ապագայի հույս կապում սեփական երկրի հետ։ Այդուհանդերձ, հեղափոխությունից հետո էլ մարդիկ շարունակում են լքել Հայաստանը։ Արժանապատիվ կրթության, ավելի լավ աշխատանքի հեռանկարը մարդկանց տանում է օտարության ճանապարհով։ Ու Ինեսային էլ տարավ։
Վարձակալած երևանյան բնակարաններում մարդիկ հրաժեշտ են տալիս իրենց ընկերներին, ապա երկրին՝ ինչպես 25-ամյա Հերմինեն ու նրա ամուսինը։ Լավ վարձատրվող աշխատանքի հեռանկարը երիտասարդ զույգին հերթական անգամ Եվրոպա տարավ 2019-ին։ Այստեղ նրանք ազատ են ոչ միայն ավելի լավ կրթություն կամ աշխատանքային պայմաններ ստանալու հարցում, այլև պարզապես ազատ են՝ ազատություն բառի ողջ շռայլությամբ ու շատերին անհասանելի երանգներով։ Մի բան, որ հաճախ խորթ է «պահպանողական և ագրեսիվ» հայաստանյան հասարակությանը։ Երևանը գիշերային չվերթների քաղաք է, այդ գիշերներից մեկում՝ իր թռիչքից առաջ, Հերմինեն հրաժեշտ տվեց մայրաքաղաքին, հարևանին, քաղաքի հանդեպ ունեցած իր սիրուն։
Ծննդավայրում թողած հիշողությունները երբեմն հուսահատեցնում են Հերմինեին։ Արևոտ Երևանի փոխարեն կյանքը նոր մարտահրավեր է սառնաշունչ Կոպենհագենում։ Դանիայում ապագայի և Հայաստանում սպասող անորոշության արանքում կյանքը շարունակվում է եղանակի հետ։
Արևոտ Երևանում մեկ այլ երիտասարդ է ապրում Կոպենհագենում ուսանելու երազանքով։ Որակյալ կրթության և մշակութային փոփոխության հեռանկարը 24-ամյա Հայկին անընդհատ Սկանդինավների ճանապարհին է պահում։ Իսկ մինչ այդ, «Նորվեգիական ավիաուղիների»՝ «Որոշ ժամանակ անց ամեն բան լավ կլինի» լավատեսությունը Հայկին և նրա բազմաթիվ սերնդակիցների օգնում է մնալ Հայաստանում։ Տևական ժամանակ Հայկն իրավունք չուներ լքել երկիրը՝ զինվորական ծառայության պարտադրանքի պատճառով։ Երիտասարդ սոցիոլոգի համար կյանքը շարունակվում է եվրոպական համալսարաններ դիմումների վերջնաժամկետների տեմպով ու կրթաթոշակի հաստատման նամակի սպասումով։
Պարտադիր զինվորական ծառայությունը մի կողմից թույլ չի տալիս երիտասարդներին լքել երկիրը, մյուս կողմից Հայաստանից արտագաղթելու պատճառներից մեկն է։ Հայ-ադրբեջանական սահմանին զոհերի պարբերական լուրերի ֆոնին ծնողներից շատերը իրենց որդիներին հեռացնում են Հայաստանից՝ փորձելով չեզոքացնել նրանց կորցնելու վտանգը։
Հայկի նման շատ երիտասարդներ, չգտնելով իրենց երազանքները կյանքի կոչելու հնարավորություններ այստեղ, վաղուց արդեն լքել են երկիրը։ Երազանքը Արթուր Զաքարեին էլ է Եվրոպա տարել։ Ավարտելով համալսարանն ու ընդունվելով մեկ ուրիշը՝ նրա անցյալն ու ապագան տեղավորվում են իր երկու ճամպրուկներում։
Երազանքների, մեկնումների ու ժամանումների հավերժական թվացող այս ճանապարհներին Հայաստանից հեռացած մարդիկ շարունակում են կորցնել ու գտնել իրենց։ Ճանապարհները, որոնք ինքնաճանաչողության լավագույն վայրերն են նաև, մարդկանց հնարավորություն են տալիս վերանայելու անցյալն ու արժևորելու ներկան։ Օտարության մեջ՝ մենության պայմաններում, մարդիկ խաղաղություն են գտնում կամ կորցնում ունեցածը, փոխվում են, հասունանում, իրենց հույզերը երբեմն սղագրում օրագրերում։
Ձեռքբերումներից բացի՝ հեռացումի ճանապարհները նաև կորստի հիշողությունները վերանայելու վայրեր են։ Երբեմն նախանշված ուղիներն այս մարդկանց չեն հասցնում նշանակետին։
Թե՛ արտագաղթը, թե՛ ԼԳԲՏՔ անձինք Հայաստանում դիտարկվում են իբրև «սպառնալիք ազգային անվտանգությանը»։ Խտրական վերաբերմունքի պայմաններում ԼԳԲՏՔ համայնքից շատերը մերժում են ստանում հայաստանյան գործատուների կողմից։ Աշխատանքի և սոցիալական ազատության որոնումները նրանց տանում են արևմուտք։
2015-ին հրապարակված հարցման համաձայն՝ 111 ԼԳԲՏՔ անձանցից 86-ը Հայաստանը լքելու ցանկությունը է հայտնել։ 2018-ի օգոստոսին նրանցից ոմանք ստիպված եղան դա անել հասարակական ճնշման ներքո։ Հայկական ԶԼՄ-ներն ու սոցիալական ցանցերը ողողվեցին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած բռնության դեպքի մասին քննարկումներով։ Գյուղացիների կողմից նույնասեռական լինելու մեղադրանքով բռնության ենթարկված երիտասարդների թիվը՝ 9, հայտնվեց թերթերում։ Այդ երիտասարդների անձնական զգացումներն ու վախերը ծածկվեցին մեկ թվի տակ՝ վիճակագրական ծառայությունների հրապարակած տվյալների պես։ Նրանցից երկուսը տեղափոխվեցին Նիդեռլանդներ՝ ապաստան հայցելով այնտեղ։ Հեռացումի այս օրագիրը նրանցից մեկինն է։ Անվտանգության նկատառումներով այն անանուն է, ձեռագիրը՝ փոխված։
Այս և արտագաղթի ճանապարհը բռնած մյուսների կյանքերը շարունակական պայքար են անցյալի ու ապագայի միջև։ Հայաստան վերադառնալուց հետո նրանք չեն հարմարվում հասարակությանը, կյանքի որակին, իսկ Հայաստանցի հեռու՝ հայրենիքում թողած հիշողություններին։ Մշտապես էժան տոմսեր որոնող այս մարդիկ լքում են երկիրը հանուն լուսավոր ապագայի ու հեռավորության վրա հաճախ խեղդվում անցյալի կարոտում։ Իրենց տեղը որոնող այս երիտասարդները վիճակագրական ծառայության համար դառնում են նիշեր՝ ավելանալով երկիրը լքողների թվին։ Հեռուստատեսությունն ու մամուլը պատմում են Հայաստան վերադարձողների հաջողված պատմություններն ու լռում այս օրագրերի երիտասարդ հեղինակների՝ երկիրը լքելու պատճառների մասին։ Պատմում են սփյուռքահայերի Հայաստան վերադառնալու ցանկության մասին ու անտեսում նրանց, ովքեր լքելով Հայաստանը՝ չեն էլ ցանկանում վերադառնալ, ովքեր պատրաստ են արտերկրում մնալ ամեն գնով։ Զեկույցներում թվերը աճում կամ նվազում են, սակայն շարունակում են թվեր մնալ՝ թաքցնելով դրանց հետևում ստվերված ճակատագրերը։
2019-ին Հայաստանում գրանցվածների թիվը նվազագույնն է եղել 1992 թվականից ի վեր։ Մարդիկ տոնում են լոուքոսթերների մուտքը Հայաստան, քանի որ հիմա կարող են շատ ավելի էժան լքել երկիրը։ Եվ եթե միայն դա լիներ հեռացումի գինը...