sossi tatikyan demarcation delimitation

 

Հուլիս-օգոստոս ամիսներին նախորդ հոդվածի հրապարակումից հետո, նոր զարգացումներ են տեղի ունեցել թե՛ Ադրբեջանի կողմից սողացող անեքսիայի և ռազմական ագրեսիվ գործողությունների, թե՛ դրանց հանդեպ միջազգային հանրության վերաբերմունքի ձևավորման, և թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիայի ու դեմարկացիայի (ԴևԴ) գործընթացի ձևաչափ ստեղծելու առումով։ Այդ զարգացումների վերլուծության հոդվածում կհաջորդեն առաջիկայում սպասվող՝ ԴևԴ-ի գործընթացի փուլերի, ձևաչափերի և սկզբունքների վերաբերյալ առաջարկներ։

 

Հայաստանի և Ադրբեջանի վարքագիծն ու դիրքորոշումները

Մայիսի 12-ից ի վեր Հայաստանի Սյունիքի մարզ ներխուժելուց և Սև լիճը գրեթե ամբողջությամբ գրավելուց հետո, Ադրբեջանի զինված ուժերը հետագա շաբաթների ընթացքում ագրեսիվ գործողություններ ծավալեցին նաև Գեղարքունիքի մարզում, իսկ հուլիսից ի վեր՝ նաև Արարատի մարզի Երասխ գյուղի շրջակայքում, մինչդեռ վերջինս անգամ 2020 թ. պատերազմի հետևանքով առաջացած նոր շփման գիծ չէր, այլ խորհրդային ժամանակներից ընդունված սահման։ Օգոստոսի կեսերին տեղի ունեցավ նոր էսկալացիա, իսկ նոյեմբերի 16-ին ծավալվեց ամենասուր էսկալացիան՝ կրկին Սյունիքում, սակայն այս անգամ՝ Սիսիան քաղաքից ոչ հեռու։ Այդ նոր լարումներն ուղեկցվեցին Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների նոր գերեվարումներով ու սպանություններով։

Միաժամանակ, բացի ակնհայտ ռազմական գործողություններից, Ադրբեջանը շարունակեց նաև սողացող անեքսիան, մասնավորապես՝ օգոստոսի 25-ին երկու օրով փակելով Երևան-Մեղրի-Իրանի սահման միջպետական «M2» ճանապարհի Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կարմրաքար հատվածը՝ թույլ չտալով երթևեկությունն ու շարժն այդ մասով, սեպտեմբերի 12-ին այդ ճանապարհի վրա ոստիկանական կետ տեղակայելով և իրանցի բեռնատարների հանդեպ հսկողություն ու մաքսային գանձումներ իրականացնելով, և սեպտեմբերի 15-ին ձերբակալելով իրանցի երկու վարորդի։ Նոյեմբերի 10-15-ը Ադրբեջանն ամբողջացրեց Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածի` 2020 թ. դեկտեմբերի կեսերից ի վեր սահմանած մասնակի վերահսկողությունը, իսկ երկու օր անց նաև վերահսկողություն սահմանեց Կապան-Ճակատեն ճանապարհի վրամաքսային ծառայություն սահմանելով այդ երկու ճանապարհների երկայնքով։ Այս ամենի հետևանքովվեց գյուղերի բնակիչներ հայտնվեցին դժվարին իրավիճակում։ Չնայած Հայաստանի կառավարությունը հիմնականում ավարտել էր այլընտրանքային Տաթև-Կապան ճանապարհի շինարարությունը, և շրջակայքում կառուցում է ևս չորս ճանապարհ, սակայն այդ գյուղերի բնակիչների կենսագործունեությունը կապված է Կապանի հետ, որը տանող ճանապարհը հնգապատկվում է՝ հարուցելով մարդու իրավունքների և մարդկային անվտանգության մի շարք դժվարություններ։

Մայիս ամսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դելիմիտացիայի ու դեմարկացիայի (ԴևԴ) պատրաստակամություն հայտնելուն հաջորդող մի քանի ամիսների ընթացքում այդ հարցի վերաբերյալ անորոշություն էր տիրում։ Հայաստանի իշխանությունները, մասնավորապես վարչապետն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ժամանակ առ ժամանակ հայտարարում էին ԴևԴ-ի Հայաստանի պատրաստակամության մասին։ Միաժամանակ, հայկական կողմը հայտարարեց, որ այդ գործընթացը սկսելու համար ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի ինքնիշխան տարածքը, ուր ներխուժել են մայիսի 12-ից ի վեր։ Ինչպես հայտարարեց վարչապետ Փաշինյանը նոյեմբերին, Ադրբեջանի զինված ուժերը մայիս ամսից ի վեր վերահսկում են 40-45 քառակուսի կմ տարածք Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Սա չի ներառում Սյունիքի մարզի Որոտան ու Շուռնուխ գյուղերի կիսվելը 2020 թ. դեկտեմբեր-2021 թ. հունվար ամիսներին, և նոյեմբերին Գորիս-Կապան ու Կապան-Ճակատեն ճանապարհների նկատմամբ սահմանած վերահսկողությունը, քանի որ դրանք ըստ 1980 թթ․ խորհրդային քարտեզների՝ մասամբ փոխանցված են եղել  Ադրբեջանին, ինչը չի լեգիտիմացնում դրանց շուրջ իրավիճակը։

2020 թ. նոյեմբերից ի վեր, ադրբեջանական կողմը նախագահի մակարդակով անում էր ագրեսիվ հայտարարություններ, մասնավորապես՝ ներկայացնում էր Հայաստանի տարբեր շրջանների, հատկապես Սյունիքի կամ ինչպես ինքն է նախընտրում անվանել՝ Զանգեզուրի, երբեմն էլ նաև այլ շրջանների, ընդհուպ մինչև Երևանի հանդեպ տարածքային պահանջներ, ինչպես նաև Հայաստանից պահանջում էր ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ակնհայտորեն նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելը։

Ինչպես արձագանքեց Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի նախագահի՝ AzTV պետական հեռուստաընկերությանը հուլիսի 23-ին տված հարցազրույցին, Ալիևն ըստ էության ընդունում է այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Որպես արդարացում նա պնդում է, որ «Զանգեզուրը մեր նախնիների հողն է»՝ պատմական խեղաթյուրված «հիմնավորմամբ» և փորձելով ուժի կիրառումը դարձնել տարածաշրջանային քաղաքականության գործիք, ինչպես նաև փորձելով Լեռնային Ղարաբաղը որպես միավոր ջնջել տարածաշրջանային քարտեզից։ ՀՀ ԱԳՆ-ն դա անվանեց Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմամբ ղարաբաղյան հակամարտությունը միջազգային օրակարգից դուրս բերելու մոտեցում։ Ադրբեջանի նախագահի կողմից պաշտոնական ելույթներում, հարցազրույցներում և թվիթերյան գրառումներում արտահայտված՝ տարածքային պահանջներ ու ռազմական ուժի սպառնալիք պարունակող հայտարարությունները սկսեցին կրել ավելի ու ավելի հաճախակի բնույթ։ 

Հուլիսի 15-ին վարչապետ Փաշինյանը կառավարության նիստին նշեց, որ թեև Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե Հայաստանը խոչընդոտում է ԴևԴ-ին, սակայն իրականում Ադրբեջանն է դեմ այդ գործընթացին, և կեղծ քարտեզներ է ներկայացնում։ Այդ հայտարարությունը զարմացրեց Հայաստանի հանրությանը, քանի որ վերջինս բացասաբար էր տրամադրված ԴևԴ-ին, և մեծ մասամբ համոզված էր, որ Ադրբեջանն է Հայաստանին պարտադրում ԴևԴ։

Վերջապես, նոյեմբերի 9-ին հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության մի տարին լրանալուց առաջ, Հայաստանի ընդդիմադիր շրջանակները սկսեցին շրջանառել Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ընդունելու և նոր տարածքային զիջումներ անելու մտադրության մասին լուրերը։ Ակնհայտ է, որ Փաշինյանը հրաժարվեց այդ հակասական օրերին եռակողմ ձևաչափով հանդիպումից, որին հաջորդեց Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների նկատմամբԱդրբեջանի կողմից ամբողջական վերահսկողության հաստատումը և նոյեմբերի 16-ի էսկալացիան։ Այս իրադարձություններին հաջորդեց Փաշինյանի նոյեմբերի 18-ի հայտարարությունը, որ նա Ռուսաստանի Դաշնությունից ստացել է ԴևԴ-ի վերաբերյալ երրորդ առաջարկը, որն ընդունելի է Հայաստանի համար, և նորանշանակ Պաշտպանության նախարար և իր թիմակից Սուրեն Պապիկյանին հանձնարարեց սկսել այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները։ Սա անհանգստության նոր ալիք բարձրացրեց հասարակության շրջանում, այնպիսի տպավորություն ստեղծելով, որ նախատեսվում է առանց պատշաճ դելիմիտացիայի գործընթացի իրականացնել հապճեպ դեմարկացիա՝ խորհրդային շրջանի նվազ բարենպաստ  քարտեզների  հիման վրա, թեև Փաշինյանն ու Գրիգորյանը հղում էին անում քսաներորդ դարի 20-30 թթ. քարտեզներին՝ որպես խորհրդային շրջանից մնացած իրավականորեն վավեր քարտեզներ։ Այդ մտահոգությունները մասամբ փարատվեցին, երբ նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքում Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանն ազդարարեցին Ռուսաստանի խորհրդակցական ձայնով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԴևԴ-ի գործընթաց սկսելու մասին։ Այժմ ակնկալվում է Մոսկվայում առավել աշխատանքային մակարդակով հանդիպում՝ այդ գործընթացը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով։

 

Քաղաքացիական հասարակության և փորձագիտական համայնքի դիրքորոշումները

Մայիսի 20-ից ի վեր, Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ու փորձագիտական համայնքը մի քանի հայտարարություն և վերլուծություն են հրապարակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԴևԴ-ի գործընթացի վերաբերյալ, որոնք պարունակում են ռիսկերի բազմակողմանի գնահատում և միջազգային նորմերին համապատասխան ձևաչափի ընտրության վերաբերյալ առաջարկներ: Հուլիսի 29-ի և նոյեմբերի 16-ի հայտարարություններով նրանք կառավարությանը կոչ են արել նաև դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմամբ պայմանավորված միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով, ինչպես նաև ԵԱՀԿ՝ Հայաստան մոնիթորինգային առաքելություն ուղարկելու և սահմանամերձ գոտիներում տիրող իրավիճակի երկարաժամկետ անաչառ և օբյեկտիվ մշտադիտարկում իրականացնելու նպատակով, և առաջարկել են  միջազգային համապատասխան բոլոր կառույցներում ակտիվորեն առաջ մղել Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգության (ոչ ռազմականացված գոտու) ստեղծման անհրաժեշտության գաղափարը՝ ապահովելու Հայաստանի սահմանների և սահմանամերձ բնակչության անվտանգությունը՝ մինչև միջազգային իրավունքի հիման վրա և միջազգային կազմակերպությունների, ինչպես օրինակ՝ ԵԱՀԿ-ի  ներգրավմամբ սահմանազատման/սահմանանշման գործընթացի մեկնարկն ու բարեհաջող ավարտը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանն ու փորձագիտական համայնքին, ապա այնպիսի տպավորություն է, որ ոչ ժողովրդավարական միջավայրի պայմաններում չկա ակնհայտ այլակարծություն, և պետական հաստատությունների հետ կապված մտակենտրոններն աջակցում են Հայաստանի հանդեպ Ադրբեջանի նախագահի տարածքային պահանջները և նոր պատերազմ սկսելու սպառնալիքները դեռևս անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր։ Միայն Եվրոպայում ապրող և Ադրբեջանի իշխանությունների կողմից անգամ արտերկրում հալածվող հատուկենտ ադրբեջանցի ակտիվիստներ են այլակարծություն արտահայտում այդ հարցերի վերաբերյալ։

 

Միջազգային հանրության արձագանքը

Ռուսաստանի Դաշնությունը մայիսի 19-ից ի վեր ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և խոսնակ Մարիա Զախարովայի միջոցով հայտնում էր ԴևԴ-ի գործընթացում աջակցելու պատրաստակամության մասին։ Հոկտեմբերի 22-ին «Վալդայ» ակումբում քննարկման ժամանակ Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների հստակեցումն անհնարին է առանց Ռուսաստանի մասնակցության, քանի որ Խորհրդային Միության քարտեզները պահվում են ռուսական բանակի գլխավոր շտաբում՝ հավելելով, թե «այստեղ հավանաբար, մեզ որևէ մեկը պետք էլ չէ՝ բացի երկու կողմերից և Ռուսաստանից»։ Նա ավելացրեց․ «մենք կողմնակից ենք նաև բազմակողմ ձևաչափ գտնելուն, այդ թվում՝ Մինսկի խմբի աշխատանքներն ակտիվացնելուն»։Նոյեմբերի 6-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն անսովոր հայտարարություն արեց, որում նշեց, որ Ռուսաստանը մտադիր չէ մոնոպոլիզացնել Հայաստանի ու Ադրբեջանի հետ հաղորդակցումը, և Մոսկվայի կողմից միջնորդված եռակողմ հայտարարությունները չեն պարտադրվում կողմերին՝ հղում կատարելով նման մտահոգություններ արտահայտող շրջանակների տրամադրությունների։ Վերջապես, նոյեմբերի 26-ին նոր եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարեց, որ մինչև տարվա վերջ կստեղծվեն երկու պետությունների միջև ԴևԴ-ի մեխանիզմներ։

ՀԱՊԿ-ը, փաստորեն, հրաժարվեց Հայաստանին ռազմական աջակցություն տրամադրել՝ Հայաստանի սահմանային շրջաններում Ադրբեջանի զինված ուժերի առաջացման և անգամ ակնհայտ ռազմական գործողությունների համատեքստում։ ՀԱՊԿ-ի պաշտոնյաները մատնանշեցին սահմանի բացակայությունը՝ վերջինս անվանելով շփման և դիմակայության գիծ, և ընդգծեցին քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով սահմանային անվտանգության համար լուծումներ գտնելու անհրաժեշտությունը։

Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան մայիսի 27-ից սկսած իրենց հայտարարություններում Հայաստանին ու Ադրբեջանին սկսեցին կոչ անել իրականացնել ԴևԴ։ Մայիսի 28-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անթույլատրելի որակեցին սահմանային վեճերը լուծելու համար ուժի կիրառումը կամ սպառնալիքը, և երկու կողմերին կոչ արեցին զորքերը հետ քաշել, ապալիցքաթափել իրավիճակն ու բանակցություններ սկսել ԴևԴ-ի վերաբերյալ։ Նրանք նաև պատրաստակամություն հայտնեցին այդ գործընթացում աջակցելու հարցում։ Հուլիսի 17-ին տարածաշրջանային այցելության շրջանակներում Երևանում գտնվող Շարլ Միշելը ԵՄ-ի անունից աջակցություն առաջարկեց ԴևԴ-ի գործընթացում։ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ-ի ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էլ օգոստոսի 16-ին թվիթերյան գրառմամբ մտահոգություն հայտնեց հայ-ադրբեջանական սահմանի՝ մարդկային կյանքի կորուստներով ուղեկցվող լարվածության վերաբերյալ, և կողմերին ապալիցքաթափման և զսպվածության, ինչպես նաև ԴևԴ-ում ներգրավվածության կոչ արեց։

Կարևոր է նշել, որ միջազգային հարաբերությունների և իրավունքի պրակտիկայում հարևան երկրների միջև ԴևԴ-ն ցանկալի, սակայն ոչ պարտադիր պայման է, հետևաբար այն չի կարող պարտադրվել, այլ կարող է միայն խրախուսվել։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԴևԴ-ի բացակայությունը չի արդարացնում Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիվ գործողությունները, վերջինիս կողմից Հայաստանի հետ շփման գծի խախտումն ու անգամ խորհրդային ամենաանբարենպաստ քարտեզների համաձայն հայ-ադրբեջանական սահմանների խախտումը։ Հայտնի է, որ տարբեր մայրցամաքներում կան բազմաթիվ, անգամ գործընկերային հարաբերություններ ունեցող երկրներ, որոնց միջև լիարժեք ԴևԴ չի արվել, այդ թվում` Ռուսաստանի ու Ադրբեջանի, Ադրբեջանի և Վրաստանի, Հայաստանի ու Վրաստանի, առավել ևս հակամարտության գոտիներում, օրինակ Բալկաններում՝ Սերբիայի ու Կոսովոյի միջև։ Հետևաբար, միջազգային հանրության կողմից ԴևԴ-ի կոչն՝ ուղղված Հայաստանին ու Ադրբեջանին չի կարող պարտադրող բնույթ ունենալ, այլ պայմանավորված է երկու երկրների միջև նոր ռազմական էսկալացիայի դրսևորումներից խուսափելու անհրաժեշտությամբ։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի համար պայմանագրային պարտավորությունների համաձայն Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու ակնկալիքը բեռ է դարձել, քանի որ նրանք գործընկերային հարաբերություններ ունեն նաև Ադրբեջանի հետ։ Ակնհայտ է, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և ԵՄ-ն պատրաստ չեն ավելի վճռական միջոցների դիմել միջազգային նորմերի պաշտպանության համար, օրինակ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև ընդունել, կամ պատժամիջոցներ կիրառել սադրող կողմի հանդեպ։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջունեց Սոչիում տեղի ունեցած հանդիպումն ու ձեռք բերված պայմանավորվածությունները։

 

Դելիմիտացիայի ու դեմարկացիայի՝ առաջիկայում սկսվող գործընթացի փուլերի և ձևաչափերի վերաբերյալ առաջարկներ

Նոյեմբերի 26-ին ստորագրված հայտարարության անակնկալն այն է, որ ԴևԴ-ի գործընթացը նախատեսվում է երկկողմ ձևաչափով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, իսկ ՌԴ-ն ունենալու է զուտ խորհրդակցական դեր՝  հակառակ եռակողմ ձևաչափի Հայաստանի հանրության շրջանում առկա ենթադրության։ 

Ռուսաստանի կողմից սա ողջախոհ քայլ է, քանի որ քսանմեկերորդ դարում դժվար է պատկերացնել երրորդ պետության արբիտրաժային դերը երկու երկրների միջև սահմանների հստակեցման հարցում։ Խորհրդակցական ձայնն այս համատեքստում ամենայն հավանականությամբ նշանակում է միջնորդություն՝ առանց որոշումների կայացման մեջ պաշտոնական ձայնի, որը նաև կնվազեցնի այդ դժվարին գործընթացում Ռուսաստանի պատասխանատվությունը միջազգային հանրության աչքերում։ 

Միաժամանակ, դիվանագիտական հարաբերություններ չունեցող, չլուծված հակամարտություն ունեցող և փոխադարձ անվստահություն տածող երկու երկրների միջև դժվար է պատկերացնել առանց վճռորոշ դեր ունեցող միջնորդ միջազգային կազմակերպության կողմից ընձեռնված և նորմատիվային շրջանակ ապահովող բանակցություններ այնպիսի բարդ հարցի շուրջ, ինչպիսին է ԴևԴ-ն։ Հետևաբար, փակուղու հանգելուց խուսափելու նպատակով պետք է դիտարկել գործընթացի հետևյալ ձևաչափերն ու փուլերը։

Փուլ 1. ՌԴ-ի խորհրդակցական ձայնով և միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ՝ Ռուսաստանի Դաշնության արխիվներում պահվող քարտեզների և դրանց իրավական հիմքերի հիման վրա, որի արդյունքում հնարավոր է  համաձայնության գալ ոչ հակասական կամ նվազ հակասական հարցերի շուրջ։

Փուլ 2. Առավել հակասական հարցերը, որոնց շուրջ համաձայնությունն առաջին փուլում չհաջողվի, քննարկել ԵԱՀԿ-ի շրջանակում՝ Մինսկի խմբին կից ստեղծված ենթախմբում, և կամ էլ հատուկ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովում կամ աշխատանքային խմբում։ Կարելի է նաև դիտարկել ԵՄ-ի հովանին՝ հաշվի առնելով Շարլ Միշելի կողմից աջակցության առաջարկն ու Բրյուսելում առաջիկայում կայանալիք հանդիպումը։ Ընդ որում, ԵԱՀԿ-ի կամ ԵՄ-ի կողմից աջակցությունը պետք է չսահմանափակվի վերապատրաստում և խորհրդատվություն տրամադրելով, որը խիստ ցանկալի կլինի արդեն իսկ Փուլ 1-ի ընթացքում, այլ պետք է ապահովի բանակցությունների համար կազմակերպչական հովանի և նորմատիվ կանոնների շրջանակ։ ԵԱՀԿ-ի հովանին կարող է լինել ամենահամապատասխանը, քանի որ այն ունի ԴևԴ-ի վերաբերյալ համապարփակ ձեռնարկ և Լիտվայի ու Բելառուսի միջև այդ գործընթացին աջակցելու փորձ, ինչպես նաև պայմանավորված այդ կազմակերպությանը Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների, Եվրամիության և ՀԱՊԿ-ի երկրների անդամակցությամբ։

Փուլ 3. Ամենահակասական հարցերը պետք է տարվեն ՄԱԿ-ի Արդարադատության դատարան (International Court of Justice)՝ միջազգային արբիտրաժի միջոցով դրանք լուծելու նպատակով։ Դատարանն ունի այդպիսի փորձ, օրինակ՝ Եթովպիայի ու Էրիտրեայի միջև տարածքային վեճի վերաբերյալ հայցը։ Քանի որ ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ Ադրբեջանն անվերապահորեն չեն ընդունել Արդարադատության միջազգային դատարանի իրավասությունը, հայցի համար անհրաժեշտ է երկու երկրի միջև ստորագրել Փոխըմբռնման հուշագիր։ Ս։թ։ նոյեմբերի 25-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկներկայացուցիչ Անիկա Սոդերի հետ հանդիպման ընթացքում պատրաստակամություն է հայտնել ԴևԴ իրականացնել միջազգային իրավունքի համաձայն։

 

Դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացի սկզբունքների առաջարկ

Դեռևս անցյալ ամիս հերթական ռազմական էսկալացիայի համատեքստում երկու երկրների միջև դժվար է պատկերացնել բանակցությունների բնականոն գործընթաց, հատկապես այն պարագայում, երբ երկրներից մեկի զինված ուժերը գտնվում են մյուս երկրի ինքնիշխան տարածքում, և մի կողմն արդեն դրսևորել է ռազմական շանտաժի միջոցով իր կամքը պարտադրելու և զիջումներ կորզելու մարտավարություն։ Միջազգային իրավունքին ու կարգին հակասող իրավիճակի հերթական խորացումից խուսափելու համար ցանկալի է բանակցությունների սկզբից ևեթ ամրագրել հետևյալ սկզբունքները.

ա/ Բանակցությունների ընթացքում պետք է բացառվի ուժի կիրառումը՝ դա լինի ռազմական , թե քաղաքական պարտադրանքի միջոցով։ Ադրբեջանը պետք է իր ուժերը հետ քաշի վերջին ամիսներին գրաված տարածքներից։

բ/ Արցախի հիմնահարցը պետք է դիտարկվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցից առանձին։ Պետք է ամրագրվի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցն այս գործընթացով և այս ձևաչափով չի լուծվելու, այլ շարունակվելու է զուգահեռ բանակցվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և դրա համար պետք է գտնվի հակամարտության համապարփակ ու երկարաժամկետ լուծում։

գ/ Գործընթացը չպետք է կանխորոշի վիճահարույց հարցերի վերաբերյալ արդյունքները, այլ յուրաքանչյուր հարց պետք է բանակցվի։ Գործընթացը չպետք է արհեստականորեն արագացվի՝ մտապահելով, որ անգամ գործընկերային հարաբերություններ ունեցող երկրների միջև ԴևԴ-ի գործընթացը կարող է տևել տարիներ, իսկ հակամարտությունը համաձայնությունների հանգելն էլ ավելի է դժվարացնում։

դ/ Քարտեզները՝ անկախ նրանից, թե որ թվի են, չպետք է լինեն որոշումների կայացման միակ հիմքը, մանավանդ որ քսաներորդ դարի սկզբից ի վեր եղել են բազմազան հակասական քարտեզներ, դրանց իրավական հիմքեր, ինչպես նաև տարածքների պատկանելիություն և անցյալի հանրապետությունների իրավահաջորդություն սահմանող բազմազան ու հակասական համաձայնագրեր և հռչակագրեր։ Օրինակ, պարզ չեն խորհրդային տարիների 20-ական թվականների վերջերից մինչև Խորհրդային Միության փլուզմանը նախորդող տարիներին Խորհրդային Հայաստանից Խորհրդային Ադրբեջան տարբեր տարածքներ փոխանցելու իրավական հիմքերն ու հիմնավորումները, որոնց թվում է 1964 թ. Խորհրդային Հայաստանի բյուջեով կառուցված Գորիս-Կապան ճանապարհի մեծ մասը ավելի ուշ ժամանակաշրջանում Խորհրդային Ադրբեջանին փոխանցելը։  Ինչպես նշեց Փաշինյանն այլ համատեքստում, նմանատիպ փոխանցումների իրավական հիմքերն անորոշ են ու ենթակա են պարզման, քանի որ խորհրդային տարիներին եղել է տարբեր հանրապետությունների միջև նվիրատվություների պրակտիկա։ Չի կարելի բացառել նաև այդ տարիներին Ադրբեջանի ղեկավարության կողմից կոռուպցիայի միջոցով Խորհրդային Միության կենտրոնական ղեկավարության կողմից որոշումների կայացման գործընթացի վրա ազդելու հավանականությունը։

ե/ Դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ ԵԱՀԿ-ի ձեռնարկի համաձայն, ոչ նվազ կարևոր են միջազգային իրավունքի և ազգային օրենսդրության նորմերը, տվյալ դեպքում՝ նաև ԽՍՀՄ-ի կայացրած որոշումների իրավական հիմքերի առկայության կամ բացակայության, հիմնավորվածության և ոչ հիմնավորվածության հարցերը, ինչպես նաև մարդու իրավունքների և անվտանգության՝ 2021 թ. ոգուն համապատասխան սկզբունքները, անվտանգային, աշխարհագրական, տնտեսագիտական, ինչպես օրինակ՝ բնական ռեսուրսների օգտագործման գործոնները։ Պետք է հաշվի առնել այն, որ ԽՍՀՄ-ն չէր միացել 1948 թ. ընդունված՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին և ԽՍՀՄ-ում ներքին վարչական սահմանների որոշումը իրականացվել է առանց հստակ չափանիշների, որն ընդունել է նաև ՌԴ նախագահ Պուտինը։ 

զ/ Հայաստանը չի կարող զրկվել որպես պետություն կենսունակության հեռանկարից՝ անվտանգային և տնտեսական առումներով անբարենպաստ դելիմիտացիայի հետևանքով։ Հայաստանը պետք է ունենա իր տարածքով անցնող մայրուղիների ու ճանապարհների հանդեպ ինքնիշխանություն, և իր տարածքում գտնվող բնական ռեսուրսների, օրինակ՝ ջրային ռեսուրսների հանդեպ վերահսկողություն։ Վերջինիս վերաբերյալ ԵԱՀԿ-ն կարող է նաև կիսել ջրային դիվանագիտության իր փորձը։

է/ Հայաստանի տարբեր հատվածներ միմյանցից չեն կարող կտրվել։ Պետք է բացառել անկլավների գոյացումը, վերջիններիս առկայությունը հակասում է միջազգային կարգի ժամանակակից  դրույթներին։

ը/ Անխաթար պետք է մնան Իրանի ու Վրաստանի հետ Հայաստանի սահմանները, հաշվի առնելով, որ մյուս երկու հարևան երկրները՝ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի անկախությունից ի վեր Հայաստանին պահել են շրջափակման մեջ։ 

թ/ Մինչև ԴևԴ-ի ավարտը, հարկավոր է դիտարկել շփման գծի երկայնքով Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող միջազգային մոնիտորների կամ դիտորդների տեղակայումը՝ ռազմական էսկալացիայից խուսափելու և դրա սադրիչ կողմին բացահայտելու նպատակով։ Համապատասխան առաջարկ մայիս ամսին արել է վարչապետ Փաշինյանը։

ժ/ Դիտարկել անվտանգային գոտու ստեղծումը՝ քաղաքացիական բնակավայրերի անմիջական հարևանությամբ զինված ուժերի տեղակայումից խուսափելու և քաղաքացիական բնակչության խաղաղ և անվտանգ կյանքը չխաթարելու նպատակով, ինչպես առաջարկել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Թաթոյանը։

ի/ Վերջապես, ինչպես վերը նշվեց, վիճահարույց հարցերի վերաբերյալ եռակողմ ձևաչափով համաձայնության չգալու դեպքում դրանք պետք է շարունակել միջազգային կազմակերպության հովանու ներքո, իսկ այդ ձևաչափով նույնպես համաձայնության չգալու դեպքում դրանք պետք է ուղղորդել ՄԱԿ-ի Արդարադատության դատարան՝ ամենադժվարին հարցերը միջազգային արբիտրաժի միջոցով լուծելու նպատակով։ Ինչպես նշել է Միջազգային արդարադատության ռեգիստրատ Ֆիլիպ Գոթյեն, պետությունները վիճահարույց հարցերը  կարգավորելու նպատակով պետք է դիմեն դատարանին՝ զինված հակամարտության միջոցով այն լուծելու փոխարեն։ Պետք է բացառել ուժի կիրառման և սպառնալիքների նորմալիզացիայի փորձը, որը ձեռնոց է նետում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությանը և այդպիսով՝ ժամանակակից միջազգային կարգին։ 

 

Subscribe to our mailing list

Thank you for your submission! We will review it soon.


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team