yalanuzyan fall of the ussr

 

1991թ. դեկտեմբերին ավարտվում է Արևմուտքի և Խորհրդային Միության չորս տասնամյակից ավելի ձգվող պայքարը. դեկտեմբերի 25-ին ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը վայր է դնում լիազորությունները, իսկ հաջորդ օրը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Հանրապետությունների նորաստեղծ խորհուրդն ընդունում է ԽՍՀՄ լուծարման հռչակագիրը։

1991թ. ընթացքում Խորհրդային Միության կենտրոնական իշխանությունը ձգտում էր փրկել խորտակվող կայսրությունը։ Դեռևս մարտին անցկացված համամիութենական հանրաքվեն նոր՝ առավել ժողովրդավարական և հանրապետություններին ավելի մեծ ինքնուրույնություն ապահովող քաղաքական կազմավորում ստեղծելու առաջին քայլն էր։ Մի շարք հանրապետություններ, այդ թվում՝ Հայաստանը, հրաժարվում են մասնակցել այդ հանրաքվեին։ Անկախության ուղին բռնած Հայաստանն այս որոշման համար վճարում է տխրահռչակ «Օղակ» գործողությունով, որի ընթացքում ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և ադրբեջանական օմօնի համատեղ ուժերով հայաթափվում են մի քանի տասնյակ հայկական գյուղեր Լեռնային Ղարաբաղում։ Տասնյակ մարդիկ զոհվում ու վիրավորվում են նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում։

Միությունը ձևափոխելուն ու պահպանելուն միտված հաջորդ քայլը Մերձմոսկովյան Նովո-Օգարյովոյում ընթացող բանակցություններն էին, որոնց արդյունքով ձևավորված փաստաթուղթը չի ստորագրվում նախ՝ օգոստոսյան ձախողված հեղաշրջման, ապա՝ ԽՍՀՄ փլուզման անդառնալի գործընթացի պատճառով։

1991թ. աշնանը խորհրդային հանրապետությունների անկախության ընթացքն անկասելի էր. սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի էր ունեցել Անկախության հանրաքվե, իսկ մի քանի շաբաթ անց՝ հոկտեմբերի 16-ին, նախագահական ընտրություններ։ Նոյեմբերի 14-ին՝ երդմնակալության պաշտոնական արարողությունից երեք օր անց նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին Վաշինգտոնում ընդունում է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը։ Պատասխանելով հայ լրագրող Գուրգեն Խաժակյանի հարցին՝ Միացյալ Նահանգների նախագահն ասում է. «Մենք շատ շահագրգռված ենք ձեր հանրապետության հաջողություններով և այդ մասին պիտի խոսենք ձեր նախագահի հետ, որն ընտրվել է ժողովրդի գերակշիռ մեծամասնությամբ։ Ես պիտի ընդգծեմ, որ երբ Միացյալ Նահանգները կարողանան, պիտի համագործակցեն հանրապետությունների հետ։ Սա է քննարկման նյութը, և մենք կփորձենք անել դա» [1]։

1991թ. նոյեմբերի սկզբին Թուրքիան արդեն ճանաչել էր Ադրբեջանի անկախությունը։ Նոյեմբերի 11-ին Երևանում էր թուրքական «Ալարկո հոլդինգ» ընկերության տնօրեն Իցհակ Ալաթոնը, որը Տրապիզոնից եկել էր մինչև Հայաստանի սահմանը և Մարգարայի կամրջով անցել այն։ Երևանում խոսելով «Ազգ» թերթի թղթակիցներ Հակոբ Ասատրյանի և Հակոբ Չաքրյանի հետ՝ Ալաթոնը վստահություն էր հայտնել, որ Թուրքիան առաջիկայում Հայաստանի անկախությունը ևս կճանաչի[2]։

Դեկտեմբերի սկզբին Ուկրաինայի անկախությունն են ճանաչում Կանադան, Լեհաստանը, իսկ Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի նախագահի տեղակալ Սերգեյ Ֆիլատովը հայտարարել էր, որ «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի անկախության ճանաչումը չի կարող չկայանալ»[3]։

Այսպիսով՝ 1991թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ակնհայտ էր, որ միութենական հանրապետությունները շուտով անկախ են դառնալու, և Խորհրդային Միությունն այլևս գոյություն չի ունենալու։ Պետք է նշել, որ ԽՍՀՄ-ի լուծարմանը կողմ էր նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինը, ով համարվում էր ժողովրդավարական թևի ներկայացուցիչը։

ԽՍՀՄ լուծարման վերաբերյալ քննարկումներին զուգահեռ՝ հանրային-քաղաքական դաշտում օրակարգային էր նոր կազմավորում ստեղծելու անհրաժեշտությունը, որը կմիավորեր նախկին միութենական հանրապետությունները։ Նոր քաղաքական կազմավորման անհրաժեշտությունը պայմանավորված էր մի քանի հանգամանքով՝, որոնցից առաջինը, թերևս, տնտեսականն էր։ Ճիշտ է՝ հանրապետություններն արդեն անկախ էին ու ինքնիշխան, սակայն տնտեսության և ենթակառուցվածքների հազարավոր թելերով կապված էին Ռուսաստանի և միմյանց հետ։ Այլ ուղղություններով նոր շուկաներ գտնելը դժվար էր և ժամանակ էր պահանջում։ Մյուս կարևոր պատճառը քաղաքական էր. Ռուսաստանը ցանկանում էր իր ազդեցությունը պահել հետխորհրդային հանրապետություններում, որոնք ունեին ռազմական և անվտանգային նշանակություն։ Նորանկախ հանրապետությունների համար ևս Ռուսաստանի ռազմական ու տնտեսական աջակցությունն էական նշանակություն ուներ։ Նորաստեղծ երկրները չունեին կայացած պաշտպանական համակարգ, զինված ուժեր և բավարար թվով մասնագետներ։ Այս բոլորի արդյունքում էլ 1991թ. դեկտեմբերի 8-ին Բելովեժում (Բելառուս) Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի նախագահներ Ելցինը, Կրավչուկը և Շուշկևիչը ստորագրում են փաստաթուղթ, որով լուծարում էին ԽՍՀՄ-ը և ստեղծում նոր միություն՝ Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ)։ Մի քանի օր անց միությանն անդամակցում է նաև Հայաստանը։

 

* * *

ԽՍՀՄ-ի մայրամուտին Արևմուտքն առավելապես մտահոգված էր խորհրդային միջուկային ժառանգության հարցով՝ Ռուսաստանից բացի, միջուկային զենք ու միջմայրցամաքային հրթիռներ կային Բելառուսում, Ուկրաինայում և Ղազախստանում։ Դիվանագիտական ջանքերի, ֆինանսական փոխհատուցման և միջազգային ճնշման շնորհիվ 1990-ական թվականների սկզբին այս հանրապետությունների միջուկային զինանոցը չեզոքացվեց՝ մի մասը տեղափոխվեց Ռուսաստան, մի մասը՝ ոչնչացվեց։ Ռուսաստանը ստանձնել էր նախկին ԽՍՀՄ միջուկային սպառազինության վերահսկողության ու պահպանության պատասխանատվությունը, որը և իրականացրել էր։ Այսօր դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ Արևելյան Եվրոպայի աշխարհաքաղաքական պատկերը, եթե միջուկային զենք ունենային Ուկրաինան ու Բելառուսը։  

Խորհրդային Միության փլուզումից հետո տարբեր հանրապետություններում բռնկված հակամարտություններն ավելի թեժացան՝ վերածվելով լայնածավալ պատերազմների։ Լեռնային Ղարաբաղում, Հարավային Օսիայում, Աբխազիայում, Միջին Ասիայում ընթացող թեժ մարտական գործողությունները ոչ միայն հազարավոր զոհերի և հումանիտար աղետի էին հանգեցնում, այլև սպառնալիք էին Ռուսաստանի համար։ Այս պատերազմները կարող էին փոխել ուժերի տեղային հավասարակշռությունը, ինչպես նաև՝ հակամարտության գոտիներում ընդգրկել նոր՝ Ռուսաստանի համար ոչ ցանկալի խաղացողների։

1991-92թթ. Ռուսաստանն ինքը ծանր տնտեսական դրության մեջ էր, և հակամարտությունների կարգավորման գործում ակտիվորեն ներգրավվելու հնարավորությունները սահմանափակ էին։ Միայն 1993-ից ներռուսական քաղաքական կյանքը քիչ թե շատ կայունացավ, և Ռուսաստանի Դաշնությունը սկսեց աստիճանաբար վերականգնել իր ազդեցությունը նախկին միութենական հանրապետություններում։ 1993-ի սեպտեմբերին աբխազական կազմավորումները ռուսական աջակցությամբ դուրս մղեցին վրացիներին Սուխումից, իսկ դեկտեմբերի 3-ին Վրաստանն արդեն անդամակցեց ԱՊՀ-ին։ Հարջորդ տարվա փետրվարին նախագահներ Ելցինն ու Շևարդնաձեն ստորագրում են բարեկամության պայմանագիր, որով Վրաստանի երեք շրջաններում՝ Բաթումում, Ախալքալաքում և Վազիանիում տեղակայվելու էին ռուսական ռազմակայաններ։ 

Ադրբեջանը փոքր-ինչ ավելի շուտ՝ 1993-ի սեպտեմբերին է անդամակցում ԱՊՀ-ին։ Իշխանությունը նոր վերցրած Հեյդար Ալիևին խիստ անհրաժեշտ էր Ռուսաստանի աջակցությունը։ 1994-ի հունվարից սկսվում են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու բանակցությունները, որտեղ վճռորոշ դերակատարություն ուներ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Հարկ է նշել նաև, որ նախկինում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինադադար հաստատելու ԵԱՀԽ (ԵԱՀԿ) բոլոր փորձերն ավարտվել էին անհաջողությամբ։ 

Այսպիսով, 1994թ. առաջին կեսին Ռուսաստանը կարողանում է եթե ոչ ամբողջովին, ապա զգալի չափով ապահովել իր ռազմավարական ներկայությունը «մոտիկ արտասահմանում»՝ նախկին խորհրդային հանրապետությունների տարածքում։ 

Սակայն Արևմուտքի և Ռուսաստանի մրցակցությունն այսքանով չի ավարտվում. հետագա երկու տասնամյակում մենք տեսնում ենք քաղաքակրթական այս երկու բևեռների համառ պայքարը՝ նախկին միութենական հանրապետություններում ազդեցությունը մեծացնելու, իսկ Ռուսաստանի դեպքում՝ սեփական ներկայությունը պահպանելու համար։

 

* * *

ԽՍՀՄ փլուզումը համընկավ համաշխարհային մեկ այլ կարևոր իրադարձության՝ Ասիայում և Մերձավոր Արևելքում օրեցօր ուժեղացող պետությունների կայացման հետ, որն էլ, իր հերթին, աստիճանաբար հանգեցրեց բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը։ Եթե նախկինում համաշխարհային գերակայության համար մրցում էին հավաքական Արևմուտքն ու Խորհրդային Միությունը՝ յուրաքանչյուրն իր փոքր դաշնակիցների հետ, ապա «նոր աշխարհում» ինքնուրույնության և «արևի տակ իրենց տեղն» ամրապնդելու հայտ են ներկայացնում ավելի ու ավելի շատ երկրներ։ Ճիշտ է՝ նրանցից շատերը չունեին և հիմա էլ չունեն Արևմուտքի ու Ռուսաստանի աշխարհաքաղաքական ներուժը, սակայն տարածաշրջանային մակարդակում ձգտում են մեծացնել իրենց տնտեսական ու քաղաքական ազդեցությունը։ Թուրքիայի հավակնությունները Սիրիայում, Իրաքում, Արևելյան Միջերկրականում, Լեռնային Ղարաբաղում 2020թ. պատերազմին անմիջական մասնակցությունն այս հավակնությունների դրսևորման օրինակներից է։

Խորհրդային Միության փլուզման հետ միաժամանակ դադարեց գոյություն ունենալ Վարշավայի պայմանագրի կազմակերպությունը։ 1955թ. մայիսի 14-ին Վարշավայի պայմանագիրը ստորագրել էին ԽՍՀՄ-ը, Ալբանիան, Բուլղարիան, Լեհաստանը, Հունգարիան, ԳԴՀ-ն, Ռումինիան և Չեխոսլովակիան՝ ձևավորելով, այսպես կոչված, սոցիալիստական երկրների ճամբարը։ Այդ պայմանագրով Խորհրդային Միության ազդեցությունը, ինչպես նաև՝ անվտանգության գոտին ձգվում էր մինչև գրեթե Կենտրոնական Եվրոպա։ 1991թ. ԽՍՀՄ-ի և դրանից մի քանի ամիս առաջ Վարշավայի պայմանագրի լուծարման հետևանքով հավաքական Արևմուտքի ազդեցությունը մոտենում է Ռուսաստանի կենսական սահմանագծին՝ Ուկրաինային ու Բելառուսին։ Երկու երկրներն էլ անկախ էին և փորձում էին խուսանավել աշխարհաքաղաքական հզոր բևեռների՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Թեև տնտեսական ու մշակութային կապերով նրանք առավել մոտ էին Ռուսաստանի քաղաքակրթական տարածքին, սակայն երկու երկրներում էլ կային և հիմա էլ կան արևմտյան կողմնորոշում ունեցող հասարակական զգալի շերտեր։

2008թ. ռուս-վրացական պատերազմը, ապա՝ Ղրիմի և Արևելյան Ուկրաինայի խնդիրը ցույց են տալիս, որ կան սահմանագծեր, որոնց հատումը հանգեցնում է Ռուսաստանի կողմից ռազմական միջամտության։ Պետք է նշել, որ չնայած Արևմուտքը շատ լավ հասկանում է Ռուսաստանի ռազմավարական սահմանների նկատմամբ ոտնձգության հնարավոր հետևանքները, սակայն տարատեսակ միջամտության փորձերը շարունակվում են։ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք՝ Ռուսաստանի ռազմավարական անվտանգության տարածք, Ռուսաստանի համար ստեղծում է ծայրահեղ անցանկալի իրադրություն։ Ինչպես գրված է «ՌԱՆԴ» վերլուծական կենտրոնի հետազոտական զեկույցում՝ «Գերտերությունները շատ զգայուն են իրենց տարածքի հարևանությամբ նկատվող սպառնալիքներին» [4]։ Իսկ ՆԱՏՕ-ի ընդլայնումը կամ դրա հավանականությունը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների տարածքում Ռուսաստանի համար սպառնալիք է։ Մյուս կողմից, ինչպես կարելի է եզրակացնել վերջին տարիների զարգացումներից, ՆԱՏՕ-ն վիճարկում է Ռուսաստանի այդ հավակնությունը։

Վերջին շրջանում Արևմտյան փորձագիտական շրջանակները հաճախ են անդրադառնում Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի գործողություններին։ «Foreign Policy»-ում օրերս հրապարակված վերլուծությունում նշվում է, որ ի տարբերություն Արևմուտքի, Մերձավոր Արևելքում Ռուսաստանի գործողությունները կայունացնող դերակատարություն են ունենում։ Հեղինակը մեջբերում է Ռուսաստանի նախագահ Պուտինի խոսքը, թե՝ «Սադդամ Հուսեյնի ռեժիմը ժողովրդավարական չէր, բայց նա պայքարում էր արմատականների դեմ։ Հիմա, երբ Սադդամը չկա, մենք ականատես ենք լինում Իրաքի տարածքում մեծ թվով ահաբեկչական կազմակերպությունների ներթափանցմանը»։ 

Ժողովրդավարությունը, որպես արևմտյան ազդեցության տարածման միջոց կիրառվում է աշխարհի բազմաթիվ տարածաշրջաններում։ Դրանց արդյունավետությունն առանձին ուսումնասիրության նյութ է, սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանի սահմանագծում հավաքական Արևմուտքի չափից ավելի ակտիվացումը հանգեցնում է Ռուսաստանի պատասխան գործողությունների։

Կարծում ենք՝ Ռուսաստանի ազդեցության գոտում Արևմուտքի ներթափանցման փորձերի նպատակը, գոնե այս փուլում, Ռուսաստանի ուժերի ջլատումն է, մշտական լարվածության պահպանումը։ Ռուսաստանը ստիպված է ռազմական, դիվանագիտական, տնտեսական հսկայական միջոցներ ծախսել ռազմավարական անվտանգության գոտում սեփական ազդեցությունը պահելու համար։ Կարելի է ենթադրել նաև, որ մոտ ապագայում լարվածությունը մշտապես պահպանվելու է, նաև այն պատճառով, որ առաջիկա տարիներին Ռուսաստանը կանգնելու է իշխանության տրանսֆորմացիայի խնդրի առաջ։

Սակայն առավել կարևոր է հասկանալ, թե «նավակ ճոճելը» ե՞րբ և ո՞ր դեպքում կհանգեցնի առավել խոշոր ու անկանխատեսելի հետևանքներով բախումների՝ արդեն աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների միջև։ 

 

------------------------

1- Ազգ, 16 նոյեմբերի, 1991թ., թիվ 79:
2- Ազգ, 16 նոյեմբերի, 1991թ., թիվ 79։
3- Ազգ, 4 դեկտեմբերի, 1991թ., թիվ 84։
4- Russia’s Military Interventions. Patterns, Drivers, and Signposts, 2021.

 

Thank you for your submission! We will review it soon.

Subscribe to our mailing list


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team