Ես Մոսկվայում ասպիրանտուրայում էի, զանգահարեցի մայրիկիս, փետրվար էր, նա ասաց. «Դու գիտե՜ս այստեղ ինչ է կատարվում, միտինգներ են, այն էլ ի՛նչ չափսի»: Նրա ձայնը հիացած էր հնչում, քանի որ ինչ-որ բան փոխվում էր, պատմություն էր, անծանոթ էր վիճակը, անսպասելի. բայց և՝ տագնապած: Հետո եղավ Սումգայիթը, և Մոսկվայի համալսարանի հայերս կոլեկտիվ նամակներ սկսեցինք գրել, աշխատելով, համակարգի ներսում, կոմսոմոլի անդամների անունից, տեղից շարժել սիստեմը. ուզում էինք, որ «կենտրոնական» մամուլը «նորմալ» և «բալանսավորված» ներկայացնի կատարվողը. այն, ինչ իրենք էին համարում «բալանսավորված»՝ մեր կարծիքով ադրբեջանամետ էր:
Դա սկիզբն էր այն տևական պրոցեսի, որ շարունակվեց տարիներ, փաստորեն մինչև անկախությունը. հավաքել, թե ինչ է գրում մամուլը Շարժման ու կոնֆլիկտի մասին, արխիվներ սարքել անձնական, ու գրել պատասխաններ, հոդվածներ, նամակներ: Շատ ու շատ ընտանիքներում հավաքվեցին այդպիսի արխիվներ, որոնց մի մասը հետո այրվեց վառարաններում: Մարդիկ խելագարվելու չափ բարկանում էին այն ոճից, որով «կենտրոնական» մամուլը ներկայացնում էր «Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ» զարգացող դեպքերը:
Հետո մեր համալսարանի՝ ԵՊՀ-ի մեր ֆակուլտետից՝ արևելագիտականից, ժամանեց երկու ուսանող, որոնք Մոսկվայի համալսարանում մեր օգնությամբ հավաքեցին մի նշանակալի դահլիճ ու սկսեցին պատմել, թե Հայաստանում ինչ է տեղի ունենում և ինչու: Դա զարմանալի էր. որ կարելի է առանց «վերից» հրահանգի դահլիճ հավաքել, և այդքան մարդ եկավ, ներառյալ պաշտոն ունեցող դասախոսներ: Ավելի զարմանալի էր, որ մեր դեկանը՝ Մերի Քոչարը, գործուղել էր այդ տղաներին, պետական փող վճարելով, որ նրանք գան ու բացատրեն, թե ապստամբությունը, որ խախտում էր այդ պետության կանոնները, ինչու է տեղի ունենում: Այդ ժամանակ դեռ դա արվում էր, իբր, «պերեստրոյկայի» անունից, այսինքն նպատակն էր կատարվողը ոչ թե որպես ապստամբություն ներկայացնել, այլ որպես Գորբաչովի ոգեկոչած բարեփոխումների արտահայտություն: Այդ մեկ տարում ինքը «կենտրոնն» ամեն ինչ արեց, որ այդ ցանկությունը և հարմարվելու այդ փորձը հօդս ցնդի, և Շարժումն աստիճանաբար սկսի դառնալ հանուն անկախության:
Ես հիացած էի այդ երկու ուսանողների որակներով, նրանց խոսելու, համոզելու կարողությամբ, առարկելու, հակաճառելու. նրանք ինձ հիշեցնում էին վաղ բոլշևիկյան ճարտասան պրոպագանդիստներին: Նրանք երկուսն էլ այժմ վաղուց Հայաստանում չեն ապրում:
Մոսկվան բաժանված էր երկու մասի. իմ իմացած ժուռնալիստների ու արևելագետների մեծ մասը չէր ուզում հասկանալ, թե ինչ են անում հայերը, թշնամաբար էին տրամադրված: Այդպես էի ես այնօր զգում, իսկ գուցե իրավունք ունեին նրանք սկեպտիկ լինելու: Իսկ, օրինակ, կինոասպարեզի ժողովուրդը՝ լրիվ կողմ էր, ու նրանց գրկում ես ինձ զգում էի վերջապես ասես մի վիրավոր, ում վերքերը սկսեցին դարմանել: Իսկ գուցե դա էլ խաբկանք էր:
Գարնանը եկա Երևան, մասնակցեցի ցույցերին, որոնք վերսկսել էին: Մի լավ ժամանակագրություն չկա, չգիտեմ, որպեսզի ամսով ու օրով հիշվեն այդ տարիները, իմ հուշերն էլ մեջը տեղադրեմ: Հետո գնացի Մոսկվա ու կրկին, արդեն երեք ամսով, վերադարձա ամռանը:
Ժողովրդի մասսայական ներկայություն քիչ էի ապրել մինչ այդ. արդեն եղել էին որոշ, հատուկենտ, շատ մարդաշատ ռոք-համերգներ: Մինչ այդ և դրան նման կամ մի բան էլ ավելի՝ ֆուտբոլից հետո մասսան երբ փողոցով գնում էր, երբեմն դա գրեթե ցույցի էր վերածվում: Ուրախ՝ թե մեր թիմը հաղթել էր, բարկացած՝ թե ոչ: 1965-ի ցույցին, իհարկե, չէի կարող եղած լինել տարիքիս պատճառով, ծնողներս էին պատմում: Սովետական օֆիցիալ ցույցերը՝ մայիսի մեկ և այլն, կարող էին լինել ուրախ, բայց այդ զգացումը չէին առաջացնում: Արդեն սկսել էին տոնել «Էրեբունի-Երևանը», և դա էլ էր մարդաշատության հատուկենտ դրսևորում, բայց համեմատելի չէր Օպերայի միտինգներին: Սա նոր պատմական դարաշրջան էր:
Միտինգին ներկա լինելը, իսկ դրանք հսկայական էին, հակասական զգացմունք էր մեջս առաջացնում: Նախ՝ մոգական, միստիկ զգացողություն. հուզականությունս շատ ուժեղանում էր: «Սա իմ ժողովուրդն է»: Սրբության հոտ էր գալիս այդ առաջին միտինգներից: Այդ «հոտը» ես զգացել էի մինչ այդ դատարկ եկեղեցիներում՝ Հռիփսիմե, Գեղարդ, Հառիճ, Օհանավանք, Հաղպատ... Հետո՝ տարիներ հետո, նույն հոտը զգացի բուն Ղարաբաղում, ինչպես նաև Աբխազիայում: Եվ դրա նշույլը զգացել եմ այլ տարածքներում, որոնք կուզեին անկախ լինել, բայց չեն, ասենք՝ Կաբարդայում... Վերջին անգամ այդ հոտն ուժգին զգացի մարտի մեկից առաջ միտինգների ժամանակ: Նոստալգիկ էր: Մեր մյուս շարժումների՝ իմ ներկա եղած դեպքերում հոտն այդպիսին չէր, թեև Էլեկտրական Երևանինը՝ այն, ջրելու գիշերը, ջրելուց քիչ առաջ - մոտիկ էր գալիս էլի...
Տագնապը: Քանի որ բոլորը կանգնած են ժամերով ու չգիտեն, ինչ է լինելու. լուրի են սպասում: Զարմանքը. ինչպե՞ս հանկարծ ամենը փոխվեց: Մինչ այդ ժողովուրդը լուռ էր, շահագործված, վախկոտ, խաբող, անբարոյական դարձած, և հանկարծ՝ սա: Որտե՞ղ են ցեխավիկները, ինչու՞ է կուսակցությունը, կագեբեն, միլիցիան սրան տեղ տալիս: «Գողերը հայտարարել են, որ միանում են ցույցին, և ցույցի ընթացքում չեն կողոպտելու և ո՛չ մի դատարկ բնակարան»: Ուռա՛: Մի՛-ա՛-ցու՛մ:
Ես հիմա սա փորձում եմ նկարագրել այնպես, ինչպես այն ժամանակ էի զգում՝ դրվագային: Չունեի կարծիք, ինչ պետք է անել, ինչպես պիտի լիներ, որ ճիշտ լիներ, չունեի տեսական գիտելիք, թե ինչ է կատարվում: Քաղաքականությամբ չէի հետաքրքրվում բացի նրանից, որ Սովետը՝ գիտեի, կեղտոտ, անարդար, անիմաստ, արյունոտ, լրիվ սուտի համակարգ էր (Սոլժենիցինի «Գուլագ արշիպելագը» վաղուց թաքուն կարդացել էի, երևի 14 տարեկանում, մեր տոհմի ու մերձավորների հալածանքները ստալինյան ժամանակ լավ գիտեի ծնողներիս պատմածներից, համարում էի, որ հասկանում եմ Սովետի էությունը մինչ խորք), իմ կյանքի շրջապատը, բացի մերձավորների նեղ շրջանից՝ ապաբարոյական էր, կոռումպացված, ցինիկ: «Պերեստրոյկան» լավ էր, եթե գնար լավ ուղով. շատ չէի հավատում դրան, թեև ուրախ էի, որ «կենտրոնում» սկսեց թույլատրվել խոսքի ազատություն, սկսեց պատմվել խորհրդային տեռորի պատմությունը: Հայաստանում խոսքի ազատության հետք երկար ժամանակ գրեթե չկար: Երբ Հայկ Քոթանջյանը՝ Հրազդանի շրջկոմի քարտուղար, քննադատեց Դեմիրճյանին ու իրեն գործից հանեցին՝ դա մեծ իրադարձություն էի համարում: Իսկ թե ինչ անել Ղարաբաղի վերաբերյալ, կամ թե որ կարող էր արդյոք Հայաստանը նաև անկախ լինել՝ գաղափարներ այդ թեմաներով սկզբում չունեի: Ուզում էի, որ Խորհրդային Միությունը դառնա ժողովրդավարական, այդքան բան:
Մյուս զգացումս, որ շատ արագ ձևավորվեց, երբ միտինգին ժամերով կանգնած էի՝ իմ այնտեղ ավելորդ լինելն էր: Եկեղեցում չափից դուրս երկար կանգնելն անիմաստ է: Այնօրվա բառերով չեմ կարող ձևակերպել, սակայն, մի կողմից հասկանալով, որ սա պատմական պրոցես է, և նրա դեմ ոչինչ չես կարող անել՝ ես զգում էի այն, ինչ այսօրվա խոսքերով կասեմ. որ մարդիկ, այնտեղ կանգնած ժամերով, օրերով, շաբաթներով՝ ժամանակ են վատնում: Որ նրանք երբ այնտեղ կանգնած են՝ գործը կանգնած է, գործ չեն անում: Եռանդ են ծախսում: Գործարանները, ողջ հանրապետության աշխատանքը կանգ է առել: Որ նրանք ունեն որոշակի նյութական կարողություն կուտակված՝ պատմականորեն առաջին անգամ ցեղասպանությունից ի վեր: Որ մասսան ունի մեկ-երկու ամիս գործ չանելու չափով թափ կուտակած, բայց 1-2 ամսից այդ կուտակը սպառվելու է և մասսան մատնվելու է եթե ոչ սովի՝ ապա անտերության, իսկ գուցեև իրոք սովի: Քանի որ այդ անբանության ընթացքում գործարանները, երկաթուղին, գիտությունը, համալսարանը, բոլոր արդյունաբերությունները փակվելու են, ժանգոտելու, կանգ առնելու, փչանալու, կորսվելու, քանի որ դրանք անընդհատ պրոցեսներ են, երկար ժամանակով անջատվել ու հետո նորից միանալ չեն կարող:
Ի տարբերություն համատարած վարկածի՝ ես համարում եմ, որ արդյունաբերության, տնտեսության կոլապսի առաջին պատճառը ոչ թե բլոկադան էր ու ոչ էլ Սովետի ինֆրաստրուկտուրային համակարգի կոլապսը, այլ ժողովրդի այդ հիասթափությունն իր նախորդ կյանքից, վստահության կորուստը, իր պատրաստակամությունը՝ գործը մի կողմ թողնել ու գալ օրերով, շաբաթներով, մինչև իսկ ամիսներով անգործ կանգնել հրապարակում, լուրի կամ ուղղորդման, նոր արժեքներ ստանալու, կյանքի նոր իմաստ ստանալու հույսով: Կամ՝ զենք ու զրահ վերցնելով՝ գնալ կռվելու, երբ իրեն դեռ չեն էլ ասել, որ պետք է դա անել... Շատերն էլ ուրախ էին, որ գործ չանելու այսպիսի համոզիչ պատրվակ կա՝ ազգի բախտը...
Իմ զգացածը, թվում էր, նույն մոտեցումն էր, ինչ ասում էին հատուկենտ նրանք՝ որոնք միտինգներին «դեմ» էին: Քիչ մարդ էր համարձակվում բարձրաձայն քննադատել միտինգները: Ես իհարկե չէի ուզում ասոցացվել նրանց հետ, քանի որ համընդհանուր կարծիքն այն էր, որ ցույցին կարող են դեմ լինել միայն թաքուն կամ բացահայտ կագեբեն, նախկին իշխանությունը, դավաճանները, պրովոկատորները: Ինչպե՛ս արագորեն, պատմական մի՛ ակնթարթում մեկ ճնշող, բայց փտած գաղափարախոսությունը (սոցիալիզմի) փոխվեց մեկ այլ՝ երիտասարդ ու ուժգինի, ու նույնքան ճնշող, դեռևս ոչ թե զենքի ուժով՝ այլ զուտ բարոյական ճնշմամբ - «պրո-միտինգային» գաղափարախոսության, որը հետո դարձավ այն, ինչ կոչվեց «ազգային». ունիկալ զգացում էր այդ փոփոխությանը ներկա գտնվելը: Իսկ գուցե դա փոփոխություն էլ չէր շատ, քանի որ ճնշելն այս սովետական-հետսովետական, հարավային ժողովրդին բավական հատուկ էր, իսկ թե ինչ առիթով ճնշել՝ այնքան էլ կարևոր չէ, միայն թե ճնշել: Ինքնաճնշել: Տեքստը փոխվեց, վարքը՝ ոչ:
Շրջապատիս գերագույն մեծամասնությունը հիացած էր միտինգներով և «Ղարաբաղ» կոմիտեով: «Տղերքը»: Ես էլ նրանց լավ էի տրամադրված մինչ մի պահ, սակայն մեկ է, ես զգում էի, որ մի մեծ սխալ բան կար նրանում, որ հարյուր հազարներ ներքևը կանգնած Կարապի լճի կողքի խոտն են տրորում ու վերացնում մեկընդմիշտ՝ իսկ վերևից իրենց հետ խոսում է մի դյուժին մարդ, մեկը մյուսի ետևից, ու ասում ինչ լուր կա, կամ ինչ պետք է անել, ու այս ողջ մասսան նրանց է լսում ու միայն նրանցից է կախված:
Շատ երիտասարդներ այդ օրերն իրենց կյանքի լավագույն օրերն են համարում մինչ այժմ, և հիրավի: Կար արտառոց միասնության, ազատության, տոնի այդ զգացողությունը, նաև՝ էռոտիկ: Եվ ո՛վ է ասում, որ ժողովուրդը միշտ պիտի լինի լուրջ ու պատասխանատու, առանց ուրախության, հրճվանքի, խրախճանքի: Բայց ես ծանրանաֆաս եմ, նրանց նայելիս՝ ես մտածում էի. իսկ հետո՞: Այսպես հրճվանքով եղածը քանդվում է, իսկ ո՞վ է պատասխանատուն նորը կառուցելու համար: Նորը կառուցելը միայն հրճվանք ու դասից փախնել չէ... Ու միայն զոհվելու պատրաստ լինելը, թեկուզ հերոսություն լինի, նորը կառուցել չէ...
Այդ երիտասարդներից ոմանք զոհվեցին ու հերոսացան, ոմանք այլևս չկան, ոմանք արտագաղթեցին, ոմանք հիասթափվեցին, ոմանք կորցրեցին իրենց բարի անունը, իսկ ոմանք մինչ այժմ այս երկրի սյունն են:
Իսկ ես՝ մի քիչ հեռվից, իհարկե, ապշանքով էի նայում այն մի դյուժին տղերքին, որոնք որոշել էին, կարողացել էին իրենց մեջ ուժ գտնել ու բարձրանալ հարթակ: Որոշներին ես շուտով մոտիկից իմացա, որոշների հարթակ բարձրանալու պատմությունը հետո իմացա. մի դյուժին կամ երկու դյուժին տղա – ու մի քանի աղջիկ, որոնք հարթակում քիչ էին երևում, բայց շատ կարևոր էին (առաջնորդ աղջկերքը քիչ էին, «սև կալգոտկան»՝ Վանոյի ու Լևոնի մուշտարիները, - բազում), - իրենք որոշել էին, որ իրենք պիտի լինեն այնտեղ, քանի որ ուրիշը չկա: Թե ինչու էին որոշել... Պարտքի զգացումի՞ց իրոք, թե՞, լինելով պոտենցիալ քաղաքական գործիչ ու կռվող տիպ (զրկված՝ նոմենկլատուրային համակարգով կարիերա անելու շանսից, կամ չուզելով այդպիսի շանս օգտագործել)՝ առիթից օգտվելով: Թե՞ երկու պատճառը միասին: Նրանք համարձակվեցին ինքնաբացահայտվել, ինքնահայտարարվել որպես հայության նոր քաղաքական առաջնորդներ, ու, անկախ նրանից, թե ինչ էին անում, ասում, որքան փորձված էին՝ նրանք այլ տիպ էին, տիպական կոմերիտական չէին, որ ուզում է կարիերա անել Սովետի հնոտի հայտնի սիստեմներով: Նրանք հաստատ ավելի նոր ու ուրիշ էին, քան հներն ու քան նորերը՝ որոնք հին ճանապարհով կուզեին գնալ: Նաև՝ պատասխանատվության անսահման տարբերության պատճառով «նորմալ» կարիերայի վերսուս այս անհասկանալի քաղաքական շարժման, դեպ պատերազմ տանող այս իրավիճակում առաջնորդ ինքնահայտարարվելու միջև: Դեռ չգիտեինք, որ նրանք շատ մոտիկ են գալու «քաղաքական ինքնասպանության»: Մարդ պիտի հատուկ հոգեբանություն ունենա, որ համաձայն լինի հայհոյվել երկար տարիներ, երբ շուտ բոցավառվող ամբոխը քո մեջ վաղ թե ուշ հիասթափվի:
Նրանք, իհարկե, շատ ավելի անվախ էին, քան նախկինները, քանի որ գործում էին անհայտ «ջրերում»՝ պատմականորեն անհայտ իրադրության մեջ, այն, ինչ տեղի էր ունենում, ինչ իրենք էին անում, ինչ արվում էր ու պիտի արվեր՝ պատմականորեն աշխարհում երբևէ չէր եղել, չկային հայտնի տեխնոլոգիաներ: Հայոց պատմության հետ անալոգիաներն ավելի շուտ վտանգավոր էին, քան օգնող: Մանավանդ որ այդ պատմությունը ոչ ոք չգիտեր լրջով, ով գիտեր՝ պատառիկներ, մեծ մասը՝ որպես միֆ:
Անվա՞խ: Իսկ իրենց հետո շատերը, երբ վերջապես իրենցից հիասթափվեցին՝ «ափաշքարա» համարեցին, ասելով. «Թե չէիր հասկանում, ինչ պետք է անել, ինչու՞ էիր քեզ առաջ նետում»...
Բայց պատմությունն այդպիսի բան է. ծնում է առաջնորդներ, որոնք հայտնվում են այն դերում, որ չէին էլ կարող պատկերացնել առաջ: Կարո՞ղ էր արդյոք մտավորական Տրոցկին, երբ, ասենք, 14 տարեկան էր, պատկերացնել, որ լինելու է բոլշևիկների ռազմական նախարար: Կարո՞ղ էր արդյոք արձակագիր Վանո Սիրադեղյանը, երբ, ասենք, 14 տարեկան էր, երևակայել, որ լինելու է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար...
«Մի՞թե նրանք գիտեն, ինչպես ղեկավարել», մտածում էի ես՝ դիտելով նրանց: «Մի՞թե կառավարելու գաղտնիքին տիրապետում են»: Ես՝ չգիտեի, ու երբեք չէի համարձակվի քայլ անել այդ կողմ՝ առանց գոնե մի քիչ իմանալու, սովորելու: Կոմունիստ հայերի ղեկավարումը մինչ այդ ուրիշ էր. նրանք լրիվ անկախ չէին, դրածո էին, իսկ դա շատ ավելի հեշտ է, ի վերջո վերջնական պատասխանատվությունը քոնը չէ: «Որտե՞ղ են նրանք դա սովորել, դպրոցու՞մ, դասընկերներին կազմակերպելիս, որ դասից փախչեն: Բնածին տաղա՞նդ են»...
Բայց այնօր համարում էի, որ այդ տղաները հաստատ ավելի լավն էին, քան Սովետի ողջ փտած համակարգը սպասարկող կարիերիստները: Տղերքը մտավորական էին, պատմաբան, ֆիզիկոս, տաղանդավոր արձակագիր: Նրանց մասին մենք շատ բամբասանք իմացանք. պոկեր խաղալ սիրելը մի խմբի, շախմատ՝ մյուս, աղջիկ չափից դուրս սիրելը՝ երրորդ, կագեբե՝ չորրորդ, և այլն: Բայց այն օրերին նրանք համընդհանուր սիրո առարկա էին՝ «մեր տղերքը»: Նրանք եկել էին փրկելու մի իրադրության մեջ՝ որում ոչ ոք չէր հասկանում, ինչ կարելի է անել:
Երբեմն խելոք բաներ էին ասում բարձրախոսով, երբեմն՝ ոչ այնքան: Երբեմն ասում էին ճիշտ ու կարևոր բան, իսկ երբեմն՝ նաղլ էին կարդում, արդեն նախօրոք հոգնեցրած, զզվեցրած նաղլ, թեև դա հիմնականում նրանք չէին՝ այլ հներից կամ այլերից նրանք՝ ում նույնպես տրվում էր բարձրախոսը: Երբեմն ճիշտ բան էին առաջարկում (որ արվում էր՝ հաջող էր արվում), երբեմն՝ սխալ:
Բայց ես չէի կարող ասել դա, այն սկզբնական շրջանում, ես չէի համարձակվի անգամ ձևակերպել իմ սկեպսիսը. դեռ նույնիսկ բառեր չունեի, մտքերը, գիտելիքը չգիտեի, որ ձևակերպեի. չէի կարող ասել, որ, իմ կարծիքով, թեև ոչինչ անել չի կարելի պատմության ընթացքի դեմ՝ բայց, այնուամենայնիվ, շաբաթներով հրապարակում կանգնելն ու բան չանելը սխալ է: Որ տարօրինակ է, ինչու են հենց այդ տղաներն այնտեղ՝ հարթակում, ու իրենք են որոշում. ով այնտեղ լինի, ով՝ ոչ:
Լևոն Աբրահամյանի տեսությունը՝ ուր նա 1988-ի ցույցերը որպես կառնավալային սոցիոլոգիա կամ մարդաբանություն է քննարկում, կապում Բախտինին և ողջ այդ ուղղությանը մարդկության մտածողության մեջ. որ հեղափոխությունը նաև տոն է ու ծես է, սեմիոտիկա է, նշանագիտություն, նշանները կարդալ պիտի իմանաս, որ դա հասկանաս, – այն օրերին բավական վաղ արդեն հրապարակվեց առաջին անգամ: Այն օրերից ես այդ տեսությամբ հիանում եմ, նրա ճշմարտությունը գնահատում ու մտածում. ոչ երնեկ նրան, ով չի ուզում աղմկոտ ամբոխի մեջ տարրալուծվել ու ուզում է անկախ խելք պահպանել... Վայ նրան, ով չի սիրում ծեսերն այն իրադրության մեջ, երբ ծես է, ծիսածին է պատմությունը... Մինչդեռ ծնվում, ամրապնդվում, գերագնահատվում էին ծեսերը, որոնք տարփողվում էին ժողովրդի ու հարթակի կողմից որպես իրենց հաղթանակ. փոխօգնությունը, երբ ինչ-որ մեկը վատ էր զգում, որովհետև չափից դուրս շատ մարդ էր հավաքվել. «մի-ա-ցում» վանկարկելը, երբ պետք էր. շեփորի նվագը՝ միտինգի հիմնը. գողերի՝ իբր չգողանալը. դասադուլի ժամանակ՝ հրապարակում դասախոսություն կարդալը. ռուս սալդատին ծաղիկ նվիրելը հայ աղջկա կողմից. և այլն. այն ամենը, ինչ այդպես ճշգրիտ նկարագրել են Լևոն Աբրահամյանն ու հետազոտողների՝ նրա առաջնորդած խումբը, և ուրիշներ, բայց էլի քիչ է նկարագրված ու հավաքված: Այդ ծեսերը հիմք էին դառնում նոր գաղափարախոսության. ժողովուրդը, ինքն իրենով տոգորված, ինքնասիրահարված՝ սկսում էր ասել «տեսնում եք ինչքան լավն ենք մենք, ամենալավն ենք մենք»: Իհարկե, դրանում կար նաև «ծակ կոշիկի մխիթարանք». այդ նեղ մաջալում թե ինքներս մեզ չգովեինք, ո՞վ պիտի գովեր: Թե ինքներս մեզ դուխ չտայինք, ո՞վ պիտի տար: Մենք պիտի ինքներս մեզ համոզեինք, որ կարող ենք, բայց թե ինչ ենք կարող ու ինչ չենք կարող՝ ինքներս էլ լավ չգիտեինք:
Իսկ նրանք, այն բազում մարդիկ, որ, շահադիտական նպատակներով, փորձից ելնելով թե քննադատական, սկեպտիկ հոգեբանության պատճառով, չէին կիսում այդ էնտուզիազմը, այդ խանդավառությունը՝ հիմնականում լուռ էին: Եվ թվում էր, նրանք չկան: Իսկ թե ձայն էին փորձում հանել՝ իրենց հաճախ քշում էին, սուլելով, որակելով «կոմունիստների շպիոն» կամ նման մի բան:
Ես չէի դիմանում միտինգում այդպես երկար ու ձեռնունայն, ինքնագոհ կանգնելուն, ու շուտով դարարեցի կանգնել հրապարակում: Ես «հրապարակի միս» չէի ու թաքուն խղճում էի նրանց, ովքեր համաձայն էին լինել «հրապարակի միս»: Դա մանիպուլյացիա էր, իմ կարծիքով: Ինչպես որ կոմերիտական ժողովներն էին ձանձրալի ու ժամանակի կորուստ՝ նույնն ինձ համար շուտով դարձավ հրապարակում կանգնելը:
Պատմականորեն, գենետիկորեն ես գիտեի, լինելով հայաստանյան ինտելիգենցիայի հալածված տոհմից՝ գիտեի, որ ոչ մի իշխանություն երբեք չի լինում արդար մեր կողմերում. թե սխալմամբ փորձեց լինել՝ շուտ կվերացնեն: Մի՞ թե սրանք ուրիշ են: Իրենք անում էին քայլեր՝ և լինում էր կամ ճիշտ, կամ սխալ, մեկի համար արդար՝ մյուսի համար անարդար: Իրենք արդեն ստիպված էին անել այդ քայլերը (ասենք՝ պրովոկացիան սկսել առաջնորդել, որպեսզի կարողանան դրան դիմակայել. գլխավորել երթը դեպ օդանավակայան, քանի որ ժողովուրդն արդեն գնում է այդ ուղղությամբ). դա ոչ թե իրենք էին նախագծում, այլ պատմությունը, ժողովուրդը եկել էր իրենց պռնկին չոքել ու՝ պահանջում էր. դու հիմա ռեակտիվ կերպով պիտի ա՛յս մարտահրավերին արձագանքես, իսկ հիմա՝ ա՛յս: Քո խելքի, հասկանալու չափով, Հրանտ Մաթևոսյանը կասեր՝ «մեր չհասկանալու չափով»: Ոչինչ նախապատրաստված չէր, ժամանակ չկար լրջորեն ծրագրելու. հին աշխարհը փլվում էր, առանց սպասելու, որ պլաններ կազմենք:
Պլաններ չունեինք, չնայած սփյուռքի գոյությանը՝ չունեինք. մերձբալթները, կարծես, ավելի շատ ունեին, նրանց սփյուռքն անկախ պետականության ինստիտուցիաներ էր գծագրում ու պահած ուներ, միշտ գիտեր՝ որ վաղը-մյուս օրը պիտի անկախ պետություն լինեն, ու ահա թե ինչպիսին են լինելու: Քսան տարու չափ անկախություն էին ունեցել՝ 1918-1940, ու դա բավական էր, որ պահպանած լինեին անկախ պետության գաղափարը: Համենայն դեպս, ինձ այդպես է թվում: Իսկ մենք, ինչպես նաև, ասենք, վրացիներն ու ուկրաինացիները՝ չունեինք... Պետականության վերականգնման հավատ ժողովուրդը չուներ գրեթե, բացի մի քանի «խենթերից», էն էլ ռոմանտիկ էին, ոչ թե ռեալիստ... Ցեղասպանությունից հետո այնքան էինք սմքել, Սովետի փրկօղակն այնքան էինք պինդ գրկել, հետո էլ ստալինիզմից այնքան էինք վրայից տուժել, հետո մի կերպ մի փոքր վերականգնվել էինք ու այնքան ապաբարոյականացել, տրվելով կոռումպացված ցեխավիզմի հոգեբանությանը – որ ոչ մի հեռանկարային պլան չունեինք:
Իմ առաջնայնությունները 1988-ի և հետագա տարիների միտինգի, ժողովրդի, Շարժման առաջնայնությունների միայն մի մասն էին. Շարժումն անընդհատ կիսված էր ղարաբաղյան ճգնաժամին արձագանքելու կարիքից ու նոր կառավարման համակարգ, նոր կարգ ստեղծելու կարիքից, որը քիչ անց դարձավ անկախ պետություն ստեղծելու հարց: Ես՝ որպես հումանիստ դաստիարակված, ուղեղիս մի մասով չէի ուզում ընդունել ղարաբաղյան ճգնաժամի խնդիրները: Մի՞թե, մտածում էի ես, այդ նորմալ, հոյակապ երկու ժողովուրդները՝ այո, այլասերված Սովետի պատճառով, բայց ընդհանուր առմամբ՝ բարի ու իրար հետ այդքան լավ յոլա տանող, չեն կարող լեզու գտնել: Ինչու՞ պիտի արտաքսել, կոտորել, ինչու՞ չլինել մեծահոգի, ինչու՞ չգտնել ընդհանուր հայտարար:
Մյուս կողմից՝ ողջ ժողովուրդը, նաև ինձ շատ մոտիկ մարդիկ, ասում էին, թե դա անհնարին է, թե նրանք արտաքսում են՝ մենք էլ պիտի առիթից օգտվենք ու մեր հողերը նրանցից «մաքրենք», թե միայն Ղարաբաղի անջատումը կարող է հարցի լուծում լինել: Եվ ես, հեռու լինելով այդ առաջնայնությունից, չունեի պատճառ ու կորով ու ուղղություն՝ դրան առարկել, դեմ դուրս գալ: Ինքս լինելով, հորըս նախնյաց կողմից, խորապես ղարաբաղցի, ունենալով ազգականներ Բաքվում, ադրբեջանցի բարեկամներ Երևանում՝ ես չէի ուզում կռիվ ու ես արգումենտ չունեի կռվի դեմ առաջադրելու, քանի որ իրադրությունն էսկալացիա էր ապրում իմ ու որևէ մեկի կամքից ու հասկանալու արագությունից շատ ավելի արագ:
Այդպես ես երկատված էի: Ես կուզեի, որ այդ խնդիրը չլիներ. կուզեի գլուխս թաղել հողի մեջ ու չլսել, չիմանալ, որ կա, այս քսաներորդ դարի վերջում, երբ, թվում է, բոլոր մեծ պատերազմներն ավարտվել են, բոլոր կոտորածները, դրանից հետո մարդիկ կազդուրվել են, հազիվ ուշքի են եկել, ու բոլորը հասկացել են, թե ինչ հիմարություն է պատերազմն ու կոտորածը, - և հանկարծ կրկին կա երկու ժողովրդի՝ իրար անխնա կոտորելու հարց: Հետամնա՜ց հարց, զզվելի՜ հարց: Եվ՝ իմ սեփական հայրենիքի՝ ու իմ անձնական ճակատագրի գլխին նստած, այլ ոչ թե Աֆղանստանի պես հեռու, թեև էլի տհաճ ու սիրտ պայթեցնող:
Մարդիկ այդ ամիսներին, նույնիսկ տարիներին՝ չէ որ դա տևեց մի քանի տարի – շատ ենթակա էին մանիպուլյացիայի, անելու այն՝ ինչ իրենց ուղիղ, սթափ խելքով գուցեև չանեին. ամբոխի, ժողովրդի, շրջապատի ճնշումն ուղղորդում, ճոճում էր իրադրությունն այս կողմ, այն կողմ... Ասենք, ինձ խնդրեցին, որ դառնամ Գերագույն խորհրդի ընտրություններին մասնակցել ցանկացող մի տղայի վստահված անձ, և ես՝ երիտասարդս, առանց երկար մտածելու՝ դարձա: Դե դա չարիքի փոքրագույնն էր, ես ինչ-որ մեկի խնդրանքին արձագանքեցի, և ես նաև մտածում էի՝ «Սա էլ է փորձ, ես կարող եմ ինձ թույլ տալ ընդգրկվել որոշ բաների մեջ, որոնցից բան չեմ հասկանում՝ որ փորձ հավաքեմ»:
Բայց քանի որ ես սկեպտիկ էի ու մի քիչ հեռու էի աշխատում ամենից կանգնել՝ ես հետո չհիասթափվեցի այդքան ուժգին, որքան ուրիշները, որոնք լրիվ տրվել էին հոսանքին, իսկ հետո իրենց զգացին խաբված, քցված...
Բայց իհարկե, այսօրվա խելքով՝ կարող եմ ասել հետևյալը. ինչ եղավ՝ եղավ, դա պատմական ընթացք էր, մենք պատրաստ չէինք այդ վիճակին ավելի մտածված մոտենալ: Տղերքն այնօր արեցին, ինչ կարող էին: Մենք շատ բան սովորեցինք: Բայց իմ հին զգացողությունները մնում են, ու այժմ արդեն՝ ես դրանցում խորապես համոզված եմ, ձևակերպեմ իմ այսօրվա լեզվով.
- Մի՛ դարձիր ամբոխի մաս, նույնիսկ լավագույն գաղափարների քարոզ ունկնդրող ամբոխի: Դու կորցնում ես քո մարդկային, աստվածային կերպը: Երբ ժողովուրդն է ձեռք բերում աստվածային էություն՝ ժողովրդի մասնիկ մարդն այն կարծես կորցնում է, ավաղ... Դա պարադոքս է, որ հավելյալ մտածվելու կարիք ունի:
- Մի՛ գլորվիր միջնադար[1], էթնիկական չափումը միջնադար է, ցեղասպանական մտածողություն է. եղիր ավելի վեր, քան հակառակորդդ, թեկուզ նա միջնադարում լինի. եղիր ավելի վեր՝ և նա էլ միջնադարից դուրս կգա: Էթնիկական չպիտի լինեն ցանկացած հասարակության կամ պետության, պետականության առաջնայնությունները:
- Գլխավոր խնդիրը ոչ թե էթնիկականն է, այլ հասարակությունը, ժողովուրդը, մասնակցայնությունը, պետությունը՝ որպես մարդկանց, համակողմանիորեն զարգացած անհատների մասնակից միավորում. իշխանավորման կազմակերպումը, գեղեցիկն ու ստեղծագործ արժեքներն աշխարհում առաջ տանելու համար, և ոչ մեկ այլ բանի:
հեղինակի կողմից
Ես այստեղ ներկայացրի Շարժման առաջին մի քանի ամսվա իմ տպավորությունները, ինչ հիշում եմ որպես տպավորություն, իհարկե նոր բառերով, քանի որ այնօրվա բառերս այլ էին, իհարկե, երբեմն տարբեր ժամանակների հուշերն իրար խառնելով: Հետո շատ բան տեղի ունեցավ, հետաքրքիր ու տխուր. ես հասկացա, որ «պղպջակի» մեջ էի, քանի որ չգիտեի, թե գյուղում ինչ է կատարվում: Սկսեցի ակտիվորեն թղթակցել նոր, ազատ, բազմաբևեռ մամուլին, ինչ-որ չափով կիսելով իմ մտահոգությունները, ինչպես այնօր էի հասկանում: Ես գտա իմ տեղը Շարժման մեջ, երբ սկսեցի աշխատել, փորձելով օգնել այն հարցերում, որոնցում գոնե ինչ-որ իմաստավոր բան կարող էի անել: Բայց դա արդեն պետություն կերտելուն մասնակցելու աշխատանքն էր: Որոշ դրվագներ այն ժամանակվանից՝ այն հինգ տարուց, այս ու այն տեղ գրել եմ, որոշ ընդհանրացումների մասին այս ու այնտեղ մտածել, ու դա կա, որպես տեքստ կամ տեսագրություն: Շատ քիչ՝ փորձել եմ ուրիշների պատկերացումներ հավաքել: Բայց դա սոսկ կաթիլներ են: Ինչն է ափսոս, որ մինչև հիմա շատ քիչ կա համապարփակ պատմություն, այն մի քանի տարին նկարագրող, այն էլ, ինչ կա՝ անմիջականորեն կիպ փաթաթված է Արցախի հիմնախնդրի թելադրած գործողություններին, և մնացյալը գրեթե անհայտ ու չֆիքսված է մնում: Օրինակ՝ ինչպե՛ս անկախ Հայաստանում սկսեցին ընդունվել նոր օրենքներ, ո՛վ էր դրանք ձևակերպում, ինչու՛ հենց այդ տեքստերը: Այսինքն նոր պետականության կազմավորման պատմությունը գրեթե չկա, կամ եթե կա՝ հանրային տիրույթում հայտնի չէ, և այս հրապարակումների շարքը գուցե թույլ տա այդ բացը փոքր-ինչ լրացնել, թեկուզև հարցերը ձևակերպելով:
EVN Report-ը շնորհակալություն է հայտնում «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամին (Friedrich Ebert Stiftung, FES) համագործակցության և աջակցության համար:
-------------------