Ապաինստիտուցիոնալացում
Խնամքի և կրթության շուրջօրյա հաստատություններից երեխաների՝ ընտանեկան և համայնքային միջավայրում վերաբնակեցման գործընթաց։
Խնամք և պաշտպանություն իրականացնող շուրջօրյա հաստատություն
Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, որը շուրջօրյա խնամք է ապահովում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար։
Մանկատուն
Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, որն իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը և դաստիարակությունը` մինչև նրանց 18 տարին լրանալը կամ մինչև կենսաբանական ընտանիք վերադարձնելը, կամ որդեգրման հանձնելը, կամ խնամակալություն, կամ հոգաբարձություն սահմանելը, կամ խնամատար ընտանիքում տեղավորելը։
Մասնագիտացված մանկատուն
Իրականացնում է հատուկ կարիքավոր երեխաների խնամքն ու դաստիարակությունը։
Խնամակալություն
Սահմանվում է այն երեխաների նկատմամբ, որոնք մնացել են առանց ծնողական խնամքի՝ նրանց պահելու, դաստիարակելու և կրթություն տալու, ինչպես նաև նրանց իրավունքները և շահերը պաշտպանելու նպատակներով։
Որդեգրում
Դատական ակտ, որով որդեգրվողը ձեռք է բերում կենսաբանական կապերին համարժեք ընտանեկան կապեր, որոնց շնորհիվ որդեգրողները և որդեգրվածները ձեռք են բերում ծնողների և զավակների համար օրենքով նախատեսված իրավունքներ և պարտականություններ։
Խնամատարություն
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի խնամքի և դաստիարակության ժամանակավոր կազմակերպումն է այլ ընտանեկան միջավայրում իրավասու մարմինների կողմից ընտրված, հաշվառված, վերապատրաստված, որակավորված անձի միջոցով, մինչև երեխայի ընտանիքում խնամատարության կիրառման հիմք հանդիսացած իրավիճակի վերացումը։
Մասնագիտացված խնամատարություն
Խնամք են ստանում հաշմանդամություն կամ ծանր առողջական խնդիրներ, դաստիարակության դժվարություններ ունեցող, հոգեկան կամ վարքի խանգարումով տառապող, խոր սթրես ապրած, հոգեցնցման (հոգեկան տրավմայի) ենթարկված երեխաները, ինչպես նաև անչափահաս մայրերը կամ նրանց երեխաները։
Արձակուրդային խնամատարություն
Երեխայի խնամքը և դաստիարակությունը կարող են կազմակերպվել անընդմեջ կամ շաբաթական մի քանի օր տևողությամբ, այդ թվում` ոչ աշխատանքային` տոնական, հիշատակի և հանգստյան օրերին։ Արձակուրդային խնամատարությունը կազմակերպվում է դաստիարակության դժվարություններ, առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն ունեցող, հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների խնամքը և դաստիարակությունը հոգալու և կազմակերպելու կամ երեխայի խնամքի և դաստիարակության հետ կապված այլ խնդիրներ ունեցող ծնողին (այլ օրինական ներկայացուցչին) աջակցելու նպատակով։
Երեխայի լավագույն շահեր
Երեխայի նկատմամբ իրականացվող ցանկացած գործողություն պետք է բխի նրա լավագույն շահերից։ Երեխայի լավագույն շահերի ապահովումն ուղղված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված՝ երեխայի իրավունքների արդյունավետ և ամբողջական իրականացմանը, ինչպես նաև երեխայի զարգացմանը՝ հաշվի առնելով երեխայի մտավոր և ֆիզիկական կարիքները, այդ կարիքների բավարարման համար համապատասխան խնամքի և դաստիարակության հնարավորությունը, ընտանիք վերադառնալու կամ ընտանիքի հետ ապրելու կարևորությունը, երեխայի զարգացման համար ծնողի և ընտանիքի այլ անդամների հետ շփվելու կարևորությունը, ազգային պատկանելությունը, երեխայի մշակութային, լեզվական, հոգևոր կամ կրոնական կապերը կամ դաստիարակությունն ու նշանակությունն ընտանեկան միջավայրում և այլ կարիքները, պահանջները և շահերը։