sofia volunteerism
Պատմությունը և լուսանկարները Սոֆյա Բերգմանի:

Մեղրամսի փուլն արագ է անցնում, և պարզվում է՝ կամավորական լինելն ավելին է, քան պարզապես այլ երկրում ապրելը: Որպես օտարերկրացի, որը հայկական արմատներ չունի, իհարկե միամտություն կլիներ կարծել, որ միայնակ Հայաստան տեղափոխվելն ու որպես լրագրող կամավորությամբ զբաղվելը հեշտ է լինելու: Կամավորության վեց ամիսներին սկսեցի հասկանալ, թե ինչ է նշանակում լրագրող լինել մի երկրում, որը քոնը չէ. գտնել «ճեղքերը», խորությամբ ուսումնասիրել, բայց երբեք չպարտադրել:

Բայց բախտս բերեց: Սեփական պատմությունները ներկայացնելն ու տարբեր մարդկանցից հարցազրույցներ վերցնելը՝ քաղաքական գործիչներից, պրոֆեսորներից ու բժիշկներից մինչև ակտիվիստներ, շրջակա միջավայրի պաշտպաններ ու երաժիշտներ, համալսարանում լրագրության սովորող փորձնակին բնորոշ աշխատանք չէ: Ծանր հարցազրույցները երբեմն զգացմունքային էին ստացվում, երբեմն էլ՝ լուրջ. ես օգնում էի մաքրել աղտոտված արագիլներին, անվտանգության ստուգումներ էի անցնում նախարարություններ մտնելիս, կենդանի երաժշտության համերգների ու սահմանամերձ գյուղեր գնում։

Կամավորականները տարբեր փորձառություններ են ունենում, կախված պարտականություններից, բայց կամավորությունը թույլ է տալիս տեսնել շատ ավելին, քան երևում է առաջին հայացքից, և հանդիպել բացառիկ անհատների: Երբ մեղրամիսն անցնում է, սկսում ես խորությամբ հասկանալ Հայաստանը, ինչը հաճախ ենթադրում է առերեսում սոցիալ-քաղաքական ու մշակութային բարդ իրավիճակների: Ես այնքան ռոմանտիկ երանգ էի հաղորդում այն ամենին, ինչը Հայաստանը յուրահատուկ էր դարձնում, որ դա քիչ-քիչ վերածվում էր վերլուծության. դրա միջոցով էլ փորձում էի գտնել հայկական առօրյայի նրբությունները, հետազոտել ու առանձնացնել այն, ինչի մասին կարելի էր հետո գրել:

Բայց կամավորության փորձառությունը հեշտ չի տրվում: Երբեմն բախվում ես քո պատկերացրածի և իրականության տարբերությանը։ Ոմանց համար բարդ է ապրել արժեքային համակարգում, որը հակադրվում է սեփականին, դժվար է կողմնորոշվել նոր, անծանոթ աշխարհում: Ոմանք դժվարությամբ են հանում վարդագույն ակնոցը` վայելելով մեղրամիսն ու աստվածացնելով այն ամենը, ինչը հայկական է: Երբեմն հայտնվում էի ճաշկերույթի սեղանի շուրջ՝ բանավիճելով կամավորականների հետ, որոնք տեղյակ չէին երկրի իրական խնդիրներին, որը հայրենիք էին անվանում, և միևնույն ժամանակ պաշտպանելով երկիրը (որն ինքս էի սկսում հայրենիք անվանել) նրանցից, ովքեր տեսնում էին միայն թերությունները: Հավասարակշռություն գտնելը բարդ գործ է: Բախտս բերեց, որ լրագրության ոլորտում կամավորությունը խթան էր պատկերացնելու և ներսից ուսումնասիրելու այն ամենը, ինչ կատարվում էր ինձ հետ, ու փորձելու հաղթահարել մշակութային արգելքները։

Ակնհայտ է, որ որպես մարդ, որը պարուրված է եղել Կալիֆոռնիայի ու Գերմանիայի պես «լիբերալ պղպջակներով», ես, անշուշտ, հեռու էի տնից, երբ վայրէջք էի կատարում Հայաստանում: Միշտ չէ, որ կարող ես տուն գտնել մի երկրում, որի բնակչությունը 20 անգամ փոքր է, քան քո երկրինը, և մոտ 99 տոկոս միատարր էթնիկական կազմ ունի, ու երբ դու հենց այն մյուս մեկ տոկոսի մեջ ես: Իմ խարտյաշ, չենթարկվող մազերը, չհարդարված եղունգները և հայոց լեզվի` դեռ ոչ կատարյալ իմացությունը խանութներում կամ մետրոյում գրավում էր մարդկանց ուշադրությունը: Ցանկացած շեղում նորմից երբեք աննկատ չի մնում Հայաստանում: Քչերն են խոսում անգլերեն, իսկ բոլոր հարցերի պատասխանները Google-ը չունի: Իմ ժամանելուց հետո մարդիկ պայքարում էին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ. կարգավորումներ, որոնք կանանց կպաշտպանեին ընտանեկան բռնությունից: Իմ «արտասովոր» ընկերները փողոցներում հալածվում էին, երբեմն մահվան սպառնալիքներ ստանում, ֆրանս-ալժիրցի ընկերս մի քանի անգամ փոխել է բնակության վայրը՝ ռասիզմի դրսևորումներից խուսափելու համար։ Ստիպված էի լինում բացատրել տղամարդկանց, որ ինձ ուղեկցելու կարիք չկա, և որ «ոչ» նշանակում է «ոչ»: Եվ նույնիսկ այս ամենից հետո չէի վրդովվում:

Որովհետև եթե հասկանում ես Հայաստանի պատմությունը՝ ժողովրդի, որը սերունդներ շարունակ զրկված է եղել իր ինքնությունից, իմպերիալիզմ է վերապրել, ցեղասպանություն, պատերազմ և հեղափոխություն, որը վերջապես կարող է ասել, որ հայրենիքն իրենն է և ուրիշ ոչ մեկինը, գիտակցում ես, որ ավանդույթն է պահպանել նրա գոյությունը: Հասկանում ես կյանքից կառչելու նրա այրող ցանկությունը և ամեն անկյունում զգում այդ հպարտությունը: Որտեղ էլ լինի, ավանդույթն ունի բազում ներիմաստներ, մեկն անկատար, մյուսները՝ սքանչելի: Կամավորությունը վկայում է. կատարելություն չկա:

Սակայն Հայաստանում կան բաներ, որոնք մոտ են կատարելությանը: Օրինակ, Երևանի գունավոր շատրվանները գիշերը, մշտական փառատոնները, ծերունիները, որ ամեն առավոտ հավաքվում են նույն տեղում՝ սուրճ խմելու և ծխելու: Տեսնում ես փողոցում խաղացող և ամռանը քաղցր բամբակ ուտող երեխաների, կանանց ու մուշտակներին հարմարեցված նրանց գլխարկները ձմռանը: Ամեն օր մայրամուտից առաջ երկինքը լցվում է թռչուններով, բակերում վաճառվում են սեփական այգուց քաղված մրգեր: Ինչպես են քեզ դիմավորում ամեն մի տանը, ինչպես են բնապատկերները հիշեցնում Մարսը. այս ամենի շնորհիվ Հայաստանը մարգարիտ է, որ աշխարհը դեռ չի հայտնաբերել:

Ու թեև չենք կարող փախչել թերություններից, փոխարենը կարող ենք բացահայտել դրանք ու գտնել մարդկանց, որոնք մտահոգությունները կվերածեն գործողության: Ես ոգեշնչվեցի մարդկանցով, որոնց հանդիպեցի աշխատանքիս ընթացքում. մարդիկ, որոնք խախտում են ստատուս քվոն և տոկուն են դժբախտության պահին, ինչպիսիք երբեք չեմ տեսել։ Կամավորությունը թույլ է տալիս ճանաչել հայերին, սովորել նրանցից, ովքեր վտանգում են իրենց հանուն երկրի: Եթե ոմանք պնդում են, որ ազգայնականությունը ավանդական արժեքներից կառչելն է, ես հույս գտա ազգայնականության մեջ, որը (կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն) հենց այն է, ինչին ձգտում էր Թավշյա հեղափոխությունը՝ շարժվել առաջ: Իսկ հետո բացառիկ հնարավորություն ունեցա այդ ամենը փոխանցել իմ հոդվածներում: Կամավորությունը մեզ շատ բան է սովորեցնում տվյալ վայրի մասին, բայց և թույլ է տալիս քո փոքրիկ ներդրումն ունենալ և տուն ստեղծել այս ուրիշ աշխարհում:

Ես անուղղակի հպարտություն եմ զգում, երբ տեսնում եմ հեղափոխության լուսանկարները, հարցազրույց վերցնում այն մարդկանցից, որոնք մարմնավորում են Հայաստանի ճկունությունը լուսավոր ապագայի ձգտելիս: Բայց նաև տեսել եմ, թե կնոջ համար ինչ է ապրել հայրիշխանության պայմաններում, երիտասարդ սերնդի համար ինչ է պայքարել, երբ վտանգի տակ է շատ ավելին, քան կարող ես պատկերացնել: Հասկացել եմ, թե երկրի համար ինչ է նշանակում սառեցված հակամարտության մեջ լինել հարևանի հետ կամ ձգտել իրական ժողովրդավարության` մի բան, որն այնտեղ` քո երկրում, ինքնին հասկանալի է համարվում: Ինձ դիմավորել են անծանոթներ, տուն տվել մարդիկ, որոնք դրա դիմաց ոչինչ չեն ակնկալել: Ես անկրկնելի ջերմություն ու բարություն եմ զգացել, որպիսին ուրիշ ոչ մի տեղ գոյություն չունի: Կյանքի տենչը, որ կա հայերի մեջ, չես արտահայտի ոչ մի բառով, բայց իմ բախտը բերել է. ես այն տեսել եմ սեփական աչքերով։

EVN Report-ը ողջունում է այն գրառումները, որոնք նպաստում են առողջ քննարկման ծավալման և խթանում են իրազեկ բանավեճ։ Ցանկացած գրառում, որը ներառում է ատելության խոսք, անարգանք կամ անձնավորված վիրավորանքներ չի հրապարակվի:

Thank you for your submission! We will review it soon.

dsc0976
dsc0236
dsc0210 2
dsc0551
dsc0963
dsc0331
dsc0602
dsc0144
dsc0036
dsc0077
dsc0043
dsc0027
dsc0641
dsc0239
dsc1009
dsc0588
dsc0079
dsc0122

Նախագիծը ֆինանսավորում է Միացյալ Թագավորության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամը։

Այս հրապարակման մեջ արտահայտված կարծիքները հեղինակինն են և կարող են չարտացոլել Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

cssf logo small by uk gov cmyk aw


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team