gayane

Ես տասներկու տարեկան էի, երբ սկսեցի տարօրինակություններ նկատել իմ վարքագծում: Ամեն անգամ, երբ սարսափելի միտք էի ունենում, կարիք էի զգում որոշակի առարկաների դիպչելու, մտքում ինչ-որ բառեր կրկնելու կամ մի ուղղությամբ անթարթ նայելու` մինչև կվերագտնեի ներքին անդորրս: Տագնապ առաջացնող մտքերն ու դրանց ուղեկցող վախը տարեցտարի սրում էին իմ կրկնվող գործողությունները` այսպես կոչված կոմպուլսիաները կամ «ծեսերը»։ Ես սարսափում էի սեփական մտքերից, ուժասպառ լինում կոմպուլսիաներից։ Իհարկե, շատ լավ գիտակցում էի, որ իմ վարքագիծը նորմալ չէր: Չէի կարողանում որևէ տրամաբանական բացատրություն գտնել այդ վախին և «ծեսերին»: Այնուամենայնիվ, ես լռում էի, որովհետև մտահոգություն ունեի, որ մարդիկ ինձ խելագար կհամարեին: 

English 

Երբ ծնողներս ինչ-որ արտասովոր բան էին նկատում պահվածքիս մեջ, պարզապես նախատում էին` ասելով, որ տարօրինակ շարժումներ չանեմ: Նրանք չէին էլ փորձում հասկանալ, թե ինչ կար իմ բոլոր տարօրինակությունների և ծայրահեղ պերֆեկցիոնիզմի հիմքում, մինչդեռ, երբ ֆիզիկական առողջության հետ կապված գանգատներ էի ունենում, անմիջապես փորձում էին բուժում գտնել: 

Ես սկսեցի հոգեկան խանգարումների մասին գրականություն ուսումնասիրել և վերջապես գտա այն ախտանիշները, որոնք ամբողջովին բնութագրում էին իմ վիճակը: Եվ միայն 20 տարեկանում պարզեցի, որ OCD ունեի: Սարսափելի էր գիտակցելը, որ հոգեկան խանգարում ունեի, բայց և անասելի հանգստություն էի զգում` իմանալով, որ խնդիրս անուն ուներ, որ ես միակը չէի նման վիճակում: 

Ըստ հոգեբույժ Արամ Հովսեփյանի` աշխարհի բնակչության շուրջ 3%-ն ունի կպչուն սևեռուն խանգարում` Obsessive Compulsive Disorder (OCD), իսկ մարդկանց 8-10%-ը ունենում է տարբեր տեսակի տագնապային խանգարումներ: Հովսեփյանի խոսքով` Հայաստանում նման խնդիրներ ունեցողների թիվը պիտի մոտ 200.000 մարդ կազմի: «Այնուամենայնիվ, քչերն են իրազեկված խնդրի մասին»,- ասում է Հովսեփյանը: 

t

Տ.-ն 17 տարեկան է, խնդիրներ ունի կապված ընդհանրացված խուճապային խանգարման հետ (Generalized Anxiety Disorder): Նույնիսկ մանրուքները սարսափելի մեծ և անհաղթահարելի են թվում Տ.-ին: Դժվար իրավիճակների բախվելիս նա լարվում է և ցավեր ունենում: «Կոկորդս սկսում է ցավել ու անդադար հազում եմ, խեղդվում»: Տ.-ի արձագանքները տարօրինակ համարող դասընկերներն է՛լ ավելի են բարդացնում նրա հոգեվիճակը։ Հասակակիցները նրան «դաուն» են անվանում և հորդորում «թեթև ապրել» կամ էլ «գնալ բուժվել»: Շրջապատի ոչ բարյացակամ վերաբերմունքը Տ.-ին ստիպում է մտածել, թե բոլորն ատում են իրեն: Նոր ծանոթություններ հաստատելն է դժվարացել, քանի որ նրա ենթագիտակցության մեջ դաջված է մտավախությունը, թե իրեն չեն հավանելու և չեն ընդունելու:

Հույս չունենալով աջակցություն ստանալ ծնողներից, Տ.-ն շարունակ միջոցներ է փնտրում անհանգստացնող մտքերից ինքնուրույն ազատվելու համար: Անցյալում խնդիրներից ազատվելու և մտքերը թեթևացնելու հույսով Տ.-ն մի քանի անգամ դիմել է ծխախոտի և ալկոհոլի օգնությանը: Այժմ նա փորձում է կարգավորել իր հոգեկան վիճակը արվեստի, մասնավորապես` նկարչության միջոցով, սակայն չի նախատեսում դիմել հոգեբանի կամ հոգեբույժի: Նա միակը չէ, ով նախընտրում է ինքնուրույն հաղթահարել խնդիրը կամ պարզապես անտեսել այն:

Ըստ հոգեբանական գիտությունների թեկնածու Խաչատուր Գասպարյանի`պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանի Հանրապետությունում հոգեբանական ծառայություններից օգտվողների թիվը չի գերազանցում երկրի բնակչության 1%-ը: Գասպարյանը նշում է, որ դիմողների ցածր ցուցանիշը արդյունք չէ միայն իրազեկման բացակայության, այն պայմանավորված է նաև սոցիալական և ընտանեկան խարանով ու ոլորտի նկատմամբ վստահության պակասով: 

g

Գ.-ն 20 տարեկան է: Նրա մոտ առկա են խուճապային խանգարման նշաններ (Panic Disorder): Լարված խոսակցությունից կամ տհաճ հիշողություններից հետո Գ.-ն դժվարանում է շնչել, սրտի աշխատանքն արագանում է, անբացատրելի ցավեր է ունենում մարմնի տարբեր հատվածներում, վերջույթներն անզգայանում են տագնապից: «Ես չեմ կարողանում պառկել, որովհետև թվում է, թե մեռնում եմ: Միգուցե մարդիկ կարծեն, թե մանրուքից մեծ բան եմ դարձնում: Իրականում չեն պատկերացնում, թե ինչ եմ զգում, երբ թվում է, թե ամեն պահի կարող եմ ցավից պայթել»:

Գ.-ն մտավախություն ունի, թե ընտանիքի անդամներն իրեն եսասեր կհամարեն, եթե պատմի իր խնդրի մասին: «Խնդիրը ծանր է, իսկ մարդկանց «Ի՞նչ ես խոսում» վերաբերմունքն էլ ավելի է բարդացնում ամեն ինչ»,- ասում է նա: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում նա սովորել է օգնություն խնդրել մտերիմներից: Հասկանալով որքան բարդ է միայնակ անցնել տագնապի նոպաների միջով` նա կոչ է անում մարդկանց, որոնք նույն խնդրի առջև են կանգնած, չամաչել և օգնություն փնտրել: Այժմ Գ.-ն նախատեսում է զբաղվել ինքնազարգացմամբ և գումար է տնտեսում իր բուժման համար: Ինչպես շատերը, Գ.-ն նույնպես նախատեսում է օգնություն ստանալ մասնավոր կլինիկայում: 

Ըստ Արամ Հովսեփյանի` պետության կողմից տրամադրվող հոգեբուժական և հոգեբանական ծառայությունների խնդիրն այն է, որ չկան բավարար թվով մասնագետներ: «Այնպես է ստացվում, որ կա ընդամենը երկու կլինիկական հոգեբույժ` ամեն 40.000 հիվանդի համար: Նման պայմաններում հնարավոր չէ յուրաքանչյուր հիվանդի բավարար ժամանակ տրամադրել, և արդյունքում բուժումը լիարժեք չի ստացվում»,- ասում է նա:  

k

Ք.-ն 21 տարեկան է: Նրա մոտ OCD-ի նշաններ են հայտնվել, երբ հինգ տարեկան էր: Նրա գործողությունները` կոմպուլսիաները, ներառում էին հաշվարկներ, ձեռքերը լվանալը և խաչակնքվելը: Խնդիրը սրվեց պատանեկան տարիներին, երբ Ք.-ն 14 տարեկան էր: Նա վստահ էր, որ «աննորմալ» գործողություններ է անում, որովհետև ինչ-որ մեկն անիծել է իրեն: Հետագայում նա մտավախություն ուներ, որ իր տարօրինակությունները հոգեկան խնդրի արդյունք էին: 20 տարեկանում Ք.-ն սկսեց ուսումնասիրել հոգեկան խանգարումների վերաբերյալ գրականություն և ինքնուրույն հասկանալ, թե որն է խնդիրը: Ինչպես ես, նա էլ ի վերջո բախվեց OCD-ին:

Շուտով, OCD-ի պատճառով Ք․-ն որոշեց դուրս գալ համալսարանից, քանի որ ամենօրյա  «ծեսերը» հասել էին այն աստիճանի, որ չէր կարողանում կենտրոնանալ ուսման վրա: Ք․-ն որոշակի դադար վերցրեց` առողջության մասին հոգ տանելու համար: Այժմ նա շարունակում է բուժումը դեղորայքով և դրական փոփոխություններ է նկատում: Ինչևէ, նրա բուժման ուղին այդքան էլ սահուն չէր, քանի որ ստիպված էր մի քանի հոգաբան փոխել: Առաջին հոգեբանը, ում նա հանդիպեց, պատկերացում չուներ, թե ինչ է OCD-ն: «Իմ առաջին հոգեբանը, որը ծանոթ չէր OCD-ի ախտանիշներին, ասաց, որ ես միայն ձևացնում եմ, թե հոգեկան խանգարումներ ունեմ, որ փախչեմ իմ խնդիրներից»: 

Ըստ Խաչատուր Գասպարյանի` ՀՀ-ում հոգեկան խանգարումների բուժման ծառայությունների արտոնագրման վերաբերյալ օրենք չկա: Սա նշանակում է, որ անհատները կարող են տրամադրել տարատեսակ հոգեբանական և հոգեբուժական ծառայություններ առանց որևէ հավատարմագրման կամ պետական կարգավորման: Արամ Հովսեփյանն էլ նշում է, որ խանգարումների բուժմամբ պետք է զբաղվի միայն հոգեբույժը: «Հոգեբանը միայն կարող է ուղղորդել հիվանդին»,- ասում է նա և ավելացնում, որ չպետք է վստահել այն անհատներին, որոնք հիվանդի մեկ այցելությունից հետո չեն կարողանում հստակ նշել նրա խնդիրը կամ էլ միաժամանակ մի քանի դեղորայք են նշանակում: 

Մասնագետների խոսքով` փոքր հոգեբուժությունը շարունակում է մնալ ամենադժվար խնդիրներից մեկը Հայաստանում: Չնայած տեղաշարժ նկատվում է` խարանը, իրազեկման պակասը և խնդիր ունեցողների անվստահությունը հոգեբուժության նկատմամբ շարունակում են խոչընդոտել ոլորտի զարգացմանը և մարդկանց հոգեկան առողջության բարելավմանը:

Ինձանից ութ տարի պահանջվեց` պարզելու, թե ինչ է կատարվում ինձ հետ: Երբ «նորությունը» հաղորդեցի ընտանիքիս, սկզբում լուրջ չընդունեցին ասածներս, սակայն իմ վարքագծի որոշակի տարօրինակությունները պատմածիս հետ համադրելուց հետո սկսեցին խորապես հասկանալ խնդրի առկայությունն ու լրջությունը: Ծնողներս կոչ են անում շատ չբարձրաձայնել խնդրիս մասին` մտածելով, որ հասարակության կողմից բացասական վերաբերմունքի կարժանանամ: Ինքս ոչ մի ամոթալի բան չեմ գտնում այս ամենի մեջ, հեշտությամբ պատմում եմ ինձ հուզող երևույթների մասին և հասկացել եմ, որ իմ շուրջ շատերը նույնատիպ խնդիրների առաջ են կանգնած, սակայն չեն բարձրաձայնում, քանի որ վախենում են քննադատությունից:


 

Լուսանկարները՝ Գայանե Ղազարյանի     


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team