Պատկերային գերհագեցվածություն
Արձանների և հուշարձանների մյուս կարևոր խնդիրը պատկերային գերհագեցվածությունն է կամ այսպես կոչված սփեմինգը: Այսպիսի գերհագեցում, ըստ Արևշատյանի, եղել է ստալինյան, խրուշչովյան և բրեժնևյան շրջաններում: Սիմվոլիզմը տարածքի կարիք ունի և երբ այն գերհագեցվում է պատկերային սիմվոլներով, սկսվում է փոխազդեեցությունը միմյանց հետ, որի արդյունքը նոր, անհարմար տեքստն է:
Փորձենք կարդալ քաղաքը իր արձաններով և հուշարձաններով` սկսելով փոքր կենտրոնից: Քայլենք շրջանաձև այգու միայն մի մասով. գրող Միքայել Նալբանդյանի արձանը, սփյուռքահայ բարերարների ճեմուղին, ապա ռուս և հայ ժողովրդի բարեկամության հուշարձանը, մյուս կողմում` Ասորական ցեղասպանության հուշարձանն է, մի քանի մետր ներքև` հայտնի հայ նկարիչ Հովհաննես Այվազովսկու արձանը, անցնում ես փողոցը` բանաստեղծ Ավետիք Իսահակյանն է, հայ-իտալական բարեկամությունը խորհրդանշող ձեռքերը, այնտեղ է նաև հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի արձանը: Նայում ես ձախ` Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձան: Վստահ եմ` ցանկն ամբողջական չէ: Հետո էլի կնոջ արձան է, իգական սեռի մեկ այլ կոլեկտիվ ներկայացում, կյանքի ծառ: Եվ սա դեռ տասը րոպեի ընթացքում:
Քաղաքային միջավայրի հագեցումը հուշարձաններով, որոնք սովորաբար տեղակայված են ոչ ճիշտ վայրում, ոչ ճիշտ ոճով, աշխատում է արձանի դեմ, համոզված է Արևշատյանը: «Մենք կարող ենք վերցնել Արամ Մանուկյանի, Իսակովի, Այվազովսկու արձանները,- ասում է արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյանը,- սրանք բոլորը քանդակներ են, որոնք փորձ են անում կրկնել այն էսթետիկան, որը կապված էր խորհրդային էսթետիկայի մոնումենտալ արձանագործության հետ: Բայց այստեղ կա մի կարևոր բայց, այդ էսթետիկան ամբողջ` հասարակական, քաղաքական, տնտեսական համատեքստի ածանցյալն էր: Երբ այդ համատեքստը գոյություն չունի, այդ էսթետիկան պարզապես հիմք չունի, և այն դառնում է կրկնօրինակի կրկնօրինակը, որը վերածվում է պարզապես անեկդոտի։ Արդյունքում մենք գործ ենք ունենում բանալ սիմվոլիզմի հետ, երբ Արամ Մանուկյանը մեջտեղ է գալիս եռագույնի մեջ փաթաթված»: Առաջին Հանրապետության հիմնադրի արձանի տեղադրման վայրը նույնպես միանշանակ չընդունվեց` մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանի սովետական մոդերնիստական ճարտարապետական համալիրի վրա, որի հեղինակները հայտնի ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը և Մկրտիչ Մինասյանն են:
Մշակութային կոնֆլիկտ
Հետաքրքիր է նաև Գաֆեսճյան արվեստի կենտրոնի փորձը, որն իրենից նաև արձանների մասնավոր հավաքածու է ներկայացնում: Գաֆեսճյան կենտրոնը ռոտացիայի սկզբունքով քաղաքի մի հատվածում քանդակներ է տեղադրում, որոնք դուրս են ամեն տեսակ քաղաքային կոնտեքստից:
«Հասարակությունը դեռևս շարունակում է քանդակը ընկալել որպես գաղափարաբանական գործիք,- նկատում է Արևշատյանը,- այսինքն, այդ քանդակները անընդհատ դինամիկ պրոցեսի մեջ են: Նրանք անընդհատ փոխում են իրենց տեղը: Սա շատ կարևոր հանգամանք է, որը հանրային գիտակցության մեջ դժվար է տեղավորվում: Ինչպե՞ս կարող է քանդակը նմանվել անիվների վրա դրված տան, որը կարող ես մի անկյունից մյուսը շարժել: Խոսքն այստեղ այն խորը մշակութային կոնֆլիկտի մասին է, որը տեղի է ունենում հետխորհրդային գիտակցության մեջ»:
Անկախ նրանից, հավանում ենք մենք այդ արձանները թե ոչ, նրանք միավորող հանգույցներ են, որտեղ բախվում են կոթողն ու դրանց մասին կարծրատիպերը:
***
Նալբանդյանի արձանի կողքով՝ օղակաձև այգու միջով, զբոսանքի տասնմեկերորդ րոպեին հիմա արդեն կարելի է հանդիպել ևս մեկ արձանի, որ տեղադրվեց 2018-ի օգոստոսի 23-ին։ Դա Ամստերդամի հայերի կողմից Երևանի 2800 ամյակի առիթով նվիրված կովկասյան հովվաշան արձանն է, որ պետք է պաշտպանի քաղաքը, ինչպես դարերով պաշտպանել է հայաստանցի ընտանիքներն ու դրանց ունեցվածքը։
Երևանի արձանների մեծամասնությունը կարծես էջանիշներ լինեն, որ պետք է հիշեցնեն հասարակությանը անցյալի արժեքների ու մարդկանց մասին․ եռաչափ հիշեցումներ պատմության մասին, որ դարձել են կրթելու գործիքներ։ Հարց է ծագում․ արդյո՞ք կա հարավորություն կամ պահանջարկ ունենալու արձաններ, որ կծառայեն արվեստից իրենց դրված առաքելությանը՝ դուրս գալու ձևի և բովանդակության գծված սահմաններից, պատմելու մարդկային զգացումների և առաջարկելու ապագայի տեսլականներ։