Ես բուսակեր եմ

Ռեստորանում ամեն մեկն անհամբեր սպասում է իր պատվիրած ուտեստին, հուսալով, որ այն ամենահամեղն է լինելու։

Հենց նոր խաշված գազարի, բազուկի ու կաղամբի մանր կտորների վրա հալվում էր սպիտակ սոուսը, որի մեջ ամենայն հավանականությամբ մրգի կտորներ կային: Ահա այն ուտեստը, որն ինձ մատուցեցին: Սա իմ երազանքների ուտելիքը չէ։ Պարզ է, միջոցառման կազմակերպիչները շփոթել էին պատվերը: Իմ սեղանին բուսակերի ուտեստ էր։ Եվ այդպես մի ամբողջ շաբաթ։

English 

Ես մսակեր եմ, իմ ընկերներն էլ են մսակեր, նրանց ընկերներն էլ։ Մսակերությունը մեր ազգային խոհանոցի «կողմնակի ազդեցություններից» է, միսը մեր խոհանոցների զարդն է ու մեր ավանդական ուտեստների անբաժանելի մասը: Բուսակերների համար նախատեսված ուտելիքը ինձ երբեք գրավիչ չի թվացել, բայց պատվերը չվերադարձրեցի, որոշեցի համտեսել, ավելին՝ ինձ համար մարտահրավեր էր փորձել գոնե մի շաբաթ բուսակեր լինել։ Բարդ էր, հետարքրիր, դժվար։

Կենդանական ծագման սնունդից հրաժարվող մարդկանց թիվն ավելանում է աշխարհում։ Հայաստանը բացառություն չէ։ Հետաքրքիր է, թե որքանով է «ոչ ավանդական» այս սննդակարգը համատեղելի հայկական ազգային խոհանոցի հետ: 

 

«Հարցնում են, թե դու միս ընդհանրապես չես ուտու՞մ, հավի մի՞ս էլ, նույնիսկ խաշած դո՞շ»։ 

Մարիամ Բաբայան

img 7099

Մարիամ Բաբայանն արդեն երկու տարի է, միս չի ուտում։ «Ես սիրում եմ խոհանոցը, հաճույքով եմ պատրաստում,- պատմում է Մարիամը,- նախկինում մսի հետ լավ ընկերներ էինք: Բայց ամեն ինչ փոխվեց, երբ մի օր պատահական տեսա, թե ինչպես են գառ մորթում»։

Տեսարանը երկար ժամանակ Մարիամի մտքից դուրս չէր գալիս։ Դրանից ազատվելու միայն մի տարբերակ կար՝ միսը սննդակարգից բացառելը։ «Այսպես ես ինձ հոգևոր առումով ավելի հանգիստ եմ զգում։ Միսը ինձ հիմա ընդհանրապես դուր չի գալիս։ Ես կարող եմ ուտել հարիսա առանց մսի, որն ինքս եմ ինձ համար պատրաստում, կամ օրինակ՝ բանջարեղենային տոլմա»։

Իհարկե հեշտ չէ բուսակեր լինել մի հասարակությունում, որտեղ ոչ բոլոր ռեստորանները կամ սրճարաններն է, որ վեգաններին հարմար ճաշացանկ ունեն։ Էլ չեմ խոսում ընտանեկան միջոցառումների մասին, որտեղ կենտրոնական ուտեստը խորովածն է՝ կարմիր պղպեղով և սոխով համեմված միսը։

«Երբ շրջապատում ասում եմ հումակեր եմ, մարդիկ հարցնում են՝ մի՞սն էլ ես հում ուտում»։

Լիլիթ Հովհաննիսյան 

Բոլոր բուսակերները չէ, որ կենդանիների պաշտպանության կամ էլ խղճահարության մղումով են հրաժարվում մսից։ Լիլիթ Հովհաննիսյանը մսից հրաժարվել է հանուն սեփական առողջության։ «Միշտ մտածել եմ, որ մինչև կենդանիները մասին մտահոգվելը, շատ ուրիշ մարդկային խնդիրներ կան, որ ուշադրության կարիք ունեն. հետո իհարկե ամեն ինչ փոխվեց»,- ասում է Լիլիթը։

Կայքերից մեկում հումակերության մասին նյութը՝ сыроедение (ռուսերենից՝ հումակերություն) վերնագրով, շփոթելով պանրակերության (ռուսերեն сыр՝ պանիր, բառը նման է сырое՝ հում, բառին) հետ, Լիլիթը բացում է հոդվածը։ «Կյանքում առաջին անգամ էի այդ մասին լսում,- պատմում է Լիլիթը,- ուզում էի հասկանալ՝ ինչպես կարելի է սնունդն ընդունել հում վիճակում, անվնաս է թե ոչ, մարդիկ կշտանում են թե ոչ, ու ընդհանարապես ինչի համար է դա պետք»։ Ու քանի որ ամենը, ինչ կապված է առողջության, երկարակեցության ու գեղեցկության հետ Լիլիթին հետաքրքիր էին, նա սկսում է ուսումնասիրել հումակերությունը։

img 9503

Հումակերության փիլիսոփայությունն այն է, որ մարդիկ իրենց զարգացման նախնական փուլում հումակեր են եղել, օգտվել են միայն բուսական բարիքներից։ Այս գաղափարը Լիլիթին շատ հարազատ ու բնական է թվում։ Ու նա հիմա սեփական բլոգն ունի, որտեղ բուսակերներին կամ բուսակերությամբ հետաքրքվողներին ներկայացնում է առողջ սննդի բաղադրատոմսեր, խորհուրդներ տալիս այս կենսակերպի մասին և իհարկե խոսում հումակերության սեփական փորձառությունից։ «Բլոգը բացեցի հունվարից, բայց ավելի ինտեսիվ սկսեցի այն թարմացնել երբ հասկացա, որ մարդիկ այդ ինֆորմացիայի կարիքն ունեն: Արձագանքները բավական ոգեշնչող էին, և ես սկսեցի ինչպես ինքս մոտիվանալ, այնպես էլ մոտիվացնել ուրիշներին»,- պատմում է Լիլիթը։

Լիլիթն առաջին ամսում հրաժարվել է մսից, հետո՝ կաթնամթերքից, դե իսկ հետո ուտելիքը պարզապես պետք էր լվանալ և ուտել, որովհետև հումակերությունը այլ բան չի ենթադրում։ «Եփած սնունդը թունավոր նյութերի պաշար է, որը օրգանիզմը մինչև վերջ չի մարսում, տարիների ընթացքում այն թունավոր նյութերի տեսքով կուտակվում է։ Օրգանիզմը մաքրել՝ նշանակում է ազատվել կուտակվածից»։ 

«Ես պարզապես հասկացա, որ ինքս իմ նկատմամբ անկեղծ չեմ եղել, կամ՝ հիմա արդեն համաձայն չեմ նախկինում կատարած իմ ընտրության հետ»։ Իզաբելլա Խանզրատյան 

img 7065 recovered

Երեք տարի առաջ տանը պատահական հայտնված նապաստակը Իզաբելլային ստիպեց վերանայել սեփական հայացքները կենդանիների նկատմամբ։ «Ես ինքս ինձ սկսեցի հարցնել, թե ինչու պետք է մարդիկ պարտադիր միս ուտեն, ինչքանով է միսն անփոխարինելի սննդակարգում»,- պատմում է Իզաբելլան։

Մի առավոտ Իզաբելլան բացեց աչքերն ու փակեց իր կյանքի մսակերության էջը։ «Որոշմանս հիմքում մինչ այդ ուսումնասիրած ու կարդացած գրականությունն էր,- ասում է նա։- Ես պարզապես հասկացա, որ ինքս իմ նկատմամբ անկեղծ չեմ եղել, կամ՝ հիմա արդեն համաձայն չեմ նախկինում կատարած իմ ընտրության հետ»։

Երբ Իզաբելլայի ընկերներներն իմացան, որ նա որոշել է անցնել բուսակերության, երկու մասի բաժանվեցին. մի մասն այդ որոշումը սովորական ընդունեց, մյուսները չընդունեցին ու «կծու» հումորների շարք սկսվեց, թե՝ նախկինում ախորժակով միս ուտող մարդը ի՞նչպես կարող է մի օրում վեգան դառնալ։

Իզաբելլային այս փաստը մտահոգում է։ Հասարակությունը դժկամությամբ է մարդկանց փոխվելու շանս տալիս։ Մինչդեռ, ըստ նրա, մարդը չի կարող դոփել տեղում, անընդհատ նույն բանն անել ու նույն բանը մտածել։ Մարդու համար առաջընթացն ու փոփոխությունը պարտադիր են։ Ժամանակի ընթացքում Իզաբելլան սկսել է շփվել միայն նրանց հետ, ովքեր իր ընտրությունը հարգել գիտեն, ճիշտ այնպես, ինչպես ինքն է հարգում դիմացինի ընտրությունը։

Շատերը կարծում են, որ իրականում այնքան էլ հեշտ չէ բուսակեր լինելը, որ այն ծանր կենսակերպ ու նաև որոշակի սահմանափակումներ է ենթադրում: «Հիմարություն է։ 2016 թվականին երբ պետք է «Առմլենդ» խմբի հետ Կազբեկ բարձրանայի,- պատմում է Իզաբելլան,- ամբողջ ընթացքում գիդն առանձնահատուկ ուշադիր էր իմ նկատմամբ։ Նա անընդհատ կրկնում էր, որ եթե ինձ վատ զգամ, ուրեմն միս կամ գոնե մի կտոր բաստուրմա պետք է ուտեմ։ Բայց ես կտրկանապես մերժեցի, վստահ լինելով, որ իմ առողջությունը ինձ լիովին թույլ կտա հաղթահարել լեռը։ Մինչև հիմա մեծագույն հաճույքով եմ հիշում այն տեսարանը, որ բացվեց իմ առջև լեռան գագաթից»։

«Վերջին տարիներին իրավիճակը, ըստ իս, լավացել է. առաջ ավելի բարդ էր ու տհաճ։ Ծաղրում էին, վատ սպասարկում, շատ տեղերում մենյուի 0,1 տոկոսն էր բուսակերի համար նախատեսված լինում»։ Նարեկ Բունիաթյան 

Նարեկ Բունիաթյանը, ինչպես ինքն է ասում, բուսակեր է ծնված օրվանից։ «Չգիտեմ բախտավորություն, թե հաճելի պատահականություն է, ծնողներս բուսակեր են։ Երբ դու ծնվում ես բուսակերների ընտանիքում, բուսակեր լինելը ավելի քան կանխատեսելի է, տրամաբանական ու բնական»,- ասում է Նարեկը:

Ծնողները Նարեկին բուսակերություն չեն պարտադրել, այն չի էլ քննարկվել, մինչև Նարեկի հասուն տարիքին հասնելը։ «Ծնողներս ինձ ցույց էին տալիս տեսանյութեր, թե ինչպես է միսը պատրաստվում, ինչ մեթոդներով, ինչ վտանգներ է այն պարունակում,- պատմում է Նարեկը։- Բայց այդ ողջ ինֆորմացիան սուբյեկտիվ չի եղել։ Ծնողներս ներկայացրին նաև այն քիչ, բայց այնուամենայնիվ օգուտները, որն ունի միսը»։

Մնացածն արդեն ընտրության հարց էր, որ Նարեկն արդեն վաղուց էր կատարել։ Իր 20 տարեկան հասակում նրա քիմքը գոնե մեկ անգամ չի զգացել, թե ինչ համ ունի միսը։ «Սոյա տարբերակով փորձել եմ մի անգամ ու անմիջապես հետ տվել։ Տհաճ էր համը։ Երբևէ, ոչ մի անգամ չեմ մտածել, որ ինչ-որ բան եմ բաց թողնում»։ 

c83505612d6851f4109a309959ad34b11

Չնայած դրսում սնվելը հիմա շատ ավելի հեշտ է դարձել, բայց միևնույն է, դեռ շատ բան կա փոխելու։ «Վերջին տարիներին իրավիճակն, ըստ իս, լավացել է. առաջ բարդ էր ու տհաճ: Ծաղրում էին, վատ սպասարկում, շատ տեղերում մենյուի 0,1 տոկոսն էր բուսակերի համար նախատեսված լինում»,- ասում է Նարեկը։

Նա չի մոռանում պատմել նաև վերջերս Գյումրիում իր հետ պատահածի մասին։ «Մի հացատուն էի մտել, հարցրեցի ի՞նչ ունեն, որ մսով չի, պատասխանների մեջ աշխատողը ինչ-որ անհայտ լոգիկայով վետչինա-պանրով, հոտ-դոգ ու ձկան խորոված տեղավորեց»։

***

Սննդակարգի նախընտրություններն ու սովորությունները, հատկապես հայկական մշակույթում, ձևավորվում են ընտանիքի ու ընկերների շրջապատում։ Ավելին, հաց կիսելը ծիսական արարողակարգ է, և նրանք, ովքեր բուսակեր են կամ վեգան, երբեմն մեկուսացված կարգավիճակում են հայտնվում։

Բարեբախտաբար իրավիճակը սկսում է փոխվել։ Այժմ մենյուները փորփրելու, Սեզար աղցանը առանց հավի միս, կամ առանց խոզապուխտ պիցա պատվիրելու խորամանկությունները, կարծես, դառնում են անցյալի սովորություններ։ 


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team