Լուիզա Ասլանյանն անհետացավ 1945-ի հունվարին։ Այսօր՝ ավելի քան 70 տարի անց, ոչ ոք չգիտի, թե որտեղ է թաղված նա... Հյուսիսային Գերմանիայո՞ւմ, նացիստական համակենտրոնացման ճամբարի մոտ... Գուցե ինչ-որ տեղ Ֆրանսիայո՞ւմ...
«Կռի՜ւ, ընդդէմ բռնակալութեան՝ Արեւելքից, Արեւմուտք։ Ես այդ ճանապարհի դաշտի վրայ է որ ուզում եմ մեռնել։ Թող սրտիս տաք արիւնը այդտեղ հոսի, եւ իմ դիակի վրայով, դիակս կոխոտելով թող անցնեն շարքերը մեր քրտնաթաթախ, հրացայտ աչքերով, դէպի յաղթանակ։ Իսկ երբ մի օր գայ՝ հասարակաց գերեզմաններից գնդակահարուած հերոսների ոսկորները հանելու եւ ի մի հաւաքելու, եւ երբ յաղթութեան կանչերի, եւ թնդացող երգերի տակ տօնուի ազատութեան յաղթանակը, եվ յիշատակը նրանց, որ մեռան, ես խառնուած կը լինեմ նրանց»։
Լուիզա Ասլանյան
Ֆրանսահայ բանաստեղծ, գրող և
Ֆրանսիական դիմադրության մարտիկ
Ապագա հեղափոխականը
Լուիզա Ասլանյանը (օրիորդական ազգանունը Գրիգորյան) ծնվել է Իրանում, հայաշատ Թավրիզ քաղաքում, 1906 թվականին։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի Արամյան դպրոցում։ Այն ավարտելուն պես Լուիզան տեղափոխվում է Թիֆլիս և շարունակում կրթությունը ռուսական գիմնազիայում։ Դպրոցական տարիներից Լուիզան բանաստեղծություններ է գրել, ֆրանսերենից և ռուսերենից թարգմանություններ արել։ Նա տարված էր երաժշտությամբ, դաշնամուր էր նվագում և մտադիր էր երաժիշտ դառնալ։
1923 թվականին՝ գիմնազիան ավարտելուց հետո, Լուիզան վերադառնում է Թավրիզ։ Շուտով ամուսնանում է իրավաբան, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Արփիար Ասլանյանի հետ, որը Թավրիզ էր տեղափոխվել Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ փախչելով բոլշևիկների հետապնդումներից։ Ամուսնությունից հետո Լուիզան ու Արփիարը տեղափոխվում են Ֆրանսիա, որպեսզի Լուիզան կարողանա շարունակել կրթությունը։ Նրանց հետ Փարիզ են տեղափոխվում նաև Լուիզայի մայրը՝ տիկին Մանյան, և քույրը՝ Արշալույսը։
Փարիզում բնակության առաջին տարիները ֆինանսապես ծանր էին Ասլանյաների ընտանիքի համար։ Լուիզան ստիպված հրաժարվում է երաժիշտ դառնալու մտադրությունից, բայց որոշում է շարունակել կրթությունը։ Նա սկսում է գրականության դասեր վերցնել Սորբոնի համալսարանում և հայկական թերթերի համար հոդվածներ գրում՝ ներկայանալով Լաս գրական կեղծանվամբ։
1920-ականների կեսերին Լասն իր պատմվածքներից մի քանիսը տպագրում է հայ-ֆրանսիական և հայ-իրանական մամուլում։ Ապա լույս են տեսնում նրա առաջին գրքերը՝ «Խան» (1928) և «Գծից դուրս» (1935) պատմվածքների ժողովածուները։
Լասի առաջին նովելը՝ վերնագրված «Հարցականի ուղիներով», տպագրվում է 1936-ին։ Մինչ այդ այն մաս-մաս տպագրվել էր ժամանակի հայտնի «Հայրենիք» ամսագրում (Բոսթոն)։
Նովելը Խորհրդային Հայաստան հայրենադարձության մասին էր, թե որքան կարևոր է այն հայության համար։ Սյուժեն զարգանում է Մերձավոր Արևելքում, այնտեղ, որտեղ ծնվել ու մեծացել էր Լասը, և ավարտվում է Հայաստանում։ Ֆրանսահայ գրող և գրական քննադատ Գրիգոր Պըլտյանն իր ֆրանսահայ գրականության մասին հետազոտությունում նշում է, որ Լասի նովելն իր սերնդի «ամենասիստեմատիկ կամ ամբողջական նովելն է և հավանաբար՝ ամենահավակնոտը»։ 1959-ին նորավեպը վերահրատարակվում է Խորհրդային Հայաստանում։
Նորավեպը ստեղծելու շրջանում Լասը կոմունիստական գաղափարախոսության ջատագով էր և հավատում էր, որ Խորհրդային Միությունը հայերի միակ ապավենն է։ 1937-ին Լասն անդամագրվում Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությանը և սկսում հոդվածներ տպագրել ֆրանսահայ «Զանգու»[1] և «Նոր Կեանք»[2] թերթերում։ Այդ տարիներին երկուսի խմբագիրն էլ Միսաք Մանուշյանն էր՝ ցեղասպանությունից փրկված ֆրանսահայ պոետ և հասարակական գործիչ, որը մի քանի տարի հետո պետք է դառնար ֆրանսիական Դիմադրության շարժման[3] հերոս։
Գրական գործունեությունից զատ Լասը ակտիվ մասնակցում էր ֆրանսահայ հասարակական և մշակութային կյանքին։ Նա Ֆրանսահայ գրողների միության անդամ էր, 1937-ին նշանակվում է Հայ Օգնության Կոմիտեի նախագահ։ Այդ տարիներին Լասը հիմնում է Ֆրանսիայի Հայ կանանց միությունը։
Լասը՝ Ֆրանսիական դիմադրության շարժման մասնակից
1940 թվականին նացիստական Գերմանիան օկուպացնում է Ֆրանսիան։ Հազարավոր ֆրանսիացիներ, որոնք դեմ էին նացիստական ռեժիմին, սկսում են դիմադրության խմբեր կազմել։ Նրանք պարտիզանական պայքար էին մղում, ընդհատակյա թերթեր տպագրում, հետախուզական տվյալներ հավաքում։ Դիմադրության շարժման ակտիվ մասնակիցների թվում էին նաև Ֆրանսիայի հայերը։ Միսաք Մանուշյանը «Ֆրանսիացի ազատ հրաձիգներ և պարտիզաններ» շարժման «Ներգաղթյալների աշխատավորական ուժ» մարտական խմբավորման հայկական խմբի ղեկավարն էր։ «Ներգաղթյալների աշխատավորական ուժը» Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության ենթախումբ էր, որը կազմված էր տարբեր ազգության միգրանտներից և հրեաներից։ Լասն ու Արփիարը Մանուշյանի խմբի ակտիվ անդամներից էին։
Լասի քույրը՝ Արշալույսը, իր հուշերում պատմում է, որ Արփիարն ու Լասը Դիմադրության շարժմանը միանում են 1941-ի օգոստոսին, երբ Խորհրդային Հայաստանը հորդորում է աշխարհասփյուռ հայ մտավորականությանը միանալ հակաֆաշիստական պայքարին և ոչնչացումից փրկել համաշխարհային ժառանգությունը։
Հենրի Կարայանը, որը ֆրանսահայ դիմադրության մարտիկ էր և Մանուշյանի խմբի անդամ, իր հարցազրույցներից մեկում նշում է, որ Լասը «Ներգաղթյալների աշխատավորական ուժի» հավաքագրողն էր և Դիմադրության գործողությունների ժամանակ ներկայանում էր Մադելեն անունով։
Ժամանակին Լասն ու Արփիարը մաթեմատիկա են դասավանդել Շառլ Ազնավուրին, որի ընտանիքը նույնպես Դիմադրության շարժման ակտիվ ջատագովներից է եղել։ Ազնավուրի ծնողները Մելինե Մանուշյանին, բազմաթիվ հրեաների և նացիստական բանակից փախած հայերի են թաքցրել իրենց տանը, օժանդակել Դիմադրության շարժման տարբեր գործողությունների [4]։
1941-ի հունիսին Լասը սկսում է օրագիր վարել։ Նա գրում է Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձություններին մասին, իր զայրույթն արտահայտում ընդդեմ նացիստների, խոսում Խորհրդային Միության հանդեպ տածած իր համակրանքի ու հույսերի մասին։
Լասի օրագիրն ընդհատվում է 1942-ին։ 10 էջանոց այս նոթերը Լասի՝ փրկված եզակի իրերից են։
Հատված Լասի օրագրից
Քսաներկու յունիս 1941
Փոքրի ու նեղ փողոցի մեջ, առավոտ կանուխ ծերունի մի մարդ բարձրաձայն յայտնում է ի լուր բոլորիս.- «Խորհր. Միութ. պատերազմի է մտել Գերմանիայի հետ»… Ծերունին յուզւած է, «յարձակվողը Գերմանիան է»- ասում է։
Faubourd du Temple-ի վրայ եմ, լուրը բերնեբերեան նետւում է մեկ մայթից միւսը, մեկ լուսամուտից միւսը, ծփում է կարծես, հերթի կանգնելու համար այս ու այն կողմ գնացողների հետ միասին։ Բոլորի դեմքի վրայ գոհունակություն ու ժպիտ կայ. «Խորհ. մի. Հ-ի [Հիտլերին - խմբ.] դասեր կտա, մեր երկիրը կազատի ստրկութիւնից, կարմիր բանակը զորավոր է ,այս անգամ հ-ի պարտության շրջան է սկսվում, մեր ժողովուրդի ազատութեան ժամը մօտենում է»...
Ժամը 12-ին ճաշարանում խոսակցութիւն երկուսի միջև։
Բոլորի համար յոյսի դուռն է բացւել։
... թատրօնների շուրջ, ընտանիքների մեջ, մեր դիմացի խանութում... բռնել խորհ. րադիոն, լսել ճշմարտութիւնը։
Ասլանյան ամուսինների հակաֆաշիստական պայքարը շարունակվում է մոտ երեք տարի։ 1944 հուլիսի 26-ին Լասն ու Արփիարը ձերբակալվում են Փարիզի Էքս փող. 8 հասցեում գտնվող իրենց բնակարանում։ Ձերբակալման ժամանակ նացիստները ոչնչացնում են Լասի երկու անավարտ նովելների ձեռագրերը («Դիմադրության պատմությունը», «Փարիզի անկումը»)։
Շուտով ամուսիններին բաժանում են և տեղափոխում համակենտրոնացման ճամբարներ. Լասը հայտնվում է Ռավենսբրուք համակենտրոնացման ճամբարում, Արփիարը՝ Դորա Միթելբաուում։
Ըստ Նացիստական հալածանքների Արոլզեն արխիվի ցուցակների՝ 1944-ի սեպտեմբերի 5-ին Լասին տեղափոխում են Բուխենվալդ, որը Գերմանիայի ամենամեծ համակենտրոնացման ճամբարներից էր։ Այստեղ նա հաշվառվում է որպես բանտարկյալ համար 4460։
Հոկտեմբերի 9-ին Լասին տեղափոխում են Լայպցիգ քաղաքի մոտակայքում գտնվող ՀԱԶԱԳ-ի ճամբար, որը Բուխենվալդի ենթաճամբարներից էր։ Լասն այստեղ մնում է երեք ամիս։ Ըստ նրա բանտարկյալի քարտի՝ 1945-ի հունվարի 27-ին նրան ետ են փոխադրում Ռավենսբրուք։ Հենց այստեղ էլ կտրվում է Լասի մասին տեղեկությունների շղթան։
Որոշ աղբյուրներ նշում են, որ Լասը մահացել է Ռավենսբրուք տեղափոխվելուց մի քանի օր անց, հունվարի 30-ին. տեղեկությունը հնարավոր չէ հաստատել։ Առ այսօր հայտնի չէ, թե ինչ պայմաններում է մահացել Լասը...
Ըստ Տեղահանվածների հիշատակի հիմնադրամի՝ Արփիար Ասլանյանը մահացել է 1945-ի փետրվարի 15-ին։ Ենթադրվում է, որ նա սպանվել է Դորա Միթելբաու համակենտրոնացման ճամբարում, որտեղ և պահվում էր ձերբակալման օրվանից։
1945-ի օգոստոսին ֆրանսիացի կոմունիստ, քաղաքական գործիչ Էլիզաբեթ Ռիկոլը (հայտնի է որպես Լիզ Լոնդոն), որը Լասի հետ պահվում էր նույն համակենտրոնացման ճամբարում, նամակ [5] է գրում Լասի քրոջը՝ Արշալույսին, որում որոշ տեղեկություններ է հայտնում նրա ճամբարային կյանքի մասին։ Լիզը պատմում է, որ Լասի ճամբարում այնքան էլ խիստ չի եղել, տասներկուսի փոխարեն նա ութ ժամ է աշխատել, և որ մի քանի անգամ Լասը հիվանդացել է ու նրան հիվանդանոց են տեղափոխել։
Լասը չի դադարել ստեղծագործել նաև համակենտրոնացման ճամբարում։ Լիզ Լոնդոնը պատմում է, որ հիվանդանոցում գտնվելու օրերին Լասը կարող էր մի փոքր հանգստանալ և ստեղծագործել։ Այդ շրջանում գրված Լասի երկու պոեմները՝ «Գործարանում» (թվագրված է դեկտեմբերի 31, 1944) և «ՄԱԼԱ» (անավարտ) փրկվել են Լիզ Լոնդոնի շնորհիվ։
«ՄԱԼԱ»-ն նկարագրում է երիտասարդ մի աղջկա դաժան առօրյան համակենտրոնացման ճամբարում։ Պոեմի վերնագրի ընտրության երկու բացատրություն կա։ Համաձայն առաջինի՝ «ՄԱԼԱ»-ն Լասի ընտանիքի անդամների անունների առաջին տառերով կազմված հապավում է՝ Մանյա, Արշալույս, Լուիզա, Արփիար։ Գրիգոր Պըլտյանը կարծում է, սակայն, որ Մալան լեհական արմատներով բելգիացի հրեայի անուն է։
1946-ին ֆրանսահայ գրող և լրագրող Արշակ Չոպանյանը հրատարակում է «ՄԱԼԱ» և «Գործարանում» պոեմները ֆրանս-հայկական «Անահիտ» գրական ամսագրում։ Մեկ տարի անց, Ծերուն Ասադուրյանը՝ ֆրանսահայ «Հայ կին» ամսագրի խմբագիրը, մի ամբողջ համար է նվիրում Լասին և նրա գործունեությանը։
1970-ականներին Արշալույսը հավաքում է քրոջ արխիվը և ուղարկում Խորհրդային Հայաստան։ Այսօր Լասի պատանեկության տարիների օրագիրը, 10 էջանոց պատերազմական օրագիրը, տարբեր նամակներ, լուսանկարներ և «Հարցականի ուղիներով» նորավեպի ձեռագիրը պահվում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։
Լասի նամակն Արփիարին
Դեկտեմբերի 25, 1935
Այսպես ուրեմն, Արփիար ջան սահում են օրերը օրերի ետևից... ու մենք միշտ հեռու, միշտ հեռու ենք իրարից։ Երբեմն-երբեմն թվում է ինձ, որ մենք հեռանում ենք իրարից։ Ես վախենում եմ այդ մտքից, աշխատում եմ փաստերով ապացուցել որ այդպես չէ ու կարծես թե շատ են փաստերը և սակայն... և սակայն օրեր ու օրեր մենք իրար չենք տեսնում։ Զգում ենք, մեկս մյուսի գոյութիւնը, թանկագին, անփոխարինելի գոյութիւնը, բայց ինչի՞ է պետք այն, երբ չենք վայելում։ Վայելել բառը գուցե տեղին չէ, շատ է պրօզաիկ, բայց սէրը իր վայելքն ունի , ունի իր գեղեցկութիւնը, իր հաճույքը՝ պարզ ու անբացատրելի այն հաճույքը, որ կոչւում է գուցե սիրահարութիւն։
Ցերեկը իրարից հեռու, գիշերը իրարից բաժան, իսկ տարիները անցնում են ու անցնում է երիտասարդութիւնը մեր։
Գանգատ չէ ասածս, պարզ մի զգացում, որ վտանգաւոր է, երբ սկսում է դառնալ սովորութիւն։ Ու ես սիրում եմ կարօտել քեզ և այդ կարօտը տանջում է ինձ…
Որքան խորն է մարդկային հոգին... մինչ «առօրեան» խեղդում է նրան ու տեսանելի աչքերի ներկայանում Է ուրիշ մի բան։
Ուրիշ մի բան, որ դու չես այլևս, իսկ ինքդ քաշւել, ծվարել է էությանդ թաքաթաքուր* մի ստւերում և միթե յաճախ ուշադրութիւն իսկ չի դարձնում քեզ վրայ։ Նա (միտքդ) թելադրում է քեզ պարտավորիչ բաներ, որ դու կատարում ես, բայց որոնք կապ չունեն քեզ հետ։
Այսպես հեռացած ինքդ քեզնից, այլ մի պատկեր հագած ես երևում աշխարհին, մարդկանց և նաև նրան որին սիրում ես։ Սա է ահա , որ հեռացնում է քեզ նրանից, նրան քեզնից։ «Առօրեայ»-ի պատկեր ասեք դրան, թե ուրիշ մի անուն։ Ինչ էլ որ դա լինի, նա թշնամի է։
Սովորությիւն…
Առօրեայ...
Ահ, եթե կարելի լիներ զրկել այս բառերեն իրենց նշանակութիւնից, իրենց ազդեցութիւնից։
Սա Լասի՝ ամուսնուն ուղարկված միակ պահպանված նամակն է։
read in English
From Tabriz to Paris, from resistance to a Nazi concentration camp...this is the story of Louise Aslanian, an Armenian woman whose convictions, commitment and words have largely been forgotten.
-------------
EVN Report-ը ողջունում է այն գրառումները, որոնք նպաստում են առողջ քննարկման ծավալման և խթանում են իրազեկ բանավեճ։ Ցանկացած գրառում, որը ներառում է ատելության խոսք, անարգանք կամ անձնավորված վիրավորանքներ չի հրապարակվի: