Քաղաքական ծաղրանկարն ունի ավելի քան 250 տարվա պատմություն, որի հիմքում, թերևս, ծիծաղելու կատակելու մարդկային բնական հակումն է: Դեռևս 18-րդ դարի կեսերին քաղաքական իրադարձությունները, գործիչները, միապետները հաճախ ներկայացվում էին ծաղրանկարներով, ինչը հանրությունն ընդունում էր սիրով: Հայկական մամուլը նույնպես ծաղրանկարի լավ ավանդույթներ ունի. 19-րդ դարի վերջին և 20-ի սկզբին աշխարհի տարբեր ծայրերում տպագրվում էին հայկական երգիծական թերթեր՝ «Մեղու», «Ցախավել», «Միմոս», «Կիկո», «Մախլաս», «Սև կատու», «Լեպլեպիճի» և այլն: Երգիծական հանդեսներից բացի, ծաղրանկարներով հարուստ էին օրաթերթերն ու ամսագրերը:
Մենք նախապես մտադիր էինք անդրադառնալ Հայաստանի անկախության առաջին տարիների՝ 1990-ական թվականների սկզբի հայկական մամուլի քաղաքական ծաղրանկարին, սակայն շուտով պարզվեց, որ հնարավոր չէ չխոսել նաև խորհրդային շրջանի երգիծանքից և հումորից, ուստի մեր զրույցը սկսեցինք ճարտարապետ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանի գողտրիկ արվեստանոցում:
***
Read in English
Մարդիկ քննադատություն չեն սիրում՝ լինի բանավոր խոսք, հոդված, թե ակնարկ: Առավել հաճախ վիրավորվում ու նեղանում են ծաղրանկարից և հեղինակից: Մենք փորձեցինք ճշտել Ռուբեն Արուտչյանից, թե ո՞րն է հումորի, երգիծանքի և ծաղրի սահմանը, արդյո՞ք հնարավոր է այն գծել կամ սահմանել:
Ռուբեն Արուտչյան — Թե որն է սահմանը, շատ ստույգ չեմ կարող ասել: Հումորը, կարծես, իրավիճակը սրելու հավակնություններ ունի, ինչպես երգիծանքը: Մի օրինակ բերեմ՝ «Լիտերատուրնայա Գազետա»[1]-ի 16-րդ՝ վերջին էջը: Թերթը շատերը գնում էին հենց այդ էջի համար: Այնտեղ տպագրվում էին Պեսկովի, Սլացկովսկու, Տեսլերի ծաղրանկարները... Նրանք չքնաղ ծաղրանկարիչներ էին, լավ ձեռք ունեին, ճանաչելի էին իրենց ձեռագրով ու դրսում մրցանակներ էին ստանում: Ինչո՞ւ: Այն ժամանակ, 60-ականներին, մարդիկ խոհանոցներում էին խոսում, ուզում էին ինչ-որ բան անել, ինչ-որ բանից ուզում էին ազատվել, դուրս գալ, թեկուզ՝ խոսքով: Հեղինակների բոլոր ծաղրանկարները երկրորդ պլան ունեին, և խելացի մարդիկ այդ երկրորդ միտքն էին կարդում:
Խորհրդային ծաղրանկարում կար երկրորդ՝ քողարկված միտք, հաճախ՝ դժվարընկալելի: Հեղինակները հասկանում էին, որ պետք է այնպես նկարեին, որ ԽՍՀՄ ամենազոր գրաքննությունը խոչընդոտ չստեղծեր:
Ռ. Ա. — «Կրոկոդիլ»[2]-ն այդպես չէր, պաշտոնական էր, որտեղ չէիր կարող շատ բան անել, իսկ «լիտերատուռկայի»[3] 16-րդ էջն ավելի ազատ էր, այնտեղ, օրինակ, Ժվանեցկին[4] էր տպագրվում: Ու, թվում էր, թե մեզ երգիծանք և հումոր են հրամցնում, բայց իրականում գոյություն ուներ երկրորդ պլան, որը մեր պես մարդիկ էին նկատում: Հեղինակները, կարծես, պաշտպանվում էին՝ թե սա հումոր է, ավելորդություն չունի: Ստուգողն էլ, երևի, կարծում էր, թե դա հումոր է...
Ռ. Ա. — Կուզենայի հիշեցնել հայրիկիս խոսքը՝ «եթե հանդիպում ես առանց հումորի մարդու, մի վիճիր հետը, շրջվիր ու գնա, մի օր մի բան կանի քեզ»: Ես՝ անձամբ, կարծում եմ, որ հումորը մարդու մտածողության բարձրակետն է: Իմ ընկերներին դասակարգել եմ՝ ովքեր հումոր չունեն՝ նրանցից հեռացել եմ: Եթե հումոր չեն հասկանում, ուրեմն, կոպիտ ասած, խելացի չեն:
Խորհրդային Միությունը փակ համակարգ էր, գաղափարականացված, որտեղ ամեն ինչը կամ գրեթե ամեն ինչը վերահսկվում էր, բայց, միաժամանակ, խորհրդային համակարգում լույս էին տեսնում «Կրոկոդիլը», «Լիտգազետան»: Ինչո՞ւ էին խորհրդային ղեկավարները թույլատրում այդ երգիծանքը, գոլորշի՞ էին բաց թողնում...
Ռ. Ա. — Նախ՝ իշխանությունը պահելու համար էր: Կոմունիստներն ինչպե՞ս պետք է պահեին իշխանությունը. ամբողջ աշխարհին պետք է ապացուցեին, որ սոցիալիստական հասարակարգն ամենալավն է: Հետևաբար՝ շարժվում էինք արևմուտք և փնովում այն ամենն, ինչ կատարվում էր այնտեղ, օրինակ՝ «Պեպսի-Կոլան» գրում էինք «Պեպսի-Կոլիտ»[5]:
Կային երևույթներ, որոնք քննադատվում էին, օրինակ, կաշառակերությունը, սակայն միայն ստորին օղակում՝ խանութի վաճառողը թերակշռում կամ որևէ ապրանք «տակից էր տալիս»[6], պահեստում կամ արտադրամասում շինանյութ էին գողանում և այլն, սակայն երբեք չէին անդրադառնում բարձր պաշտոնյաներին:
Ռուբեն Արուտչյանի հայրը՝ Սերգեյ Արուտչյանը, երկար տարիներ հայկական «Ոզնի»[7] երգիծական հանդեսի գլխավոր նկարիչն էր, իսկ հորեղբայրը՝ Միքայել Արուտչյանը, «Կարմիր մոծակ»[8]-ի նկարիչը:
Ռ. Ա. — Պատկերացրե՛ք, Հայաստանը խորհրդայնացավ, կիսեցին, ինչ թողեցին՝ թողեցին, մենք ո՞ւմ դեմ պետք է գրեինք, ո՞ւմ դեմ պետք է նկարեինք՝ դաշնակների դեմ:
Ռ. Ա. — Հնարավորությունը միջազգային մրցույթներն ու փառատոներն էին: Օրինակ՝ Գաբրովոն[9]՝ ծիծաղի, հումորի հայտնի քաղաք, որտեղ 1972 թվականից երկու տարին մեկ անգամ բիենալե էին կազմակերպվում: Ես մի քանի անգամ մասնակցել եմ, նույնիսկ պատվոգիր եմ ստացել իմ աշխատանքի համար: Հետաքրքիր էր, այնտեղ ազատ էիր:
Սակայն մի նրբություն կար՝ միջազգային փառատոներին նկարներ ուղարկելու համար խմբագրությունները պետք է հավանություն տային բովանդակությանը: «Այսինքն՝ ես այդքան էլ ազատ չէի, ստուգում էին»,— պատմում է Ռուբեն Արուտչյանը:
Ռ. Ա. — Արևելյան Եվրոպան ավելի ազատ էր՝ լեհական, բուլղարական շատ հայտնի ծաղրանկարիչներ կային: Հումորն ու երգիծանքը պետք է ազատություն ունենան, եթե ազատություն չունեցան՝ անիմաստ են դառնում:
Անկախությունը հռչակելուց հետո հայկական մամուլը կարծես ավելի ազատ դարձավ. բացվեցին բազմաթիվ թերթեր, որոնք սկսեցին ծաղրանկարներ տպագրել: Հայաստանի ազատ մամուլում տպագրվող ծաղրանկարներն ավելի սուր էին, երբեմն նաև՝ վիրավորական:
Ռ. Ա. — Ինքը՝ նկարիչը, պետք է լինի «գրաքննությունը»: Վիրավորել չի կարելի: Օրինակ՝ «Շարլի Էբդոն» ես այնքան էլ չեմ ընդունում, կարծում եմ՝ իրենց մոտ մի քիչ շատ կոպիտ է: Ազատությանը զուգահեռ մեզ մոտ ինքնագրաքննությունը սկսեց բացակայել: Անկախությունից հետո մի որոշ ժամանակ լռություն էր՝ ծաղրանկար գրեթե չկար, ի՞նչը պետք է ծաղրեինք: Ժողովուրդը պայքարում էր անկախության համար, և 99 տոկոսով կողմ արտահայտվեց անկախությանը, մենք անջատվեցինք, մենք մեր երկիրն էինք կառուցում, մենք թեմա չունեինք: Դեռ: Մինչև երկրի ղեկավարները սկսեցին այդ թեմաները տալ: Իրե՛նք են տալիս թեմաները, մենք հո չե՞նք հնարում:
Ռ. Ա. — Ես ամեն ինչի մեջ ուզում եմ պրոֆեսիոնալիզմ տեսնել: Եթե ես նկար եմ ցուցադրում, այդ նկարը պետք է լինի պրոֆեսիոնալ, յուրահատուկ ոճով, որը հատուկ է միայն այդ նկարչին: Օրինակ՝ խորհրդային շրջանի ծաղրանկարիչներին կարելի էր ճանաչել ոճով, ինչը, որպես նկարիչ, շատ կարևոր եմ համարում: Մեր ծաղրանկարիչներից Լևոն Աբրահամյանի ոճը ճանաչելի է, Հարություն Սամուելյանի, Սուքիաս Թորոսյանի: Ես սիրում էի ավելի խորը, փիլիսոփայական ծաղրանկարներ անել, ոչ թե կոնկրետ, օրինակ, նկարում եմ օրվա իշխանություններին, փնովում ու ծաղրում եմ: Ուրիշներն էլ այլ կերպ են մտածում, և այս տարբերությունից էլ ծնվում է խճանկարը, սակայն կարևոր է, որ նկարիչը «իր ձեռքն ունենա»:
Ռ. Ա. — Անհատներ եղել են, դպրոց՝ ոչ: Մենք երկար ընդմիջումներ ենք ունեցել: Օրինակ՝ «Կարմիր մոծակ»-ից մինչև «Ոզնի»: Մեր գեղանկարչությունն ընդմիջում չի ունեցել՝ Հովնաթանյաններից մինչև Սարյան եկանք, դեռ նկարում ենք... Դպրոց կա:
«Ոզնի»-ում շատ էին սոցիալական ծաղրանկարները. ծաղրում էին հարբեցողությունը, ծուլությունը, ամուսնական դավաճանությունը և մարդկային այլ արատները: Ծաղրանկարն օգնո՞ւմ էր լուծել այդ խնդիրները:
Ռ. Ա. — Իհարկե՝ ոչ: Դրանք համակարգային խնդիրներ էին: Մենք ընկնում էինք հետևանքների հետևից ու քննադատում էինք, իսկ պատճառը մենք բոլորս գիտեինք՝ երկիրն էր: Այդ պատճառով էլ մնում էր ցածր, ներքևի հարթությունը՝ աղբի խնդիր, փոքր խանութպանների չարաշահումներ, քաղաքականության մեջ՝ կապիտալիստները՝ փորով, ռումբը ձեռքին: Մեզ թույլ չէին տալիս գնալ դեպի պատճառ:
Ռ. Ա. — Թերթերը ծաղրանկարի համար վճարում էին 5-ից մինչև 8-9 ռուբլի, ամսագրերը՝ 10-15: Երբ ես ուսանող էի, ծաղրանկարն ինձ ահագին օգնում էր, գումարած թոշակը՝ և ես հարուստ ուսանող էի (ծիծաղում է):
1980-ականների վերջին, երբ սկսվեց շարժումը, պլակատներ էի սարքում, բայց դրա համար փող չէի վերցնում: Պլակատներ հաճախ էի անում: Պլակատը հեռու չէ երգիծանքից, պարզապես ոճն է ուրիշ՝ կատարման առումով ավելի ընդհանուր, ավելի ամփոփ: Եթե պլակատը սուր ես պատկերում, ծաղրանկարին չի զիջում: Եթե հումոր չունես, դու պլակատ չես կարողանում անել:
Այդ ժամանակ բոլորն օգնում էին շարժմանը: Պլակատները բաժանում էին, չէին վաճառում: Տպագրում էին «ցեկայի տպարանում»[10]: Պլակատների մեծ ալիք էր, ես հպարտ եմ, որ դրան մասնակցել եմ:
* * *
Ծաղրանկարն անկախ Հայաստանի խոսքի և մամուլի ազատության պայմաններում ձևավորվող թերթերի անբաժան ուղեկիցն էր: Եթե 1988-90 թվականների ծաղրանկարն ու պլակատը հիմնականում ուղղված էին խորհրդային իշխանության՝ Կենտրոնի դեմ, ապա Հայաստանի Հանրապետությունում աստիճանաբար ի հայտ է գալիս ծաղրանկարի քաղաքական և սոցիալական բովանդակությունը:
1990-91թթ. հայկական մամուլում տպագրվող ծաղրանկարները պայմանականորեն կարելի է դասակարգել ներքին և արտաքին ուղղվածության: Արտաքինում շարունակում էր գերակայել հակախորհրդային միտումը. այդ ժամանակաշրջանում ԽՍՀՄ-ի փլուզումը թեև արդեն նախանշվում էր, սակայն այն դեռ շարունակում էր լինել ուժեղ երկիր: Ծաղրանկարները սերտորեն առնչվում էին ընթացիկ իրադարձություններին և առավել սուր ու ցայտուն ցուցադրում էին այն խնդիրները, բարդությունները, ինչպես նաև հասարակական սպասումները, որ կային հանրության շրջանում:
Ծաղրանկարներում երևում էր նաև սոցիալական դրության վատթարացումը. ԽՍՀՄ-ում առաջին անհրաժեշտության շատ ապրանքներ մարդկանց հասնում էին կտրոններով՝ յուրաքանչյուրին որոշակի քանակով: Փլուզման վերջին շրջանում ապրանքային դեֆիցիտը դառնում էր ծաղրանկարի հիմնական թեմաներից մեկը:
* * *
1991թ. փետրվար-մարտ ամիսներին Խորհրդային Միության կենտրոնական իշխանությունը նախաձեռնում է միութենական նոր կազմավորման հանրաքվեն: Այն կոչվում էր «նորացված Միություն» (обновленный Союз), որն ավելի մեծ լիազորություններ էր տալու միութենական կազմավորումներին: Սակայն ԽՍՀՄ հանրապետությունների մի մասը, այդ թվում՝ Հայաստանը, արդեն սկսել էր անկախությունը հռչակելու գործընթացը: Մերձբալթյան հանրապետությունները, Վրաստանը, Մոլդովան և Հայաստանը հրաժարվում են մասնակցել միութենական հանրաքվեին: Միաժամանակ, սակայն, մտահոգություն կար, որ ԽՍՀՄ-ը կարող է կոշտացնել դիրքորոշումը միութենական հանրապետությունների հանդեպ և ուժ կիրառել: Ժամանակը ցույց տվեց, որ այս մտահոգությունն անհիմն չէր:
«Ազգ» թերթում ծաղրանկարներն ունեին առավել հստակ տեղեկատվական առիթներ, որտեղ արտացոլվում էին գրեթե ամենօրյա հասարակական-քաղաքական խնդիրները: 1991թ. մարտի սկզբին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում տեղի է ունենում Հայաստանի մտավորականների հանդիպումը հանրապետության ղեկավարության հետ: Թերթն առանց մեկնաբանության մեջբերում է հանդիպման մասնակիցների խոսքերից հատվածներ, իսկ ամենավերջում՝ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքից մի քանի նախադասություն. «...Ծանր պրոցես է՝ մենք ուզում ենք կեղծ, շինծու, աղավաղված, աղճատված աշխարհը դարձնել իրական, բնական աշխարհ...»: Սուքիաս Թորոսյանի ծաղրանկարում երևում են Խորեն Աբրահամյանը, Վարդգես Պետրոսյանը, Սոս Սարգսյանը, Վիկտոր Համբարձումյանը, Խաչիկ Ստամբոլցյանը և ուրիշներ:
Ուշագրավ է, որ Խաչիկ Ստամբոլցյանը պատկերված է ճիշտ այնպես, ինչպես թերթի 3-րդ համարում (1991թ. փետրվարի 23, թիվ 3) տպագրված «...Արդյոք ովքե՞ր են» ծաղրանկարում: Հեղինակը դարձյալ Սուքիաս Թորոսյանն է՝ հայտնի Toto կեղծանունով, ով, սակայն, այս շրջանում հանդես էր գալիս «Թորոս» կեղծանունով:
«...Արդյոք ովքե՞ր են» ծաղրանկարը չունի ուղեկցող տեքստ. պատկերված են այդ շրջանում հայտնի քաղաքական գործիչներ Լևոն Տեր-Պետրոսյանը (Գերագույն խորհրդի նախագահ), Վազգեն Մանուկյանը (Հայաստանի առաջին վարչապետ), Դավիթ Վարդանյանը, Իգոր Մուրադյանը և Խաչիկ Ստամբոլցյանը՝ մանկական փայտե ձիուկների վրա նստած: Ծաղրանկարի վերնագիրը հեղինակը վերցրել է 1980-ականների վերջին և 90-ականների սկզբին շատ տարածված ժողովրդական երգից.
Արդյոք ովքե՞ր են, հե՜յ, ինչ կտրիճներ են,
Մասիսը վկա, հայոց քաջերն են:
Ծաղրանկարը միշտ եղել է հայկական մամուլում՝ ունենալով նաև այլ զարգացումներ, ինչպիսին է քաղաքական կոլաժը, որը վերաբերում էր թե՛ պետական պաշտոնյաներին, թե՛ ընդդիմությանը և թե՛ հասարակական երևույթներին:
Համացանցի զարգացմանը զուգահեռ ծաղրանկարների թիվը, ինչպես և թերթերինը, աստիճանաբար նվազում է: Էլեկտրոնային որոշ լրատվամիջոցներ շարունակում էին ծաղրանկարներ պատկերել, սակայն դրանց թիվը շատ չէր: Բացի այդ, պետք է ասել, որ առցանց լրատվամիջոցներում ծաղրանկարները պարբերական բնույթ չունեն և գլխավորապես մատուցվում են որպես լուրի, հոդվածի ուղեկից բաղադրիչ:
Թվային մեդիայի վերջնական հաղթանակից հետո՝ 2010-ական թվականներին, Հայաստանում մի որոշ ժամանակ տպագրվեց «Ցեց»-ը՝ այդ շրջանի միակ երգիծական թերթը, որի բովանդակության մեծագույն մասը կազմված էր ծաղրանկարներից:
90-ական թվականներից հետո աստիճանաբար դուրս էին մղվում նաև երգիծական հանդեսները: Ճիշտ է՝ «Ոզնի»-ն դեռ որոշ ժամանակ տպագրվում է, սակայն նախկինի մասսայականությունը չուներ: Հայաստանում այդ թվերին տպագրվեցին նաև մի շարք հումորային-երգիծական թերթեր, որոնք երկար կյանք չունեցան: Միաժամանակ, արդեն նկատվում էր նաև հումորի որակական անկումը, ինչը խորթ էր հատկապես խորհրդային շրջանի երգիծանքին քաջածանոթ ընթերցողներին:
Ահա այս կետից էլ մենք կշարունակենք մեր քննարկումը «Ցեց» թերթի և Մեդիալաբ առցանց նախագծի հիմնադիրներ Մարիաննա Գրիգորյանի և նկարիչ Վահե Ներսեսյանի հետ:
Մարիաննան կարծում է, որ հետխորհրդային շրջանում, ընդհանուր առմամբ, գրեթե ամեն ինչ դարձել է ավելի պարզունակ: «Հումորը, սատիրան, ֆելիլետոնը ամենաբարդ ժանրերից են: Մյուս կողմից՝ եթե վերցնենք հեռուստատեսությունը, ապա կարո՞ղ ենք համեմատել խորհրդային տարիների հաղորդումների լրջության, ինտելեկտի հետ: Կարծում եմ՝ հիմա հումորի դաշտում բավականին մեծ բաց կա և որակյալ հումոր չկա»,— ասում է նա:
Վահեի կարծիքով, հումորն, իհարկե, պետք է ազատ լինի, սակայն խորհրդային շրջանի հումորը հասկանալու համար մարդուց որոշակի ինտելեկտ էր պահանջվում. «Հիմա ոչինչ պետք չէ, այս առումով անպատրաստ հանդիսատեսը միևնույն է կընկալի»:
Մեդիալաբն ունի քաղաքական ծաղրանկարի հարուստ ընտրանի՝ իշխանական և ընդդիմադիր գործիչներ, պատգամավորներ, հոգևորականներ, հանրային ճանաչում ունեցող մարդիկ՝ գրեթե բոլորը հայտնվում են կայքի ծաղրանկարներ բաժնում: «Եթե ծաղրանկարը սուր չէ, ցավոտ չէ, ազդեցություն չի ունենա և չի նպաստի փոփոխությանը: Երբ մենք սկսեցինք, քաղաքական գործիչներից մեկը ֆեյսբուքում գրեց. «Մեզ Շարլի Էբդոն էր պակասում, դա էլ հայտնվեց»,— պատմում է Մարիաննան: Իրենց հաջողությունը նա բացատրում է լրագրության, քաղաքական ծաղրանկարի համադրումով, ու նաև նշում է, որ իրենք փորձում են սահմանները պահել և ամեն ինչին չէ, որ հումորով են անդրադառնում:
Մարիաննա Գրիգորյան — Կարծում եմ՝ 90-ականներին իրավիճակը փոխվեց: Թերթերը որոշակի քաղաքական ուղղվածություն ունեցել են, սատարել են այս կամ այն գործիչներին, ինչն ազդում է նաև ծաղրանկարների վրա: Բացի այդ, 90-ականների ծաղրանկարները խմբագրական չէին, ինչպես ասում են՝ editorial cartoons չկար, այլ հոդվածների համար էին արվում: Հետագայում ես աշխատել եմ Armenianweek, Armenianow թերթերում, որտեղ ամերիկացի և անգլիացի խմբագիրներ ունեինք, ովքեր գնահատում էին ծաղրանկարի ժանրը, և շաբաթական մեկ անգամ ծաղրանկար էինք տպագրում:
Վահե Ներսեսյան — Իմ վրա մեծ ազդեցություն է ունեցել Գեորգի Յարալյանի ոճը, որը շատ եմ սիրում: Բայց նրա աշխատանքները քաղաքական չէին, կենցաղային, կին-ամուսին թեմաներով էին, թեև շատ հայկական էին: Ինչ վերաբերում է թույլատրելիության սահմաններին, ապա, ըստ իս, կա երկու հարթություն: Մեկը՝ տեղայինն է, այսինքն՝ ինչ երկրում ես ապրում: Օրինակ՝ Ֆրանսիայում «Շարլի Էբդո»-ն այնպիսի հայհոյանքներ կարող է գրել, որի համար մեզ մոտ կարող են դանակահարել, և դա տպագրվում է, ու ֆրանսիացին կարդալիս տեղից վեր չի թռչում և ասում՝ էս ի՞նչ էր: Մեր մոտ դա չի ընդունվում, այդպիսի ծաղրանկար չես կարող տպագրել: Ուրիշ արգելքներ էլ կան՝ ընտանիք, սեռական կյանք։ Տեղեր կան, որտեղ ծաղրանկարիչն իրավունք չունի ոտք դնելու: Այսինքն՝ կարող ես, բայց հետևանքներ կլինեն և քեզ չեն ընդունի: Հետևանք ասելով՝ հաշվեհարդարը նկատի չունեմ: Երկրորդը՝ անձնականն է: Ծաղրանկարը սուբյեկտիվ է, հոդվածի պես չէ, և կախված է նկարչի անձնական տեսակետից, դիրքորոշումից, քաղաքական նախասիրություններից, որտեղ մեծ դեր ունի նկարչի անձնական վերաբերմունքը նկարվող կերպարին: Օրինակ՝ որոշ քաղաքական գործիչների ես ավելի մեղմ եմ վերաբերվում, չեմ ասում՝ սիրում կամ ընդունում եմ, ոչ: Կան կերպարներ, որոնց «տանել չեմ կարող»: Դա իմ նկարների մեջ երևում է, միգուցե անարդար է...
* * *
Որքան էլ ծաղրանկարը գրավիչ և սուր լինի լինի, այնումենայնիվ, հարց է առաջանում, թե որքանո՞վ է այն նպաստում իրական ու կարևոր խնդիրների լուծմանը։ Իսկ գուցե հարցին հումորով անդրադառնալիս մենք նվազեցնո՞ւմ ենք դրա կարևորությունը։ Մարիաննայի և Վահեի կարծիքով ճիշտ հակառակն է՝ ծաղրանկարի միջոցով խնդիրն առավել մեծ ուշադրության է արժանանում։ Թերևս, սակայն ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ լրատվական անծայրածիր աշխարհում։
-----------------------------------