Սևանա լճի մակարդակը 1933-2021 թթ. (աղբյուրը՝ Արփա-Սևան ԲԲԸ)
2004-ին պաշտոնապես շահագործման հանձնվեց 22 կմ երկարությամբ Որոտան-Արփա թունելը, որը Սպանդարյան ջրամբարից տարեկան շուրջ 165 մլն խմ լրացուցիչ ջուր էր մղելու Արփա (Կեչուտի ջրամբար), այնտեղից էլ Սևանա լիճ: Շինարարությունը սկսվել էր 1981-ին, երբ ավարտվեց Արփա-Սևան թունելի շինարարությունը։ Այս թունելն այդպես էլ չի գործարկվել։
Օրենսդրություն, լճացում և կոռուպցիոն ռիսկեր
2001-ին ընդունված «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լիճը նշվում է որպես «ռազմավարական նշանակություն ունեցող էկոհամակարգ»։ 2008 թ. դեկտեմբերին կառավարության որոշմամբ Սևանի համար պաշտոնապես սահմանվել է ջրածածկման և ողողման 1.905 մ նիշ մակարդակ (իրականում՝ 1.903,5 մ, լրացուցիչ 1,5 մ-ը նախատեսված է որպես ալիքի ազդեցության գոտի): Ըստ 2001 թ. ընդունված մեկ այլ օրենքի, որը կարգավորում է Սևանի էկոհամակարգը, լճից բաց թողնվող ջրի առավելագույն թույլատրելի ծավալն ամրագրվել է տարեկան 170 մլն խմ մակարդակում: Սակայն կառավարությունը (խորհրդարանի հավանությամբ) կարող է թույլ տալ լճից հավելյալ ջրառ, եթե կա (հատկապես Արարատյան դաշտում) երաշտի վտանգ։ 2017-ին, օրինակ, Ազգային ժողովը քվեարկեց լրացուցիչ 100 մլն խմ ջրառի օգտին, որի հետևանքով լճից բաց թողնված ջրի տարեկան ընդհանուր ծավալը կազմեց 270 մլն խմ: Դրանից առաջ, 2012 և 2014 թթ. նույնպես գրանցվել էր ջրային հավասարակշռության խախտում՝ պայմանավորված ոռոգման նպատակով լրացուցիչ ջրառի հանգամանքով: Բացի այդ, 2010-ականների գրեթե ամբողջ ընթացքում Արփա-Սևան թունելում շարունակվում էին նորոգման աշխատանքները:
Երկու այս գործոնների համադրությունը հանգեցրել է նրան, որ 2011-ից ի վեր լճի մակարդակի շոշափելի բարձրացում չի եղել:
Պատճառների շուրջ ենթադրությունները բազմաթիվ են: Ամենից հավանականն այն է, որ երկրի մեծահարուստ էլիտան փորձում էր պահպանել ափամերձ առանձնատներն ու անշարժ գույքը, որը վերջին մի քանի տասնամյակում ապօրինաբար՝ 1.905 մ նիշից ցածր մակարդակում, կառուցել է լճի ափին, այդ թվում՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր (Վովա) Գասպարյանը, նախկին պատգամավոր և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նախկին պատգամավոր և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, Սասուն Միքայելյանը և այլք: Լճի մակարդակի բարձրացումը կանխելը փրկում էր նրանց սեփականությունը։
Մյուս խնդիրը Արփա-Սևան թունելի նորոգման աշխատանքների ձգձգումն էր: Եղեգիս գետի վրա, ուր ուղղվել էր Արփա գետի հոսքը նորոգման ընթացքում, ազդեցիկ որոշ անհատներ փոքր հիդրոէլեկտրակայաններ ունեն, այդ թվում՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի զարմիկը, Վայոց ձորի թեմի առաջնորդի եղբայրը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի փեսան:
Շահերի նման բախումը, իհարկե, քրեական հետաքննության կարիք ունի։
Բնապահպանական խնդիրներ
2018-ից Սևանը «ծաղկում» է: Իրականում ծաղկում են ջրիմուռները։ Երևույթը, ըստ Շրջական միջավայրի նախարարության, առաջին անգամ գրանցվել է 1964 թվականին: Նախարարությունն առաջադրել է մի քանի պատճառ, որոնցից առաջինը մոտակա համայնքներից կեղտաջրերի հոսքն է լիճ, այդ թվում՝ կենցաղային կեղտաջրերը, գյուղատնտեսական և ափամերձ հանգստի գոտիների, հյուրանոցների ու ռեստորանների թափոնները: Այլ պատճառների թվում նշվում են ձկնորսության ահռելի ծավալները, օրգանական նյութերի ներկայությունն առափնյա տարածքներում, որտեղ անտառային գոտիները հայտնվել են ջրի տակ, բարձր ջերմաստիճանն ու կլիմայական փոփոխությունները, տեղումների ցածր քանակն ու ուժեղ քամիները: Վերջին հետազոտություններից մեկը, օրինակ, փաստում է, որ «նախկինում օլիգոտրոֆիկ բարձրալեռնային լիճը վերածվում է ջրիմուռապատ լճի՝ փրփուր առաջացնող ցիանոբակտերիալ ծաղկմամբ»:
2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարում էր, որ կառավարությունը ծրագրում է կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայաններ կառուցել Սևանի ավազանի երեք խոշոր քաղաքներում՝ Գավառում, Մարտունիում և Վարդենիսում: Փորձագետներ Գոռ Գևորգյանը՝ Գիտությունների ազգային ակադեմիայից, և Կարստեն Ռինկեն՝ Շրջակա միջավայրի հետազոտությունների Հելմհոլց կենտրոնից, համակարծիք են, որ այս կայանների կառուցումը կենսական նշանակություն կունենա լիճը հետագա քայքայումից և ջրիմուռների շարունակական ծաղկումից փրկելու համար: Ըստ ջրային ռեսուրսների մասնագետ Քնարիկ Հովհաննիսյանի՝ լճի ափամերձ տարածքում գործող 400 հաստատություններից միայն 14-ում են կեղտաջրերը վերամշակվում:
Կառավարությունն առայժմ որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկել այս ուղղությամբ՝ հղում անելով ֆինանսական միջոցների բացակայությանը: