Բացի այդ, բրոնզեդարե քանդակների վրա փորագրված վիշապանման պատկերներն արտացոլումն են Վանա լճում և շրջակա սարերում ապրող հսկա հրեշների մասին ժողովրդական հեքիաթների։
Թեև վիշապաքարերի տարբերակիչ առանձնահատկությունը դրանց կլոր ձևն է, գոյություն ունի վիշապաքարի երեք տեսակ՝ ցլակերպ, ձկնակերպ և ցլաձկնակերպ, որը ցլի ու ձկան հիբրիդ է։ Բոբոխյանի խոսքով՝ Հայաստանի տարբեր հատվածներում կա շուրջ 120 վիշապաքար։ Ամենամեծ խումբը՝ 12 վիշապաքար, կարելի է տեսնել Արագած լեռան մոտակայքում։
Ջրի երկրպագությունը կամ ջրին մեծ նշանակություն տալը վիշապաքարերով չի սահմանափակվում միայն: Բոբոխյանը բացատրում է, որ վիշապաքարերը պատկանում են մշակութային վկայությունների մի խմբի, որոնք մի ժամանակաշրջանից տեղափոխվել են մյուսը։ Ընդ որում, խաչքարերը ևս վիշապաքարի ավանդույթի ձևափոխման արդյունք են, որը տեղի է ունեցել Միջին դարերում։
Խաչքարերը՝ տարբեր մոտիվներով հուշաքարերը, որոնց կենտրոնում խաչի պատկեր կա, միջնադարյան հայկական քրիստոնեական արվեստի հռչակավոր վկայություններ են, որոնք մինչ օրս էլ ժամանակակից մշակույթի մաս են աշխարհասփյուռ հայերի համար [3]։
Ինչպես վիշապաքարը, այնպես էլ խաչքարը հայտնի է միայն Հայկական բարձրավանդակում. բացահայտման հեղինակը վիշապաքարերի հետազոտող, Կովկասի պատմաբան ու հայտնի գիտնական Նիկողայոս Մառն է:
Գասպարյանի կարծիքով՝ ինչպես Հայ առաքելական եկեղեցին քրիստոնեացրեց Վարդավառի տոնը՝ որպես Քրիստոսի պայծառակերպության տոն, հավանական է, այն իր դերն ունի նաև խաչքարերը վիշապաքարերին նմանեցնելու հարցում։ Որոշ խաչքարեր պարզապես փորագրված են վիշապաքարի մեջ: